Ռեյչել Բարբերի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյչել Էլիզաբեթ Բարբեր Լուսանկարը՝ ծնողների կողմից ստեղծված աղջկա հուշակայքից[1]

Ռեյչել Բարբերի սպանություն (անգլ.՝ Murder of Rachel Barber), 1999 թվականի մարտին Մելբուռնում կատարված հանցագործություն։ Սպանությունը աղմկոտ քննարկում է առաջացրել համաշխարհային ԶԼՄ-ներում։ ԶԼՄ-ները բազմիցս վերադարձել են այս թեմային 2013, 2014 և 2015 թվականներին։ Դեպքը դարձել է զոհի մոր կողմից գրված փաստագրական հետաքննության և դրա մոտիվներով նկարահանված գեղարվեստական ֆիլմի հիմքը։ Ֆիլմն արժանացել է ազգային և միջազգային մրցանակների[2]։

Դեպքի հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյչել Էլիզաբեթ Բարբերը (անգլ.՝ Rachel Elizabeth Barber) ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 12-ին։ Շրջապատը նշում էր պարելու իր արտասովոր ունակությունները, ամաչկոտությունը և զսպվածությունը քիչ ծանոթ մարդկանց հետ հարաբերություններում։ 1992 թվականի վերջին կամ 1993 թվականի սկզբին աղջկա ընտանիքը տեղափոխվել է Մոնտ-Ալբերտ։ Մոտավորապես նույն ժամանակ Բարբերների ընտանիքը ծանոթացել է Քերոլայն Ռիդ Ռոբերտսոնի հետ (անգլ.՝ Caroline Reed Robertson)[3]։ Մտերմությունը տեղի է ունեցել Քերոլայն Ռիդի կրտսեր քույրերի շնորհիվ, որոնք լավ ծանոթ էին Ռեյչելի հետ և միասին սովորում էին[2]։ Հանցագործության պահին Ռեյչելը 15 տարեկան էր։ Նա ապրում էր ծնողների և երկու կրտսեր քույրերի հետ Հյուսիսային Բեյսուոթերում (անգլ.՝ Bayswater North), որտեղ ընտանիքը տեղափոխվել էր 1997 թվականի դեկտեմբերին[4]։ Աղջիկը տառապում էր ասթմայից, սակայն վերջին շրջանում առողջության բարելավում էր զգում[5], նա դպրոցում խնդիրներ ուներ սովորելու հետ, որով նա քիչ էր հետաքրքրվում[2], որոշ ժամանակ նա դժվարություններ է ունեցել պարերով զբաղվելու հարցում և նույնիսկ ստիպված է եղել գրեթե մեկ տարով դադարեցնել դրանք[6]։ Միևնույն ժամանակ, նա արտաքնապես հաջողակ և բարեկեցիկ աղջկա տպավորություն էր թողնում։ 1998 թվականի սեպտեմբերից Բարբերը Ռիչմոնդի (Electoral district of Richmond) Dance Factory պարային դպրոցի ցերեկային բաժանմունքի աշակերտ է եղել, որի համար լքել է միջնակարգ դպրոցը, որտեղ նախկինում սովորում էր[2]։

1996 և 1997 թվականների ընթացքում Քերոլայն Ռոբերտսոնը դայակ է աշխատել Բարբերների մոտ՝ մնալով նրանց երեխաների, այդ թվում՝ Ռեյչելի հետ։ 1997 թվականին Ռոբերտսոնը Ռեյչելին լուսանկարել է ինչ-որ նախագծի համար։ Մոտ 1998 թվականի սեպտեմբերին կամ հոկտեմբերին Ռեյչելը մորը հայտնել է, որ մի ազդեցիկ գնահատող լրջորեն հետաքրքրվել է Քերոլայնի այդ լուսանկարներով[7]։ 1999 թվականի ամառային արձակուրդների ժամանակ Քերոլայնը հեռախոսով խնդրել է Բարբերի կրտսեր աղջիկներից մեկին՝ հայտնել Ռեյչելի ծննդյան ամսաթիվը, ինչն անհրաժեշտ է նախագծի շրջանակներում, որի վրա նա իբր աշխատում է։ Այդ տվյալները ստանալուց հետո Քերոլայնը դիմում է ներկայացրել Ռեյչելի ծննդյան վկայականի պատճենը ստանալու համար։ Ոստիկանությունը կարծում էր, որ հենց այդ ժամանակ է նա հանգել աղջկան սպանելու մտքին[2]։

1999 թվականի փետրվարի 28-ի կիրակի օրը Ռոբերտսոնը և Ռեյչելը երկու անգամ խոսել են հեռախոսով (երկու անգամն էլ զանգահարել է Ռոբերտսոնը)։ Մեկ զանգը կատարվել է երեկոյան 17:24–ին (այս զանգը տևել է 15 րոպե և 27 վայրկյան), իսկ երկրորդը՝ 17: 45–ին (29 րոպե և 42 վայրկյան)[8].

Արտաքին պատկերներ
Ռեյչել Բարբերի լուսանկարները
Ռեյչել Բարբերն իր մանկության տարիներին, բալետի պարապմունքներում։
Ռեյչելն իր ընկերոջ՝ Էմանուել Կարելայի հետ։
Ռեյչելը (կապույտ շապիկով՝ կենտրոնում) հասակակիցների շրջանում։
Ռեյչելի ծնողները իր մանկության լուսանկարով։


Ռեյչել Բարբերի սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ առավոտյան, մարտի 1-ին, աղջկա հայրը նրան տարել է Ռիվերդեյլի և Էլգար–րոուդի անկյունում գտնվող տրամվայների կանգառ, որպեսզի նա կարողանա այստեղից հասնել Ռիչմոնդ։ Ժամը 9։30-ի սահմաններում նրանք բաժանվել են։ Աղջիկը պայմանավորվել է այդ նույն կանգառում հանդիպել հոր հետ երեկոյան ժամը 18:15-ին: Երբ նա այդ ժամանակ կանգառում չի հայտնվել, ծնողները այդ մասին հայտնել են ոստիկանական բաժանմունք[9]։

Հորից բաժանվելով՝ Ռեյչելը գնացել է Ռիչմոնդի պարային դպրոց, որտեղ նա հանդիպել է իր ընկերոջ՝ Էմանուել Կարելային (դասընկերները զույգին Ռոմեո և Ջուլիետ էին կոչում[2]) և վերջինիս եղբայր Դոմենիկին։ Առավոտյան ժամը 10։15-ի սահմաններում նա, նրա ընկերուհի Էլիսը և Կարելա եղբայրներն արդեն պարապմունքների են եղել։ Մարտի 1-ի կեսօրին Ռեյչելը դպրոցի՝ Էնդրյուս անունով աշակերտներից մեկին ասել է, որ «պատրաստվում է շատ գումար վաստակել այս երեկո և որ դա «կապված է ինչ-որ մեկի հետ, որին նա չի ճանաչում»։ Նա հավելել է, որ հաջորդ օրը իրեն կբացատրի, թե դա ինչ միջոց է։ Այդ նույն օրը նա իր ընկերոջը մի քանի զույգ 100 դոլարանոց կոշիկներ է ցույց տվել և ասել, որ դրանք գնելու է հաջորդ օրը, այսինքն՝ երեքշաբթի։ Ռեյչելը հայտնել է, որ պատրաստվում է շատ գումար վաստակել և հանդիպել է հին ընկերուհու հետ։ Ընկերները ենթադրել են, որ խոսքը մոդելի աշխատանքի մասին է[2]։

Մոտավորապես 17:35-ին, դասերի ավարտից հետո, Ռեյչելը դպրոցից դուրս է եկել ընկերների հետ և նրանց հետ Չերչ–սթրիթից հասել է Բրիջ–րոուդ (Bridge Road)։ Այստեղ նա հրաժեշտ է տվել նրանց և 17:45-ից մեկնել է միայնակ[10]։ Ռեյչելը հանդիպել Ռոբերտսոնին, և նրանք նստել են տրամվայ։ Ռոբերտսոնը ենթադրաբար խաբել է Ռեյչելին՝ պայմանավորվելով նրա հետ հանդիպել պարի դասերից հետո և 100 դոլար է առաջարկել՝ ինչ-որ «հոգեբանական փորձի» մասնակցելու համար[2]։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ Ռոբերտսոնը Ռեյչելին ասել է, որ նա կարող է 500 դոլար վաստակել, եթե մասնակցի հոգեբանական գաղտնի հարցմանը[11]։ Այդ երեկո նույն տրամվայով գնացող Dance Factory-ի ուսանողը հետագայում ոստիկանությանը ասել է՝ «Ես հիշում եմ, որ Ռեյչելը շատ գեղեցիկ տեսք ուներ և որ նա պարզապես արտասովոր էր իր ընկերուհու համեմատ, ով կարծես պարզունակ էր»։ Աղջիկները իջել են տրամվայից Պրագրանում և գնացել են Ռոբերտսոնի բնակարան[2]։ Մոտ ժամը 18:40–ին պատահական վկան Ռեյչելին տեսել է մի աղջկա ընկերակցությամբ, որին հետագայում ճանաչել է որպես Ռոբերտսոն, վերջինիս տան մոտ։ Որոշ ժամանակ անց հարևանը Քերոլայնի բնակարանից բղավոցներ է լսել, բայց նա դրանց նշանակություն չի տվել[10]։

Քերոլայնի տանը տեղի ունեցած իրադարձությունները վերակառուցվել են նրա խոստովանական ցուցմունքների և սպանության նախօրեին արված գրառումների հիման վրա։ Քերոլայնը և Ռեյչելը պիցցա են պատրաստել (որի մեջ Քերոլայնը, ըստ իր գրառումների, նախատեսել է քնաբեր ավելացնել, և հետաքննությունը հնարավոր է համարել, որ այդպես էլ տեղի է ունեցել[2])։ Ռեյչելը հրաժարվել է ալկոհոլ խմել, որը Քերոլայնն էր գնել։ Քերոլայնը Ռեյչելին խնդրել է պարային վարժություն անել և մտածել երջանիկ ու հաճելի բաների մասին։ Կարճ ժամանակ անց նա Ռեյչելին խեղդամահ է արել ոչ պիտանի դարձած հեռախոսային սարքի լարի կտորով[12]։

Հանցագործությունը կոծկելու փորձերն ու մարդասպանի բացահայտումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտսոնը Ռեյչելի մարմինը երկու օր շարունակ պահել է բնակարանում (հագուստի պահարանում[2]), հեռախոսի լարը դեռ փաթաթված մահացած աղջկա պարանոցի շուրջ։ Մարմինը այնտեղ է եղել մարտի 2-ին, երբ Քերոլայնին այցելել է իր հայրը՝ Դեյվիդ Ռիդը, որին նա զանգահարել և ասել էր, որ հիվանդ է։ Ննջարանի դուռը, որտեղ գտնվել է մարմինը, փակ է եղել։ Այնուհետև Քերոլայնը Ռեյչելի մարմինը փաթաթել է երկու գորգի մեջ (մամուլում հիշատակվել էին նաև երկու վերմակներ կամ պլեդներ [12]) և դրել է այն մի մեծ պայուսակի մեջ։ Պայուսակը այդպես էլ երբեք չի հայտնաբերվել, չնայած Ռոբերտսոնը հիշել է, որ այն թողել էր Կիլմորում՝ իր հոր ֆերմայում։ Նա տաքսու վարորդին ասել է, որ քանդակ է տեղափոխում։ Նա դիակը թաղել է հոր ֆերմայում՝ ամբարտակի մոտ գտնվող ծառերի մեջ, շտապ փորված ոչ խորը գերեզմանում[2][13]։ Պատահական կամ միտումնավոր Ռոբերտսոնը աղջկա մարմինը թաղել է իր ընտանի կենդանու հին գերեզմանի կողքին[11]։

1999 թվականի մարտի 1-ին, առավոտյան ժամը 8:36-ին Քերոլայնը իր գործատուին հաղորդել է, որ գիշերը չի քնել և իրեն վատ է զգում, այդ պատճառով էլ չի ներկայանալու այդ օրը։ Նա աշխատանքի է գնացել հաջորդ օրը՝ երեքշաբթի առավոտյան, մարտի 2-ին, առավոտյան ժամը 9-ին։ Քերոլայնը գունատ, բայց հանգիստ է եղել։ Նրան տուն են ուղարկել մոտ ժամը 10–ին, երբ նա դժգոհել է հիվանդությունից։ Ենթադրվում էր, որ նա Ռեյչելի մարմինը Կիլմոր է տեղափոխել մարտի 3-ին[14]։ Ծանոթների և աշխատակիցների հետ զրույցներում նա ավելի ուշ հիշատակել է Ռեյչելի հետ իր ծանոթության մասին և ենթադրություն է հայտնել, որ աղջիկը փախել է տնից, ինչն իբր նրան բնորոշ է եղել նաև նախկինում[15]։ Քերոլայնը բանկից վարկ վերցնելու (10 000 ԱՄՆ դոլարի չափով) անհաջող փորձ է ձեռնարկել[2] մարդատար ավտոմեքենա գնելու համար, թեև նա նույնիսկ վարորդական իրավունք չի ունեցել։ Մարտի 12-ին ոստիկանությունը հերթական անգամ մեկնել է Քերոլայնի բնակարան, այս անգամ՝ անշարժ գույքի գործակալներից ստացված բանալիներով։ Սակայն ոստիկանությունը չի կարողացել մտնել բնակարան։ Բնակարանի հեռախոսահամարը նույնպես չի պատասխանել։ Մոտավորապես ժամը 18:10-ին ոստիկանների կողմից կանչված հրշեջ բրիգադն օգնել է բնակարան մուտք գործել ննջասենյակի բաց պատուհանից։ Հրշեջները տեսել են, որ Քերոլայնը պառկած է իր մահճակալին կից հատակին՝ անգիտակից վիճակում։ Նա տառապում էր էպիլեպսիայով, և նոպան, ենթադրաբար, առաջացրել էր իր բնակարան ոստիկանության ժամանմամբ[16]։

Ոստիկանությունը խուզարկել է բնակարանը։ Հայտնաբերվել է մի քանի պայուսակ հագուստ, որը չէր կարող պատկանել տանտիրուհուն, սակայն համապատասխանել է Բարբերի հագուստի չափին, ինչպես նաև Ռեյչել Էլիզաբեթ Բարբեր անունով ծննդյան վկայականի պատճենի ստացման դիմում[2]։ Քերոլայնին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Ժամը 21:52-ին դետեկտիվ Պատերսոնը սկսել է հարցաքննել նրան Ռեյչել Բարբերի անհետացման գործով։ Քերոլայնը խոստովանել է, որ սպանությունը ինքն է կատարել։ Մարտի 13-ին ոստիկանությունը մեկնել էր Կիլմոր՝ դիակը գտնելու համար, որը շուտով հայտնաբերվել է ոչ խորը փորված գերեզմանում, դիակի պարանոցին՝ հեռախոսային լար[12]։

Հանցագործի դրդապատճառների վարկածները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Քերոլայն Ռիդ Ռոբերտսոնը իր սեփական նկարներում և լուսանկարներում
Ռոբերտսոնի ինքնադիմանկարը, որտեղ նա 14 տարեկան է՝ սեփական արտաքինի մասին նվաստացուցիչ արձագանքով։
Ռոբերտսոնի ինքնադիմանկարը իր գրառումների մեջ, սպանության նախապատրաստման ընթացքում։
Ռոբերտսոնի լուսանկարը 19 տարեկանում, սպանության նախօրեին։
Լիզա Նոլան. Ռոբերտսոնի դիմանկարը իր գործով դատական նիստի ժամանակ։
Ռոբերտսոնի լուսանկարը՝արված բանտում 2013 թվականին.

Քերոլայն Ռոբերտսոնը ծնվել է Մելբուռնում, 1978 թվականի նոյեմբերի 3-ին, բավականին ապահովված ընտանիքում, որտեղ, սակայն, լուրջ խնդիրներ են եղել աղջկա ծնողների միջև հարաբերություններում։ Նա՝ ինքը կոնֆլիկտ է ունեցել ծնողների հետ, և հետաքննության ընթացքում ոստիկանությունը հնարավոր է համարել, որ նա ֆիզիկական բռնության է ենթարկվել երկու ծնողների կողմից։ Նրա մայրը գերադասում էր Քերոլայնի քրոջը և տառապում էր տրամադրության փոփոխություններից, իսկ հորն աղջիկը ընկալում էր որպես չարացած և ավտորիտար մարդ։ Նա տառապում էր ճարպակալմամբ, իրեն միայնակ էր զգում, հասակակիցների կողմից ծաղրի ու ծանակի էր ենթարկվում։ Իր նշումներում նա պնդել է, որ զզվում է իրենից, իրեն դժբախտ մարդ է զգում՝ «խնդիրների աղբյուր», «մարդ, ով չի արդարացրել սպասումները»։ Ի պատասխան նա միայն «վատ բաներ է արել»՝ դա բացատրելով, որ «Նրանք սպասում էին, որ ես վատը լինեմ, և այդ պատճառով էլ ես վատն էի։ Ես գողանում էի, և չգիտեմ, թե ինչու էի դա անում։ Ես այնքան վշտացած ու զայրացած էի։ Ես հիմա շատ վատ եմ զգում»[17]։ «Ես ինձ զգում եմ որպես անհանգիստ և տանջված մի կորած հոգի, որը նետվել է հրեշտակների աշխարհ»,—սպանության նախօրեին գրել է Ռոբերտսոնը[11]։ Մանկության տարիներին նա շատ ժամանակ է անցկացրել Մելբուռնից հյուսիս գտնվող Կիլմորի ընտանեկան ֆերմայում։ Դպրոցն ավարտելուց հետո աղջիկը աշխատել է Մելբուռնի Սենտ–Կիլդա–Րոուդի (St Kilda Road) վրա բջջային կապի ծառայություն մատուցող ընկերությունում՝ աշխատակիցների հետ միայն գործարար հարաբերություններ պահպանելով։ Ղեկավարի հետ զրույցներում նա պնդել է, որ ինքը թատրոնի և հեռուստատեսության հետ կապված «ընկերներ» ունի։ «Ես մի քիչ զարմացած էի դրանով, քանի որ ինձ թվում էր, թե Քերոլայնը արվեստից բան չի հասկանում»,- հետագայում պատմել է նա ոստիկանությանը[2][18]։

Քննության և դատավարության ընթացքում առաջ են քաշվել հանցագործության դրդապատճառների տարբեր վարկածներ[2][19]՝

  • Ռոբերտսոնի նախանձն ավելի հաջողակ և գեղեցիկ Բարբերի հանդեպ։ Ռոբերտսոնի գիտակցության մեջ Ռեյչելը կարող էր լինել այն մոդելներից կամ դերասանուհիներից մեկը, որոնց դիմանկարները զարդարում էին դեռահասների համար նախատեսված ամսագրերի շապիկները, հենց այսպիսինն էր նա երազում դառնալ[2]։ Դատավոր Ֆրենկ Վինսենթը Քերոլայնի կատարած սպանության շարժառիթների շարքում առանձնացրել է նրա նախանձը Ռեյչելի նկատմամբ, ով բարեկեցիկ ընտանիք, գեղեցկություն և պայծառ անհատականություն է ունեցել, ինչպես նաև այն համոզմունքը, որ աղջիկը, հավանաբար, երջանիկ և հաջողակ է կյանքում, ինչը Քերոլայնի հավատաքով վիճակված չէր իրեն[20]։ Դատավորը գրել է, որ հարաբերականորեն ոչ երիտասարդ Քերոլայնը, ով դատարանի առջև է կանգնել կատարված սպանության համար, իր երևակայության մակարդակում դեռևս փոքրիկ աղջիկ է, որ գտնվում է դժվարության մեջ և սարսափում է պատժից[21]։
  • Ռոբերտսոնի ձգտումը՝ վերամարմնավորվելու որպես իր իսկ զոհ։ Նախնական կալանքի ժամանակ Քերոլայնը ուսանել է իր խուց այցելած բուդդայական վանականի ուսմունքը[21]։ Խուզարկության ընթացքում նրա բնակարանում հայտնաբերվել են սեփական գրառումներ, որոնք պարունակում էին սպանության կատարման և զոհի մարմնից ազատվելու ծրագիր։ Ինչպես վկայել են այդ նշումներից, հանցագործը մտադիր է եղել ընդունելու «Ջեմ Սաութոլ» անունը (անգլ.՝ «Jem Southall», Սաութոլը Ռեյչել Բարբերի մոր օրիորդական ազգանունն է)։ Նա նույնիսկ կազմել է Ջեմ Սաութոլի կարճ կենսագրությունը, որը պարունակում էր նոր անձի կյանքի կեղծ մանրամասներ, որին մարդասպանը մտադիր է եղել վերամարմնավորվել[12]։
  • Ռոբերտսոնի կրքոտ սերը Բարբերի հանդեպ, որը նա փորձել է հաղթահարել։ Ավստրալիայի Գերագույն դատարանի դատավոր Ֆրենկ Վինսենթն ավելի ուշ կասի, որ Ռոբերտսոնը «աննորմալ, գրեթե աներես հետաքրքրություն» է ունեցել աղջկա նկատմամբ[2]։ Հանցագործի գրառումները պարունակել են նշումներ զոհի մասին, ներառյալ նրա արտաքինի դիտարկումները և անձի բնութագիրը։ Նա սպանված աղջկան նկարագրել է որպես շատ շնորհալի ու խելացի։ Քերոլայնը մասնավորապես գրել է՝ «Պարուհու ապշեցուցիչ գրավիչ մարմին։ Շատ մաքուր բաց մաշկ, հիպնոտիկ կանաչ աչքեր, տարբեր գույների ներկած մազեր»։ Այստեղ նա գրել է նաև աղջկա մարմինը այլանդակելու իր ցանկության մասին [12]։

Քերոլայնը հաշվարկված ուղղորդել է իր զոհի արարքները, որին նա լավ էր ճանաչում և ով անվերապահորեն վստահում էր նրան[22]։ Դատավորը Վինսեբթը հնարավոր է համարել բոլոր վարկածները և բոլորն էլ հիշատակել է դատավճռի մեջ՝ «Ձեզ դրդել է Ռեյչելի գեղեցկության և նրա անհատականության հանդեպ նախանձը՝ առաջին հերթին այն պատճառով, որ ըստ Ձեզ՝ նա, ամենայն հավանականությամբ, պետք է ավելի երջանիկ և հաջողակ կյանք ունենա, քան՝ Դուք», սպանությունը կատարվել է, «որպեսզի անհնարինը հասանելի լինի երազի իրականության մեջ», «Դուք իրական վտանգ եք ներկայացնում յուրաքանչյուրի համար, ով կարող է դառնալ Ձեր ֆիքսացիայի դժբախտ օբյեկտը»[2]։

Դատավորը խոստովանել է, որ Քերոլայնը զղջացել է հանցագործության համար, սակայն այդ զղջման դրդապատճառը ինքն իր հանդեպ խղճահարությունն է[21]։ Նա ամբաստանյալին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, որում պետք է ներառվեին 627 օր հետաքննության ու դատավարության օրերը ՝ պարտադիր ազատազրկման նվազագույն ժամկետ սահմանելով 14.5 տարին[2][23]։

Քերոլայն Ռիդ Ռոբերտսոնի ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերոլայն Ռիդ Ռոբերտսոնը կտրուկ փոխվել է բանտարկության տարիներին։ 2013 թվականի լուսանկարներում նա ներկայանում է ավելի բարեկազմ, երկար ուղիղ մազերով և նիհար դեմքով։ Դատապարտյալի լուսանկարը ապշեցրել է Ռեյչելի ծնողներին՝ Մայքլ և Էլիզաբեթ Բարբերներին, որոնք իրենց դստեր մարդասպանին չէին տեսել այն ժամանակից ի վեր, երբ նա 2000 թվականի նոյեմբերին դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։ Նայելով լուսանկարին՝ աղջկա հայրն անսպասելիորեն նրա նոր կերպարը համեմատել է իր դստեր կերպարի հետ (մեծ նմանություն նա տեսել է բանտարկյալի աչքերում)։ Մայրը պնդում էր, որ բանտարկյալը գիտակցաբար պատճենել է մեկ ուրիշի՝ գերմանացի թմրավաճառ Անդրեի Մորի կերպարը։ Ռոբերտսոնը պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք է ունեցել 2013 թվականին, սակայն նրա ազատ արձակումը հետաձգվել է Ռեյչելի ծնողների հրապարակային բողոքից հետո, որոնց պաշտպանել է նաև Ռեյչելի նախկին բոյֆրենդ Կարելան[24]։ Ընդ որում, 2013 թվականին զոհի ծնողները հաստատել են, որ իրենք ներել են իրենց դստեր մարդասպանին[11]։ Հայտնի էր, որ Ռոբերտսոնը բանտում լեսբիական հարաբերություններ է ունեցել իր խցակիցների հետ։ Նախկին բանտարկյալը, ով երկար ժամանակ է անցկացրել Ռոբերտսոնի հետ, պնդել է, որ մարդասպանը երբեք չի խոսել իր հանցագործության մասին և երբեք խղճի խայթ չի դրսևորել[24]։

Ռոբերտսոնն, այնուամենայնիվ, 2015 թվականի հունվարին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, այս անգամ նրա ազատ արձակմանը կողմ են եղել նաև Բարբերները[11]։ Արձակման հիմնական պայմաններն էին՝ նա չպետք է խախտեր օրենքը, պետք է ենթարկվեր հսկողության պայմաններին և երկու օրվա ընթացքում հասցեի ցանկացած փոփոխության մասին պետք է տեղեկացներ իր ոստիկանին[25]։

Հանցագործությունը գրականության և կինոյի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Ֆիլմեր նվիրված Ռեյչել Բարբերի սպանությանը
«Նրա մաշկի մեջ» ֆիլմի թրեյլեր։
Տեսանյութը, որը նկարահանվել է Ռեյչել Բարբերի ծնողների կողմից 2012 թվականին՝ նրա մարդասպանի պայմանական վաղաժամկետ ազատման գործի լսումների կապակցությամբ։ Սառա Մաքլահլանի «Հրեշտակ» երգը կատարում է Հիթեր Բարբերը՝ Ռեյչելի կրտսեր քույրը։

2003 թվականին Penguin Random House հրատարակչությունում լույս է տեսել «Կատարյալ զոհը» գիրքը՝ նվիրված Ռեյչել Բարբերի սպանությանը։ Գրքի շապիկին նշված հեղինակները Էլիզաբեթ Սաութոլն ու Մեգան Նորիսն էին[26]։ Էլիզաբեթ Սաութոլը Էլիզաբեթ Բարբերի՝ (օրիորդական ազգանունն էր) սպանված աղջկա մոր կեղծանունն էր։ Նա ծնվել է Վիկտորիայում, 1959 թվականին, և հայտնի ավստրալիական գրող Այվան Սաութոլի, որին մեծ ժողովրդականություն էր բերել դեռահասների վերաբերյալ գրքերը, չորս երեխաներից մեկն էր։ Ինքը՝ Էլիզաբեթը հայտնի էր որպես մանկական գրականության մասնագետ, որպես գրականագետ։ Էլիզաբեթը գրառումներ էր կատարել այն ժամանակից ի վեր, երբ տեղեկություն էր ստացել դստեր անհետացման և մահվան մասին, և այդ գրառումները հիմք են հանդիսացել գրքի համար։ Էլիզաբեթը ապրում Է Մելբուռնի Հիթմոնթ արվարձանում իր ամուսնու՝ Մայքլի, ով խաղալիքներ ստեղծող է և դիզայներ, և մյուս երկու դուստրերի՝ Էշլի–Ռոուզի և Հիթերի հետ։ Երբ գիրքը հրատարակվեց, նա բակալավրիատում աստվածաբանություն էր ուսանում[27]։

Էլիզաբեթ Սաութոլի համահեղինակ Մեգան Նորիսը Մեծ Բրիտանիայից էր, լրագրող։ Նրա կարիերան սկսվել էր 1976 թվականին՝ որպես քրեական նորություններում մասնագիտացված լրագրող։ Թեման, որը նա բազմիցս բարձրացրել էր, հանցագործության ազդեցությունն էր զոհերի և նրանց ընտանիքների անդամների վրա։ Էլիզաբեթի հետ Նորիսի առաջին շփումը տեղի է ունեցել, երբ նա Ավստրալիայի մամուլի համար հոդվածներ էր պատրաստում Բարբերի ընտանիքի մասին։ Էլիզաբեթը և Մեգանը դարձել են մտերիմ ընկերներ, համագործակցություն է սկսվել Ռեյչել Բարբերի մասին «Կատարյալ զոհը» գրքի վրա տարվող աշխատանքների կապակցությամբ, որոնք տևել են ավելի քան երեք տարի։ Նորիսը ապրում է Մելբուռնում, Վիկտորիա նահանգում, իր ամուսնու՝ Սթիվենի և երկու որդիների՝ Ալեքսի և Պիտերի հետ[28]։

2009 թվականին Ավստրալիայում «Կատարյալ զոհը» գրքի հիման վրա ռեժիսոր Սիմոնե Նորթը (անգլ.՝ Simone North) նկարահանել է «Նրա մաշկի մեջ» (անգլ.՝ «In Her Skin») գեղարվեստական ֆիլմը։ Նրա սկզբնական անունը եղել է՝ «Ինչպես փոխվել 9 շաբաթում», անգլ.՝ «How To Change in 9 Weeks» (նման գրառում եղել է Ռոբերտսոնի տետրի շապիկին, որում նա Ռեյչել Բարբերին սպանելու իր ծրագրերն էր գրանցել[11]2011 թվականին ֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում «Ես՝ դու եմ» (անգլ.՝ «I Am You», Ավստրալիա, 107 րոպե, «Screen Australia» և «Liberty Films International» ստուդիաներ) վերնագրով։ Նրանում դերերը կատարում էին Գայ Փիրսը (Ռեյչելի հայր), Ռութ Բրեդլին (Քերոլայն Ռիդ Ռոբերտսոն), Սեմ Նիլը (Քերոլայնի հայր), Միրանդա Օտտոն (Էլիզաբեթ Բարբեր), Քեյթ Բելլը (Ռեյչել Բարբեր)։ «Ես լաց եղա, երբ հանդիպեցի նրանց»,–հիշում էր Փիրսը Բարբերների հետ իր առաջին հանդիպման մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Բրիսբենի կինոփառատոնում։ Այն ցուցադրվել է ազգային և միջազգային կինոփառատոներում, և 2011 թվականին Միլանի կինոփառատոնում Ռութ Բրեդլին, ով Ռոբերտսոնի դերն էր կատարել, մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[29]։ Ֆիլմը նաև մրցանակ է ստացել Ավստրալիական կինեմատոգրաֆիական միության կողմից՝ NSW & ACT Highly Commended անվանակարգում օպերատորի լավագույն աշխատանքի համար[30]։ 2013 թվականին, կինոթատրոններում ցուցադրությունից մի քանի տարի անց, ֆիլմը ցուցադրվեց նաև ավստրալիական հեռուստատեսությամբ։ Ֆիլմի թողարկումը վարձույթում, ապա նաև հեռուստատեսությամբ ցուցադրումը մթագնվեցին պրոդյուսերների ֆինանսական սկանդալներով ու Բարբերի ընտանիքի հետ նրանց տարաձայնություններով[24]

Բարբերների ընտանիքը «Նրա մաշկի մեջ» ֆիլմում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rachel Barber, 1983—1999». Official Memorial Website. Administered by Rachel's parents Michael and Elizabeth Barberl. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 Anderson, 2014
  3. Rapke, 2000, էջ 1—2
  4. Rapke, 2000, էջ 1
  5. Rapke, 2000, էջ 4
  6. Rapke, 2000, էջ 12
  7. Rapke, 2000, էջ 2
  8. Rapke, 2000, էջ 2—3
  9. Rapke, 2000, էջ 3
  10. 10,0 10,1 Rapke, 2000, էջ 3—4
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Thackray, 2015
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Rapke, 2000, էջ 9
  13. Rapke, 2000, էջ 5—6
  14. Rapke, 2000, էջ 6
  15. Rapke, 2000, էջ 7
  16. Rapke, 2000, էջ 8
  17. Rapke, 2000, էջ 15
  18. Rapke, 2000, էջ 16
  19. Rapke, 2000, էջ 9—13
  20. Rapke, 2000, էջ 13
  21. 21,0 21,1 21,2 Rapke, 2000, էջ 18
  22. Rapke, 2000, էջ 11
  23. Rapke, 2000, էջ 19
  24. 24,0 24,1 24,2 Dennehy, Flower, 2013
  25. Dennehy, Flower, 2015
  26. Southall, Norris, 2003, էջ 1—344
  27. «Elizabeth Southall». Penguin Random House Company. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  28. «Megan Norris». Penguin Random House Company. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  29. Bodey, 2013
  30. «В её шкуре»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]