Ռաուլ Վալենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաուլ Վալենբերգ
շվեդ.՝ Raoul Gustav Wallenberg
Raoul Wallenberg.jpg
Ծնվել էօգոստոսի 4, 1912(1912-08-04)[1][2][3]
ԾննդավայրԿապստա, Lidingö Municipality, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Մահացել էհուլիսի 17, 1947(1947-07-17)[4] (34 տարեկանում)
Մահվան վայրԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՄիչիգանի համալսարան
Մասնագիտությունճարտարապետ, գործարար և դիվանագետ
Ծնողներհայր՝ Ռաուլ Օսկար Վալենբերգ, մայր՝ Մայ ֆոն Դարդել
Պարգևներ և
մրցանակներ
Աշխարհի արդարակյացներ[5] պատվավոր կանադական քաղաքացիություն Honorary citizen of the United States European Human Rights Prize Civil Courage Prize Raoul Wallenberg Award և Honorary citizen of Budapest
Կայքraoulwallenberg.net
Raoul Wallenberg Վիքիպահեստում

Ռաուլ Գուստավ Վալենբերգ (շվեդ.՝ Raoul Gustav Wallenberg, 4 օգոստոսի, 1912, Ստոկհոլմ – անհետացել է 1947 թվականի հուլիսին, Շվեդիայի հարկային իշխանությունների կողմից պաշտոնապես որպես մահվան ամսաթիվ հաստատվել է 1952 թվականի հուլիսի 31-ը[6][7], Լուբյանսկի բանտ, Մոսկվա), շվեդ դիվանագետ, որ Հոլոքոստի ժամանակ փրկել է տասնյակ հազարավոր հունգարացի հրեաների։ Խորհրդային բանակի կողմից Բուդապեշտի գրավումից հետո Վալենբերգը ձերբակալվել է ՍՄԵՐՇ-ի կողմից և գաղտնի ուղարկվել Մոսկվա։ Ենթադրաբար մահացել է խորհրդային բանտում 1947 թվականի հուլիսին[8][Ն 1]։ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին Շվեդիան Վալենբերգին պաշտոնապես ճանաչել է մահացած[9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուլ Վալենբերգը ծնվել է 1912 թվականի օգոստոսի 4-ին Կապստայում (Լիդինգյո կոմունա, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի մոտ։ Նրա ծնողներն ամուսնացել էին որդու ծննդից կարճ ժամանակ առաջ։ Հայրը՝ Ռաուլ Օսկար Վալենբերգը, որպես սպա ծառայել է Շվեդիայի ռազմածովային նավատորմում, մահացել է քաղցկեղից որդու ծնունդից մի քանի ամիս առաջ։ Մարը՝ Մայ Վիսինգ Վալենբերգը, եղել է նյարդաբանության պրոֆեսոր Պեր Վիսինգի դուստրը[11]։

Ռաուլ Վալենբերգը պատանեկան տարիքում

Հորական կողմից Ռաուլը սերել է Շվեդիայում հայտնի Վալենբերգների ընտանիքից, որի ներկայացուցիչների թվում եղել են շվեդ բազմաթիվ հայտնի դիվանագետներ ու ֆինանսիստներ։ Նրա պապը՝ Գուստավ Վալենբերգը, եղել է դիվանագետ և աշխատել է որպես Ճապոնիայում Շվեդիայի դեսպան այն ժամանակ, երբ ծնվել է Ռաուլը[11]։

Մորական կողմից Վալենբերգը եղել է Շվեդիայում հրեական համայնքի առաջին ներկայացուցիչներից մեկի՝ Բենդիքս անունով հրեայի սերունդներից. Բենդիքսը դարձել է ոսկերիչ ու ընդունել լյութերականություն[11]։

1918 թվականին Ռաուլ Վալենբերգի մայրն ամուսնացել է Ֆրեդերիկ ֆոն Դարդելի հետ, որն այդ ժամանակ աշխատում էր Շվեդիայի առողջապահության նախարարությունում։ Այդ ամուսնությունից ծնվել են երկու երեխաներ՝ Նինան ու Գի ֆոն Դարդելը, որը հետագայում դարձել է ֆիզիկոս-միջուլաբան։ Խորթ հայրը Ռաուլին վերաբերվել է իր հարազատ երեխաների նման, շատ է սիրել նրան ու փոխարինել է նրա վաղամեռիկ հորը[11]։

Ռաուլ Վալենբերգի դաստիարակությամբ զբաղվել է նրա պապը։ Սկզբում վերջինս տղային տվել է ռազմական դասընթացների, ապա ուղարկել Ֆրանսիա, որպեսզի սովորի ֆրանսերեն։ Ֆրանսիա գնալուց առաջ Վալնբերգն արդեն գիտեր ռուսերեն, գերմաներեն ու անգլերեն։ Դեռահասության տարիներին Վալենբերգը տարվել է ճարտարապետությամբ, այդ պատճառով էլ 1931 թվականին մեկնել է սովորելու ճարտարապետություն Անն Արբորում՝ Միչիգանի համալսարանում։ Համալսարանը նա ավարտել է գերազանցությամբ, ինչի համար պարգևատրվել է մեդալով։

Աշխատանք և բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Շվեդիայում իր ընտանիքի ունեցած դիրքին ու հարստությանը՝ 1933 թվականին նա մեկնել է Չիկագո, որտեղ աշխատել է «Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսի» շվեդական տաղավարում։ 1934 թվականի ամռանը նա այցելել է իր ազգականներին Մեքսիկայում[11]։

1935 թվականին Վալենբերգը վերադարձել է Ստոկհոլմ, մրցույթում ներկայացրել լողավազանի իր նախագիծը և զբաղեցրել երկրորդ տեղը։ Քանի որ ԱՄՆ գնալուց առաջ Ռաուլ Վալենբերգն իր պապին, որը երազում էիր թոռանը տեսնել որպես հաջողակ բանկիր, խոստացել էր զբաղվել կոմերցիայով, նա մեկնել է Քեյփթաուն (Հարավային Աֆրիկա)։ Այդտեղ նա ընդունվել է աշխատանքի իր պապի ծանոթի ընկերությունում։ Ռաուլը վաճառել է շինարարական նյութեր, ընկերության ործերով շրջել է ամբողջ երկրում։ Հեռանալուց առաջ նա իր գործատուից ստացել է փայլուն բնութագիր[11]։

1936 թվականին Ռաուլ Վալենբերգը Թուրքիայում այցելել է իր պապին, որն աշխատում էր որպես Շվեդիայի դեսպան այդ երկրում։ Գուստավ Վալենբերգը թոռան համար գտել է նոր աշխատանք «Հոլանդական բանկում» Բրիտանական Պաղեստինի տարածքում՝ Հայֆա քաղաքում։ Այնտեղ նա հանդիպել է երիտասարդ հրեաների, որոնք փախել էին նացիստական Գերմանիայից։ Այդ հանդիպումը խորը տպավորություն է թողել Վալենբերգի վրա։ Ուսումնասիրող Ջոն Բիրմանը, որը գիրք է գրել Վալենբերգի մասին, նշել է, թե դա կարող էր տեղի ունենալ Վալենբերգի՝ հրեա ժողովրդի մաս կազմելու գիտակցության պատճառով[11]։

Վալենբերգը հպարտացել է հրեա լինելով, այդ ժամանակ իր մասին ասել է. «Ինձ նման մարդուն՝ կիսով Վալենբերգի ու կիսով հրեայի, կոտրել անկարելի է»[11]։

1937 թվականին մահացել է Գուստավ Վալենբերգը։ Դրանից հետո Ռաուլ Վալենբերգը կարողացել է զբաղվել նրանով, ինչ ցանկացել է։ Ճարտարապետ դառնա նա չի կարողացել, որովհետև ամերիկյան դիպլոմի համար պահանջվել է հաստատում Շվեդիայում աշխատելու համար, սակայն նորից սովորել Վալենբերգը չի ցանկացել՝ համարելով, որ քսանգին տարեկանն արդեն ուշ է սովորելու համար։ Դրանից բացի, Մեծ ճգնաժամի պատճառով Շվեդիայում շինարարական քիչ աշխատանքներ են կատարվել։ Այդ ժամանակ նա որոշել է զբաղվել բիզնեսով՝ գործարք կնքելով գերմանացի հրեայի հետ, որն ստեղծել էր կայծակ-ճարմանդի նոր տեսակ։ Ձեռնարկությունը ձախողվել է, ինչից հետո Ռաուլը դիմել է իր Յակոբ քեռու օգնությանը։ Վերջինս նրան առաջարկել է մշակել նախագիծ, որը պատրաստվում էր օգտագործել իրեն պատկանող հողատարածքում։ Պատերազմի սկսվելու պատճառով երկրում շինարարությունը դադարեցվել է, և Ռաուլը նորից մնացել է առանց աշխատանքի[11]։

Յակոբը Ռաուլ Վալենբերգին աշխատանքի է տեղավորել Կենտրոնահրեական առևտրային ընկերությունում, որի տերն էր հունգարացի հրեա Կալման Լաուերը։ Ութ ամիս անց Վալենբերգը դարձել է ընկերության տնօրեններից մեկի՝ Լաուերի գործընկերը։ Այդ ժամանա նա շոտ ուղևորություններ է կատարել Եվրոպայում, ապրել է Ստոկհոլմում՝ «Լարկստադ» հոյւրանոցում, ունեցել է բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ։ Լիբերալ ու ընդհանուր-մարդասիրական հայացքների տեր Ռաուլ Վալենբերգին սարսափեցրել են Եվրոպայում նացիստների հաստատած կարգերը, սակայն նա ոչինչ փոխել չէր կարող։ Չնայած իր աշխատանքային պարտականությունները հիանալի կատարելուն՝ նա իր գործը չի սիրել[11]։

Դերասանուհի Վիվեկա Լինդֆուրշը հիշել է, որ երեկորներից մեկում Վալենբերգն իրեն պատմել է Եվրոպայում կատարվող դեպքերի մասին։ Նա կրքոտությամբ պատմել է այն մասին, թե ինչպիսի դաժանությամբ են նացիստները հալածում հրեաներին[11]։

Դիվանագիտական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հուլիսին Վալենբերգը նշանակվել է Բուդապեշտում շվեդական դիվանագիտական ներկայացուցչության առաջին քարտուղար։ Օգատգործելով իր դիվանագիտական կարգավիճակը՝ նա բազմաթիվ հրեաների տվել է շվեդական «պաշտպանական անձնագրեր», որոնց սեփականատերերն ստացել են Շվեդիայի քաղաքացու կարգավիճակ, որոնք սպասում էին հայրենադարձության։ ԽՍՀՄ Հատուկ արխիվի նախկին տնօրեն Անատոլի Պրոկոպենկոն պնդել է, որ խորհրդային հետախուզությունը գործակալի միջոցով հետևել է Վալենբերգին Բուդապեշտում, ինչի վերաբերյալ փաստաթղթերն ինքը գտել է 1991 թվականին Պետական անվտանգության կոմիտեի գլխավոր արխիվում[12]։

Ռաուլ Վալենբերգին հաջողվել է ռազմական հանցագործության համար պատժի սպառնալիքով գերմանացի մի քանի գեներալների համոզել, որ նրանք չկատարեն Հիտլերի հրամանները հրեաներին մահվան ճամբարներ ուղարկելու վերաբերյալ։ Այդպիսով նա կանխել է Բուդապեշտի գետտոյի ոչնչացումը Կարմիր բանակի հարձակմանը նախորդող օրերին։ Եթե այդ վարկածը ճիշտ է, ապա Վալենբերգին հաջողվել է փրկել 100 հազարից ոչ պակաս հունգարացի հրեաների։ Միայն Բուդապեշտի գետտոյում խորհրդային զորքերի ժամանման պահին եղել է 97 հազար հրեա։ Պատերազմից առաջ Հունգարիայում ապրած 800 հազար հրեաներից փրկվել է 204 հազարը։ Նրանցից շատերն իրենց փրկության համար պարտական են Ռաուլ Վալենբերգին։

Գոյություն ունեն մի քանի տարբերակներ այն մասին, թե ինչպես է դասավորվել Ռաուլ Վալենբերգի հետագա կյանքը։ 1945 թվականի հունվարի 13-ին խորհրդային զորքերի կողմից Բուդապեշտի գրավումից հետո նա իր վարորդ Վ. Լանգֆելդերի հետ միասին ձերբակալվել է խորհրդային պարեկախմբի կողմից Միջազգային կարմիր խաչի շենքում (ըստ մեկ այլ տարբերակի՝ նա անցել է 151-րդ հրաձգային դիվիզիոնի տնօրինության տակ ու խնդրել հանդիպում խորհրդային հրամանատարության հետ, ըստ երրորդ տարբերակի՝ ձերբակալվել է Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից իր բնակարանում)։

Դրանից հետո նա ուղարկվել է Ուկրաինական 2-րդ ռազմաճակատի հրամանատար Ռոդիոն Մալինովսկու մոտ, որին ցանկանում էր հայտնել ինչ-որ բան։ Սակայն ճանապարհին նա ձերբակալվել է ռազմական հակահետախուզության Սմերշի աշխատակիցների կողմից։ Ըստ այլ տարբերակի՝ Վալենբերգին իր բնակարանում ձերբակալելուց հետո նրան ուղարկել են խորհրդային զորքերի շտաբ։

Պրոֆեսոր Բենգտ Յանգֆելդտը պնդում է, որ Վալենբերգի ձերբակալության ժամանակ նրա մեքենայում հայտնաբերվել է մեծ քանակով ոսկի ու թանկարժեք իրեր, որոնք նրան վստահել էին հրեաները։ Ըստ Յանգֆելդտի՝ դա կարող էր դառնալ ձերբակալության պատճառ, քանի որ խորհրդային իշխանությունները կարող էին կարծել, թե դա եղել է նացիստների ոսկու տեղափոխման փորձ։ Յանգֆելդտը կարծում է, որ այդ թանարժեք իրերը գողացվել են խորհրդային հակահետախուզության կողմից, քանի որ դրանք գրանցված չէին որպես Վալենբերգի սեփականության նրա ձերկբակալության ժամանակ։ Դրանից բացի նա նշում է, որ Բուդապեշտում խորհրդային զորքերը թալանել են նաև Շվեդիայի դեսպանությունը[13]։

1945 թվականի մարտի 8-ին Բուդապեշտի «Կոշութ ռադիոն», որը գտնվել է խորհրդային վերահսկողության տակ, հայտնել է, որ Ռաուլ Վալենբերգը զոհվել է փողոցային մարտերի ժամանակ Բուդապեշտում։

Բանտարկություն ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի նամականիշ Ռաուլ Վալենբերգի նկարով, 2012

Ապացուցված է համարվում, որ Վալենբերգը Բուդապեշտից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ պահվել է Լուբյանկայի բանտում։ Գոյություն ունեն այդ ժամանակ բանտում գտնված գերմանացի կալանավորների վկայություններ, որոնք հայտարարում են, որ շփվել են Վալենբերգի հետ բանտային հեռագրի օգնությամբ մինչև 1947 թվականը։ Դրանից հետո, ըստ նրանց, Ռաուլին տեղափոխել են այլ վայր[14]։

Վալենբերգի անհետացումից հետո Շվեդիան մի քանի անգամ հարցումներ է կատարել նրա գտնվելու վայրի վերաբերյալ, սակայն խորհրդային կողմը հայտնել է, որ նման ինֆորմացիայի ինքը չի տիրապետում։ 1947 թվականի օգոստոսին Անդրեյ Վիշինսկին պաշտոնապես հայտարարել է, որ Վալենբերգը Խորհրդային Միությունում չէ, և խորհրդային իշխանություններին ոչինչ հայտնի չէ նրա մասին։ Սակայն 1957 թվականի փետրվարին խորհրդային կողմը խոստովանել է, որ Վալենբերգը ձերբակալվել է ու տեղափոխվել Մոսկվա։ որտեղ մահացել է ինֆարկտից 1947 թվականի հուլիսի 17-ին[14]։ Պ. Սուդոպլատովն իր հուշերում նշել է, որ հարցաքննություններով զբաղվել է պետական անվտանգության նախարարության ավագ սպա Դանիիլ Գրիգորևիչ Կոպելյանսկին[15], որը հետագայում հեռացվել է աշխատանքից սիոնիզմի հարելու կասկածանքների պատճառով։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արխիվում հայտնաբերվել է Անդրեյ Վիշինսկու գրությունը (№ 312-В թվագրված 1947 թվականի մայիսի 14-ով) Վյաչեսլավ Մոլոտովին, որում նշվում է. «Քանի որ Վալենբերգի գործը մինչև հիմա մնում է առանց փոփոխության, ես Ձեզ խնդրում եմ ընկ. Աբակումովին պարտավորեցնել ներկայացնել տեղեկանք գործի էության ու նրա լիկվիդացման առաջարկի վերաբերյալ»։ 1947 թվականի մայիսի 18-ին Վ. Մոլոտովն այդ փաստաթղթում մակագրել է. «Ընկ. Աբակումովին։ Խնդրում եմ զեկուցել ինձ»։ 1947 թվականի հուլիսի 7-ին Ա. Վիշինսկին Վ. Աբակումովին է ուղարկել նամակ, որում խնդրել է պատասխան տալ շվեդական կողմի հերթական հարցմանն արձագանքի նախապատրաստման համար։ ԽՍՀՄ պետական անվտանգության և արտաքին գործերի նախարարությունների փաստաթղթերի գրանցման մատյաններում Աբակումովի նամակը գրանցվել է Մոլոտովի անունից 1947 թվականի հուլիսի 17-ին, սակայն այն չի գտնվել արխիվներում[14]։

ԽՍՀՄ անկումից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշում է ընդունել շվեդ դիվանագետ Ռաուլ ՎԱլենբերգի ու նրա վարորդ Վիլմոշ Լանգֆելդերի ռեաբիլիտացիայի մասին Ռուսաստանի Դաշնության՝ 1991 թվականի հոկտեմբերի 18-ի «Քաղաքական բռնաճնշումների զոհերի ռեաբիլիտացիայի մասին» օրենքի հիման վրա։ Գլխավոր ռազմական դատախազության համապատասխան որոշումը հաստատել է ՌԴ գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովը։ Ըստ դատախազության տվյալների՝ «Վալենբեգի ու Լանգֆելդերի ձերբակալության ու բանտում պահվելու ստույգ պատճառները, նրանց մահվան փաստացի հանգամանքները, քրեական գործերի, ձերբակալվածների անձնական գործերի կամ ռազմագերիների գործերի նյութերի առկայությունը ստուգման ընթացքում պարզել չի հաջողվել» [8]։ Դատախազության եզրակացության մեջ ասվում է[16].

Վալենբերգն ու Լանգֆելդերը 1945 թվականի հունվարին, լինելով Բուդապեշտում շվեդական առաքելության աշխատակիցներ, դրանից բացի՝ ունենալով չեզոք երկրի դիվանագիտական անձեռնմխելիություն, որը չէր պատերազմում ԽՍՀՄ-ի դեմ, կալանավորվել են ու ձերբակալվել որպես ռազմագերիներ և պահվել երկար ժամանակ՝ ընդհուպ մինչև իրենց մահը խորհրդային բանտերում՝ կասկածվելով արտասահմանյան հետախուզությունների օգտին լրտեսելու մեջ։

Գլխավոր դատախազության եզրակացությունը ենթարկվել է քննադատության։ Պատմաբան և լրագրող Վլադիմիր Աբարինովը կարծում է, որ դատախազությունը չէր կարող հաստատել, թե որոշակիորեն ինչում են կասկածվել Վալենբերգն ու նրա վարորդը, նշել բանտում նրանց պահվելու կարգավիճակները և եզրակացություն անել բռնաճնշումների անհիմն լինելու վերաբերյալ, եթե իրականում գտնված չլինեին գործի նյութերը[17]։

2010 թվականի ապրիլին ամերիկացի պատմաբաններ Ս. Բերգերն ու Վ. Բիրշտեյնը ենթադրություն են հայտնել, որ 1947 թվականի հուլիսի 17-ին Վալենբերգի մահանալու վարկածը սուտ է։ Անվտանգության դաշնային ծառայության արխիվում աշխատելու ընթացքում նրանք պարզել են, որ 1947 թվականի հուլիսի 23-ին ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության (ռազմական հակահետախուզություն) 3 գլխավոր վարչության 4 բաժնի պետ Սերգեյ Կարտաշովը տասնվեց ժամ հարցաքննել է ոմն «համար 7 կալանավորի», ինչպես նաև Վիլմոշ Լանգֆելդերին ու Շանդոր Կատոնին։ Լանգֆելդերը եղել է Վալենբերգի վարորդը։ Ենթադրվում է, որ «համար 7 կալանավորը», ամենայն հավանականությամբ, եղել է Ռաուլ Վալենբերգը[18]։

Այնուամենայնիվ, 2016 թվականին հայտնաբերված Իվան Սերովի օրագրերում նույնպես կա վկայություն 1947 թվականին Վալենբերգի սպանության վերաբերյալ[19]։ Ըստ նրա հուշերի՝ ձերբակալված Աբակումովը հարցաքննության ժամանակ խոստովանել է, թե իբր Վալենբերգին լիկվիդացնելու հրամանն ստացվել է Ստալինից և արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովից[20]։

2016 թվականի սեպտեմբերի 22-ին RWI-70 (Raoul Wallenberg Research Initiative-70) միջազգային հետազոտական խմբի համակարգող Սյուզաննա Բերգերը հայտնել է, որ Վալենբերգի հարազատներն ու ուսումնասիրողները դիմել են անվտանգության դաշնային ծառայություն՝ խնդրելով իրենց տալ նախկինում անհասանելի փաստաթղթեր, այդ թվում նաև Աբակումովի հարցաքննությունների արձանագրությունները, ինչպես նաև մի շարք փաստաթղթերի բնօրինակներ (որոնք նախկինում ներկայացվել են մասամբ խմբագրված ձևով)[20]։ Անվտանգության դաշնային ծառայությունը մերժել է նրանց խմդրանքը, ինչից հետո Վալենբերգի հարազատների՝ անվտանգության դաշնային ծառայության դեմ ներկայացված հայցը Մոսկվայի Մեշչանսկի դատարանում նույնպես մերժվել է 2017 թվականի սեպտեմբերի 18-ին[21]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուլ Վալենբերգի մայրը՝ Մեյ ֆոն Դարդելը (Maj von Dardel) և խորթ հայրը՝ Ֆրեդերիկ ֆոն Դարդելը(Fredrik von Dardel), 1979 թվականին ինքնասպանություն են գործել հուսահատությունից, որովհետև խորհրդային իշխանությունները չեն ցանկացել բացահայտել Ռաուլի մահվան հանգամանքները[9]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենբերգի հուշարձանը Թել Ավիվի Ռամաթ հա Հայալ շրջանի Վալենբերգի փողոցում
Ռաուլ Վալենբերգի հուշարձանը Լոնդոնում
Հուշատախտակ Լինչոպինգ, Շվեդիա

Ռաուլ Վալենբերգը Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկած ամենահայտնի մարդկանցից մեկն է։ Նրա կենսագիրներից մեկը՝ Պոլ Լևինը, գրել է[22].

Ռաուլ Վալենբերգը եղել է այն համեմատաբար ոչ մեծ թվով քրիստոնեադավան եվրոպացիներից մեկը, որոնք 1933-1945 թվականներին իսկապես ջանացել են օգնության հասնել հրեա եղբայրներին։

Մարդկությանը մատուցած ծառայությունների համար Վալենբերգի հուշարձաններ են տեղադրվել աշխարհի բազմաթիվ քաղաքներում, մասնավորապես Ստոկհոլմում, Բուդապեշտում, Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում[23], Թել Ավիվում, Բրատիսլավայում, Սանտյագոյում և այլն։

1963 թվականի նոյեմբերի 26-ին Իսրայելի աղետի ու հերոսականության Յադ Վաշեմ ինստիտուտը Ռաուլ Վալենբերգին շնորհել է աշխարհի ժողովուրդների արդարակյացի կոչում[24]։ 1981 թվականին ամերիկացի կոնգրեսմեն Թոմ Լանտոսը, որը եղել է Հունգարիայում Վալենբերգի փրկած մարդկանցից մեկը, դարձել է Վալենբերգին ԱՄՆ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու նախաձեռնողներից մեկը։ Վալենբերգը նաև Կանադայի (1985), Հունգարիայի ու Իսրայելի պատվավոր քաղաքացի է։ 1981 թվականին ԱՄՆ-ում ստեղծվել է Ռաուլ Վալենբերգի կոմիտե, որպեսզի «հավերժացվեն Ռաուլ Վալենբերգի մարդասիրական գաղափարներն ու ոչ բռնի արիությունը»։ Կոմիտեն ամեն տարի Ռաուլ Վալենբերգի անվան մրցանակ է շնորհում այն մարդկանց, որոնք իրականացնում են այդ նպատակները։ 1997 թվականին ԱՄՆ-ում թողարկվել է Վալենբերգին նվիրված նամականիշ[25]։ 2012 թվականի հուլիսի 26-ինՎալենբերգը հետմահու պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալով «ի նշան ճանաչման նրա ձեռքբերումների և հերոսական գործողությունների Հոլոքոստի ժամանակ»[26]։

2001 թվականի մայիսի 5-ին տեղի է ունեցել Վալենբերգ օպերայի պրեմիերան Դորտմունդի օպերային թատրոնում[27][28][29][30][31][32] (կոմպոզիտոր՝ Էրկի Սվեն Թյույր)։ 2008 թվականի փետրվարի 21-ին Բրեմենի թատրոնում ներկայացվել է «Ռաուլ» օպերան[33][34] (կոմպոզիտոր՝ Գերշոն Կինգսլի, լիբրետոյի հեղինակ՝ Մինխայել Կունցե)։

Վալենբերգի պատվին կոչվել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաուլ Վալենբերգի կերպարն օգտագործվել է մի շարք ֆիլմերում։ 1985 թվականին նկարահանվել է «Վալենբերգ։ Հերոսի պատմությունը» (անգլ.՝ Wallenberg: A Hero's Story) հեռուստաֆիլմը, որի գլխավոր դեր կատարել է Ռիչարդ Չեմբերլեն։ Ռեժիսոր Քյել Գրեդեն նկարահանել է «Բարի երեկո, պարոն Վալենբերգ» (անգլ.՝ Good Evening, Mr. Wallenberg) ֆիլմը, որը թողարկվել է 1990 թվականին, իսկ գլխավոր դերը կատարել է Ստելլան Սկարսգորդը։

Նկարահանվել են նաև մի քանի վավերագրական ֆիլմեր՝ նվիրված Վալենբերգի ճակատագրին։ Դրանցից մեկը, որ 1983 թվականին նկարահանել է Դևիդ Հարելը, կոչվում է «Ռաուլ Վալենբերգ։ Կենդանի թաղվածը» (անգլ.՝ Raoul Wallenberg Buried Alive)։ 1985 թվականին Լամոնտ Ջոնսոնը նկարահանել է «Վալենբերգ։ Հերոսի պատմությունը» (անգլ.՝ Wallenberg: A Hero's Story) ֆիլմը։ Դրանցից բացի Կարին Ալտմանի կողմից 1986 թվականին ստեղծվել է «Ռաուլ Վալենբերգ։ Տողերի արանքում» (անգլ.՝ Raoul Wallenberg: Between the Lines) ֆիլմը, իսկ 2001 թվականին Ռոբերտ Լ. Քիմելը նկարահանել է «Վալենբերգի որոնումները» (անգլ.՝ Searching for Wallenberg) ֆիլմը[36]։ 2011 թվականին ռեժիսոր Գրիգորի Իլուգդինը Սերգեյ Բարաբանովի սցենարով նկարահանել է «Սոլո միայնակ բուերի համար» (ռուս.՝ «Соло для одиноких сов») վավերագրական ֆիլմը[37][38]։

Ռուս գրող Էդվարդ Ռաձինսկին «Իոսիֆ Ստալին։ Վերջին հանելուկը» (ռուս.՝ «Иосиф Сталин. Последняя загадка»)[39] վեպում գրական հերոսի՝ վրացի հեղափոխական Ֆուձիի շուրթերով պնդում է, որ Վալենբերգի գերեվարման ու զոհվելու պատճառները եղել են գեստապոյի ղեկավար Հենրիխ Մյուլլերի փորձերը՝ Վալենբերգի դիվանագիտական կապերն օգտագործել խորհրդային զորքերի կողմից իր գերեվարման պայմանների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերելու համար՝ փրկագնվելով համակենտրոնացման ճամբարների կալանավորներին ազատելով։ «Այդպիսի ինֆորմացիայով Վալենբերգին մենք չէինք ուզում թողնել ազատության մեջ»,– ասում է Ֆուձին։

Գրող Յուլիան Սեմյոնովը Վալենբերգի կերպարն օգտագործում է խորհրդային հետախույզ Շտիրլիցի մասին պատմող շարքի «Հուսահատություն» վեպում՝ առաջարկելով դիվանագետի մահվան իր վարկածը։

Վայներ եղբայրների «Դահճի ավետարան» (ռուս.՝ «Евангелие от палача») վեպի հերոսի՝ պետական անվտանգության նախարարության աշխատակցի միջոցով պնդում է, որ Ռաուլ Վալենբերգը կենդանի է եղել 1947 թվականին նրա մահվան մասին հայտարարելուց վեց տարի անց։

Ռաուլ Վալենբերգի նկարն օգտագործվում է SCP Foundation կայքում՝ SCP-356 օբյեկտի մասին հոդվածում[40]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՊԱԿ-ի հայտնի ֆունկցիոներ Իվան Սերովի օրագրում նշվում է, որ Վալենբերգը գաղտնի գնդակահարվել է 1947 թվականին («Sweden declares Holocaust hero Raoul Wallenberg officially dead»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Arkitekter verksamma i Sverige — 2014.
  2. Encyclopædia Britannica
  3. SNAC — 2010.
  4. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. http://www.yadvashem.org/righteous/stories/wallenberg.html
  6. «Sweden declares Raoul Wallenberg dead 71 years after disappearance» (անգլերեն)։ The Guardian։ 31 октября 2016։ Վերցված է 2018-05-13 
  7. Örjan Magnusson (31 октября 2016)։ «Raoul Wallenberg har dödförklarats» (շվեդերեն)։ SVT Nyheter։ Վերցված է 2016-11-14 
  8. 8,0 8,1 «Решение Генпрокуратуры по Раулю Валленбергу»։ Интерфакс։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-8-4 
  9. 9,0 9,1 «Sweden declares Holocaust hero Raoul Wallenberg officially dead»
  10. «В Швеции официально объявили умершим дипломата Валленберга»։ interfax.ru։ 31 октября 2016։ Վերցված է 2016-11-01 
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 Бирман, 2007, էջ 13-19
  12. Владимир Исаченков.։ «Работник архивов подвергает сомнению версию Кремля по делу Валленберга»։ ИноСМИ (The Associated Press)։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-13-ին։ Վերցված է 2013-5-11 
  13. «Wallenberg hade bilen full av guld»։ Svenska Dagbladet։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին 
  14. 14,0 14,1 14,2 «Отчет о деятельности российско-шведской рабочей группы по выяснению судьбы Рауля Валленберга (1991-2000 годы)»։ Министерство иностранных дел Российской Федерации։ Վերցված է 2014-7-19 
  15. Копелянский Даниил Григорьевич
  16. «Генпрокуратура приняла решение о реабилитации Рауля Валленберга и его водителя»։ NEWSru.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-8-5 
  17. Абаринов В.։ «Реабилитация Лубянки»։ Грани.Ру։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-8-5 
  18. «ФСБ косвенно подтвердила ложность советской версии судьбы Рауля Валленберга»։ Lenta.ru]]։ 3 апреля 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-12-ին։ Վերցված է 2010-08-13 
  19. В тайнике в стене подмосковной дачи нашлась информация о судьбе Рауля Валленберга.
  20. 20,0 20,1 Родственники шведского дипломата Валленберга просят ФСБ рассекретить документы, касающиеся его смерти в СССР. NEWSru.com, 22.09.2016.
  21. «Суд в Москве отклонил иск племянницы Валленберга к ФСБ»։ Интерфакс։ 18 сентября 2017 
  22. Энергия добра и молот зла
  23. «На Яузских воротах поставили памятник Валленбергу»։ NEWSru.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-8-4 
  24. «Рауль Валленберг»։ Яд Вашем։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-8-4 
  25. «Рауль Валленберг: И один в поле воин»։ SWEDEN.SE։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-8-4 
  26. «The Library of Congress: Bill Summary & Status 112th Congress (2011 - 2012) H.R. 3001»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-05-ին 
  27. «News»։ Emic.ee։ Վերցված է 30 March 2016 
  28. «Wallenberg» in Estonian National Opera Archived 14 October 2012 at the Wayback Machine.
  29. «Wallenberg». SEEN AND HEARD INTERNATIONAL OPERA REVIEW Archived 4 March 2016 at the Wayback Machine.
  30. «Oper & Tanz 2001/04: Berichte, Uraufführung von Tüürs 'Wallenberg' in Dortmund»։ Operundteanz.de։ Վերցված է 30 March 2016 
  31. «- Programm - Badisches Staatstheater Karlsruhe»։ Staatstheater.karlsruhe.de։ Վերցված է 30 March 2016 
  32. https://www.youtube.com/watch?v=PSpGk-sxzlU scenes from the performances at the Estonian National Opera
  33. «Operacompetition - Hasznos infók egy helyen»։ Operacompetition։ Վերցված է 30 March 2016 
  34. «Holocaust education fund to honor Raoul Wallenberg»։ New Jersey Jewish News - NJJN։ Վերցված է 30 March 2016 
  35. Исаак Шварц. «Жёлтые звёзды». Концерт для оркестра памяти Р.Валенберга (Национальный филармонический оркестр России под упр. В. Спивакова)
  36. «Фильмы о Рауле Валленберге ([[անգլերեն|անգլ.]]՝ Filmography about Raoul Wallenberg (անգլերեն)։ Международный Фонд Рауля Валленберга։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-25-ին։ Վերցված է 2012-03-03 
  37. Фильм о Валленберге // svobodanews.ru
  38. Николай Долгополов. Загадка навечно // «Российская газета», Федеральный выпуск № 5607 (231) 14.10.2011.
  39. Иосиф Сталин. Последняя загадка
  40. «SCP-356 - Самодопрос - The SCP Foundation» (ռուսերեն)։ scpfoundation.ru։ Վերցված է 2018-01-31 

Գրականութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Безыменский Л. А. Будапештская миссия. — М.: Совершенно секретно, 2001. — 44 с. — ISBN 5-89048-093-6
  • Бирман Джон. Праведник: история о Рауле Валленберге, пропавшем герое Холокоста / Пер. с англ. Б. Ерхова. — М.: Текст, 2007. — 399 с. — (Праведники). — ISBN 978-5-7516-0662-0
  • Валленберг / Рогинский В. В. // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 538. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  • Янгфельдт Б. Рауль Валленберг. Исчезнувший герой Второй мировой. — М.: Corpus, 2014. — 640 с. — ISBN 978-5-17-087296-1
  • Levine, Paul A. Raoul Wallenberg in Budapest: Myth, History and Holocaust (London: Valentine Mitchell, 2010)
  • Matz, Johan. "Sweden, the United States, and Raoul Wallenberg's Mission to Hungary in 1944", Journal of Cold War Studies (2012) 14#3 pp 97–148 in Project MUSE

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]