Ջրի շրջապտույտ

Ջրի շրջապտույտ, ջրի անընդհատ տեղաշարժ Երկրի վրա (մթնոլորտում, ջրոլորտում և երկրակեղևում), որն ուղեկցվում է նրա ագրեգատային վիճակների փոփոխություններով։ Ջրի շրջապտույտը բաղկացած է մակերևութային ջրերի գոլորշիացումից, գոլորշիացման վայրից օդային հոսանքներով նրանց փոխադրումից, ջրային գոլորշիների խտացումից ու տեղումների ձևով թափվելուց և ջրավազան կամ երկրակեղևի խորքը տեղափոխվելուց։ Ջրի հիմնական զանգվածը գոլորշիանում է համաշխարհային օվկիանոսի մակերևույթից, որի վրա էլ թափվում է տեղումների ձևով, իսկ քիչ մասն օդային հոսանքներով տեղափոխվում է ցամաքի վրա։
Տարբերում են ջրի փոքր շրջապտույտ․ ծով (օվկիանոս) → մթնոլորտ → ծով (օվկիանոս) և մեծ շրջապտույտ, օվկիանոս → մթնոլորտ → ցամաք → օվկիանոս։ Ցամաքի խոնավությունը գոլորշիանում է, փոխադրվում մթնոլորտ, խտանում, թափվում տեղումների ձևով և նորից գոլորշիանում։ Այս պրոցեսների համալիրը կոչվում է ներցամաքային շրջապտույտ։ Միջլեռնային պարփակ գոգավորություններին բնորոշ է խոնավության ներքին շրջապտույտը։ Ջրի շրջապտույտը Երկրի վրա նյութերի շրջանառության մի մասն է:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 543)։ ![]() |