Ռեակտիվ շարժիչ
Ռեակտիվ շարժիչ շարժիչ, որը սկզբնական էներգիան փոխակերպում է աշխատանքային մարմնի ռեակտիվ շիթի կինետիկ էներգիայի և ստեղծում շարժման համար անհրաժեշտ քարշուժ։ Ռեակտիվ շարժիչի մեջ զուգակցված են բուն շարժիչն ու շարժասարքը, այսինքն ռեակտիվ շարժիչը իր սեփական շարժումն ապահովում է առանց միջանկյալ մեխանիզմների մասնակցության։ Ռեակտիվ քարշուժ ստեղծելու համար անհրաժեշտ են․ սկզբնական էներգիայի աղբյուր (քիմիական վառելանյութ, միջուկային վառելիք ևն), աշխատանքային մարմին (օրինակ, օդ, ջուր, ապարատի բաքերում կամ խցիկում գտնվող նյութը) և ռեակտիվ շարժիչը ինքը՝ որպես էներգիայի փոխակերպիչ։ Ժամանակակից ռեակտիվ շարժիչներում, որպես սկզբնական էներգիա, առավել հաճախ օգտագործվում է քիմիական էներգիան։ Այդ դեպքում աշխատանքային մարմինն իրենից ներկայացնում է շիկացած գազեր՝ քիմիական վառելիքի այրման արգասիք։ Ռեակտիվ շարժիչի աշխատանքի ժամանակ այրվող նյութերի քիմիական էներգիան փոխակերպվում է այրման արգասիքի ջերմային էներգիայի, իսկ տաք գազերի ջերմային էներգիան՝ ռեակտիվ շիթի համընթաց շարժման մեխանիկական էներգիայի։
Կախված նրանից, ռեակտիվ շարժիչի աշխատանքի ժամանակ շրջապատող միջավայրն օգտագործվում է թե ոչ, ռեակտիվ շարժիչները բաժանվում են երկու հիմնական դասի՝ օդառեակտիվ շարժիչներ (ՕՌՇ) և հրթիռային շարժիչներ (ՀՇ)։ Բոլոր ՕՌՇ–ները ջերմային շարժիչներ են, որոնց աշխատանքային մարմինը ստեղծվում է օդի թթվածնով վառելանյութի օքսիդացման հետևանքով։ Մթնոլորտից մատուցվող օդը կազմում է ՕՌՇ–ի աշխատանքային մարմնի հիմնական զանգվածը։ Այսպիսով, ՕՌՇ–ով ապարատը իր վրա է կրում էներգիայի աղբյուրը (վառելանյութը), իսկ աշխատանքային մարմնի մեծ մասը ստանում է շրջապատող միջավայրից։ Ի տարբերություն ՕՌՇ–ի, ՀՇ–ի աշխատանքային մարմնի բոլոր բաղադրիչները գտնվում են ռեակտիվ շարժիչով հանդերձված ապարատի վրա։ Շրջապտող միջավայրի հետ փոխազդող շարժասարքի բացակայության և ապարատի վրա աշխատանքային մարմնի բոլոր բաղադրիչների առկայության շնորհիվ ՀՇ տիեզերքում աշխատելու համար միակ պիտանի շարժիչն է։ Գոյություն ունեն նաև համակցված ռեակտիվ շարժիչներ, որոնք կարծես երկու հիմնական տեսակների զուգակցումն են։
Ռեակտիվ շարժման սկզբունքը հայտնի է շատ վաղուց։ Ռեակտիվ շարժիչի նախատիպը կարելի է համարել Հերոնի գունդը։ Պինդ վառելիքով աշխատող հրթիռային շարժիչները՝ վառոդային հրթիռները, ի հայտ են եկել Չինաստանում մ․ թ․ X դ․։ 1903-ին Կ․ է․ Ցիոլկովսկին առաջին անգամ առաջ է քաշել հեղուկա-հրթիռային շարժիչների տեսության հիմնական դրույթները և առաջարկել հեղուկ վառելիքով աշխատող ՀՇ–ի կառուցվածքի հիմնական տարրերը։ Ռեակտիվ շարժիչի ստեղծման գործում կարևոր դեր են խաղացել Ա․ Մ․ Նեժդանովսկու, Ի․ Վ․ Մեշչերսկու, Ն․ Ե․ Ժուկովսկու տեսական աշխատանքները, ինչպես նաև ֆրանսիացի գիտնական Ռ․ Էնո–Պելտրիի, գերմանացի գիտնական Հ․ Օբերթի աշխատությունները։
Ռեակտիվ շարժիչները լինում են տարբեր նշանակման։ Դրանք առավելապես օգտագործվում են տարբեր տիպի թռչող ապարատներում։ Տուրբառեակտիվ շարժիչներով են սարքավորված ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Ռռեակտիվ շարժիչի հիմնական բնութագրերն են․ ռեակտիվ քարշուժը, տեսակարար իմպուլսը, շարժիչի տեսակարար զանգվածը։ Գոյություն ունեցող ռեակտիվ շարժիչների քարշուժը տատանվում է լայն տիրույթում (գրամի տասնորդական մասերից մինչև հարյուրավոր տոննա)։
Առաջին անգամ ռեակտիվ շարժիչը արտոնագրել է Ֆրենկ Ուիթլը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեակտիվ շարժիչ» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 615)։ |