Ռեալիզմ (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռեալիզմ, իրապաշտություն, երաժշտության մեջ ռեալիզմի մասին օրինաչափորեն խոսվում է այն դեպքում, երբ կոմպոզիտորը, խոսքի, բեմական գործողության կամ կենցաղային ու համադրային ժանրերով պայմանավորված, տեսողական ու իմաստային զուգորդումների միջոցով հստակեցնում է երաժշտական կերպարները։

Ռեալիզմի միտումները (բնության և կենցաղի կենդանի, ակնհայտ պատկերներ, մարդկային բնավորությունների հոգեբանորեն որոշակի ուրվանկարներ) առաջացել են Վերածննդի դարաշրջանում, զարգացել բարոկկոյի և կլասիցիզմի շրջանների երաժշտության մեջ, 18-րդ դարում վառ կերպով դրսևորվել իտալական, ֆրանսիական, ռուսական կոմիկական օպերայում և գերմանական զինգշպիլում։

19-րդ դարի 2-րդ կեսին Ժորժ Բիզեն («Կարմեն»), Ջուզեպպե Վերդին («Օթելլո», «Ֆալստաֆ»), մասամբ՝ Ռիխարդ Վագները («Նյուրնբերգյան մայստերզինգերներ») և այլ հեղինակներ ստեղծել են սոցիալապես տիպականացված, հոգեբանական բազմաշերտ կերպարներ, որով արևմտաեվրոպական երաժշտության մեջ նշանավորվել է ռեալիզմի ձևավորումը։ Ավելի վաղ այդ մեթոդը (որպես քննադատական ռեալիզմ) հաստատվել է ռուսական երաժշտության մեջ (Ալեքսանդր Դարգոմիժսկու ռոմանսներն ու «Ջրահարսը» օպերան), որի նախապատրաստմանը մեծապես նպաստել է Միխայիլ Գլինկան («Իվան Սուսանին»

Երաժշտության մեջ ռեալիզմի առավել բարձրարվեստ գործերից են «Հզոր խմբակ»-ի կոմպոզիտորների՝ Մ. Պ. Մուսորգսկու, Ալեքսանդր Բորոդինի, մասամբ՝ ռոմանտիզմի գծերը պահպանող Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի և Պյոտր Չայկովսկու երկերը։

Հայ երաժշտության մեջ ռեալիզմի միտումներն ի հայտ են եկել դեռևս հայրեններում, անտունիներում, տաղերում, «Սասնա ծռեր» էպոսի երաժշտական հատվածներում, ավելի ուշ՝ Քրիստափոր Կարա-Մուրզայի, Ե. Բաղդասարյանի, Գ. Սյունու և այլ ժողովրդական երգերի մշակումներում։ Կոմիտասը ռեալիզմը որպես ստեղծագործական մեթոդ փայլուն կերպով կիրառել է իր ստեղծագործության մեջ։ Ռեալիզմի հատկանիշներ դրսևորվել են նաև Արամ Խաչատրյանի, Հարո Ստեփանյանի, Արմեն Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի և ազգային կոմպոզիտորական դպրոցի ուրիշ ներկայացուցիչների երկերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։