Ռոմեո Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմեո Մելիքյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1987(1987-10-23) (36 տարեկան)
ԾննդավայրԲերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ

Ռոմեո Վոլոդյայի Մելիքյան (հոկտեմբերի 23, 1987(1987-10-23), Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը։ 2015 թվականից հանդիսանում է Նկարիչների միջազգային ֆեդերացիայի և Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ[1], 2019 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2018 թվականին «Հակամարտություններ» խորագրով անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ էլ նրա աշխատանքները մշտապես ցուցադրվում են 2019 թվականից։

Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Գերմանիայի,Նիդեռանդների, Անգլիայի, Սերբիայի, Լիբանանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում[2][3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 «Մեկ քայլ առաջ», Հայաստանի նկարիչների միություն, Երևան
  • 2010 «Արմենիա Ռոսս», Մոսկվա, Ռուսաստան
  • 2012 «Գույների Սիմֆոնիա», Բեյրութ, Լիբանան
  • 2012 «Նոր սերունդ, նոր հեռանկարներ», Արամե պատկերասրահ, Երևան, Հայաստան
  • 2012 «Նվիրիր կյանք» բարեգործական ցուցահանդես, «Մարիոթ» հյուրանոց, Երևան, Հայաստան
  • 2013 «Արամե պատկերասրահի 10-րդ տարեդարձ», Արամե պատկերասրահ, Երևան, Հայաստան
  • 2016 Արտ Ֆեստ Լոնդոն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
  • 2018 «11 Հայ երիտասարդների ցուցահանդես» Բեյրութ, Լիբանան
  • 2019 «Կոնվերգենցիա» ՀԲՄԸ , Երեւան, Հայաստան
  • 2019 «Գարնանային Հանրապետական ցուցահանդես» Երեւան, Հայաստան
  • 2019 «3 Հայ արվեստագետներ» Գրոնինգեն, Նիդերլանդներ
  • 2019 «3 Հայ արվեստագետներ» Վիզբադեն, Գերմանիա
  • 2019 « Արմենիա Արտ Ֆեստ» Երեւան, Հայաստան
  • 2019 « Արվեստ առանց սահմանների» Բելգրադ, Սերբիա
  • 2019 « Daydreams on Canvas» Բեյրութ, Լիբանան
  • 2021 «Ժամանակակից գրաֆիկայի արվեստի միջազգային տրիենալե» Նովոսիբիրսկ, Ռուսաստան

Մեջբերումներ Ռոմեո Մելիքյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարծիք՝ երիտասարդ շնորհալի նկարիչ Ռոմեո Մելիքյանի մասին, որի հայտնությունը շատ բան տեսած արվեստաբանի համար հաճելի անակնկալի տարրեր է պարունակում։ Ընդամենը գեղարվեստի ուսումնարանն ավարտած երիտասարդ նկարիչը փորձում է հայտ ներկայացնել ինքնության որորշակի պաշարով և աշխարհայացքով, ուր արդիականության լարվածությունն ու դրամատիկ շեշտերը դիտողին ստիպում են մտնել այդ «արվեստային դաշտ« իրականության սովորական պատկերի մեջ ֆիքսելով իր անհանգիստ հոգեկերտվածքը։ Մարդը, բնությունն առարկայական աշխարհը երբեք պասիվ, հայեցողական, հայելային արտապատկերումներ չունեն նրա մոտ, այլ լարվածության դաշտում են՝ ինքնության որորշակի տարրերով։ Արդեն իսկ վաղ տարիքում ծանոթ լինելով համաշխարհային գեղարվեստական ուղղությունների հետ, նրան առավել հոգեհարազատ է արտահայտչապաշտությունը, դինամիզմը և դրամատիզմը, որոնք ներդաշնակվում են մետաֆիզիկ լուսատարածության անհանգիստ թրթիռների հետ։ Կարծում եմ երիտասարդ նկարիչը կունենա հետևողականություն և խոհեմություն՝ իր արժանիքները ճիշտ գնահատելու, չտարվելու ժամանակի հաջողությունների պատրանքով, քանզի արվեստը հավատամք է և ոգեկանության հարատև գոյավիճակ»

/ Պողոս Հայթայան /


  Գեղանկարիչ Ռոոմեո Մելիքյանը բնությունից արդեն իսկ օժտված այն համարձակ արվեստագետներից մեկն է, որ հաստատուն ու համառ քայլերով, հաղթահարելով տարատեսակ դժվարություններ, համբերատարությամբ եւ նպատակասլացությամբ ստեղծում է բարդ,  աշխարհընկալման ուրույն մոտեցումներվ հագեցած կտավներ։

Արդեն իսկ «Միջադեպ քաղաքում » շարքը ցույց է տալիս, որ Ռոմեոն ստիպում է դիտորդին երեւակայել, հաղորդակից դառնալ նկարչի յուրատեսակ աշխարհին։ Հիմնականում շենք-շինությունների եւ մարդկանց հոծ խմբերի հակադրությամբ, գեղանկարիչն ուժգին լարվածություն եւ դրամատիզմ է հաղորդում նկարներին, որն էլ ավելի ցայտուն կերպով է դրսեվորվում հետագայում ստեղծված «Ամբոխը», «Մեր քաղաքում» եւ «Պայքար» շարքերում։ Այս կոմպոզիցիաներում պատկերված շինություններն ասես դատարկ են ու անկյանք եւ նմանվում են հսկա ուրվականների, որոնցից լռության ու տագնապի հոտ է փչում, բայց ամբոխի մեծ կուտակումները, որոնք եկել ու լցրել են այս անսովոր դատարկությունը, փորձում են մեզ վերադարձնել իրականություն։ Իսկ իրականությունն այստեղ ներքին պայքարն է ու մարդկանց հոգիներում կուտակված ընդվզումը։ Աշխատանքներին էլ ավելի սրություն հաղորդելու համար հեղինակն անորոշության մեջ է պահում տեղն ու ժամանակը՝ բարդ ու խրթին մտածմունքների մեջ թողնելով դիտողին։

 Մելիքյանը զերծ չի մնացել նաեւ քանդակներ ստեղծելու գայթակղությունից։ Ռազմական «օբյեկտների» նմանվող «Պատերազմ» շարքում հիմնականում երկաթյա աշխատանքներ են՝ հրանոթներ, սուզանավեր եւ այլն, որոնք ճիշտ է, կատարողական առումով բավականին պարզ են, բայց իրենց յուրօրինակ մտահղացմամբ եւ միշտ թարմ ասելիքով նորովի են ի հայտ բերում արվեստագետի դեռեւս չբացահայտված գաղտնիքները։
 Մեծ թիվ են կազմում նկարչի կոլաժները։ «Քաղաքի բնակիչները», «Տղամարդու դիմանկար» եւ «Կոմպոզիցիա» շարքերը խոսում են արվեստագետի յուրօրինակ մտածելակերպի, բացառիկ ճաշակի եւ գունածավալների ճշգրիտ համադրության մասին։
 Վերջին շրջանի «Հակամարտություն» շարքի աշխատանքների համար որպես Ֆոն է ծառայում աշխարհի քարտեզը կամ էլ,կարծես պատահականության սկզբունքով, այդ քարտեզից ինչ-որ հատված՝ հատկապես փոքրածավալ կտավներում։ Սրանցում Մելիքյանի հայտնագործած աշխարհն է՝ իր անվերջ թվացող եւ անհաղթահարելի հակամարտության խնդիրներով։ Այս քարտեզների մայրցամաքների վրա ազատորեն վերուվար անող զինվորների շարքերը, տարատեսակ զինտեխնիկայի կուտակումներն օդում, ջրում եւ ցամաքում չեն կարող անտարբեր թողնել եւ ոչ մի դիտողի։ Հեղինակն իր այս մոտեցմաբ ուզում է մարդկանց ուշադրությունը հրավիրել երկիր մոլորակի վրա ահագնացող չափերի հասնող պատերազմների վտանգներին։ Եւ հատկապես այս աշխատանաները դիտելուց հետո, կարծում եմ՝ բոլորովին սխալված չենք լինի, եթե ասենք, որ հանձինս Ռոմեո Մելիքյանի, գործ ունենք բավականին լուրջ եւ ինքնատիպ, հիրավի շնորհալի արվեստագետի հետ, որն իր անհանգիստ ու անընդհատ շարունակվող փնտրտուքներով դեռ շատ անակնկալներ կպարգեւի իր արվեստի, եւ ինչու՞ չէ, իսկական արվեստի գիտակներին...
                                                         
                                                                                                                                                         Վարդան Վարդանյան 
                                                                                                                                                               Արվեստաբան
                                                                            Փլուզումը սանձող պատկերներ
  Աղետի ու քաոսի մեջ հանդարտություն ու հարմոնիա փնտրող արվեստագետ է Ռոմեո Մելիքյան նկարիչը։ Աբստրակտ ձևերի և մոնումենտալ անցումների մեջ իմ ուշադրությունը գրավում է առաջին հերթին ռեալիստական թեմատիկան։ Կյանքի էկզիստենցիան, ժամանակի էկզիստենցիան, կենսամերձ, ծայրահեղ իրավիճակների կանխազգացողությունը, ներկան կարծես ապագայից դիտարկելու հայեցողությունը։ Անհատական կերպարները մեզ են ներկայանում ասես «մենք»-ի կամ ամբոխի մեջ տարալուծված վիճակում, այնպես, որ ամբոխն է անձնավորվում, տարերքն է ստանում կարգավորվածություն և ներդաշնակ ձևեր։ Ռոմեոյի արվեստը կարելի է բնութագրել իբրև ,,ետճշմարտության դարաշրջանի,, գեղարվեստ, երբ կյանքի ճիշտն ու սխալը խառնվել են իրար, երբ մարդը երկնչում (կամ գուցե սարսափում) է բուն ճշմարտության գաղափարից։ Լուսավոր, ապրեցնող լիցք ունեն այս պատկերները. այսքան շատ դետալներ և ոչ մի շատախոսություն, այսպիսի սրընթաց դինամիկա և սրտահաճո հանգրվաններ։ Այս պատկերները նույնիսկ ձայն ունեն. Ես լսում եմ երկչոտ շշուկները, լսում եմ նաև խենթ աղաղակները, լսում եմ մարդկանց դիալոգները ամբոխի միջից... Կեցցես, Ռոմեո ջան - քո ինքնատիպ տաղանդով, կյանքի քո ընթերցումով և նորահայտ ասելիքով։
                                                                                                                                                / Վարդգես Դավթյան /


                                                                                                                                          հոգեբույժ, արձակագիր և ակնարկագիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուսաստանի Նկարիչների միություն». 2015.
  2. Ընտրություն չէր, այդպես էր կանխորոշված, Ռոմեո Մելիքյան. Էքսպրեսիոնիզմի մերօրյա հետևորդը
  3. Արվեստագետը Տավուշից