Jump to content

Ռուդաբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդաբե
Տեսակդիցաբանական կերպար
Սեռիգական
ՀայրՄեհրաբ
ՄայրՍինդուխտ
ԱմուսինԶալ[1]
ԶավակներՌոսատամ
 Rudaba Վիքիպահեստում

Ռուդաբե կամ Ռուդաբեհ (պարս.՝ رودابه , [ruːdɒːˈbe]), պարսկական դիցաբանական կին կերպար Ֆերդուսիի Շահնամե էպոսից: Նա Քաբուլի արքայադուստրն է, արքա Մեհրաբի և նրա կնոջ` Սինդուխտի դուստրը, Զալի կինը և էպոսի գլխավոր հերոս Ռոստամի մայրը[2]:

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rudābeh բառը բաղկացած է երկու բաժիններից. «Rud» և «āb», «Rud» նշանակում է երեխա և «āb» նշանակում է փայլող, հետևաբար նշանակում է փայլող երեխա (ըստ Դեհխոդայի բառարանի)[3]:

Զալ և Ռուդաբե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զաբուլստանի արքա Սամը որդուն` ճերմակահեր Զալին գտնելուց հետո վերադարձնում է պալատ: Դեռահաս Զալը Իրանի շահնշահ Մանուչեհրի անունից դառնում է Սիստանի ցեղերի տիրակալը:

Ի թիվս այլոց, Զալին հարգանքի տուրք մատուցելու է գալիս Քաբուլի արքա Մեհրաբն իր իշխանական խմբով ու զորքով, բազում նվերներով: Մեհրաբի ծառաներից մեկը դիմում է Դեստան Զալին ու արքայադուստր Ռուդաբեի գեղեցկության գովքն է անում:

Ով դու հնարամիտ ու կարող,
Մեհրաբ շահի ապարանքում կա մի նոճի սիրավետ,
գեղեցկությամբ արևն է լոկ մրցում նրա դստեր հետ:
Փղի ճերմակ ոսկորից է կարծես եկել լույս աշխարհ,
Արշալույսի պես հստակ է, խելոք է նա ու խոնարհ:
Ձյունի նման ճերմակ լանջից կախել է նա երկու ծամ:
Նա հրավարս աղջիկ չէ, այլ հեզաճկուն մի այծյամ,
կարմրավառ այտեր ունի, կակաչի պես շուրթեր ալ,
նռան նման գեղեցիկ կուրծք, եղնիկի պես թեթև քայլ,
աչքն ու հոնքը շողշողում են ինչպես գարնան մի այգի
ունի երկար, սև թարթիչներ, ու կեռ հոնքեր մահիկի:
Կեռ հոնքերը կարծես լինեն թարազայի պրկաղեղ,
բուրումնավետ մուշկի պես է, կախարդական, սիրազեղ:
Շրթունքները կարծես լինեն նրբաթերթիկ մանուշակ
Լուսինն անգամ նրա առջև համարվում է թույլ ճրագ:
Նա ծաղկազարդ պարտեզ է մի` գեղեցկությամբ գերազանց:
այնքան հեզ է, որ կախարդում, մոլորում է քաջ մարդկանց:
(Շահնամա 1:21-3)

Հենց այս նկարագրությունն ու Ռուդաբեի ֆիզիկական գեղեցկությունն ի սկզբանե հմայում են Զալին: Նա գովքեր է լսում մինչև իրիկուն ու մտածում. «Եթե հայրը գարնանապերճ է թվում, պետք է կարծել, որ դստեր պես էակ չկա աշխարհում»: «Ռուդաբեին չէր տեսել դեռ, բայց տանջվում էր դառնախիստ»:

Մեհրաբ արքան վերադառնում է իր պալատ, որտեղ նրան են սպասում կինը` Սինդուխտ և դուստրը` Ռուբադեն: Նա դստեր մոտ անում է Զալի գովքը: Ռուդաբեի սրտում Զալի նկատմամբ զգացմունքներ են առաջանում ու նրան տեսնելու մի գողտրիկ ցանկությամբ հետաքրքրվում է նրանով: Նա այդ մասին պատմում է իր նաժիշտ տիկնանց ու խորհրդակցում նրանց հետ Զալի մասին ու նախատինք լսում նրանցից: Նրանք Զալի մասին ասում են. «Մարդը նա է, երբ ի ծնե իր մոր կաթով է սնվում», իսկ նրա համար Սիմուրղ հավքն է եղել մայր: Այնուամենայնիվ, թեև նրան ծեր Զալ են ասում, բայց Ռուդաբեն զգում է, որ սիրում է նրան:

Զալի սիրուց կրակ դառած հրդեհվում էր նա թաքուն:
Սերը մաշեց սիրտը նրա, կարծես եղավ խելքահան,
ու մոռացավ կարգ ու կանոն, ինչ պատշաճ է աղջկան:
Կինը պետք չէ քաջի մասին իմանա,
քանզի սիրո կրակից նա դառնում է մի սատանա:

Զալը մի խմբով շրջում է իր երկրի սահմաններով, որս անում և հանգիստ վայելում, մինչև հասնում է Քաբուլիստանի սահմանին: Նա Քաբուլի հարթավայրում գետի ափին վրան է խփում և որս անում: Քաբուլուհին իր դղյակից տեսնում է սպիտակ վրանները ու նաժիշտներին ուղարկում է նրան իր մոտ բերելու համար: Նաժիշտները խոստանում են օգնել իրենց «ոսկեծամ քաբուլուհուն»: Հինգ նաժիշտներ «բյուզանդական գունագեղ շորեր» հագած գնում են Դեստան Զալի վրանի մոտերքում վարդ քաղելու:

Զալն իր ծառային ուղարկում է գետի մյուս ափ` նրանց մոտ, թանկարժեք նվերներով ու ընծաներով: Զալի ճորտը ծանոթանում է Ռուդաբեի նաժիշտների հետ, պատմում քաբուլուհու մասին ու որ եկել են նրա համար վարդեր քաղելու: Նաժիշտները գովերգում են Ռուդաբեին` Քաբուլի Լուսին անվանում: Նրանք հայտնում են իրենց ցանկությունը. «մեր արևն ու ձեր լուսինը երջանկանան իրար հետ»: Դրա համար պետք է անձամբ խոսեն Զալի հետ: Նրանցից մեկն ասում է.

Գաղտնիք չէ, երբ երկու հոգի գաղտնի պահեն մի գաղտնիք,
իսկ երեք և չորս հոգու մեջ այն կդառնա խաղալիք:
Գնա և քո տիրոջ` Զալին ասա, որ գա տեսության,
թող որ միայն ինձ վստահի, ինչ ցանկանա, կանեմ այն:

Զալը պարանով օղակը նետում է Ռուդաբեի ամրոցի տանիք

Նաժիշտները հասկանում են. «Թակարդի մեջ է ընկել մի ժիր առյուծ, մի արու»: Զալն իր մոտ է կանչում նրանց, որ ավելի մանրամասն իմանա «քաբուլի լույս թագուհու» մասին: Մի դեռատի նաժիշտ դիմում է Զալին.

Գեղեցկությամբ Ռուդաբեն է քեզ արժանի հավասար:
Այսօրվանից հաստատապես երջանկության դու հասար:
Նա ոտքերից գլուխ վարդ է, շուշան ու հասմիկ,
խավարի մեջ շողշողում է հանց Եմենի լույս աստղիկ:
Մինչև ճերմակ կրունկները ունի կախած սև ծամեր,
ծամեր չեն, այլ մուշկի թոկ են, լույս երկնքից քեզ նվեր:
Սև վարսերը օծանել է համբարով ու բուրգենով,
հուրհրում է հակինթի պես վարդակարմիր այտերով:
Երբ որ տեսներ կասես աղջիկ չէ նա այլ մի կուք:
Նման էակ դեռ չեն տեսել չինացի ու հինդու թուրք:


Նաժիշտներն իմանում են, որ Զալն էլ է տենչում տեսնել Ռուդաբեին ու նրանցից մեկը խոստանում է օգնել ու խորհուրդ է տալիս մի պարան ունենալ: Նաժիշտները վերադառնում են պալատ: Ռուդաբեն կրկին լսում է Զալի գովքը, այս անգամ նաժիշտեներից ու նրանց կրկին ուղարկում է Զալի մոտ` նրան իր մոտ բերելու: Զալն իմանում է, որ Ռուդաբեն սրտատրոփ սպասում է իրեն: Իսկ Ռուդաբեն պատրաստվում է հանդիպման, զարդարում է դղյակը ու սպասում Զալին:

Զալը ժայռեղեն ամրոց է հասնում քայլելով, իսկ բարձրանալու համար Ռուդաբեն հաստ ծամերն է նետում ներքև..

Խուրձ ծամերը կտուրից վար կախեց գետին հանց պարան:

Բայց Զալը չէր կարող Ռուդաբեի ծամերից քաշելով, նրան ցավեցնելով հասնել նրան: Դրա փոխարեն համբուրում է ծամերը և մի երկար պարանով օղակ անում ու նետում կտուր ու վեր բարձրանում: Մինչև լուսաբաց նրանք սիրառատ գիշեր են անցկացնում[4]:

Քաբուլի Մեհրաբ թագավորն իմանում է Ռուդաբեի սիրո մասին արքայազն Զալին: Տեքստում Ռուդաբեի ծնողների խոսակցությունն է, երբ նրա մայրը` Սինդուխտը հայտնում է նրա հորը՝ Մեհրաբ թագավորին, այդ արգելված սիրային կապի մասին։ 19-րդ դար, Իրան

Զալը գիտեր, որ հայրը չի խրախուսի իր սերը: Նա Ռուդաբեի վերաբերյալ խորհրդակցում է իր խորհրդականների հետ: Նրանք վերջապես նրան խորհուրդ են տալիս հանգամանքների մասին ամբողջական նամակ գրել հորը՝ Սամին։ Սամն ու մոպետները (իմաստունները) զգուշացնում են, որ Ռուդաբեի հայրը՝ Քաբուլի տիրակալը, բաբելոնացի է` օձավիշապ Զահհակի սերնդից, և հավանություն չեն տալիս ամուսնությանը։

Եթե թռչնի ձագը առնի վիշապազուն աղջկա,
ծնված զարմը ինչ կլինի, աղջիկ լինի թե տղա:

Զալը հորը հիշեցրնում է, որ երդվել է կատարել իր բոլոր ցանկությունները:

Ի վերջո, տիրակալը հարցն ուղղում է աստղագուշակներին՝ պարզելու, թե արդյոք Զալի և Ռուդաբեի ամուսնությունը բարեկեցիկ կլինի, թե ոչ, և նրան հայտնում են, որ Զալի և Ռուդաբեի զավակը լինելու է աշխարհի նվաճողը։ Երբ Զալը հասնում է Մանուչեհր շահնշահի արքունիք, նրան պատվով ընդունում են, և կարդալով Սամի նամակը՝ շահը հավանություն է տալիս ամուսնությանը։

Սիրահար զույգի ամուսնությունը կայանում է Քաբուլում, որտեղ Զալն ու Ռուդաբեն առաջին անգամ հանդիպել էին միմյանց։

Զահհակ
ՍամՔաբուլի ՄեհրաբՍինդուխտ
ԶալՌուդաբե
Ռոստամ
Ռուդաբեն ծնում է Ռոստամին, ով հետագայում դառնում է պարսկական մեծագույն հերոսներից մեկը

Պարսկական դիցաբանության մեջ Ռուդաբեն ունենում է որդի՝ Ռոստամին որի ծնունդը ձգձգվում է երեխայի արտասովոր խոշոր չափերի պատճառով: Զալը կարծում է, թե իր կինը ծննդաբերության ժամանակ կմահանա և կմահանա երեխան: Ռուդաբեն մահամերձ էր, երբ վերջապես Զալը հիշում է Սիմուրղ հավքի փետուրը և այն դնում է սուրբ կրակի վրա։ Սիմուրղը հայտնվում է և հրահանգում նրան փետուրով «կեսարյան հատում» անել (ռոստամզադ )՝ փրկելով Ռուդաբեին և երեխային, որը հետագայում դառնալու էր պարսից մեծագույն հերոսներից մեկը: Սիմուրղը հանգստացնում է Զալին գուշակելով, թե ինչքան հզոր է լինելու ծնվող երեխան:

Նրա ձայնից սարսափահար վագրի կաշին կպայթի:
Ամրոցները փոշի կանի, երբ նժույգն իր պայտի:
Ով որ տեսնի գուրզը նրա, ահից պիտի դողդողա:
Ով նրա հետ մենամարտի, իր կյանքի հետ կխաղա:
Ասպարեզում ով որ նրա դեմ աղեղից նետ քաշի,
ձեռքի ահեղ մի շարժումով նա կդարձնի փոշի:
Մենամարտում նա կվարի ժիր առյուծի պես պայքար
ձի կթամբի Սամի պնման անխոցելի, ինչպես քար:
Փղի հղոր ուժ կունենա իր հասակով վեհ նոճի, այնքան ուժեղ,
որ մի ձեռքով ժայռաբեկոր կճոճի:
Ոսոխների հանդեպ միշտ էլ կլինի նա անողոք
տերը նրան պարգևել է անգերազանց շեն շնորհք:

Ռոստամի ծնունդը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմուրղ հավքը կեսարյան հատում անելու իր խորհուրդները տալիս է ու իր թևից մի մեծ փետուր ցած նետելով հեռանում:

Այժմ պետք է մի սուր դանակ և մի մոբեթ քաջառողջ,
Որ դյութելու կարողությամբ պատռի կողը քո կնոջ:
Բայց նախքան այդ գեղեցկուհուն տուր թունդ գինի, որ հարբի,
քանզի դանակ երբ տեսնի նա, մահից պիտի սարսափի:
Գիտուն մոգը նրա կյանքի հետ տակավին չի խաղա,
սակայն նրա ամուր կողից կազատի մի երեխա:
Սուր դանակով կոնքակողը կպատռի նա այնպես ճիշտ,
որ վիրահատ տեղը նույնիսկ չի պատճառի ցավ ու վիշտ:
Նա այնտեղից դուրս կբերի ժիր առյուծի մի կորյուն
բայց քո կնոջ վերքից գետի պես կհոսի հորդ արյուն:
այնուհետև ապաքինման դեղ կդնի և պինդ կար:
դեն կնետեմ վախ ու կասկած, ինչ որ քո վեհ սրտում կար
իսկ այն դեղը որ քեզ կտամ, խառնիր կաթի մուշկի հետ,
այդ խառնուրդը չորացրու ու պահպանիր մի չոր տեղ:
հետո վերքի վրա ցանիր սպեղանի մշկահոտ
և Ռուդաբեն կյանքի կգա հանց մայիսյան առավոտ:
իսկ քիչ հետո նրա իմ փետուրը նրա վերքին քսիր դու
և քո կինը որդուդ համար կդառնա մայր կաթնատու:

Այդ անսովոր ձևով ծնվում է երեխան: Նրա երկու ձեռքի մեջ արյուն կար: Ռուդաբեն ուշքի է գալիս, տեսնում է մեկ օրական որդուն, որը տարեկանի նման էր: Որդու մեջ տեսավ քեյանական մի բան և կանչեց Ռոստամ, ազատվեցի: Ու անունը դրեցին Ռոստամ Զալ:

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության անգլերեն թարգմանությունը արձակ ձևաչափով կոչվում է Շահի պատմվածքների գիրքը կամ Լեգենդներ հին Պարսկաստանի մասին[5]:

Գիտնականները նշում են, որ Զալի և արքայադուստր Ռուդաբեի սիրո պատմությունը կապված է աֆղանական ժողովրդական հեքիաթի հետ, որը կոչվում է Մոնղոլ աղջկա և արաբ տղայի սիրավեպը[6]:

Ըստ ժողովրդական հեքիաթների հավաքորդների` Ռուդաբեի երկար մազերը և մագլցելու միջադեպը շատ են հիշեցնում Ռապունցելի գերմանական պատմությունը[7]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://artsandculture.google.com/asset/the-simurgh-arrives-to-assist-with-the-birth-of-rustam-from-the-book-of-kings-shahnama-muhammad-zaman-ibn-haji-yusuf/kAFz4Nfds-bW2A
  2. Shahbazi, A. Shapur. «RUDĀBA». Encyclopædia Iranica. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
  3. vanda (2019 թ․ սեպտեմբերի 21). «شخصیت های شاهنامه – رودابه» [«Շահնամեի կերպարները՝ Ռուդաբեհ»]. ویکی شاهنامه (պարսկերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. «The Internet Classics Archive | the Epic of Kings by Ferdowsi».
  5. Sykes, Ella Constance. The story-book of the Shah; or, Legends of old Persia. London: J. Macqueen. 1901. pp. 73-94.
  6. Dorson, Richard M. Folktales told around the world. Chicago; London: University of Chicago Press. 1978. pp. 209-210. 0-226-15874-8
  7. Murray, J., Grimm, W., Grimm, J., Taylor, J. Edward., Grimm, W. (1846). The fairy ring: A new collection of popular tales. London: J. Murray. p. 375.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդաբե» հոդվածին։