Ռեզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Gummitwist-1998Kinder1.jpg
Gummitwist-1998Kinder2.jpg
Coiled Chinese jump rope.jpg

Ռեզին (չինական ցատկապարան, նաև ֆրանսիական ցատկապարան, չինարեն հեշտ. 跳皮筋 , պինին: tiào píjīn, պալլ.: տյաո պիցզին), տարբեր բարձրությունների վրա ձգված երկու նեղ պարանների կամ ռեզինների (նրանից հետո, երբ այն հորինվել է) վրայով ցատկելով մանկական խաղ։ Չինաստանում, որտեղից խաղը սկիզբ է առնում, և բազմաթիվ այլ երկրներում խաղն ուղեկցվում է հատուկ երգերի կատարումով, որոնք սահմանում են ցատկերի ռիթմն ու դրանց կատարման կարգը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղն սկիզբ է առել Չինաստանում 7-րդ դարում՝ Թան կայսրության ժամանակաշրջանում և աստիճանաբար տարածվել ամբողջ Հարավարևելյան Ասիայում։ Ֆրանսիա է հասել Ֆրանսիական Հնդկաչինից, որտեղից էլ այն տարածվել է եվրոպական մյուս երկրներում։ Խորհրդային Միություն, ըստ երևույթին, հասել է նույն շրջանից մոտավորապես 1960-1970-ական թվականներին, երբ ԽՍՀՄ-ը սկսել է ակտիվ կապեր հաստատել Վիետնամի հետ։ Միևնույն ժամանակ, ըստ Սամսոն Գլյազերի, այդ խաղը խորհրդային դպրոցականներին սովորեցրել են չեխ պիոներները, որոնք հանգստանալու էին գնացել Ղրիմ՝ «Արտեկ» ճամբար[1]. դրա շնորհիվ խաղին տրվել է «չեխական ցատկապարան» անվանումը։ ԽՍՀՄ-ում խաղն իր ժողովրդականության գագաթնակետին է հասել 20-րդ դարի 80-ական թվականներին։ Այնտեղ ռեզին խաղում էին բացառապես աղջիկները։ Խաղը կազմակերպվում էր բոլոր հնարավոր առիթներով՝ դպրոցներում, ընդմիջումների ժամանակ, բակերում և այլուր։

Հնարավոր է, որ խաղը Մեծ Բրիտանիա է անցել Բելգիայից՝ Առաջին համաշխարհային պատերազմի փախստականների միջոցով[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինվենտար[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի համար անհրաժեշտ է սպիտակեղենի ռեզինի նեղ կտոր՝ մի քանի մետր երկարությամբ և ծայրերը կապված։ Կարելի է գնել նաև ավելի անվտանգ բազմերանգ ռեզին, որը հատուկ նախատեսված է այս խաղի համար։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցների լավագույն քանակը՝ 3-4 մարդ, նվազագույնը՝ 2 (այդ դեպքում ռեզինի մի ծայրն ամրացնելու համար օգտագործվում է ինչ-որ հենարան՝ սյուն, նստարան և այլն)։ Երկու խաղացողները, կանգնելով իրարից որոշակի հեռավորության վրա, ձգում են ռեզինը՝ այն ոտքերով պահելով կոճերի մակարդակում և ուղղանկյուն դարձնելով՝ երկակի ոստյունապարան։ Երրորդ խաղացողը, իր տեղն զբաղեցնելով ուղղանկյան մեջտեղում, պետք է որոշակի հերթականությամբ ցատկի և ոտքերով իրեն քաշի ռեզինի մեկ կամ երկու հատվածները՝ ստեղծելով տարբեր պատկերներ։ Սխալվելու դեպքում, երբ նա ոտքերով դիպչում է ռեզինին կամ պատահաբար տրորում այն, խաղն սկսում է հաջորդ մասնակիցը, իսկ սխալը կատարող մասնակիցն զբաղեցնում է նրա տեղը՝ պահելով ռեզինը։ Երբ նորից նրա հերթն է գալիս, խաղն սկսում է այնտեղից, որտեղ սխալվել էր[3]։

Այն բանից հետո, երբ մասնակիցն անցնում է բոլոր կոմբինացիաները, ռեզինն ավելի են բարձրացնում՝ ծնկների մակարդակ, այնուհետև մինչև ազդրերի մեջտեղ, մինչև գոտկատեղ և այլն։ Հարավարևելյան Ասիայում երեխաները ռեզինը պահում են նաև թևատակերի, պարանոցի և ականջների մակարդակում։ Գոյություն ունի նաև վերին դիրք, երբ ռեզինը պահում են գլխից վերև բարձրացված ձեռքերի մատներով։

Ցատկերը կատարվում են մեկ կամ երկու ոտքերով, կողքով կամ դեմքով դեպի ռեզինը, ցատկելով մեկ կամ երկու գծերի վրայով կամ էլ թռիչքները բարդացնելով 180°, 360° և ավելի պտույտներով, ոտքերով տրամախաչելով ռեզինը և այնուհետև՝ ցատկի ժամանակ, այն բաց թողնելով, ցատկեր կատարելով մեջքով դեպի ռեզինը կանգնած՝ առանց տեսողական վերահսկողության։ Ավանդական «ռեզին» խաղում ռեզինը պետք է ձգված լինի գետնին զուգահեռ, սակայն այն կարելի է ձգել նաև ոչ ուղիղ անկյունով՝ համատեղելով տարբեր մակարդակների բարձրություններով։

Ցանկության դեպքում կարելի է ցատկել նաև զույգով, ինչը պահանջում է շարժումների համաժամանակություն և լիովին համաձայնացվածություն։ Շատ մասնակիցների առկայության դեպքում ռեզինը պահող խաղացողներից երկուսը կամ ավելի շատ զույգեր կարող են կազմել շրջան այնպես, որ ձգված ռեզինով կազմեն խաչ՝ հատելով մեջտեղում կամ այլ պատկերներ։

Խաղում խաղթում է նա, ով առաջինն է անցնում պայմանավորված բոլոր մակարդակները։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում, Ճապոնիայում և ասիական այլ երկրներում խաղն ուղեկցվում է հատուկ երգերի կատարումով, որոնք ցատկերին ռիթմ են հաղորդում։ Դրանց տարածման հետ մյուս երկրներում ևս հնարել են երգերի իրենց տարբերակները։ Օրինակ՝ Անգլիայում երեխաները երգում են «2, 4, 6, 8», «England, Ireland, Scotland, Wales. Inside, outside, turn around tails» և նրա տարբերակները. «Ice cream, soda, Pa-va-lo-va» և այլն[4]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը նպաստում է երեխայի ֆիզիկական զարգացմանը, մշակում է ճարպկություն և կոորդինացիա շնորհիվ այն բանի, որ բաղկացած է բոլոր հնարավոր ցատկերից ու փոքր ոստյուններից, օգնում է ոսկորների ամրացմանը։ Խաղն օգտագործվում է ավանդական երգերի միջոցով երեխաներին ուղիղ և հետհաշվարկ, այբուբեն, ինչպես նաև օտար լեզուներ, առաջին հերթին ֆրանսերեն սովորեցնելու համար[5]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիետնամում տարածված է նաև նմանատիպ խաղ, որի ժամանակ ռեզինի փոխարեն օգտագործվում է հնդկեղեգի երկու ձող. երկու մասնակիցները, յուրաքանչյուր ձեռքով բռնելով հնդկեղեգի մի ձողի ծայրից, դրանք միաժամանակ հեռացնում և մոտեցնում են հատակին զուգահեռ՝ աստիճանաբար արագացնելով և բարդացնելով ռիթմը, այդ ժամանակ երրորդը պետք է հասցնի ճիշտ կարգով ցատկել երկու ձողերից մեկի վրայով՝ պահպանելով համապատասխան ռիթմը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Глязер, 1975, Чешская прыгалка, էջ 22
  2. Roud, 2010, էջ 167
  3. «16 лучших игр нашего детства, которые мы потеряли»։ Газета.Ru։ Վերցված է 2016-11-12 
  4. Drew, Atter, 2008
  5. Rice-Jones, 2009

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глязер С. В. Ларчик с играми. — М.: Детская литература, 1975. — 250 с. — (Библиотечка пионера «Знай и умей»).
  • Anne Johnson Chinese Jump Rope. — Klutz, 1997. — 66 с. — ISBN 978-1570540981
  • Maria Rice-Jones Hexagonie, Year 8: An innovative way to teach French. — Brilliant Publications, 2009. — 224 с. — ISBN 978-1905780396
  • Sharon Drew and Elizabeth Atter Can't Play Won't Play. — 2008. — 176 с. — ISBN 978-1-84310-601-2
  • Steve Roud The Lore of the Playground: One Hundred Years of Children's Games, Rhymes & Traditions. — Random House UK, 2010. — 576 с. — ISBN 978-1905211517
  • Claire Ridley French Skipping and other traditional skipping games from around the world. — Ivy Press, 2011. — 128 с. — ISBN 978-1907332890

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]