Ռամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամի սպիտակ

Ռամի, Չինեղինջ, եղինջազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Խոտաբույսեր կամ կիսաթփեր են։ Հայտնի է մոտ 100 տեսակ, առավելապես աճում են արևադարձային կլիմայի պայմաններում։ Թելի համար մշակվում է մեկ տեսակ։ Ռամի սպիտակը կամ Չինական եղինջը, խոտանման, կոճղարմատավոր բույս է, 2—3-ի(երբեմն 4 մ) բարձրությամբ, կանգուն, չճյուղավորված ցողուններով։ Տերևները խոշոր են, կլորավուն-ձվաձև, սուր, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները մանր են, բաժանասեռ՝ հավաքված բազմածաղիկ ծաղկաբույլերում (խոնարհված հուրան)։ Պտուղը շատ մանր սերմիկ է։ 100 պտղի կշիռը 0,14 գ է։ Ռամին խոնավասեր բույս է, պահանջում է բերրի հողեր։ Հայրենիքը Չինաստանն է։ Մշակվում է նաև Ճապոնիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Կորեայում, Եգիպտոսում։ ՍՍՀՄ-ում տարածված չէ։ Ռամի թելը աչքի է ընկնում ամրությամբ, առաձգականությամբ, փայլով են։ Օգտագործվում է տեքստիլ և կոշիկի արդյունաբերության մեջ, ձկնորսական ցանցերի, գործվածքների, ինչպես նաև բարձրորակ թղթի արտադրության համար։ Այն աշխարհում լավագույն թելատու բույսերից մեկն է։ Նրան անվանում են նաև չինական եղինջ։ Ռամին նման է մեր սովորական եղինջին։ Գոյություն ունեն ռամու մի քանի տասնյակ տեսակներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կ․ Մ․ Հարությունյան, բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, Լույս հրատարակչություն, Երևան, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամի» հոդվածին։