Ռիբոսոմային ՌՆԹ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռիբոսոմների եռաչափ պատկեր. ռիբոսոմային ՌՆԹ-ի փոքր ենթամիավորը պատկերված է մուգ կապույտով, իսկ մեծ ենթամիավորը՝ մուգ կարմիրով: Բաց գույներով պատկերավծ են ռիբոսոմային սպիտակուցները:

Ռիբոսոմային ՌՆԹ (ռՌՆԹ կամ ռ-ՌՆԹ), ռիբոսոմների ռիբոնուկլեինաթթվային բաղադրիչ։ Էական դեր են խաղում սպիտակուցների սինթեզում բոլոր օրգանիզմների բջիջներում: Այն կազմում է ռիբոսոմի զանգվածի գրեթե 60% (40% - սպիտակուց)։ Ռիբոսոմները պարունակում են երկու հիմնական ռ-ՌՆԹ-ներ և 50-ից ավելի ռիբոսոմային սպիտակուցներ։ Ռ-ՌՆԹ-ները կազմված են երկու ենթամիավորից՝ մեծ և փոքր։ Մեծ ենթամիավորը հանդիսանում է ռիբոզիմ (կատալիտիկ ունակությամբ օժտված ՌՆԹ) և կատալիզում է պեպտիդային կապի ստեղծումը։ Ռիբոսոմային ՌՆԹ-ները լայն կիրառություն են ստացել օրգանիզմների միջև ֆիլոգենետիկ կապերի բացահայտման մեջ, քանի որ նրանք ունեն հին ծագում, համեմատաբար քիչ են փոփոխվում և առկա են կյանքի բոլոր ձևերում։

Պրոկարիոտ օրգանիզմների 30S (Սվեդբերգ - որևէ մասնիկի նստեցման՝ սեդիմենտացման արագությունը) ռիբոսոմային ենթամիավորը պարունակում է 16S ռիբոսոմային ՌՆԹ: Առավել խոշոր 50S ռիբոսոմային ենթամիավորը կազմված է 5S և 23S ռիբոսոմային ՌՆԹ-ներից։

Բակտերիալ 16S, 23S և 5S ռիբոսոմային ՌՆԹ-ները կազմում եմ մեկ ընդհանուր օպերոն: Երբեմն (օրինակ աղիքային ցուպիկում) այդ օպերոնները կարող են մի քանի պատճենների տեսքով ցրված լինել բակտերիալ գենոմով մեկ։

Արքեաները ևս կարող են պարունակել մեկ կամ մի քանի պատճենով այսպիսի օպերոն։

Ի հակադրություն, էուկարիոտների ռիբոսոմային ՌՆԹ-ներն ունեն բազմաթիվ պատճեններ, որոնք խմբավորված են «տանդեմ» կրկնություններում։ Մարդկային գենոմում մոտավորապես 300-400 պատճենները գտնվում են 5 կուտակումներում (կլաստեր)։ Էուկարիոտների մեծ մասի դեպքում 18S ռիբոսոմային ՌՆԹ-ն գտնվում է փոքր ենթամիավորում, իսկ մեծը պարունակում է 5S, 5.8S բոլորի, 28S՝ կաթնասունների և 25S ռիբոսոմային ՌՆԹ-ներ բույսերի ռիբոսոմներում։ Կաթնասունների բջիջներն ունեն նաև 2 միտոքոնդրիալ (12S և 16S) ռիբոսոմային ՌՆԹ-ներ։

Ռիբոսոմային ՌՆԹ-ի փոքր ենթամիավորի երրորդային կառուցվածքը պարզվել է X-ճառագայթային բյուրեղագրության միջոցով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Crystal structure of the ribosome at 5.5 A resolution»։ Science 292 (5518): 883–96։ 2001։ PMID 11283358։ doi:10.1126/science.1060089  (անգլ.)