Ռոժե Կուզինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոժե Կուզինե
ֆր.՝ Roger Cousinet
Ծնվել էնոյեմբերի 30, 1881(1881-11-30)[1][2][3]
Արկեյ, Սենա[3]
Մահացել էապրիլի 5, 1973(1973-04-05)[1][2][4] (91 տարեկան)
Փարիզի 11-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունմանկավարժ, primary education inspector և school teacher
Գործունեության ոլորտմանկավարժ
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5]
 Roger Cousinet Վիքիպահեստում

Ռոժե Կուզինե (ֆր.՝ Roger Cousinet, նոյեմբերի 30, 1881(1881-11-30)[1][2][3], Արկեյ, Սենա[3] - ապրիլի 5, 1973(1973-04-05)[1][2][4], Փարիզի 11-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[4]), ֆրանսիացի մանկավարժ, աստերոիդների հայտնաբերող, Ֆրանսիայում առաջադիմական մանկավարժության (Նոր մանկավարժություն) ուղղության վառ ներկայացուցիչներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցը (École Normale Supérieure) ավարտելուց հետո անցնում է ուսուցչական աշխատանքի։ Միաժամանակ ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա և սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմի ղեկավարությամբ աշխատում է երեխաների սոցիալական կյանքն ուսումնասիրող ատենախոսության վրա։ 1910-1941 թվականներին եղել է տարրական դպրոցների ավագ տեսուչ։ 1921 թվականին հիմնադրել է Նոր կրթության ասոցիացիան (գործել է մինչև 1939 թվականը), իսկ 1964 թվականին՝ «Կրթություն և զարգացում» հանդեսը, որը Ֆրանսիայում ոլորտի առաջատար պարբերականներից է։

Հիմնական ներդրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Ֆրանսիայում առաջադիմական կրթության ուղղության առաջամարտիկը՝ Կուզինեն պահանջում էր վերանայել ավանդական դասական կրթության մոդելը, որը հիմնված էր պահպանողական ուսուցման և ըստ սոցիալական պատկանելության երեխաների կրթության տարբերակման վրա։ Նոր (առաջադիմական) կրթության հիմքում, ըստ Կուզինեի, ոչ թե ուսուցչի ազդեցությունն է աշակերտի վրա, այլ աշակերտի աշխատանքն է՝ ուղղված սեփական զարգացմանը։ Երեխաները, ինչպես համոզված էր Կուզինեն, հակված են դրսևորելու կազմակերպվածություն, ջանասիրություն և կայուն առաջընթաց, եթե զբաղվում են իրենց դուր եկող գործով։

Ըստ Կուզինեի՝ երեխան համառորեն պաշտպանում է սոցիալական զարգացման իր ուղին. նա «հուշում է», «արտագրում է», «խոսում է», իսկ ուսուցիչն ավելի շատ ժամանակ է վատնում դասարանում կարգապահություն հաստատելու համար, քան դասը բացատրելու։ Անկախ ամեն ինչից երեխաներն ապրում են իրենց կյանքով. խմբերում կան առաջնորդներ, քավության նոխազներ, և անընդհատ ամենատարբեր դրսևորումներով պայքար կա աշակերտների և ուսուցիչների միջև։ Ավելին, ինչպես նշում էր Կուզինեն, ավանդական դասավանդման գործընթացը հիմնված է կեղծ կատեգորիաների վրա՝ ծրագրեր, որոնք կապ չունեն կամ քիչ կապ ունեն երեխայի հետաքրքրության հետ, քննություններ, ստուգողական աշխատանքներ և դատավորի դերում հանդես եկող ուսուցիչ։

Վերը նշված խնդիրները հաղթահարելու նպատակով 1920 թվականին Կուզինեն մի շարք ուսուցիչ կամավորների հետ մշակեց ազատ խմբային աշխատանքի մեթոդը, որի էությունը աշակերտների ամբողջական ազատությունն էր և ճանաչողական գործունեությունը։ Ըստ այդմ, աշակերտները դասարանում բաժանվում են խմբերի և ընտրում նախապես հայտնի զբաղմունքներից կամ ուսումնական թեմաներից որևէ մեկը, իսկ ուսուցիչը միայն հետևում է խմբի աշխատանքին, անհրաժեշտության դեպքում խորհուրդներ տալիս և ստուգում նրանց աշխատանքի արդյունքները։ Կուզինեն տարբերակում էր դասավանդումը և ուսուցումը։ Նրա մեթոդը թույլ էր տալիս երեխաներին ապրել, շփվել, աշխատել խմբում, զարգացնել նպատակասլացություն, համբերություն և նախաձեռնողականություն։

Խմբային աշխատանքի մեթոդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային աշխատանքի մեթոդը ներառում էր հետևյալ տարրերը․

  • Առարկաների հետազոտում, նյութերի ուսումնասիրություն և ստացված արդյունքների գրանցում խմբի գրատախտակի վրա։
  • Աշխատանքի արդյունքը ցույց է տրվում ուսուցչին։ Ստուգելով աշխատանքը՝ նա առաջնորդվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝ սկզբում ասում է, որ տեքստում կան ուղղագրական (կամ այլ քերականական) սխալներ, հանձնարարում ինքնուրույն գտնել և ուղղել դրանք, ապա անհրաժեշտության դեպքում կրկին ստուգում է տեքստը՝ այս անգամ ընդգծելով քերականական սխալները, այնուհետև, դարձյալ անհրաժեշտության դեպքում, հենց ինքն է սխալներն ուղղում առանց բացատրություն տալու (եթե, իհարկե, երեխաներն իրենք չխնդրեն)։
  • Աշխատանքը արտագրում են խմբի տետրի մեջ, և եթե կարիքը կա, կրկին ցույց տալիս ուսուցչին։
  • Կատարված աշխատանքը դասակրգվում է հատուկ քարտերի վրա։

Նման վարժությունները պարբերաբար կրկնվում են, և այդպիսով երեխաները նախօրոք ծանոթանում են թեմային և սովորում են ճիշտ դասակարգել։

Մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզինեն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պատմության դասավանդման մեթոդին։ Նրա կարծիքով, պատմությունն այն տեսքով, որով մատուցվում է, ոչ միայն վնասակար է, այլև ոչ ընկալելի։ Ըստ մանկավարժի՝ երեխաներին ավելի շատ հետաքրքում է իրերի ու երևույթների էվոլյուցիան։ Կուզինեն իրերի պատմության մի ամբողջական ցանկ կազմեց՝ ներառելով դրա մեջ հագուստի, տրանսպորտի և հաղորդակցության, կրթության, գյուղատնտեսության, գործարարության պատմության մասին զանազան թեմաներ։

«Իմ մեթոդը թույլ է տալիս երեխաներին սովորել բառիս բուն իմաստով, այլ ոչ թե լինել սովորեցվողի դերում»։
- Ռոժե Կուզինե

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Roger Cousinet : la promotion d’une autre école, textes réunis par Suzanne Saisse et Marie de Vals, Éditions Érès, coll. « Connaissances de d'éducation », 2002, 150 p. 2-7492-0073-3
  • Roger Cousinet, un philosophe à l'épreuve de la pédagogie, textes choisis et présentés par Dominique Ottavi et Laurent Gutierrez, Institut national de recherche pédagogique, coll. « Bibliothèque philosophique de l'éducation », 2007, XVIII-110 p. 978-2-7342-1055-9
  • Laurent Gutierrez, « L'Oiseau bleu : histoire d'une revue rédigée par des enfants pour des enfants (1922-1929) », in Revue Le Télémaque, N32, 2007

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Une méthode de travail libre par groupes, Ed. du Cerf, 1945
  • Une méthode de travail libre par groupes (réédition avec une préface de Laurent Gutierrez (p. 9 à 34) sur le parcours de l'auteur), Ed. Fabert, 2011
  • La vie sociale de l’enfant, Scarabée, 1950
  • L’éducation nouvelle, Delachaux et Niestlé, 1950
  • Fais ce que je te dis, Scarabée, 1950
  • La formation de l'éducateur, PUF, 1952

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]