Ռասիստ թուրանիստների դատավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռասիստ թուրանիստների դատավարություն
Երկիր Թուրքիա
Նիհալ Աթսըզը (առջևի շարքի աջից չորրորդ) դատավարության ժամանակ։

Ռասիստ թուրանիստների դատավարություն, 1944 թվականի սեպտեմբերի 7-ից մինչև 1945 թվականի մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում անցկացված պանթյուրքիզմի և պանթուրանիզմի 23 ակտիվիստների դատավարություն։ Տարբեր խափանման միջոցների են դատապարտվել Զեքի Վելիդի Թոգանը, Ալփարսլան Թյուրքեշը, Նիհալ Աթսըզը, նրա եղբայրը՝ Նեջդեթ Սանչարը, Ռեհա Օղուզ Թյուրքանը, Ջիհաթ Սավաշ Ֆերը, Նուրուլահ Բարըմանը, Ֆեթհի Թևետօղլուն, Ջեբար Շենելը և Ջեմալ Օղուզ Օջալը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրող, գրող և պանթյուրքիզմի գաղափարախոս Նիհալ Աթսըզը համոզված է եղել, որ կոմունիզմը Թուրքիայի համար սպառնալիք է, իսկ կառավարությունը ոչ միայն միջոցներ չի ձեռնարկում դրա դեմ պայքարելու համար, այլև կոմունիստներին թույլ է տվել իր կազմ մտնել։ Աթսըզն իր հրատարակած «Օրհուն» ամսագրում երկու հոդված է գրել, որոնցում պաշտպանել է այդ տեսակետը։ Այդ երկու հոդվածներից առաջինում, որը լույս է տեսել 1944 թվականի մարտի 1-ին, Նիհալ Աթսըզը մեջբերում է արել վարչապետ Շյուքրյու Սարաջօղլուի՝ 1942 թվականի օգոստոսի 5-ին խորհրդարանում արած ելույթից․

Մենք թյուրք ենք, պանթյուրքիստ ենք և միշտ պանթյուրքիստ կմնանք։ Մեզ համար արյան մեջ պանթյուրքիզմը նույնքան կարևոր է, որքան գիտակցության և մշակույթի մեջ։ Մենք այն պանթյուրքիստներից չենք, որոնք կթուլանան կամ կնվազեն։ Մենք պանթյուրքիստ ենք, որոնք աճում են և մտադիր են աճել։ Եվ մենք միշտ կաշխատենք այդ ուղղությամբ[1]։

Աթսըզը կարծում էր, որ կառավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում կոմունիստական սպառնալիքի դեմ պայքարելու համար։ 1944 թվականի ապրիլի 1-ին լույս տեսած իր երկրորդ հոդվածում Աթսըզը թվարկել է մի շարք մարդկանց, որոնք, ըստ իրեն, կոմունիստներ էին, նա հատուկ առանձնացրել է Թուրքիայի կրթության նախարարությունը, որը «կոմունիստական» է անվանել։ Աթսըզի անվանած մարդկանց թվում են եղել Գիրիթլի Ահմեդ Ջևադ Էմրեն, Փերթև Նալիլի Բորաթավը, Սաբահաթին Ալին, Սադրեթին Ջելալ Անթելը, ինչպես նաև կրթության նախարար Հասան Ալի Յուջելը, որին Նիհալ Աթսըզը կոչ է արել հրաժարական տալ։ Աթսըզի հոդվածների հրապարակումից հետո Անկարայում և Ստամբուլում բողոքի մի քանի ակցիաներ են տեղի ունեցել «կոմունիստական սպառնալիքի» դեմ։

Կրթության նախարար Հասան Ալի Յուջելի և լրագրող Ֆալիհ Ռըֆքը Աթայի խորհրդով գրող Սաբահաթին Ալին, որին Նիհալը մեղադրել է կոմունիստների հետ աշխատելու մեջ, Աթսըզին դատի է տվել։ Դատավարությունը սկսվել է 1944 թվականի ապրիլի 26-ին և ներգրավել է զգալի թվով ուսանողների, իսկ դատարանի դահլիճը լեփ-լեցուն է եղել։ Առաջին նիստում Աթսըզը Ալիին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ և նրանից պահանջել է խոստովանել դա։ Քննարկումը հետաձգվել էր մինչև մայիսի 3-ը։

Մայիսի 3-ի բողոքի ցույցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատարանի երկրորդ նիստին նախորդել են զանգվածային ցույցերն Անկարայում՝ ի պաշտպանություն Աթսըզի, որին մասնակցել են հազարավոր մարդիկ։ Այն բանից հետո, երբ ցուցարարներին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ, նրանք հավաքվել են Ուլուս հրապարակում, սկսել են երգել ազգային օրհներգը և հակամոմունիստական կարգախոսներ վանկարկել[2]։ Այնուհետև ցուցարարները մտադիր են եղել գնալ վարչապետ Շյուքրյու Սարաջօղլուի մոտ, սակայն նրանց խանգարել է ոստիկանությունը։ 165 մարդ ձերբակալվել է[3]։

Ալփարսլան Թյուրքեշն այսպես է նկարագրել այդ իրադարձությունները․

Ինչպե՞ս էր հնարավոր բողոքել ազգային առաջնորդի (Իսմեթ Ինյոնյուի) և նրա կրթության նախարարության դեմ։ Ոչ մի բողոքի ակցիա չէր կարելի անցկացնել առանց ազգային առաջնորդի հավանության։ Ժողովրդավարությունը, հավասարությունը, ազատությունը, երիտասարդությունը... այդ ամենը դատարկ խոսքեր էին Թուրքիայի կառավարության համար 1944 թվականին։ Ժողովրդի հավանությունն ու երիտասարդների հիացմունքը պետք է միայն կառավարության հանդեպ լինեին[4]։

Ոստիկանությունը հեռացրել է ցուցարարներին, Ալփարսլան Թյուրքեշը, որը նրանց թվում էր եղել, ավելի ուշ հիշել է։

Մայիսի 3-ին փողոց դուրս եկած երիտասարդները դաժան ծեծի են ենթարկվել։ ...Շատերի ձեռքերը կամ կողոսկրները ջարդված էին[5]։

1944 թվականի մայիսի 9-ին Աթսըզը կրկին կալանավորվել է, նա մեղադրվել է կազմակերպություն ստեղծելու մեջ, որը մտադիր է տապալել կառավարությունը։ 1944 թվականի մայիսի 6-ին արգելվել է նրա կողմից հրատարակվող «Օրհուն» ամսագիրը։

Ռասիստ թուրանիստների դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ դատավարությունը սկսվել է 1944 թվականի մայիսի 18-ին Ստամբուլում և շարունակվել է մինչև 1947 թվականի մարտի 31-ը։ Ընդամենը եղել է 65 նիստ, 23 մեղադրյալ։ 13 մարդ արդարացվել է, մյուս 10-ը՝ դատապարտվել տարբեր ազատազրկման ժամկետներով։ Աթսըզը դատարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ թուրանիզմը կենսական նշանակություն ունի թյուրքերի գոյատևման համար, նա մի քանի օրինակներ է բերել պատմությունից, երբ թյուրքերը պարտվել են իրենց մարտերը ոչ թյուրքական մասերի դավաճանության պատճառով։ Աթսըզը նաև հայտարարել է, որ Օսմանյան կայսրության մեծ վեզիրը՝ Դամաթ Ֆերիդ փաշան, որը ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը, հայկական արմատներ ունի, ինչը, ըստ Աթսըզի, նրա իրավացիության ապացույցն էր։ Աթսըզը նաև հայտարարել է․

Ես պանթյուրքիստ եմ։ Պանթյուրքիզմը նացիոնալիզմ է։ Այն նաև իր մեջ է ներառում ռասիզմն ու թուրանիզմը։ Ռասիզմն ու թուրանիզմը չեն խախտում Սահմանադրությունը։ Ոչ մի մարդ չի կարող հետապնդվել այն մեղադրանքով, որը չկա Քրեական օրենսգրքում։ Պետությունն ինքն է ռասիզմ և թուրանիզմ դրսևորել՝ միացնելով Հաթայը[6]։

1946 թվականի օգոստոսի 26-ին վատ վերաբերմունքի և բանտում կտտանքների դեմ բողոքելուց հետո դատավարությունը կրկին վերսկսվել է ռազմական վճռաբեկ դատարանում։ 1947 թվականի մարտի 31-ին բոլոր ամբաստանյալները ներում են ստացել։ Դատարանը նաև հայտարարել է, որ 1944 թվականի մայիսի 3-ի ցույցերն ազգային գաղափարախոսության բողոքի արտահայտությունն էին ոչ ազգային գաղափարախոսության դեմ[7]։ «Ոչ ազգային գաղափարախոսություն» հասկացության տակ հանդես էր գալիս կոմունիզմը։ 1944 և 1947 թվականներին տարբեր որոշումներ կայացնելու պատճառը սկսված Սառը պատերազմն էր, ինչպես նաև այն, որ 1945 թվականի մարտին ԽՍՀՄ-ը հայտարարեց 1920-ական թվականներին խորհրդային-թուրքական սահմանի մասին կնքված պայմանագրերի վերանայման անհրաժեշտության մասին։

Մայիսի 3-ը մի շարք երկրներում նշվում է որպես պանթյուրքիզմի կամ թյուրքական համերաշխության օր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Biz Türk'üz, Türkçüyüz ve daima Türkçü kalacağız. Bizim için Türkçülük bir kan meselesi olduğu kadar bir vicdan ve kültür meselesidir. Biz azalan veya azaltan Türkçü değil, çoğalan ve çoğaltan Türkçüyüz. Ve her vakit bu istikamette çalışacağız. (Quelle: TBMM, Zabit Cerideleri, Devre 6, Cilt 27, S. 24-25)
  2. Orhun, 27 Nisan 1951, Sayı:30
  3. Orhun, 4 Mayıs 1951, Sayı:31
  4. Original: Bunlar Milli Şef ve onun gözde Milli Eğitim Bakanına nasıl gösteri yapabiliyorlardı? O zamana kadar Milli Şef’in müsaade etmediği hiçbir gösteri yapılamazdı. Demokrasi, Eşitlik, Hürriyet, Gençlik… Bütün bunlar Türkiye’nin 1944 iktidarında hep parad palavradır. Halkın alkışları, gençlikten çıkacak «yaşa» naraları kayıtsız şartsız İnönü'nün tekelinde kalmalıdır. Quelle: Alpaslan Türkeş, 1944 Milliyetçilik Olayı, İstanbul, 1992, S. 39
  5. Original: 3 Mayıs günü heyecanla sokağa fırlayan gençler kıyasıya dövüldüler. Kafaları yarıldı, gözleri patladı. Bazılarının kolları, kaburgaları kırıldı. Quelle: Hulusi Turgut, Türkeş'in Anıları-Şahinlerin Dansı, İstanbul, 1995, S. 40
  6. Original: Türkçüyüm. Türkçülük milliyetçiliktir. Irkçılık ve Turancılık da bunun şümûlüne dahildir. Memleket ya bu iki temel üzerinde yükselecek veya yıkılacaktır. Irkçılık ve Turancılık Anayasaya aykırı değildir. Ceza Kanununda sarahatle suç olduğu yazılmayan bir hakaretten dolayı kimse suçlandırılamaz. Devlet de icraatıyla açıkça ırkçı, Hatay’ı ilhak etmekle de Turancıdır. Quelle: [1] Արխիվացված 2020-10-29 Wayback Machine
  7. Arzu Öztürkmen, S. 196
  8. В Казани отметили День тюркизма возложением цветов к памятнику Садри Максуди