Ռիմա Խալաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիմա Խալաֆ
 
Կրթություն՝ Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր 1953
Քաղաքացիություն  Հորդանան

Ռիմա Խալաֆ (արաբ․՝ ريما خلف‎‎, 1953), հորդանանցի պետական և քաղաքական գործիչ։ 2010-2017 թվականներին եղել է Արևմտյան Ասիայի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գլխավոր քարտուղար[1]։ Պաշտոնից հրաժարական է տվել 2017 թվականի մարտին, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը խնդրել է նրան հեռացնել Իսրայելը որպես ապարտհեյդ ռեժիմ ունեցող երկիր բնութագրող զեկույցը, որը ՄԱԿ-ի կայքում տեղադրվել էր առանց նրա հավանության, Խալաֆը հրաժարվել է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիմա Խալաֆը ծնվել է 1953 թվականին Հորդանանում։ Տնտեսագիտություն է ուսանել Բեյրութի ամերիկյան համալսարանում, Սիստեմոլոգիայի թեկնածու կոչում ստացել է Փորթլենդի պետական համալսարանից։ Ռիմա Խալաֆ Հունաիդին Հորդանանում մի քանի բարձրաստիճան նախարարական պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ 1993-1995 թվականներին եղել է Արդյունաբերության և առևտրի նախարար, 1995-1998 թվականներին՝ Պլանավորման նախարար, 1999-2000 թվականներին՝ փոխվարչապետ և Պլանավորման նախարար[2]։

Որպես փոխվարչապետ և նախարարական տնտեսական թիմի ղեկավար՝ Խալաֆը Հորդանանում իրականացրել է տնտեսական բարեփոխումներ՝ մարդկային կապիտալի կառուցման միջոցով խթանելով սոցիալական զարգացումը, աղքատության կրճատումը՝ ամրապնդելով սոցիալական ապահովության ցանցերը։

2000-2006 թվականներին Խալաֆը զբաղեցրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գլխավոր քարտուղարի օգնականի և Արաբական երկրների տարածքային բյուրոյի տնօրենի (RBAS) պաշտոնները։ Խալաֆը ղեկավարել է կրթության, գիտելիքների ձեռքբերման և տնտեսական աճի վերաբերյալ տարածաշրջանային կարևոր նախաձեռնություններ Արաբական պետություններում։ Մարդկային զարգացման արաբական զեկույցի հիմնադիրն է։ Շարքի առաջին զեկույցը կոչվում է «Ապագա սերունդների համար հնարավորությունների ստեղծում», որը 2003 թվականին արժանացել է արքայազն Կլաուսի մրցանակին։ Երրորդ զեկույցը, որը կոչվում է «Ազատություն Արաբական աշխարհում», 2005 թվականին ստացել է թագավոր Հուսեյնի Առաջնորդության մրցանակ։

Խալաֆը պարբերաբար նպաստում է արաբական աշխարհում զարգացումների հետ կապված տարածաշրջանային և միջազգային քաղաքականության ձևաչափերին։ Նա մասնակցել է մի շարք միջազգային հանձնաժողովների աշխատանքներին, այդ թվում Համաշխարհային բանկի խմբի կառավարման համակարգի արդիականացման բարձր մակարդակի հանձնաժողովների աշխատանքներին, եղել է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի խորհրդատվական խորհրդի նախագահ (2006-2007), Հարվարդի համալսարանի այցելու գիտնական (2009-2010), Մոհամմեդ բեն Ռաշիդ ալ Մաքթում հիմնադրամի գործադիր տնօրեն (2008-2009)[3]։

2017 թվականի մարտի 17-ին Ռիմա Խալաֆը հրաժարական է տվել ՄԱԿ-ում իր պաշտոնից՝ ասելով, որ ՄԱԿ-ը ճնշում է գործադրում իր վրա՝ Արևմտյան Ասիայի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կողմից Իսրայելին որպես ապարտհեյդ ռեժիմ ունեցող երկիր բնութագրող զեկույցը հեռացնելու համար[4][5]։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը ՄԱԿ-ին խնդրել է զեկույցը հեռացնել ՄԱԿ-ի կայքէջից։

Իսրայելը նրան որակավորել է որպես հակասեմական։ «Մի քանի շաբաթ առաջ ... մեր ամերիկացի ընկերների հետ միասին պարզեցինք, որ ՄԱԿ-ի սրահներում չպետք է հանդուրժեն հակասեմական Ռիմա Խալաֆին», - ասել է ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը[6]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Խալաֆն արժանացել է Արաբական պետությունների լիգայի մրցանակին՝ որպես «Միջազգային կազմակերպությունների ամենահեղինակավոր արաբ կին», 2009 թվականին՝ Կահիրեի ամերիկյան համալսարանի մարդասեր հումանիտար դոկտոր։ 2009 թվականի դեկտեմբերին Financial Times-ը Խալաֆին ներառել է տասնամյակի 50 կանանց շարքում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]