Ռեկորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեկորդներից)

Ռեկորդներ, մարզական, պաշտոնեական մրցումներում առանձին մարտիկների կամ թիմերի սահմանած Մարզական բարձրագույն նվաճումներ, որոնք հաշվարկվում են ժամանակի, տարածության, քաշի և այլ միավորներով։ Ցույց տրված արդյունքը որպես ռեկորդ գրանցում է համապատասխան մարզական ֆեդերացիան (միջազգային, ռեգիոնալ, ազգային) իր հաստատած պայմանների և կանոնների պահպանության դեպքում (մրցումների մակարդակն ու ընդգրկումը, որոշակի որակավորում ունեցող անհրաժեշտ թվով դատավորների առկայություն, ստանդարտ մարզական հանդերձանքի օգտագործում են)։ Մրցումների մակարդակին և բնույթին համապատասխան տարբերակվում են․ համաշխարհային (բացարձակ բարձրագույն նվաճում), օլիմպիական (Օլիմպիական խաղերի), ռեգիոնալ ազգային և այլ ռեկորդներ (ԽՍՀՄ- ում գրանցվում են նաև միութենական ինքնավար հանրապետությունների, երկրամասերի ու մարզերի, քաղաքների, մարզական ընկերությունների ռեկորդներ)։ Համաշխարհային ռեկորդները (ներկայացնում են ազգային մարզական ֆեդերացիաները) հաստատում են միջազգային մարզական ֆեդերացիաները։ Պաշտոնապես առաջին մարզական ռեկորդը գրանցվել է 1867 թվականին՝ 100 մ վազքում։ Մի շարք մարզաձևերում (ռադիոսպորտ, ռազմակիրառական և ծովային բազմամարտ ևն) գրանցվում են միայն ռեգիոնալ ռեկորդներ (օրինակ, ԽՍՀՄ-ում՝ գորոդկիի համամիութենական ռեկորդ)։ Որոշ մարզաձևերում (թիավարություն, առագաստանավային, սահնակային, դահուկային), որոնցում մարզիկների արդյունքները գլխավորապես կախված են բնական պայմաններից (ձյունածածկի վիճակ, մրցուղու բարդություն, ջրի խտություն, քամու ուժ և այլն), արձանագրվում են բարձրագույն նվաճումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։