Ռադիոինտերֆերոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիոինտերֆերոմետր Վեստերբորկի աստղադիտարանում (Նիդեռլանդներ)

Ռադիոինտերֆերոմետր, ռադիոընդունիչ սարք, որի աշխատանքի հիմքում ընկած է ռադիոալիքների ինտերֆերենցիայի երևույթը։

Աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզագույն ռադիուինտերֆերոմետրը կազմված է միմյանցից որոշակի հեռավորության վրա (այդ հեռավորությունը կոչվում է ռադիոինտերֆերոմետրի բազա) տեղադրված երկու անտենաներից, որոնք ընդհանուր ռադիոընդունիչին միացվումեն ֆիդերային կամ դիոռելեային գծերի միջոցով։ Երբ Երկրի պտույտի կամ ռադիոաղբյուրի սեփական շարժման հետևանքով փոխվում է ռադիոինտերֆերոմետրի բազայի դիրքորոշումը ռադիոճառագայթման աղբյուրի ուղղության նկատմամբ, փոխվում է նաև աղբյուրից անտենաներին հասնող ազդանշանների (ալիքների) ճանապարհների տարբերությունը, այսինքն՝ փուլերի տարբերությունը ընդունիչի մուտքում։

Արդյունքում ստացվում է բազմաթերթիկ ինտերֆերենցիոն դիագրամ։ Որքան մեծ են բազայի և ընդունվող ալիքի երկարությունների հարաբերությունը և աղբյուրի շարժման անկյունային արագությունը, այնքան ինտերֆերենցիոն թերթիկները սուր են, և սարքի լուծող ուժը՝ մեծ։ Իսկ ինտերֆերենցիան այնքան ավելի հստակ է, որքան աղբյուրի անկյունային չափերը փոքր են ինտերֆերենցիոն թերթիկի լայնության համեմատությամբ։ Ինտերֆերոմետրի հայտնի բնութագրերի դեպքում կարելի է որոշել ռադիոճառագայթման աղբյուրի ճշգրիտ կոորդինատները, անկյունային չափերը և այլ պարամետրեր․ ահա թե ինչու ռադիոինտերֆերոմետրերը լայն կիրառություն են գտել ռադիոաստղագիտության, տիեզերագնացության մեջ, ռադիոգեոդեզիայում և գիտության ու տեխնիկայի այլ բնագավառներում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոինտերֆերոմետրերը բազմատեսակ են․ դրանք կարող են լինել բազմատարր՝ կազմված տասնյակ և հարյուրավոր անտենաներից։ Ռադիոինտերֆերոմետրի անտենաներից մեկը կարելի է փոխարինել որևէ պասսիվ անդրադարձնող մակերևույթով, օրինակ, օգտագործել ծովի ջրի մակերևույթը (ծովային ինտերֆերոմետր), Լուսինը, մոլորակները, արհեստական արբանյակները և այլն։ Վերջին տարիներին ռադիոաստղագիտության մեջ կիրառվում են սկզբունքորեն նոր տեսակի՝ գերերկար բազայով (կամ անկախ հետերոդիններով) ռադիոինտերֆերոմետրեր, որոնցում երկու անտենաներին հասնողվ ազդանշանները միաժամանակ ընդունվում են երկու անկախ ընդունիչներով, փոխակերպվում և գրանցվում հիշող սարքում։ Իսկ այդ ազդանշանների համադրումը կատարվում է լաբորատոր պայմաններում, էլեկտրոնային հաշվողական մեքենաներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png