Ռադեցկու մարշ (Յոհան Շտրաուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադեցկու մարշ
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրքայլերգ
ԿոմպոզիտորՅոհան Շտրաուս
Լիբրետտոյի
հեղինակ
Յոհան Շտրաուս
Առաջնախաղի տարեթիվօգոստոսի 31, 1848
ՏոնայնությունՌե մաժոր
 Radetzky March Վիքիպահեստում

«Ռադեցկու մարշ» (op. 228), հեղինակ՝ ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուս ավագ։ Կոմպոզիտորն այն գրել է 1848 թվականին՝ ի պատիվ ավստրիացի ֆելդմարշալ, կոմս Յոզեֆ Ռադեցկու։ «Ռադեցկու մարշը» Շտրաուսի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է։ Այն կազմված է երեք մասից։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Ռադեցկին

«Ռադեցկու մարշը» գրվել է, որպեսզի ավստրիացի զինվորները նրա հնչյունների ներքո ողջունեին ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկուն, ով փառքով վերադառնում էր Իտալիայում ծագած ապստամբությունը ճնշելուց հետո։ Մարշն առաջին անգամ հնչել է 1848 թվականի օգոստոսի 31-ին՝ Իտալիայից վերադարձած և Վիեննայի փողոցներում քայլող զինվորների առջև։ Ավելի ուշ այն դարձավ Ռադեցկու հուսարական գնդի շքերթային քայլերգը։ 19-րդ դարի կեսերին ոմն ավստրիացի՝ Շրամ ազգանունով, դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական դրագունական գվարդիայի նվագախմբի ղեկավարը։ Նրա կարծիքով այս ստեղծագործության ռիթմն ու հնչողությունը ասես ստեղծված լինեին հենց անգլիական հեծելազորային գնդի համար, և որոշեց «Ռադեցկու մարշը» դարձնել վերջինիս շքերթային քայլերգը։ Այս մարշն առավել կապվեց անգլիական հեծելազորային գնդին 1896 թվականին, երբ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը թույլատերց վերջինիս դրոշի վրա պատկերել ավստրիական զինանշանը՝ երկգլխանի արծիվ։ Դրանից ի վեր «Ռադեցկու մարշը» մինչև օրս գնդի արագ քայլերգն է։

Քայլերգի կատարումն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբն Ամանորին նվիրված համերգները մշտապես ավարտում է «Ռադեցկու մարշ»-ով։ Ավանդույթի համաձայն, ներկա հանդիսատեսները ձայնակցում են ռիթմին համահունչ ծափերով ու ոտքերը դոփելով։ Ասում են, որ այդ ավանդույթը գալիս է 1848 թվականից, երբ առաջին անգամ այն հնչեց ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկուն ու նրա զինվորներին դիմավորելիս։ Մարշի հնչյուններն այնքան էին ոգևորել ներկա սպաներին ու պետական պաշտոնյաներին, որ նրանք, չնայած իրենց խիստ զսպվածությանը, ակամա սկսել էին տեղում դոփել ռիթմի ներքո։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jeroen H.C. Tempelman: On the Radetzky March (PDF-Datei; 221 kB), S.5, abgerufen am 19. Januar 2014.
  • Gala Artística Musical — Ejército de Chile
  • Bo Jensen. Totaloplevelse i NRGI Park // Tribune: Magasin for Århus Elite, # 30, 4.03.2008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադեցկու մարշ (Յոհան Շտրաուս)» հոդվածին։