Jump to content

Ռմբակոծիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին ծանր «Իլյա Մուրոմեց» ռմբակոծիչը
Ռուսական գերձայնային ռազմավարական Տու-160 ռմբակոծիչ
ԱՄՆ-ի ռազմավարական B-2 Spirit ռմբակոծիչ

Ռմբակոծիչ՝ ռազմական ինքնաթիռ, որը նախատեսված է ռումբերի և/կամ հրթիռների միջոցով ցամաքային, ստորգետնյա, վերգետնյա և ստորջրյա թիրախները ոչնչացնելու համար։

Զարգացման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռմբակոծիչների ստեղծումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռները վերգետնյա թիրախների դեմ օգտագործելու առաջին փորձերը կատարվել են դեռևս Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Սկզբում ռումբերի փոխարեն օգտագործվում էին մետաղյա աշտեներ (նետեր կամ այսպես կոչված ֆլեշետտաներ) մատիտից մի փոքր ավելի մեծ։ Դրանք ինքնաթիռից նետվել են հակառակորդի հետևակի և հեծելազորի վրա։ 30 գրամ կշռող նետը ծակում էր 150 մմ փայտե քառակող գերան։
Օդային ռումբերի ստեղծող կարելի է համարել իտալացի լեյտենանտ Կառլո Զիպելլիին[1][2], ով բազմաթիվ փորձեր է անցկացրել օդային ռումբերի նախատիպերով։ Հիմնական խնդիրն էր ստեղծել մի պայթուցիչ, որը կգործարկվեր ամենահարմար պահին։ Տարբեր տեսակի պայթուցիչներով հագեցած նռնակներով փորձերը գյուտարարին արժեցել են սեփական կյանք։
Պատմության մեջ առաջին ռմբակոծությունը մարտական պայմաններում իրականացրել է իտալացի օդաչու լեյտենանտ Գավոտտին։ 1911 թվականի նոյեմբերի 1-ին, իտալա-թուրքական պատերազմի ժամանակ, նա Տրիպոլիում 4,4 ֆունտ (1,8 կգ) կշռող չորս ռումբ է նետել թուրքական զորքերի վրա[3]։ Ավելի ուշ իտալացիները սկսեցին օգտագործել 10 կգ-անոց ռումբեր, որոնք հագեցած էին պատրաստի խոցող տարրերով` քարտիճի մանրագնդակներով։
Համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ օդանավերի մրցույթներում հայտնվեցին մարտական ինքնաթիռների նախագծման «ռմբակոծիչների» պահանջներ։ Մասնավորապես, 1912 թվականին Ռուսական կայսրությունում կայացած մրցույթում ամրագրվեց, որ օդանավը պետք է ապահովի «հրազենի հետ վարվելու և ռումբեր նետելու ամենամեծ հարմարավետությունը»։

Առաջին համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի սկզբում ինքնաթիռներից ռմբակոծությունն ավելի շատ զսպող միջոց էր։ Ռմբակոծիչների դերը կատարում էին թեթև հետախուզական ինքնաթիռները, որոնց օդաչուներն իրենց հետ մի քանի ոչ մեծ ռումբեր էին վերցնում։ Նրանք գցում էին դրանք ձեռքով՝ նշան դնելով աչքաչափով։ Նման հարձակումներն պատահական բնույթ էին կրում և չէին համաձայնեցվում ցամաքային զորքերի գործողությունների հետ։ Փարիզի առաջին ռմբակոծումն իրականացրել է 1914 թվականի օգոստոսի 30-ին լեյտենանտ Ֆերդինանդ ֆոն Հիդդեսենը «Rumpler 3C» ինքնաթիռից՝ նետելով չորս ձեռքի նռնակ։ Հարձակման արդյունքում մեկ կին է զոհվել։ 1914 թվականի նոյեմբերի 4-ին Gotha LE2-ի անձնակազմը՝ օդաչու լեյտենանտ Կասպարի և օբերլեյտենանտ Ռոոսի մասնակցությամբ, կատարեց առաջին գրոհն Անգլիայի վրա՝ նետելով երկու ռումբ Դուվրի վրա։
Ի տարբերություն աէրոպլանների, դիրիժաբլները արդեն իսկ ահռելի ուժ էին համաշխարհային պատերազմի սկզբում։ Ամենահզոր օդագնացային տերությունը Գերմանիան էր, որն ուներ 18 դիրիժաբլ։ Գերմանական դիրիժաբլները կարող էին անցնել 2-4 հազար կմ տարածություն 80-90 կմ/ժ արագությամբ և մի քանի տոննա ռումբ նետել թիրախի վրա։ Օրինակ՝ 1914 թվականի օգոստոսի 14-ին Անտվերպենում գերմանական մեկ դիրիժաբլի գրոհի արդյունքում 60 բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է, ևս 900-ը՝ վնասվել։ Այնուամենայնիվ, մինչև 1914 թվականի սեպտեմբերին, կորցնելով 4 թռչող սարք, գերմանական դիրիժաբլներն անցան միայն գիշերային գործողությունների։ Հսկայական ու անդյուրաշարժ, նրանք վերևից ամբողջովին անպաշտպան էին, ինչպես նաև լցված էին խիստ դյուրավառ ջրածնով։ Ակնհայտ է, որ դրանք անխուսափելիորեն պետք է փոխարինվեին ավելի էժան, ավելի մանյովրային և մարտական վնասվածքներին կայուն թռչող սարքերով։
1914 թվականի նոյեմբերի 21-ին Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի չորս «Avro 504» թեթև հետախուզական ինքնաթիռներ գրոհեցին Ֆրիդրիխսհավենում գտնվող գերմանական դիրիժաբլների բազան՝ կորցնելով մեկ ինքնաթիռ։ Անգլիայում այս գրոհը համարվում է ռմբակոծիչ ավիացիայի առաջին մարտական կիրառումը։
Առաջին լիարժեք ռմբակոծիչը ռուսական Իլյա Մուրոմեցն էր՝ չորս շարժիչով ինքնաթիռ, որը ստեղծվել է Իգոր Սիկորսկու կողմից 1913 թվականին։ 1914 թվականի դեկտեմբերի 21-ին ռմբակոծիչ սպառազինությամբ հագեցած բոլոր «Մուրոմեցները» միավորվեցին մեկ ստորաբաժանման մեջ՝ «Օդանավային էսկադրա», որը դարձավ ծանր ռմբակոծիչների աշխարհում առաջին ստորաբաժանումը։ Ռումբերը տեղադրվում էին ինչպես օդանավի ներսում (բորտերի երկայնքով ուղղահայաց), այնպես էլ արտաքին կախոցի վրա։ Ինքնաթիռը համալրված է եղել նաև պաշտպանական գնդացրային սպառազինությամբ։ 1916 թվականին օդանավի ռմբային բեռնվածությունը հասել է 800 կգ-ի, իսկ ռումբերն արձակելու համար նախագծվել էր էլեկտրական արձակման սարք։ 1917 թվականին Իլյա Մուրոմեցը համալրված էր 8 գնդացրով և փոքր տրամաչափի թնդանոթով, ուներ զրահ և վառելիքի բաքերի պաշտպանամետաղ։

«Handley-Page» ռմբակոծիչն օդում

Առաջին բազմաշարժիչ ռմբակոծիչները այլ երկրներում հայտնվեցին միայն 1916 թվականին։ Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով նման էին «Իլյա Մուրոմեց» ռմբակոծիչին։ Գերմանական առաջին ռմբակոծիչները Gotha ընկերության ինքնաթիռներն էին` G-III, G-IV, որոնց բեռնամբարձությունը կազմում էր ոչ ավելի, քան 300 կգ ռումբ։ Սակայն այս ընկերության հաջորդ օդանավը՝ G-V-ը, 1000 կգ ռումբ էր տեղափոխում։ «Zeppelin» ընկերությունը նույնպես սկսեց ռմբակոծիչներ մշակել՝ 1917 թվականին ստեղծելով Zeppelin-Staaken R-VI-ը մինչև 1800 կգ ռումբի բեռնվածքով։ Նրանք հնարավորություն տվեցին օգտագործել մեծ ավերիչ ուժ ունեցող ծանր ռումբեր։ Այսպիսով, 1918 թվականի մարտի 8-ին Լոնդոնի վրա նետվեց 1000 կգ հզորությամբ ֆուգասային ռումբ։ Մինչև պատերազմի ավարտն արտադրվել է 17 այդպիսի ինքնաթիռ։ Ռմբակոծիչները Անգլիայում հայտնվեցին միայն 1917 թվականին, երբ «Handley-Page» ընկերությունը արտադրեց երկշարժիչ 0/400 ինքնաթիռ։ 1917 թվականի ապրիլից այս թռչող սարքերը մասնակցել են Գերմանիայի դեմ իրականացված գրոհներին։ Հիշատակման արժանի է նաև անգլիական հաջողված Վիկերսի «Վիմի» ռմբակոծիչը, որն իր առաջին թռիչքն իրականացրել է 1917 թվականի նոյեմբերին։
ԱՄՆ-ում առաջին ռմբակոծիչը կառուցել է ամերիկյան ավիաարտադրության հիմնադիր Գլեն Մարտինը։ «Մարտին ՄԲ-1» ռմբակոծիչն առաջին անգամ օդ է բարձրացել 1918 թվականի օգոստոսի 17-ին։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պե-2 ռմբակոծիչը

Ընդհանուր առմամբ մարտերին մասնակցել է մոտ 100 տարբեր մոդելի ռմբակոծիչներ։ Մոդելների ամենամեծ բազմազանությունը եղել է երկշարժիչ ռմբակոծիչների դասում։ Նրանք պայմանականորեն բաժանվում էին «ռազմաճակատային» և «հեռավոր» դասի։ Առաջինները հարձակումներ են իրականացրել առաջնագծից 300-400 կմ խորության վրա և հակառակորդի պաշտպանության առջևի եզրով, իսկ երկրորդները օդային ռեյդեր են իրականացրել հակառակորդի թիկունքում։ Ռազմաճակատային ռմբակոծիչներից կարելի է առանձնացնել խորհրդային Պե-2, անգլիական De Havilland Mosquito, ամերիկական Douglas A-20 Havoc, Martin B-26 Marauder, Douglas A-26 Invader տեսակները։ Հեռավորների շարքին են դասվում խորհրդային Իլ-4, անգլիական Vickers Wellington, ամերիկական North American B-25 Mitchell, գերմանական Heinkel He 111 և Junkers Ju 88 տեսակները։
Մարտական գործողություններում ցամաքային ուժերին աջակցելու համար օգտագործվել են նաև միաշարժիչ ռմբակոծիչներ՝ Fairey Battle, Սու-2, Junkers Ju 87 և այլն։ Ինչպես ցույց է տվել պրակտիկան, դրանք արդյունավետ են եղել միայն սեփական ավիացիայի օդային գերակայության պայմաններում, ինչպես նաև զենիթային հրետանու կողմից վատ պաշտպանված թիրախների վրա գրոհելուց։ Արդյունքում, պատերազմի ավարտին, ընդհանուր առմամբ թեթև միաշարժիչ ռմբակոծիչների արտադրությունը փակվեց։
Ի տարբերություն Գերմանիայի և ԽՍՀՄ-ի, որտեղ առաջին հերթին զարգացած էր ռազմաճակատային ավիացիան, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մեծ ուշադրություն է դարձվել ծանր չորս շարժիչային ռմբակոծիչների մշակմանը, որոնք կարող են զանգվածային հարվածներ հասցնել հակառակորդի տնտեսական կենտրոնները ոչնչացնելու և նրա արդյունաբերությունը կազմաքանդելու համար։ Պատերազմի բռնկումով Մեծ Բրիտանիայում սպառազինության մեջ ներառվել է Ավրո Լանկասթերը (Avro Lancaster)՝ դառնալով Թագավորական ռազմաօդային ուժերի ռմբակոծիչների հրամանատարության (RAF) հիմնական ծանր ինքնաթիռը։

Սառը պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ռմբակոծիչների թռիչքային բնութագրերն այնքան բարելավվեցին, որ դրանց խոցումը զենիթային թնդանոթներով դարձել էր իրական խնդիր՝ մեկ բարձր թռչող, արագընթաց ռմբակոծիչ խոցելու զինամթերքի արժեքը գրեթե հավասար էր դրա արժեքին։ 1945-ին միջուկային զենքի հայտնվելը և ռեակտիվ ռմբակոծիչների սպառազինության մեջ արագ ընգրկման հեռանկարը, որոնք ունեին ավելի բարձր կատարողական բնութագրեր, պահանջում էին հակաօդային պաշտպանության արդյունավետության բարձրացում մինչև փողավոր հրետանու համար անհասանելի մակարդակի։ Լուծումը դարձել էր զենիթային կառավարվող հրթիռների ստեղծումը։

Ռմբակոծիչների դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմավարական ռմբակոծիչ՝ հիմնական նպատակը հակառակորդի տարածքում ռազմավարական թիրախներ ոչնչացնելն է, ինչպիսիք են պահեստները, կամուրջները, գործարանները, նավահանգիստները և այլն։ Համաշխարհային միջուկային պատերազմի ժամանակ դրանք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքերով հակառակորդի բնակելի խոշոր տարածքների վրա հարվածելու համար։ Ներկայումս ռազմավարական ռմբակոծիչները զինված են ատոմային ռումբերով, կառավարվող ավիառումբերով և հեռահար թևավոր հրթիռներով, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկներով։ Նրանք ունեն մեծ հեռահարություն և ունակ են խոցել թիրախները աշխարհի գրեթե ցանկացած կետում։ Ներկա դրությամբ այսպիսի ինքնաթիռներ ունի միայն Չինաստանը՝ Ն-6, Ռուսաստանը՝ Տու-160, Տու-95ՄՍ, Տու-22Մ3 և ԱՄՆ՝ Բ-52, Բ-1Բ, Բ-2։

Մարտավարական (ռազմաճակատային) ռմբակոծիչը ավելի կարճ հեռահարությամբ ռմբակոծիչ է, որը նախատեսված է հակառակորդի օպերատիվ թիկունքում հարվածելու համար։ Ներկայումս ցանկացած մարտական ինքնաթիռ, որն ունակ է կիրառել ռումբեր և հրթիռներ, և ի սկզբանե նախագծված չէ որպես մարտավարական ռմբակոծիչ, կարող է դասակարգվել այս կատեգորիայի մեջ։ Մասնագիտացված մարտավարական (ռազմաճակատային) ռմբակոծիչներն են ռուսական Սու-24-ը և Սու-34-ը։

Գրոհիչ (անմիջական օժանդակության ինքնաթիռ)՝ ինքնաթիռ է, որը հատուկ նախագծված է մարտի դաշտում գտնվող զորքերին անմիջական աջակցության համար։ Գրոհիչ ինքնաթիռների հիմնական թիրախներն են տանկերը, շարասյունները և զորքերի կենտրոնացումը։ Որպես կանոն, գրոհիչ ինքնաթիռներն ունեն զրահ, ինչը նրանց բավականին դիմացկուն է դարձնում զենիթային հրետանու տարածքում։ Այս դասի ինքնաթիռների օրինակներ՝ Իլ-2, Իլ-10, Սու-25, Սու-39, Ա-10։

Կործանիչ-ռմբակոծիչը մարտական ինքնաթիռ է, որը ցամաքային թիրախը խոցելուց հետո ի վիճակի է օդային մարտ վարել։ Կործանիչ-ռմբակոծիչների դասին են պատկանում՝ Ռ-47, Սու-7, Ֆ-105։ Ներկայումս այն գործնականում փոխարինվել է բազմաֆունկցիոնալ կործանիչներով, որոնք ունակ են նույնքան արդյունավետ օդային մարտեր վարել և խոցել ցամաքային տարբեր թիրախներ։ Բազմաֆունկցիոնալ կործանիչները զինված են «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» հրթիռներով, հակատեղորոշիչ հրթիռներով, կառավարվող և ազատ անկման ավիառումբերով և չկառավարվող հրթիռներով։ Որոշ բազմաֆունկցիոնալ կործանիչներ մարտավարական միջուկային զենք կրողներ են (Mirage 2000N): Բազմաֆունկցիոնալ կործանիչների շարքին կարելի է դասել՝ Սու-30, Ֆ-15Ե, Ֆ/Ա-18 ինքնաթիռները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Вооружение русских самолетов в Первой мировой войне». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 12-ին.
  2. «Атака этажерок-убийц. История первых самолетов-бомбардировщиков». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  3. «BBC:"Libya target for world's first aerial bombing 100 years ago"». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 26-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Боевая техника и оружие. 1939—1945. Коллектив авторов. — М.: Воениздат, 2001.
  • М. В. Зефиров Асы второй мировой войны. Британская империя. — М.: Изд. «Аст», 2004.
  • Ильин В. Е., Левин М. А. Бомбардировщики.-М.: Виктория, АСТ, 1996.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 679