Ռուբիկ Եղոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբիկ Եղոյան | |
---|---|
1960-1992 | |
Ծննդավայր | Հայաստան, Արմավիր |
Մահվան վայր | ԼՂՀ, Մարտակերտի շրջան, Լենինավան, (Հասանդայա) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ծառայության տարիներ | 1989-1992 |
Կոչում | |
Հրամանատարն էր | Արմավիրի ԵԿՄ «Արծիվ-13» ջոկատի |
Մարտեր/ պատերազմներ | ՀՀ Երասխի, Իջևանի, Նոյեմբերյանի ինքնապաշտպանությանը, ԼՂՀ Լաչինի, Հադրութի, ապա Մարտակերտի շրջանի Հաթերք, Մաղավուզ, Մատաղիս, Ջրաբերդ, Հակոբ-Կամար, Վերին Շեն և Չայլու գյուղերի ազատագրմանը։ |
Պարգևներ |
Ռուբիկ Վաչիկի Եղոյան (ապրիլի 20, 1960, Արմավիր, Արմավիրի մարզ - հունիսի 29, 1992, Լենինավան, Մարտակերտի շրջան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), հայ ազատամարտիկ, Երկրապահ կամավորականների միության հիմնադիրներից, Երկրապահ Արծիվ 13 ջոկատի հիմնադիր հրամանատար, կոչումը՝ լեյտենանտ (պահեստազորի)։ Ռուբիկը իր աշխատավայրը դարձրել էր զենքի արտադրամաս. իր նախագծով արտադրում էր ինքնաձիգներ, ատրճանակներ, ականներ և պայթուցիկ սարքեր։ Իր ստեղծած զենքերով զինում էր իր Արծիվ-13 ջոկատը, զինում էր նաև ուրիշ ջոկատների։
Ռուբիկի գլխավորությամբ 120 ականանետ և 17 հրանոթ ուղարկվեց Արցախ։ Պատերազմի դաշտից ռմբակոծված տանկեր էին բերում, վերանորոգվում Արցախ վերադարձնելու նպատակով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1960 թվականի ապրիլի 20-ին, Արմավիր (նախկինում՝ Հոկտեմբերյան) քաղաքում։ 1966 թվականին ընդունվել է տեղի I միջնակարգ դպրոցը (այժմ Ռուբիկ Եղոյանի անվան)։ 1976 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է դպրոցը և նույն թվականին ընդունվել՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։ Միաժամանակ ընդունվել, սովորել և ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտին կից իրավագիտական ֆակուլտետը։ 1983 թվականին ավարտել է բարձրագույն կրթությունը և ստացել՝ ինժեներ-մեխանիկի որակավորում։ Սովորելու ընթացում անցել է զինվորական դասընթացներ։ 1981-1983 թթ. ծառայել է Ստեփանակերտում, ԽՍՀՄ բանակում, և 3 ամիս ծառայելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ 1989-1991 թվականներին՝ Արմավիրի հաստոցաշինական գործարանի, 1991 թվականից՝ «Հայկ-1» ձեռնարկության հատուկ տեխնիկական միջոցների արտադրության գծով փոխտնօրեն։
1988 թ. նախկին Հոկտեմբերյանի շրջանից Ռուբիկ Եղոյանը առաջինն էր, որ կազմակերպել է ցույց Հոկտեմբերյան քաղաքի հրապարակում, որին հաջորդեց նրա մասնակցությունը Երևանի ցույցերին։ Արմավիր քաղաքում հիմնել Երկրապահ կամավորականների «Արծիվ-13» ջոկատը և իր ջոկատով մասնակցել հայրենիքի պաշտպանությանը։ Ջոկատների հիմքի վրա ստեղծեց Երկրապահ կամավորականների միությունը։
1989-1992 թվականներին իր ջոկատով մասնակցել է ՀՀ Արարատի շրջանի (Երասխ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի, Մարտակերտի (Մաղավուզ, Ջրաբերդ, Հակոբ Կամարի, Մարաղա, Չայլու և այլն), Լաչինի (Ղոչազ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1991 թվականին ընտրվել է Արմավիր քաղաքի խորհրդի պատգամավոր։
1989 թ. մայիս-հունիս ամիսներին Երասխի ինքնապաշտպանական մարտերին մասնակցել է «Արծիվ-13» ջոկատով, և սկսել է նրա մարտական ուղին, որին հաջորդել են 1990 թ.-ի հունվար-փետրվար ամիսների Իջևանի սահմանային բախումները։ 1990 թ.-ի հոկտեմբերին ջոկատը Եղոյանի գլխավորությամբ մասնակցել է Նոյեմբերյանի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թ.-ի ապրիլին «Արծիվ-13» ջոկատը նորից ինքնապաշտպանական մարտեր էր վարում Իջևանում։ 1991 թ.-ի օգոստոսին ջոկատը, Մարտակերտից մարտեր մղելով հակառակորդի դեմ, հասել է մինչև Հաթերք, իսկ 1992 թ.-ի հունվար-փետրվար ամիսներին մասնակցել է Լաչինի ազատագրմանը, այնուհետեւ մարտեր մղել է Մաղավուզ, Մատաղիս, Ջրաբերդ, Հակոբ-Կամար, Վերին Շեն և Չայլու գյուղերի ազատագրման համար։ Ջոկատում էին կռվում նաև Ռ. Եղոյանի եղբայր Հայկազ Եղոյանը և նրա հորեղբոր որդի Խաչիկ Եղոյանը։
1992 թ.-ի հունիսի 29-ին Ռուբիկ Եղոյանը, համալրելով իր ջոկատը՝ Ջրաբերդի կամավորականների, Զեյթուն և Արաբո ջոկատների հետ միասին, թվով 79 հոգի, պետք է ազատագրեին Մարտակերտի շրջանի Լենինավան (Հասանդայա) գյուղը։ Հունիսի 29-ի լուսաբացին, անցնելով ջրատարի վրայով, խաղողի այգիներում հակառակորդի հետ սկսում են մարտնչել։ Թվաքանակով շատ թշնամին, աննընդհատ համալրում ստանալով, շրջափակման մեջ է վերցնում հայ կամավորականներին։ Մարտը տևում է մոտ 2 ժամ, հայ կամավորները, հասկանալով, որ ընկել են շրջափակման մեջ, որոշում են կռվել մինչև վերջին փամփուշտը։ Հայկական ուժերին մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական Գյանջայի գումարտակը սեղմում էր շրջափակման օղակը, սակայն հայ կամավորները ոչ մի քայլ չնահանջեցին և հերոսաբար անմահացան։ Հերոսի մահով ընկավ նաև «Արծիվ-13» ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանը։ Նա թաղված է հարազատ քաղաքի քաղաքային գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրերի երախտագիտություն», Արիության մեդալներով, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով, «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով։
Ֆոտոարխիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |