Ռուբեն Մարուխյան
Ռուբեն Մարուխյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1934 (88 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1960) |
Մասնագիտություն | դրամատուրգ, ռեժիսոր և արձակագիր |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ՀԳՄ, Հայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն |
Ռուբեն Արամի Մարուխյան (նոյեմբերի 15, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ դրամատուրգ, ռեժիսոր, արձակագիր։ 1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 2020 թվականից՝ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ։ 2021 թվականին արժանացել է ԿՀԳՄ պատվավոր անդամի կոչման[1][2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։ 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ։ Աշխատել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Երևանի պետական տիկնիկային թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն[1][2]
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր է, 1974 թվականից դասավանդում է հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա[2]։ Ռուբեն Մարուխյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Մարուխյանի ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։
1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հանդիսանում է նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։ Արժանացել է պարգևների և կոչումների արվեստի և մշակույթի բնագավառում։
Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով[1]։ 2020-2021 թվականների տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակի համար արժանացել է ՀԳՄ մանկական լավագույն գրքի 1-ին մրցանակի (1988)։
- «Մուկիկը» վիպակի համար արժանացել է միջազգային ՊԷՆ գրական ընկերակցության մրցանակի (2010)։
- «Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի (2013)։
- Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի (2015)։
- Կալիֆորնիայի հայ գրողների միության «ՏԻՐ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Երախտագիտություն» պատվո շքանշանի (2021)[1]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հեքիաթների տոնավաճառ, Երևան, 2003
- Զրույցներ թատրոնի մասին, Երևան, 2006
- Չիկարելիի նոր արկածները, Երևան, 2008, նաև ռուսերեն, Երևան, 2008[4]
- Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ, Երևան, 2013
- Ընտրանի, Երևան, 2015[5][6]
- Պիեսներ ժողովածու, 2021 (խմբագիր՝ դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Baghdasaryan Aram։ «AV Production - Ռուբեն Մարուխյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-02-04
- ↑ 2,0 2,1 2,2 Ռուբեն Մարուխյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ «Рубен Марухян»։ Кино-Театр.Ру։ Վերցված է 2021-08-07
- ↑ «Марухян, Рубен Арамович - Приключения Чикарели : Повесть : [Для сред. и ст. шк. возраста] - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2021-08-07
- ↑ «Ռուբեն Մարուխյանն իր 80-ամյա հոբելյանի առիթով ընթերցողին նոր գիրք կներկայացնի»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-08-07
- ↑ «Ավետիք Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարան»։ www.isahakyanlibrary.am։ Վերցված է 2021-08-07