Jump to content

Ռիդլի թիրեոիդիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռիդլի թիրեոիդիտ (վահանագեղձի բորբոքում), հայտնի է նաև որպես ինվազիվ ֆիբրոզ թիրեոիդիտ, քրոնիկ հիվանդություն: Համարվում է, որ Ռիդլի թիրեոիդիտը բազմաթիվ օրգան համակարգեր ախտահարող իմունոգլոբուլին G4 ասոցացված հիվանդության դրսևորումներից մեկն է: Այն բազմաօրգանային հիվանդություն է, որն ախտահարում է ենթաստամոքսային գեղձը, լյարդը, երիկամը, թքագեղձերը, ակնակապճի հյուսվածքները, հետորովայնամզային տարածությունը: Հիվանդության դրոշմանիշներն են ֆիբրոզը և իմունոգլոբուլին G4 սինթեզող պլազմատիկ բջիջներով ներսփռանքը[1]:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմունոգլոբուլին G4 ասոցացված հիվանդությունները բնութագրվում են տարածուն ֆիբրոզով: Ռիդլի թիրեոիդիտի դեպքում ֆիբրոզը տարածվում է պատիճից դուրս և ընդգրկում է պարանոցի հարակից կառուցվածքները՝ կլինիկորեն նմանվելով վահանաձև գեղձի քաղցկեղին: Դիտվում է վահանագեղձի արագ մեծացում: Հնարավոր հետևանքներ են շնչափողի սեղմումը և դիսֆագիան: Վահանագեղձի ֆոլիկուլային բջիջների ապաճը հաստատում է հիպոթիրեոզը: Վերջինիս ախտանիշներն են լորձայտուցը (միքսէդեման), լեթարգիան, զգայունությունը ցրտի նկատմամբ, անտարբերությունը, հիշողության և կենտրոնացման վատթարացումը, դեպրեսիան, սիմպաթիկ ակտիվության ընկճումը, փորկապությունը և քրտնարտադրության նվազումը: Սրտի արտամղման ծավալի նվազումը հանգեցնում է դժվարաշնչության և մաշկի գունատության[2]:

Ախտաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդլի թիրեոիդիտը հանգեցնում է վահանագեղձի պարենքիմայի փոխարինմանը խիտ ֆիբրոզ հյուսվածքով, որն ախտահարում է նաև պարանոցի այլ կառուցվածքներ՝ տարածվելով պատիճից դուրս[3]: Սա հանգեցնում է վահանագեղձի չափազանց կարծր՝ քարի նման պնդությանը և ամրցմանը հարակից հյուսվծքներին: Բորբոքային գործընթացը տարածվում է նաև հարակից մկանների վրա և հանգեցնում շնչափողի սեղմման: Շնչափողի կամ կերակրափողի խցանումը հնարավոր է թեթևացնել միայն վիրաբուժական եղանակով[4]:

Այն սովորաբար դրսևորվում է որպես պարանոցի առաջային հատվածում տեղակայված, անցավ, կոշտ զանգված, որը շաբաթների կամ տարիների ընթացքում զարգանում է՝ ճնշելով հարակից կառույցներին, այդպիսով առաջացնելով դիսֆագիա, շնչահեղձություն, խեղդում և խռպոտություն: Հիվանդները կարող են դիմել հիպոթիրեոզի և հիպոպարաթիրեոզի ախտանիշներով, քանի որ այս գեղձերը փոխարինվում են ֆիբրոզ հյուսվածքով: Ֆիզիկալ զննման արդյունքում բացահայտվում է շրջակա հյուսվածքին ֆիքսված, կոշտ և քարանման վահանաձև գեղձ[5]: Ախտորոշումը պետք է հաստատվի վահանաձև գեղձի կենսազննմամբ, քանի որ գեղձի կոշտ և ֆիբրոզ բնույթը անհնար է դարձնում ուլտրաձայնային մեթոդով հետազոտմամբ միանշանակ ախտորոշումը:

Սովորաբար կիրառվում է պրեդնիզոլոն, չնայած որոշ դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն: Տամոքսիֆենը նույնպես օգտագործվում է բուժման մեջ և կարող է արդյունավետ լինել[6][7]: Վիրաբուժական միջամտության նպատակը շնչափողի և կերակրափողի վրա ճնշումը վերացնելն է, ցուցված է նաև իսթմեկտոմիա (վահանագեղձի նեղուցի հեռացում):

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդլի թիրեոիդիտը հազվադեպ հիվանդություն է համարվում[8]: Հիվանդների մեծամասնությունը մնում է էութիրեոիդ, սակայն մոտավորապես 30%-ի մոտ զարգանում է հիպոթիրեոզ և ավելի հազվադեպ՝ հիպերթիրեոզ: Ավելի հաճախ հիվանդանում են կանայք[9]:

Անվանակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունն անվանվել է Բերնարդ Ռիդլի անունով: Հիվանդությունն առաջին անգամ առանձնացվել է 1883 թվականին, իսկ նկարագրությունը հրապարակվել է 1896 թվականին[10]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. John H. Stone; Yoh Zen; Vikram Deshpande (2012 թ․ փետրվար). «IgG4-Related Disease». New England Journal of Medicine. 366 (6): 539–51. doi:10.1056/NEJMra1104650. PMID 22316447.
  2. Kumar, V., Abbas, A. and Aster, J. (2020) Robbins and Cotran Pathologic Basis of Diseases. 10th Edition, Elsevier, Amsterdam.
  3. Cho MH, Kim CS, Park JS, և այլք: (2007 թ․ օգոստոս). «Riedel's thyroiditis in a patient with recurrent subacute thyroiditis: a case report and review of the literature». Endocr. J. 54 (4): 559–62. doi:10.1507/endocrj.K06-186. PMID 17603227.
  4. Gosi, Shiva Kumar Y.; Nguyen, Minhthao; Garla, Vishnu V. (2025), «Riedel Thyroiditis», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 30725988, Վերցված է 2025-06-06-ին
  5. Carsote M, Nistor C (2023 թ․ հունիս). «Reshaping the Concept of Riedel's Thyroiditis into the Larger Frame of IgG4-Related Disease (Spectrum of IgG4-Related Thyroid Disease)». Biomedicines. 11 (6): 1691. doi:10.3390/biomedicines11061691. PMC 10295784. PMID 37371786.
  6. Gosi, Shiva Kumar Y.; Nguyen, Minhthao; Garla, Vishnu V. (2025), «Riedel Thyroiditis», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 30725988, Վերցված է 2025-06-06-ին
  7. Dabelic N, Jukic T, Labar Z, Novosel SA, Matesa N, Kusic Z (2003 թ․ ապրիլ). «Riedel's thyroiditis treated with tamoxifen» (PDF). Croat. Med. J. 44 (2): 239–41. PMID 12698518.
  8. Harach, HR; Williams, ED (1983 թ․ սեպտեմբեր). «Fibrous thyroiditis – an immunopathological study». Histopathology. 7 (5): 739–51. doi:10.1111/j.1365-2559.1983.tb02286.x. PMID 6195075. S2CID 31592244.
  9. «Riedel Thyroiditis: Background, Etiology, Epidemiology». 2022 թ․ հունվարի 24 – via eMedicine.
  10. B. M. C. L. Riedel. Die chronische, zur Bildung eisenharter Tumoren führende Entzündung der Schilddrüse. Verhandlungen der deutschen Gesellschaft für Chirurgie, 1896, 25: 101–105.