Jump to content

Ռոման Սվիստունովի փախուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Սվիստունովի փախուստ
Ընդհանուր տեղեկություններ
Թվականմայիսի 27, 1987 թվական
Ժամանակ05։10 թռիչքի մեկնարկ
ԲնութագրումԻնքնաթիռի հափշտակում, հարկադրված վայրէջք ջրի վրա
Պատճառվառելիքի սպառում
ՎայրSaldus District?, Լատվիական ԽՍՀ, Բալթիկ ծով և Östergarn socken?, ,
Օդանավ
Կողային համարСССР-70501
Արտադրման թվականմարտի 2, 1973 թվական
Անձնակազմ1
Կենդանի մնացած1

Ռոման Սվիստունովի փախուստ, 1987 թվականի մայիսի 27-ի առավոտյան տեղի ունեցած ավիացիոն պատահար։ Այս պատահարի ժամանակ նախկին օդաչու Ռոման Սվիստունովը գյուղատնտեսական Ան-2Р ինքնաթիռով փախել է Շվեդիա։

Ան-2Р ինքնաթիռը, որի գործարանային համարը 1G144-12 էր (սերիական համարը՝ 144-12), 1973 թվականին կառուցվել էր լեհական «PZL-Mielec» գործարանում, ինչից հետո վաճառվել էր ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարությանը, որն ինքնաթիռին տվել էր CCCP-70501 կողային համարը։ Ինքնաթիռն ուղարկվել էր Լատվիական քաղաքացիական ավիացիայի Ռիգայի կենտրոն, որտեղ հասել էր 1973 թվականի մարտի 2-ին։ 1974 թվականի հուլիսին 70501 օդանավը մտել էր Ռիգայի միացյալ ավիաընկերության նորակազմ տորմիղի մեջ և բազավորվել[1]։

Ռոման Ս․ Սվիստունով (միջազգային ԶԼՄ-ում նրան անվանակոչել են Roman Svistonov՝ շվեդերենի լեզվական պահանջներին համապատասխան)․ 24 տարեկան (1963 թվականին է ծնվել[1]), Միկոլայիվի բնակիչ (Ուկրաինայի ԽՍՀ), ամուսնացած, ունի երկու երեխա (դուստր և որդի), բայց արդեն առանձին էր ապրում իր ընտանիքից։ Նախկինում ծառայել է լեյտենանտի կոչմամբ, բայց աշխատանքից հեռացվել է՝ ներառվելով պահուստային աշխատակիցների ռեզերվում, ինչից հետո տեղափոխվել է քաղաքացիական ավիացիա, որտեղ աշխատում էր որպես գյուղատնտեսական ինքնաթիռների օդաչու, առևանգումից մի քանի տարի առաջ ազատվեց աշխատանքից, որպեսզի աշխատի կոլխոզում[2][3]։

Ինչպես ավելի ուշ պատմել է Սվիստունովը՝ լինելով աշխատանքից հեռացված և կադրային ռեզերվում ընդգրկված՝ ինքը համարել է, որ ինքը շնորհազուրկ է դարձել, այդ իսկ պատճառով սկսեց վախենալ խորհրդային ռեժիմից։ Նրա վրա կարող էր ազդեցություն թողնել նաև մայրը, ում դուր չէր գալիս խորհրդային հասարակարգը։ Այդ իսկ պատճառով մոտավորապես 1984 թվականին Ռոմանի ուղեղում միտք հղացավ՝ փախչելու «Երկաթե վարագույրից»։ Ինքնաթիռի առևանգումից մի քանի շաբաթ առաջ[2] նա եկել էր Լատվիա՝ իր ընկերոջ մոտ, ով աշխատում էր որպես օդաչու[3]։ Հնարավոր է՝ այդ ժամանակահատվածում Սվիստունովը ձևացել է մեխանիկ, որպեսզի կարողանա ընկերանալ ավիաընկերության աշխատակիցների հետ[4]։

Մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ռոման Սվիստունովն իր ընկերոջ հետ միասին, ով Սալդուսյան շրջանի «Դրուվա» կոլտնտեսության պահակն էր, խմում էր ոգելից խմիչքներ։ Երբ պահակն արդեն գտնվում էր արբած վիճակում, Ռոմանը պատրվակ հորինեց, թե իբր ուզում է կատարել ինքնաթիռի տեխնիկական սպասարկում[3], հասավ ավիաընկերության տարածք, որտեղ մտավ գյուղատնտեսական Ան-2Р 70501 օդանավը, որն այդ պահին դատարկ էր, և միացրեց շարժիչը։ Լսելով աղմուկ՝ պահակը դուրս վազեց՝ ձեռքը վերցնելով զենքը, թիրախավորեց, բայց առևանգողը չդադարեցրեց իր գործողությունները, քանի որ հասկանում էր, որ պահակն իր ընկերոջ վրա չի կրակի։ Ժամը 05:10 (այլ տվյալների համաձայն՝ առավոտյան ժամը 4։ 00-ին, ինչը հավանական է՝ հաշվի առնելով Լատվիայի և Շվեդիայի ժամային գոտիների մեջ առկա տարբերությունը) 70501 օդանավն օդ բարձրացավ և ուղղություն վերցերց դեպի ծով[1][2]։

Սվիստունովը առաջինը չէր, ում գլխում միտք էր հղացել ԽՍՀՄ-ից Շվեդիա փախչել գյուղատնտեսական ինքնաթիռով. այս դեպքից ուղիղ 4 տարի առաջ՝ 1983 թվականի մայիսի 27-ին, Ռիգայից օդաչու Վանագսը, որը թռիչքի հրամանատարն էր, նույնպես առևանգել էր Ան-2 ինքնաթիռ և դրանով թռել Գոթլանդ[5]: Շվեդիայի իշխանությունները վերադարձրել էին ինքնաթիռը, սակայն օդաչուն քաղաքական ապաստան էր ստացել: Երկրից փախչելու նմանատիպ փորձերը կանխելու նպատակով Քաղաքացիական ավիացիայի նախարարությունը որոշել էր ավիացիոն քիմիական աշխատանքների ժամանակ օդանավերըը թերլիցքավորել վառելիքով[6][7]: Սվիստունովը գիտեր այդ մասին և գիտակցում էր, որ ինքնաթիռում վառելիքի բավարար պաշար չկա, բայց դա նրան չկանգնեցրեց[3]։

Բալթիկ ծովի վրայով թռիչքը տևեց ավելի քան երկու ժամ, որի ընթացքում «кукурузник» մականունը կրող օդանավը անցավ մոտ 220 մղոն (մոտ 350 կմ): Էստերնգարնշոլմ կղզու մոտակայքում, վառելիքի սպառման պատճառով, 70501 ինքնաթիռի շարժիչը սկսեց ընդհատումներով աշխատել, ապա ամբողջությամբ դադարեցրեց աշխատանքը, այդ իսկ պատճառով օդաչուն որոշեց վայրէջք կատարել ջրի վրա: Ավելի վաղ շվեդական զինվորականները ռադարի էկրանին հայտնաբերել էին դեպի Շվեդիա ուղղություն վերցրած ցածր թռչող, փոքր ինքնաթիռ. Ռոնեբիի օդանավակայանից F 17 Kallinge ավիացիոն թևից երկու ինքնաթիռ ուղարկվել էին այն որսալու համար[8], սակայն երբ ռազմական ավիացիան ժամանեց անհրաժեշտ տարածք, An-2-ը արդեն ջրային վայրէջք էր կատարել ծովի մակերեսին՝ շվեդական Գոթլանդ կղզու արևելյան ափից մոտ հարյուր մետր հեռավորության վրա՝ Օստերգարն բնակավայրի մոտ, և քիչ անց խորտակվել էր 13 ոտնաչափ (4.0 մ) խորության վրա: Առևանգողը հասցրել էր դուրս գալ խցիկից և մնացած հեռավորությունը հաղթահարել լողալով, որից հետո նա բարձրացել է ափին գտնվող շենքերից մեկը, որտեղից գողացել էր չոր հագուստ։ Այստեղ նրան ձերբակալել է Լարս Ֆլեմստրյոմը (շվեդ.՝ Lars Flemström)[9], ով այն ուղղաթիռի օդաչուն էր, որը ժամանել էր ձկնորսների կողմից ափի մոտ ինքնաթիռի վթարի մասին հաղորդում ստանալուց հետո։ Ռոման Սվիստունովին ուղղաթիռով տարել են Վիսբյուի ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության, որտեղ նա քաղաքական ապաստան է խնդրել[3][4]։

Հետագա իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ան-2Р СССР-70501 օդանավաը՝ 2007 թվականին

Ոստիկանության հետ ունեցած զրույցում Ռոման Սվիստունովն ասել է, որ վաղուց էր պլանավորում փախչել երկրից, բայց սկզբում հրաժարվել է բացատրել փախուստի իր դրդապատճառները[2]։ Նա նաև հավելել է, որ Խորհրդային Միությունում են մնացել կինը՝ կին՝ Մարինան, և երկու երեխաները՝ երեքամյա Քրիստինան և ութ ամսական Դենիսը, ընդ որում՝ իր հարազատները տեղյակ չեն եղել Ռոմանի ծրագրերի մասին և այդ պահին ոչինչ չգիտեին փախուստի մասին։ Ոստիկանները նաև պատմել են, որ Սվիստունովը բողոքել է կրծքավանդակի ցավերից, բայց, ընդհանուր առմամբ, նա լավ վիճակում է եղել[3][4]։ Երբ ԽՍՀՄ-ն իմացել է փախուստի մասին, մայիսի 28-ին Ռոման Սվիստունովը մեղադրվել է ինքնաթիռ առևանգելու մեջ, և Շվեդիայից պահանջել են վերադարձնել առևանգողին և ինքնաթիռը։ Նույն օրը (մայիսի 28-ին) ԽՍՀՄ-ը ՏԱՍՍ-ում հրապարակել է տեղեկատվություն՝ առևանգողի դեմ մեղադրանքների մասին՝ պահանջելով նրան արտահանձնել Խորհրդային Միությանը, սակայն հրապարակման պահին Շվեդիայի դեսպանատան աշխատանքային օրն արդեն ավարտվել էր, ուստի արձագանքն անմիջապես չի եղել[10]։ Ինչպես նաև Վիսբյու էին ժամանել նաև Խորհրդային դեսպանատան աշխատակիցը և ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության ներկայացուցիչը (որին պատկանում էր ինքնաթիռը), որպեսզի հանդիպեն փախուստի դիմած առևանգողի հետ, սակայն վերջինս կտրականապես մերժել էր առաջարկը[4]:

Միաժամանակ, խորհրդային քարոզչությունը սկսել էր նսեմացնել Սվիստունովի կերպարը՝ պնդելով, որ ավիացիայից հեռանալուց հետո նա ապրել է չվաստակած եկամտով և նաև կապված է եղել «սև շուկայի» հետ: Սակայն, երբ Շվեդիայից հարցում է ստացվել Ռոմանի՝ ավիացիայի աշխատանքից ազատման պատճառի մասին, պատասխան չի եղել[10]։

Շվեդիան չարտահանձնեց Ռոման Սվիստունովին, սակայն շվեդական դատարանը նրան դատապարտեց երկու տարվա պայմանական ազատազրկման[1][7]։ Սեպտեմբերի 4-ին նա ստացավ բնակության թույլտվություն։ Ռոմանը երկու տարի աշխատեց Söderports պիցցերիա-ռեստորանում, որից հետո ևս մեկ տարի աշխատեց մեկ այլ պիցցերիայում, իսկ 1990 թվականին լքեց Գոթլանդը՝ այլ երկրներում որպես շեֆ-խոհարար աշխատելու համար։ 1992 թվականին Սվիստունովը վերադարձավ Շվեդիա, բայց ոչ միայնակ, այլ Միկոլայիվից եկած իր ընտանիքի՝ կնոջ և երկու երեխաների հետ[3]։

Ան-2-ը մի քանի տարի անց օդ բարձրացվեց և տեղափոխվեց Գոթլանդ, ինչից հետո այն խումբը, որի կազմի մեջ մտնում էին Նիլս-Օկե Ստենստրյոմը (շվեդ.՝ Nils-Åke Stenström), Թոր Կարլսոնը (շվեդ.՝ Tor Karlsson) և Լարս Բոստրյոմը (շվեդ.՝ Lars Boström), երկու տարվա ընթացքում վերականգնեցին այն[3][11]։ 2016 թվականի մայիսի 28-ին՝ փախուստի 29-ամյակի առթիվ, Վիսբյուի Գոթլանդի պաշտպանության թանգարանում բացվեց խորհրդային թեմատիկայով ցուցահանդես, որի հիմնական ցուցանմուշներից մեկը 70501 ինքնաթիռն էր։ Բացման արարողության հյուրերից մեկը, ի զարմանս բոլորի, հենց Ռոման Սվիստունովն էր, որը ամբոխից առաջ անցավ և գրկեց Ստենստրյոմին՝ առևանգված ինքնաթիռը վերականգնողներից մեկին: Երբ նախկին առևանգողին հարցրին, թե արդյոք ծովի վրայով փոքր ինքնաթիռով թռչելիս մտածե՞լ է, որ դա կհանգեցնի նման ցուցադրության, Ռոմանը պատասխանեց. «Ես ոչնչի մասին չէի մտածում: Ես պարզապես ուզում էի գոյատևել»(շվեդ.՝ Jag trodde ingenting, jag ville bara överleva)[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Антонов Ան-2Р Бортовой №: СССР-70501» (ռուսերեն). Наша авиация. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Soviet Steals Crop-dusting Plane, Defects to Sweden» (անգլերեն). Associated Press. 1987 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Anna Sofia Hakeberg (2016 թ․ մայիսի 28). «Flygaren är tillbaka på ön – 30 år efter dramat» (շվեդերեն). Hela Gotland. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Soviet Farmer Flies to Sweden, Asks for Asylum» (անգլերեն). Los Angeles Times. 1987 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  5. «На "кукурузнике" в Швецию: сбежавший из СССР летчик вернулся домой и оказался в больнице на Твайку». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 9-ին.
  6. Сергей Дроздов Воздушные пираты Страны Советов(ռուս.) // Авиация и время. — 2009. — № 4. Архивировано из первоисточника 28 հունիսի 2018.
  7. 7,0 7,1 «Захваты пассажирских самолётов в СССР, период 1973-1989 г.г.» (ռուսերեն). Угоны самолётов в СССР. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  8. Christer Bjöhle (2016 թ․ օգոստոսի 25). «Flykten från Sovjet slutade i havet utanför Gotland» (շվեդերեն). Horisont. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  9. 9,0 9,1 Malin Stenström (2016 թ․ մայիսի 28). «"Skönt att vara tillbaka"» (շվեդերեն). Hela Gotland. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  10. 10,0 10,1 «Asylum-seeker Accused of Hijacking, Extradition Sought» (անգլերեն). Associated Press. 1987 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
  11. «ASN Aircraft accident Antonov 2R CCCP-70501 Visby» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.