Ռելեային պաշտպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռելեային պաշտպանություն էլեկտրական համակարգերի, ռելե պարունակող ինքնավար հարմարանքների համախումբ (կամ առանձին հարմարանք), որը նախատեսված է էներգետիկական համակարգի վնասված կամ ոչ նորմալ ռեժիմում աշխատող տարրի ավտոմատ բացահայտման և անջատման համար։ Որոշ դեպքերում ռելեային պաշտպանություն կարող է արձագանքել համակարգի աշխատանքի նորմալ ռեժիմի այլ խախտումներին (օրինակ, հոսանքի կամ լարման բարձրացմանը), միացնել ազդանշանային համակարգը կամ անջատել համակարգի համապատասխան տարրը։ էլեկտրական համակարգերի հիմնական վնասվածքներից է կարճ միացումը, որի ժամանակ տեղի է ունենում լարման կտրուկ և անհավասարաչափ նվազում և հոսանքի զգալի մեծացում համակարգի առանձին տարրերում։ Կարճ միացումի բացասական հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել ռելեային պաշտպանության օգնությամբ։ Որպես կանոն, էլեկտրական համակարգի բոլոր տարրերը (գեներատորները, տրանսֆորմատորները, էլեկտրահաղորդման գծերը, կայանների ու ենթակայանների շինաները ևն) սարքավորում են ռելեային պաշտպանության առանձին հարմարանքներով։ Ռելեային պաշտպանությանը ներկայացվող պահանջներն են․ ընտրողականությունը, զգայունությունը, արագագործությունը և հուսալիությունը։ Ռելեային պաշտպանությանը ընտրողականությունն ապահովում է կարճ միացումի դեպքում ցանցի միայն վնասված տեղամասի անջատումը։ Ըստ ընտրողականության մակարդակի ռելեային պաշտպանություն լինում է բացարձակ ընտրողական, հարաբերական ընտրողական և ոչ ընտրողական։

Զգայունությունն ապահովում է տարրի աշխատանքի ոչ նորմալ ռեժիմի դեպքում առաջացող ռելեային պաշտպանության ռեակցիան էլեկտրական մեծությունների փոփոխության նկատմամբ։ Այն բնութագրվում է զգայունության գործակցով։

Արագագործությունն ապահովում է վնասված տարրի արագ անջատումը, որն անհրաժեշտ է զուգահեռ աշխատող կայանների կայունությունը պահպանելու, ասինխրոն և սինխրոն էլեկտրաշարժիչներն աշխատանքի մեջ պահելու, վնասվածքների չափերը փոքրացնելու, հակավթարային համակարգային ավտոմատիկայի գործողության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մինչև 0,1–0,2 վրկ ժամանակամիջոցում գործող պաշտպանությունը համարվում է արագագործ պաշտպանություն։ Ժամանակակից արագագործ պաշտպանությունը կարող է գործել 0,02–0,04 վրկ ընթացքում։

Հնուսալիությունն ապահովում է ռելեային պաշտպանության համար որոշակի գոտու սահմաններում դրա անխափան աշխատանքը կարճ միացումների ժամանակ և սխալ գործողությունների բացառումը այն ռեժիմներում, որոնցում ելեային պաշտպանության աշխատանքը չի նախատեսված։

Էլեկտրահաղորդման գծերի համար հիմնականում կիրառում են առավելագույն հոսանքային (ուղղորդված և չուղղորդված) հեռավորական, դիֆերենցիալ և բարձրահաճախային պաշտպանությունները։ Բացի այդ, յուղի մեջ ընկղմված ապարատների (օրինակ, տրանսֆորմատորների, ռեակտորների) համար կիրառում են գազային պաշտպանություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Федосеев А․ М․, Релейная защита электрических систем, М․, 1976
  • Чернобровов Н․ В,, Релейная защита, 5 изд․, перераб․, М․, 1974․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։