Ջրհեղեղ Չինաստանում (1931)
| Երկիր | Չինաստանի Հանրապետություն | |
|---|---|---|
| Կոորդինատներ | 30°34′52″N 114°16′23″E | |
| Թվական | 1931 | |
| Զոհվածների քանակ | 145 000, 3 700 000, 4 000 000, 2 031 974 | |
| Պատճառ | ցիկլոն | |

1931 թվականի Չինաստանի ջրհեղեղներ կամ 1931 թվականի Յանցզի-Հուայ գետերի ջրհեղեղներ, մի շարք ավերիչ ջրհեղեղներ, որոնք տեղի են ունեցել 1931 թվականի հունիսից օգոստոս Չինաստանում՝ հարվածելով այնպիսի խոշոր քաղաքների, ինչպիսիք են Ուհանը, Նանկինը և այլ բնակավայրեր։ Աղետը վերջնականապես գագաթնակետին է հասել 1931 թվականի օգոստոսի 25-ին, երբ Գաոյոու լճի շրջանում ճեղքվել է ամբարտակը։
Զոհերի թվի վերաբերյալ գնահատականները զգալիորեն տարբերվում են։ Նանկինի համալսարանի կողմից իրականացված դաշտային ուսումնասիրությունը, որը ղեկավարել է Ջոն Լոսինգ Բաքը, ջրհեղեղից անմիջապես հետո պարզել է, որ խեղդվել է մոտ 150,000 մարդ։ Սակայն նշվել է, որ այդ թիվը ներկայացնում է ջրհեղեղի առաջին 100 օրվա ընթացքում բոլոր մահացածների քառորդից պակասը[1]։
Պաշտոնական զեկույցում նշվում է, որ 140,000 մարդ խեղդվել է, իսկ ընդհանուր առմամբ 2 միլիոն մարդ մահացել է ջրհեղեղի հետևանքով՝ խեղդվելու կամ սննդի պակասի պատճառով[2][3]։ Հաջորդ տարի՝ 1932 թվականի մայիսից, բռնկվեց խոլերայի համաճարակ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ դրա հետևանքով գրանցվել է 31,974 մահվան դեպք և 100,666 վարակման դեպք[4]։
Օթերևութաբանական պատճառներ և ֆիզիկական հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1928-1931 թվականներին Չինաստանը տուժեց երկարատև երաշտից[5]։ 1930-1931 թվականների հաջորդող ձմեռը հատկապես խիստ էր՝ լեռնային շրջաններում առաջացնելով ձյան և սառույցի մեծ կուտակումներ։ 1931 թվականի սկզբին հալվող ձյունն ու սառույցը հոսեցին գետն ի վար և հասան Յանցզի գետի միջին հոսանքներ՝ գարնանային հորդառատ անձրևների ժամանակահատվածում։
Սովորաբար այդ տարածաշրջանում գարնանը, ամռանը և աշնանը, համապատասխանաբար, ջրի մակարդակի բարձրացման երեք ժամանակաշրջան էր լինում։ Սակայն 1931 թվականի սկզբին տեղի ունեցավ մեկ շարունակական և հսկայական ջրհեղեղ։ Հունիսին ցածրադիր շրջաններում բնակվող մարդիկ արդեն ստիպված էին լքել իրենց տները[6]։ Ամառը նույնպես բնութագրվում էր ցիկլոնային ակտիվության ծայրահեղ բարձր մակարդակով։ Միայն այդ տարվա հուլիսին տարածաշրջանին հարվածեց ինը ցիկլոն, ինչը զգալիորեն գերազանցում էր տարեկան միջին ցուցանիշը՝ երկու ցիկլոնը[7]։ Յանցզի գետի երկայնքով գտնվող չորս օդերևութաբանական կայաններ տվյալ ամսվա ընթացքում գրանցել են ընդհանուր առմամբ ավելի քան 600 մմ (24 դյույմ) տեղումներ[7]։ Յանցզի գետով հոսող ջրի մակարդակը հասավ իր ամենաբարձր ցուցանիշին՝ սկսած 19-րդ դարի կեսերից, երբ սկսվեցին գրանցումները[6]։ Այդ աշնանը տեղացած նոր հորդառատ անձրևներն ավելի բարդացրին իրավիճակը, և որոշ գետեր մինչև նոյեմբեր չվերադարձան իրենց բնական հունին։
Հեղեղվեց մոտավորապես 180,000 քառակուսի կիլոմետր (69,000 քառակուսի մղոն) տարածք՝ չափերով համարժեք Անգլիայի և Շոտլանդիայի կեսի տարածքին կամ Նյու Յորք, Նյու Ջերսի և Կոնեկտիկուտ նահանգների միասնական տարածքին։
Օգոստոսի 19-ին Հանկոուում (Ուհան) գրանցված ջրի առավելագույն մակարդակը ցույց տվեց, որ ջրի մակարդակը միջինից բարձր էր 16 մետրով (53 ֆուտ), իսկ Շանհայի Բունդի միջին ջրի մակարդակից՝ 1.7 մետրով (5.6 ֆուտ)[7][8]։ Չինարենում այս իրադարձությունը սովորաբար հայտնի է որպես 江淮水灾 (Յանցզի-Հուայ գետերի ջրհեղեղի աղետ)։ Երկրի մեծ մասում ջրային ուղիները հեղեղվել էին, հատկապես՝ Դեղին գետը և Մեծ ջրանցքը։
Առավել ծանր տուժած ութ նահանգներն էին՝ Անհույը, Հուբեյը, Հունանը, Ցզյանսուն, Չժեցզյանը, Ցզյանսին, Հենանը և Շանդունը։
Ջրհեղեղի հիմնական գոտուց դուրս նույնպես բազմաթիվ տարածքներ էին հեղեղվել՝ հարավում մինչև Գուանդուն, հյուսիսում մինչև Մանջուրիա, իսկ արևմուտքում մինչև Սիչուան[9][10]։
Զոհերի թիվ և վնասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ջրհեղեղը հաճախ ընդգրկվում է Չինաստանի՝ ըստ զոհերի թվի աղետների ցանկում, իսկ երբեմն նաև գլխավորում է աշխարհի ամենամահաբեր բնական աղետների ցանկերը[11]։

Այդ ժամանակ կառավարությունը գնահատել է, որ ջրհեղեղից տուժել է 25 միլիոն մարդ։ Հետագա պատմաբանները ենթադրել են, որ իրական թիվը կարող էր հասնել մինչև 53 միլիոնի[12]։
Մահացածների թվի վերաբերյալ գնահատականները նույնպես զգալիորեն տարբերվում են[13]։ Ժամանակակից ուսումնասիրությունները, որոնք իրականացրել էր Ջոն Լոսինգ Բաքը, պնդում էին, որ ջրհեղեղի առաջին ամիսներին առնվազն 150,000 մարդ խեղդվել էր, իսկ հաջորդ տարվա ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ մահացել էին սովից և հիվանդություններից։ Ժամանակակից մամուլի հաղորդագրությունների հիման վրա չինացի պատմաբանները՝ Լի Վենհայի գլխավորությամբ, զոհերի թիվը հաշվարկել են 422,420[9]։ Որոշ արևմտյան աղբյուրներ պնդում են, որ զոհերի թիվը կազմել է 3.7-4 միլիոն մարդ՝ հիմնվելով սովի և հիվանդությունների հետևանքով մահերի իրենց գնահատականների վրա[5][14]։ Յանցզի գետի երկայնքով նավակների վրա ավանդաբար բնակվող Տանկա ժողովուրդը նույնպես մեծապես տուժեց ջրհեղեղից[15]։
Ջրհեղեղը ոչնչացրեց բնակելի տարածքների և գյուղատնտեսական հողերի հսկայական հատվածներ[16]։ Յանցզիի ամբողջ հովտում ոչնչացվել էր ցորենի և բրնձի բերքի մոտ 15%-ը, իսկ ջրհեղեղից առավել տուժած շրջաններում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր էր։ Աղետը նաև առաջացրեց տնտեսական ցնցում, որի հետևանքով կենսական նշանակության ապրանքների գները կտրուկ բարձրացան[7][17]։
Աղետի համատեղ էկոլոգիական և տնտեսական հետևանքների պատճառով բազմաթիվ շրջաններ հայտնվեցին սովի մեջ։ Սննդի պակասի պայմաններում մարդիկ ստիպված էին ուտել ծառերի կեղև, մոլախոտեր և հող։ Ոմանք իրենց երեխաներին վաճառում էին՝ գոյատևելու համար, իսկ մյուսները դիմում էին մարդակերության։
Ջրհեղեղի ամենամահաբեր հետևանքներից էին այն հիվանդությունները, որոնք տարածվում էին տեղահանված և փախստական բնակչության շրջանում՝ մարդկանց տեղաշարժի, գերբնակեցման և սանիտարական համակարգի խափանման պատճառով։ Դրանց թվում էին խոլերան, կարմրուկը, մալարիան, դիզենտերիան և շիստոսոմիազը[18]։
Գյուղական տարածքները հեղեղելուց բացի՝ ջրհեղեղը լայնածավալ ավերածություններ պատճառեց նաև մի շարք քաղաքներում։ Փախստականները Ուհան էին ժամանում դեռևս ուշ գարնանից։ Երբ ամռան սկզբին քաղաքն ինքն էլ հեղեղվեց, իսկ հուլիսի 27-ին՝ առավոտյան ժամը 6-ից քիչ առաջ, տեղի ունեցավ ամբարտակի աղետալի փլուզում, մոտ 782,189 քաղաքաբնակ և գյուղական շրջաններից եկած փախստականներ մնացին անօթևան[19]։
Ջրհեղեղը ծածկել էր 83 քառակուսի կիլոմետր (32 քառակուսի մղոն) տարածք, և քաղաքը մոտ երեք ամիս մնացել էր մի քանի ոտնաչափ խորությամբ ջրի տակ[19]: Մեծ թվով մարդիկ հավաքվել էին քաղաքի ամբողջ տարածքում գտնվող ջրհեղեղից չծածկված կղզյակներում, իսկ 30,000 մարդ ապաստան էր գտել Հանկոուի կենտրոնական հատվածում գտնվող երկաթուղային հողաթմբի վրա։ Սննդի սակավության և սանիտարական պայմանների լիակատար խախտման պատճառով հազարավոր մարդիկ շուտով սկսեցին մահանալ տարբեր հիվանդություններից[18]:
Ոչ մի նախազգուշացում չկար, միայն հանկարծակի հայտնվեց ջրի հսկայական պատը։ Այդ օրերին Ուհանի շենքերի մեծ մասը ընդամենը մեկ հարկանի էր, և շատ մարդկանց համար փրկվելու որևէ հնարավորություն չկար․ նրանք տասնյակ հազարներով մահացան։
Ոչ մի նախազգուշացում չկար, միայն հանկարծակի առաջացած ջրի հսկայական պատ։ Այդ ժամանակ Ուհանի շենքերի մեծ մասը մեկհարկանի էր, և շատերի համար փրկության հնարավորություն չկար․ տասնյակ հազարավոր մարդիկ մահացան։ ... Ես հենց նոր էի ավարտել հերթապահությունս ընկերության գլխավոր գրասենյակում՝ քաղաքի կենտրոնին մոտ գտնվող համեմատաբար նոր եռահարկ շենքում ... Երբ լսեցի սարսափելի աղմուկը և տեսա մոտեցող ջրի պատը, շտապեցի շենքի վերին հարկ։ ... Ես գտնվում էի կանգուն մնացած ամենաբարձր և ամուր շենքերից մեկում։ Այդ պահին ոչ ոք չգիտեր՝ ջուրը կսկսի՞ նահանջել, թե՞ էլ ավելի կբարձրանա։
Նանջինգ քաղաքը, որն այն ժամանակ Չինաստանի Հանրապետության մայրաքաղաքն էր, նույնպես ծանր վնասներ կրեց այդ աղետի հետևանքով[7]: Ջրհեղեղի ընթացքում տեղի ունեցած ամենաաղետալի դեպքերից մեկը տեղի ունեցավ 1931 թվականի օգոստոսի 25-ին, երբ Մեծ ջրանցքով հոսող ջուրը քշեց Գաոյու լճի մոտ գտնվող պատնեշները։ Միայն Գաոյու գավառում 18,000 մարդ խեղդվեց, իսկ հաջորդ տարվա ընթացքում 58,000 մարդ մահացավ սովի և հիվանդությունների հետևանքով[20]։
Գաոյոու լճի ամբարտակների վերակառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Հանսբերգերը, որը Ցզյանսու նահանգի Տայչժոու քաղաքում Պրեսբիտերական եկեղեցու միսիոներ էր՝ Գաոյու լճի մոտ պատնեշների վերականգնման աշխատանքները վերահսկող երկու հիմնական անձանցից մեկը։ Մյուսը գեներալ Վան Շուսյանն էր՝ հիդրավլիկայի բնագավառում դոկտորի աստիճան ունեցող մասնագետը։ Հանսբերգերը նաև զբաղվում էր այդ աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովմամբ[21][22][23][24]։ Այնուամենայնիվ, ջրհեղեղը Չինաստանում մինչ օրս լայնորեն անհայտ է մնում։ Թոմաս Հանսբերգերի թոռը՝ Սթիվ Հանսբերգերը, 2007 թվականին գրել է. «1931 թվականի ջրհեղեղը խլեց 15 անգամ ավելի շատ մարդկային կյանք, քան 2004 թվականի դեկտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցած ցունամիները, և այնուամենայնիվ դրա մասին գրեթե ոչինչ չի գրվել։ Պատմությունը փոխարենը կենտրոնացել է այդ տարվա մյուս աղետների վրա։ Չինաստանի ուշադրությունը կենտրոնացած էր կոմունիստների և ազգայնականների միջև քաղաքացիական պատերազմի վրա, իսկ ճապոնացիները ներխուժում էին երկրի հյուսիսային շրջաններ։ Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհը խորապես ներքաշված էր Մեծ ճգնաժամի մեջ»[25]։
Կառավարության արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետության ժամանակաշրջան (1930-1940-ական թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականի ջրհեղեղը Չինաստանի Կումինթանի կառավարության համար առաջին խոշոր փորձություններից մեկն էր։ Երբ աղետի մասշտաբները սկսեցին ակնհայտ դառնալ, կառավարությունը Կումինթանի ազդեցիկ քաղաքական գործիչ և Չան Կայշիի աներոջ եղբայրը՝ Տ. Վ. Սունգի հովանու ներքո, ստեղծեց Ջրհեղեղից տուժածներին օգնության ազգային հանձնաժողով[26]։ Հանձնաժողովը ներգրավեց մի շարք չինացի և օտարերկրյա մասնագետների, այդ թվում՝ հայտնի համաճարակաբան Վու Լիանդեին, առողջապահության նախարար Լյու Ժույհենգին, հանրային առողջապահության մասնագետ Ջոն Գրանտին և հիդրավլիկ ինժեներ Օլիվեր Թոդին։ Այն նաև ստացավ Ազգերի լիգայի աջակցությունը։
Նույնիսկ հայտնի օդաչուներ Չարլզ Լինդբերգը և նրա կինը՝ Էնն Լինդբերգը, ներգրավվեցին աշխատանքներին։ Նրանց հանձնարարվել էր օդից ուսումնասիրել ջրհեղեղից տուժած տարածքը։ Թեև Սուն Ցզիվենը շարունակում էր ղեկավարել հանձնաժողովը, օգնության աշխատանքների ամենօրյա կազմակերպումը վստահվեց բրիտանացի փախստականների հարցերով մասնագետ Ջոն Հոուփ Սիմփսոնին։ Ամբողջ աշխարհից մեծ քանակությամբ բարեգործական օգնություն էր ուղարկվում աղետից տուժածներին աջակցելու համար։ Հատկապես առատաձեռն էին Հարավարևելյան Ասիայի չինական համայնքները։ Միացյալ Նահանգներում հայտնի գրող Փերլ Բաքը կարճ պատմվածքներ էր գրում՝ մարդկանց բարեգործական նվիրատվություններ կատարելու խրախուսելու նպատակով։
Օգնության աշխատանքները շատ ավելի դժվարացան 1931 թվականի աշնանը դեպի Մանջուրիա ճապոնական ներխուժումից հետո, որի հետևանքով Չինաստանի պարտատոմսերի շուկան փլուզվեց։ Ի վերջո, կառավարությանը հաջողվեց Միացյալ Նահանգներից մեծածավալ վարկ ստանալ ցորեն և ալյուր ձեռք բերելու համար։ Աղետից հետո կառավարությունը ստեղծեց նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին էր Հուայ գետի պահպանության հանձնաժողովը՝ ջրհեղեղների հետ կապված խնդիրները լուծելու նպատակով[7]։ Այնուամենայնիվ, ֆինանսավորման պակասի, ինչպես նաև Չինա-ճապոնական երկրորդ պատերազմի և դրան հաջորդած Չինաստանի քաղաքացիական պատերազմի քաոսի պատճառով տարբեր հանձնաժողովները կարողացան Յանցզի գետի երկայնքով կառուցել միայն փոքր պատնեշներ[27]։
Կումինթանի կառավարության կողմից իրականացվող սնահավատության դեմ պայքարի արշավի շրջանակում ջրհեղեղից քիչ առաջ Ուհանում քանդվեց Վիշապ թագավորի տաճարը։ Այս զուգադիպությունը հետագայում լայն դժգոհություն առաջացրեց, քանի որ տեղի բնակիչներից շատերը աղետը կապում էին Վիշապ թագավորի՝ անձրև բերող աստվածության, զայրույթի հետ։
Ի պատասխան՝ ազդեցիկ պաշտոնյաներ, այդ թվում՝ Ուհանի քաղաքապետ Հե Բաոհուան և Սիա Դոույինը, որն այդ ժամանակ տեղի կայազորի հրամանատարն էր, իսկ հետագայում դարձավ Հուբեյ նահանգի նահանգապետ, ծիսական արարողություններ անցկացրին և խոնարհվեցին աստվածության առաջ։
Միևնույն ժամանակ, շատերը կարծում էին, որ տարհանման աշխատանքներին խանգարում էր սնահավատությունը։ Ժամանակակից մի զեկույցի համաձայն՝ հազարավոր մարդիկ «համոզված էին, որ Հանկոուն դատապարտված է, և հրաժարվում էին օգնել իրենց կամ ընդունել օգնություն։ Նրանք անտարբերությամբ նստած սպասում էին մահվանը»[28]։
Կոմունիստական ժամանակաշրջան (1949 թվականից մինչ օրս)
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Մաո Ցզեդունը այցելեց Յանցզի գետին հարակից տարածքներ՝ «Երեք կիրճերի ամբարտակ» ջրհեղեղների դեմ պայքարի նախագծի գաղափարը առաջ մղելու նպատակով։ Նա հայտարարեց․
Սոցիալիստական «Երեք կիրճերի ամբարտակ» նախագիծը պետք է գերազանցի Չինաստանի պատմության մյուս խոշոր նախագծերին, ինչպիսիք են Ցին Շի Հուանդիի Մեծ պարիսպը և Սույ Յան Դիի Մեծ ջրանցքը[27]։
Այն գիտնականներն ու պաշտոնյաները, որոնք կասկածներ էին հայտնում, օրինակ՝ Չեն Մինշուն, հալածվում էին որպես «աջակողմյաններ»։ Լի Սիգուանը՝ ականավոր գիտնական և երկրաբանական ռեսուրսների նախարար, Մաոյին ասել էր, որ ինքնասպանություն կգործի, եթե չկարողանա կանխել ամբարտակի կառուցումը[27]։ Նախագիծը Մաոյի կառավարման տարիներին չանցավ նախագծման փուլից այն կողմ՝ ռեսուրսների պակասի, չին-խորհրդային լարվածության աճի և «Մեծ թռիչք առաջ» քաղաքականության հետևանքով առաջացած խափանումների պատճառով[27]։ Նախագիծը վերսկսվեց 1980-ական թվականներին, իսկ հիդրոէլեկտրական «Երեք կիրճերի ամբարտակը» 2012 թվականին սկսեց լիարժեք գործել՝ դառնալով աշխարհում ամենամեծ էլեկտրակայանը՝ տեղադրված հզորության առումով[29][30]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Buck, 1932, էջ [Հղում աղբյուրներին]
- ↑ The figure of 140,000 is also cited in Hsu, Immanuel C. Y. (1990). The Rise of Modern China (4 ed.). New York: Oxford University Press. էջեր 546–547.
- ↑ National Flood Relief Commission, 1933
- ↑ National Flood Relief Commission, 1933, էջեր 299–300
- 1 2 Glantz, Mickey. Glantz, Michael H (2003). Climate Affairs: A Primer. Island Press. 1-55963-919-9. p. 252.
- 1 2 Courtney, 2018, էջ 54
- 1 2 3 4 5 6 Pietz, David (2002). Engineering the State: The Huai River and Reconstruction in Nationalist China 1927–1937. Routledge. 0-415-93388-9. pp. xvii, 61–70.
- ↑ Winchester, Simon (2004). The River at the Center of the World: A Journey Up the Yangtze, and Back in Chinese Time. Macmillan. 0-312-42337-3.
- 1 2 Li, 1994, էջեր 230–231
- ↑ National Flood Relief Commission, 1933, Appendix VII-12 Number of people sick per 1000 persons, էջ 303
- ↑ Courtney, 2018, էջ 249
- ↑ Li, 1994, էջ [Հղում աղբյուրներին]
- ↑ National Flood Relief Commission, 1933, էջեր 5, 203
- ↑ «Dealing with the Deluge». PBS NOVA Online. 26 March 1996. Վերցված է 12 February 2013-ին.
- ↑ «NOAA'S top global weather, water and climate events of the 20th century». NOAA.gov. 13 December 1999. Վերցված է 29 November 2012-ին.
- ↑ Kueh, Y.Y. (1995). Agricultural Instability in China, 1931–1990: Weather, Technology, and Institutions. Oxford University Press. ISBN 0-19-828777-1.
- ↑ Courtney, 2018, էջեր 64–65
- 1 2 Courtney, 2018, էջ 76
- 1 2 William Graves (1982). The Torrent of Life (Journey into China) (5th ed.). National Geographic Society. ISBN 978-0-87044-437-1.
- ↑ «被遗忘的1931年中国水灾» (չինարեն). Tsinghua University Institute of Qing History. Արխիվացված է օրիգինալից 3 April 2016-ին. Վերցված է 20 January 2019-ին.
- ↑ Bin, Hu; Yunhua, Ji (8 December 2009). «追忆苏皖边区政府参议会驻会议员、著名爱国人士----王叔相先生» [Recalling Mr. Wang Shuxiang, a member of the Senate of the Su-An Border Region Government and a famous patriot] (չինարեն). 苏皖边区政府旧址纪念馆. Արխիվացված է օրիգինալից 10 May 2020-ին.
- ↑ Harnsberger, Steve (7 September 2006). «Forgotten history revealed» (PDF). Shanghai Star. Արխիվացված է օրիգինալից (PDF) 5 May 2020-ին.
- ↑ Yingying, Wu. «China's worst natural disaster». Shanghai Star. Արխիվացված է օրիգինալից 17 January 2006-ին.
- ↑ Ashley, Beth (30 January 2006). «Flood of memories» (PDF). Marin Independent Journal. Արխիվացված է օրիգինալից (PDF) 5 May 2020-ին.
- ↑ Harnsberger, Steve (25 September 2007). «The Great Floods Of 1931 At Gaoyou: August 26, 1931 – The Floods Come». AboutGaoyou.com. Արխիվացված է օրիգինալից 10 May 2020-ին. Վերցված է 10 May 2020-ին.
- ↑ National Flood Relief Commission, 1933, էջ 11
- 1 2 3 4 Li, Cheng & Barnett, Arthur Doak (1997). Rediscovering China: Dynamics and Dilemmas of Reform. Rowman & Littlefield. 0-8476-8338-9. pp. 168–169.
- ↑ Courtney, Chris (2015). «The Dragon King and the 1931 Wuhan flood: religious rumors and environmental disasters in republican China». Twentieth-Century China. 40 (2): 83–104. doi:10.1179/1521538515Z.00000000059.
- ↑ Cleveland, Cutler J.; Morris, Christopher G. (15 November 2013). Handbook of Energy: Chronologies, Top Ten Lists, and Word Clouds. Elsevier Science. էջ 44. ISBN 978-0-12-417019-3.
- ↑ Ehrlich, Robert (13 March 2013). Renewable Energy: A First Course. CRC Press. էջ 219. ISBN 978-1-4665-9944-4.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official report available free online
- On food relief, refugee camps, farm rehabilitation, sanitation, etc
- National Flood Relief Commission (1933). Report of the National Flood Relief Commission. Shanghai: The Comacrib Press – via Internet Archive.
- On the engineering aspect of dyke breaching and their reconstruction
- National Flood Relief Commission (1933). 国民政府救済水災委員会工振報告 (չինարեն). Shanghai: Chung Hwa Book – via Japanese National Diet Library's digital collection.
- Officially-sponsored report by universities
- Buck, John Lossing (1932). The 1931 flood in China: an economic survey by the Department of Agricultural Economics, College of Agriculture and Forestry, the University of Nanking, in cooperation with the National Flood Relief Commission. Nanking: University of Nanking.
- Monograph
- Courtney, Chris (2018). The Nature of Disaster in China The 1931 Yangzi River Flood. Cambridge University Press. doi:10.1017/9781108278362. ISBN 9781108278362.
- Ni, Wencai (2006). A documentary on uncovering the history of the 1931 Great Flood in Gaoyou and dyke reconstruction. Beijing: Beijing Workers Press. (倪文才. 1931年高邮特大洪灾和运堤修复历史再现纪实. 2006. 北京: 中国工人出版社.)
- 李文海; 程歗; 刘仰东; 夏明方 (December 1994). 中国近代十大灾荒. Shanghai People's Press. ("The Ten Great Disasters of Modern China" by Li Wenhai et al.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "The 1931 Central China Flood" DisasterHistory.Org (English and Chinese Versions)
- "An Analysis of Flood and Social Risks Based on the 1931 Changjiang & Huai River Flood During the Republic of China". ILIB.cn.
- "Extremely heavy meiyu over the Yangtze and Huaihe vaneies in 1931" 1931年江淮异常梅雨 (in Chinese). CQVIP.com.