Ռոմանտիկ ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոմանտիկ ընկերություն, շատ մտերիմ, էմոցիոնալ առումով հագեցած, թեթև սիրահարվածության երանգով հարաբերություն ընկերների միջև՝ առանց սեռական բաղադրիչի (պլատոնական)։

Զգացմունքի օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ ընկերությունը հնարավոր է ինչպես նույն սեռի ներկայացուցիչների, այնպես էլ տարբեր տարիքի կանանց և տղամարդկանց միջև[1], ինչպես ամուսնացած, այնպես էլ միայնակ, ինչպես կողք կողքի աշխատող, այնպես էլ միմյանց ճանաչող մարդկանց միջև միայն նամակագրության միջոցով։

Ժամանակակից ռոմանտիկ ընկերությունը լավ նկարագրվում է ֆրանսերեն «l’amitié amoureuse» հասկացությամբ, որը բառացի նշանակում է «սիրահարված ընկերություն» (l’amitié՝ ընկերություն, amoureuse՝ սիրահարված)։ Նամակաձև վեպը, որը 1896 թվականին ստացել է այդ անունը, գրել և անանուն կերպով հրատարակել է Էրմինա Լեկոնտ դյու Նուին՝ ֆրանսիացի ռոմանտիկ գրող Գի դը Մոպասանի ընկերուհին, որը գրել է գրողի հետ սիրային-ընկերական հարաբերությունների մասին։

Հասկացության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ ընկերության նախորդը մտերիմ զինվորական (բարեկամական) ընկերությունն էր, որի նկարագրությունները հանդիպում են դեռևս անտիկ և միջնադարյան աղբյուրներում։ Սակայն այդպիսի ընկերությունը խիստ դասային էր։ Քրիստոնեության ազդեցության տակ մտերիմ ընկերությունը փոխվել և ձեռք է բերել հոգևոր շփման գծեր[2]։

Վերածննդի դարաշրջանի հումանիստները «մաքրել են» մտերիմ ընկերությունը կրոնական բաղադրիչից և այն հռչակել որպես մարդու ամենաբնական և բարձր զգացում։ Այդ ժամանակ էլ սկսել են խոսել ընկերության մասին՝ որպես ինտիմ ընկերական կապ։ Որոշ հեղինակներ «նուրբ ընկերություն» բառակապակցությունն օգտագործել են որպես մեղմասություն նույնասեռական հարաբերությունների համար։ Սակայն մշակույթի որոշ պատմաբաններ հումանիստների ընկերության մասին պնդում են մեծ մասամբ որպես գրական կերպար, քան սեփական անհանգստություն[3]։

Իրականում ռոմանտիկ ընկերություն հասկացությունն ի հայտ է եկել 18-րդ դարի վերջին։ Այդ ժամանակ ռոմանտիկները լուսավորիչների ռացիոնալ օբյեկտիվությանը հակադրվել են անձի սուբյեկտիվությամբ ու ինտիմ շփման ջերմությամբ։ Ռոմանտիկները նաև նման ընկերությունն անվանում էին «պլատոնական սեր»[4]։

Ընկերության ռոմանտիկ կանոնն ընդգծում է այդ զգացողության գերզգայական-արտահայտիչ սկիզբը։ Ռոմանտիկների համար ընկերությունը սրբազան էլիտար զգացողություն է, որը հասանելի չէ անհաղորդներին[4]։

Ռոմանտիկները շեշտել են ընկերական զգացողության կենդանի բնույթը։ Ի տարբերություն քրիստոնեական միջնադարյան ընկերության՝ ռոմանտիկ ընկերությունը կյանքի անմիջական զգայական ապրումն է, որն առաջին հերթին բնորոշ է պատանեկությանը[5]։

Ռոմանտիկները գիտակցաբար խառնում են սեր և ընկերություն հասկացությունները և կարող են իրենց հարաբերությունն անվանել ոչ միայն ընկերություն, այլև ամուսնություն, ընդ որում՝ նրանք, լինելով տղամարդիկ, որպես կանոն ամուսնացած են կամ (և) ռոմանտիկ հարաբերություններ են պահպանում կանանց հետ։ 20-րդ դարի վերջին ռոմանտիկ ընկերությունը սկսել են բնութագրել որպես հոմոէրոոտիզմի անգիտակից կամ չիրականացված դրսևորումներ, և որոշ դեպքերում դա այդպես էլ եղել է[6]։

Ռոմանտիկներն իրենց զգացմունքներին տվել են բազմակողմանի նշանակություն[5]։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն զգացմունքային առումով հագեցած, ինտիմ, նուրբ ընկերություն է, որը հագեցած է մարդու՝ որպես անհատի, այլ ոչ թե սեռական օբյեկտի նկատմամբ թեթև սիրահարվածության երանգով։ Այս զգացմունքին բնորոշ են խորը հարգանքն ընկերոջ հանդեպ, նրա որակներով, ընդունակություններով, տաղանդներով հիանալը։ Սրանք թեթև, չծանրաբեռնող, վստահելի, ոչ սեռական հարաբերություններ են։ Ռոմանտիկ ընկերներն իրենց զույգ չեն համարում, չեն պարզում հարաբերությունները, լրջորեն չեն խանդում սեռական զուգընկերների, կանանց, ամուսինների, ընկերների և հարազատների հանդեպ, թեև կան առանձին դեպքեր, երբ ռոմանտիկ ընկերները կարող են լուրջ խանդել ընկերոջ շրջապատի մարդկանց։

Տարբերակում այլ զգացմունքներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ ընկերությունը հատուկ, անկրկնելի զգացում է։ Այն չպետք է շփոթել դասական ընկերության, սիրո և համասեռական հակման հետ։ Ռոմանտիկ ընկերությունը նաև ոչ մի կերպ ֆլիրտ չէ, որն իր ողջ խաղասիրությամբ և թվացյալ թեթևությամբ ներկված է սեռական ենթատեքստով և հաճախ պարզապես սկիզբ է սիրային արկածների կամ էլ լուրջ հարաբերությունների։ Ռոմանտիկ ընկերությունը ոչ մի կապ չունի նաև անպատասխան սիրո կամ անհաջող ամուսնության պատճառով «պահեստային խաղացողի» ենթագիտակցական ձևավորման հետ։ Դա պլատոնական սեր չէ, որը ենթադրում է սիրո օբյեկտի իդեալականացում և որոշակի հուզական գրգռվածություն։ Պլատոնական սերը հնարավոր է հեռավորության վրա և նույնիսկ քիչ ծանոթ մարդու նկատմամբ։ Ռոմանտիկ ընկերությունը, ընդհակառակը, ջերմ հարաբերություններ է մտերիմ իրական մարդու հետ, որի հետ հաճելի է ժամանակ անցկացնել և շփվել։ Ռոմանտիկ ընկերությունն առաջանում է մարդուն ճանաչելու, նրա խելքով, բնավորության գծերով, հումորի զգացումով, պրոֆեսիոնալիզմով հիանալու ընթացքում։ Եվ ռոմանտիկ ընկերությունն ընդհանրապես ոչ մի ընդհանուր բան չունի այնպիսի հասկացության հետ, ինչպիսին ընկերական սեքսն է։

Հարաբերակցություն սեռական գրավչության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ ընկերությունը շատ ջերմ, նուրբ, հանգիստ զգացողություն է։ Այն կարող է ներկված լինել թեթև էրոտիզմով և մարդու հայեցողությունից գեղագիտական հաճույքով, օրինակ՝ խոսելու, գլուխը շրջելու, հայացք գցելու, ուտելու, ծիծաղելու ձևը։ Բայց այս հիանալը չի առաջացնում սեռական ցանկություն, ցանկություններ, կրքեր։ Ֆիզիկական շփումները, որպես կանոն, սահմանափակվում են այտը համբուրելով, գրկախառնվելով, ուսին թփթփացնելով կամ այլ ընկերական շոյանքներով։ Այս ամենը բավարարում է ընկերոջ ոչ թե ֆիզիոլոգիական, այլ հուզական կարիքները։

Առանձին տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանտիկ ընկերության առանձին տեսակներին վերջերս դասում են բրոմանսը՝ որպես տղամարդկանց միջև սերտ ոչ սեռական հարաբերություններ, և վումանսը՝ նույնը կանանց պարագայում։ Ռոմանտիկ ընկերության այս տեսակներն առանձին կատեգորիաների են դասվում հասարակության մեջ՝ հոմոսոցիալական կապերի նկատմամբ ուշադրության համատեքստում։ Բրոմանսին մոտ է նաև երդումնեղբայրություն հասկացությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кириленко, 2017
  2. Кон, 2005
  3. Кон, 2005, Гуманисты. Интимизация дружбы
  4. 4,0 4,1 Кон, 2005, Романтическая дружба и её противоречия
  5. 5,0 5,1 Кон, 2005, Культ юности
  6. Кон, 2005, Культ чувствительности

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]