Ջրի մաքրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսմոսի հակառակ երևութի օգտագործումը

Բնական ջուրը միշտ պարունակում է մի շարք նյութերի խառնուրդներ, և հաճախ անհրաժեշտ է լինում այդ ջուրն այս կամ այն չափով մաքրել խառնուրդներից։

Ջրի մաքրումն ու վարակազերծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի մաքրումն ու վարակազերծումը կատարվում են հատուկ կայաններում։ Այստեղ ջուրը մուտք է գործում գետերից և ջրամբարներից։ Գետի ջուրը անհամասեռ է ու պղտոր։ Դա պայամանավորված է այն հանգամանքով, որ աղերից բացի՝ ջրում կախված վիճակում պարունակում են մանրագույն ավազահատիկներ և տիղմի մասնիկներ։

Ջրազատիչ կայաններում ջուրը նախ անցնում է լողացող խոշոր առարկաները պատնեշող ցանցի միջով, այնուհետև ենթարկվում պարզեցման (վճիտացում), ավազաշերտերով զտվում և միկրոօրգանիզմների ոչնչացման նպատակով՝ մշակվում քլորով կամ օզոնով։ Ներկայումս զարգացած երկրներում քլորացումը փոխարինվել է մանրէասպան գերմանուշակագույն ճառագայթահարմամբ։

Աղտոտված ջրի կենսաբանական մաքրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղտոտման խոշոր վայրերից արտահոսող ջրերը մաքրվում են զտման և պարզեցման միջոցով։ Բնական ծագման օրգանական միացություններից ազատվելուն նպաստում են ավելացվող միկրոօրգանիզմները, որոնց համար այդ միացությունները սնունդ են ծառայում։

Շատ ավելի դժվար է ջուրը սինթետիկ օրգանական միացություններից մաքրելը։ Այդ պատճառով մեծաթիվ գործարաններ անցնում են ջրաշրջադարձի՝ ջրի անարտահոսք օգտագործման։

Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չի հանդիպում։ Այն ստանում են սովորական թորումով։ Ջրի մաքրման այս եղանակը հիմնված է բնականին նմանվող այն գործընթացի վրա, որի դեպքում հեղուկ ջուրն անցնում է գազային վիճակի, ապա կոնդենսանում՝ կրկին անցնելով հեղուկ վիճակի։

Դեղատներում ու դեղագործարաններում դեղեր պատրաստելիս կամ նոսրացնելիս օգտագործում են կրկնակի թորած ջուր։ Թորած ջուրը խորհուրդ չի տրվում խմել. այդպիսի ջրի մեծ քանակությունը վնասում է մարդու օրգանիզմը, որը սովոր է աղեր պարունակող ջուր օգտագործելուն։ Էլեկտրոլիտներն անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեության համար։

Ծովի ջրից խմելու ջրի ստացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի ջրից կարելի է ստանալ քաղցրահամ ջուր վակուումային թորման սարքերով, որոնցում ջրի թորումն իրականացվում է ցածր ճնշման տակ։ Սակայն այս եղանակը խիստ էներգատար է, ուստի առայժմ կիրառվում է հիմնականում այն երկրներում, որտեղ էներգիան համեմատաբար էժան է, իսկ անձրևները՝ հազվադեպ, օրինակ՝ Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում։ Ծովի ջուրն աղազրկելու նպատակով կիրառում են ոչ միայն թորման, այլև սառեցման, իոնափոխանակային և այլ եղանակներ։ Այսպես՝ ծովի ջուրը կարելի է աղազրկել՝ իոնափոխանակային խեժի վրայով անցկացնելով՝ ըստ հետևյալ ուրվագրի.

RH + Na+ RNa+H+, որտեղ՝ RH – կատիոնիտ (կատիոն փոխանակող)

ROH + Cl- RCl + OH, որտեղ՝ ROH – անիոնիտ (անիոն փոխանակող)

H+ + OH- H2O

Բարձրորակ կիսաթափանց թաղանթների (մեմբրան) հայտնվելը հնարավորություն տվեց վերափոխելու քաղցրահամ ջրի ստացման արտադրաեղանակը, որում իրականացվում է օսմոսի հակառակ երևույթը (նկ. 1)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիայի 12-րդ դասարանի դասագիրք