Ռոստոմ Թոսունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոսունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոստոմ Թոսունյան
Ծնվել էհունվարի 8, 1934(1934-01-08) (90 տարեկան)
ԾննդավայրԱյգաբաց
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունուսուցիչ և ֆիզիկոս

Թոսունյան Ռոստոմ Իշխանի (հունվարի 8, 1934(1934-01-08), Այգաբաց), ֆիզմաթ ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ, ուսուցիչ, ֆիզիկայի մեթոդիստ, ֆիզիկայի կաբինետի վարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստոմ Իշխանի Թոսունյանը ծնվել է 1934 թվականի հունվարի 8-ին Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում։ Ծնողները եղել են գյուղի աշխատավորներ՝ հայրը` Թոսունյան Իշխան Գալուստի, մայրը` Թոսունյան (Կիրակոսյան) Ազգանույշ Գրիգորի։ Ունեցել է 3 քույր` Աստղիկը, Էմման և Լենան։

1940 թվականին ընդունվել է Այգաբաց գյուղի միջնակարգ դպրոց և 1950 թվականին ավարտել է այն գերազանց առաջադիմությամբ։ 1950 թվականին ընդունվել է Գյումրիի Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։ 1954 թվականին ավարտել է այն գերազանց առաջադիմությամբ։ Ուսանելու տարիներին եղել է ֆիզմաթ ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահը։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Վանաձոր քաղաքի համար 8 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։

1954 թվականի նոյեմբերից մինչև 1956 թվականի դեկտեմբերը ծառայել է սովետական բանակում։ Այնտեղ հանձնել է քննություններ և ստացել է ավագ լեյտենանտի կոչում։ Բանակից զորացրվելուց հետո 1957 թվականի հունվարից մինչև 1963 թվականի հունիսն աշխատել է Արմավիրի շրջանի Սարդարապատ գյուղում որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։

1958 թվականի օգոստոսի 3-ին ամուսնացել է Սոխակ (Սոնա) Սարգիսի Խանվելյանի հետ։ 1961 թվականի փետրվարի 3-ին ծնվել է նրանց առաջնեկը` Արարատ Ռոստոմի Թոսունյանը, իսկ 1963 թվականի մարտի 31-ին երկրորդ զավակը` Հասմիկ Ռոստոմի Թոսունյանը։ 1963 թվականին ընտանիքով տեղափոխվել են Ալավերդու շրջանի Օձուն գյուղ և մինչև 1968 թվականը աշխատել է Օձունի սանատորա-անտառային գիշերօթիկ դպրոցում՝ որպես փոխտնօրեն և ուսուցիչ։ 1968 թվականի հուլիսի 15-ին ծնվել է նրանց երրորդ զավակը` Լուսինե Ռոստոմի Թոսունյանը։

Նույն տարի նրանք տեղափոխվել են մայրաքաղաք Երևան և աշխատանքի անցել համար 122 դպրոցում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ 1972 թվականին տեղափոխվել է Երևանի ուսուցիչների կատարելագործման քաղաքային ինստիտուտ՝ որպես ֆիզիկայի մեթոդիստ, ֆիզիկայի կաբինետի վարիչ, ինստիտուտի փոխտնօրեն, այնուհետև 1980 թվականից մինչև 1984 թվականը աշխատել է որպես տնօրեն։ 1976 թվականից մինչև 1982 թվականը վարել է հեռուստատեսային դասեր ֆիզիկայից։ 1984 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է Երևանի Մաշտոցի շրջանի թիվ 156 դպրոցում՝ որպես տնօրեն։ 1997 թվականից մինչև 2006 թվականը թիվ 16 դպրոցում աշխատել է որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի հետ միասին գրել է մեթոդական գրքեր ուսուցիչների համար, հիմնական դպրոցի (7-9 –րդ դասարանների) ֆիզիկայի դասագրքերը[1], մեթոդական գրքեր հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցիչների համար։ Գրել է ֆիզիկայի շտեմարաններ բուհ ընդունվողների համար, նաև 10-12-րդ դասարանների ստուգողական աշխատանքների գրքեր։ Կատարել է նաև թարգմանություններ։

Կատարած թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցուցադրական փորձեր 6-7-րդ դասարաններ։
  • Ցուցադրական փորձեր 8-10-րդ դասարաններ։
  • Ցուցադրական փորձեր 8-10-րդ դասարաններ մաս երկրորդ։
  • Գործնական աշխատանքներ 6-7-րդ դասարաններ։
  • Գործնական աշխատանքներ 8-10-րդ դասարաններ։

Դասագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկայի դասագիրք 7-րդ դասարան[2]։
  • Ֆիզիկայի դասագիրք 8-րդ դասարան[3]։
  • Ֆիզիկայի դասագիրք 9-րդ դասարան[4]։
  • Մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար 7-9-րդ դասարաններ։
  • Ֆիզիկայի շտեմարան հատոր 1։
  • Ֆիզիկայի շտեմարան հատոր 2։
  • Ֆիզիկայի շտեմարաններ։
  • Ֆիզիկայի գիտելիքների ստուգման թեստեր 10-րդ դասարան։
  • Ֆիզիկայի գիտելիքների ստուգման թեստեր 11-րդ դասարան։
  • Ֆիզիկայի գիտելիքների ստուգման թեստեր 12-րդ դասարան։
  • Խնդիրների լուծման մեթոդական ուղեցույց (մեխանիկա)։
  • Խնդիրների լուծման մեթոդական ուղեցույց (մոլեկուլյար ֆիզիկա)։
  • Խնդիրների լուծման մեթոդական ուղեցույց (էլեկտրադինամիկա)։
  • Խնդիրների լուծման մեթոդական ուղեցույց (օպտիկա)։
  • Խնդիրների լուծման մեթոդական ուղեցույց (քվանտային ֆիզիկա և ատոմի միջուկ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-search.pl?q=au:%22%D4%B9%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6,%20%D5%8C%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B4%20%D4%BB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%AB%22
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.