Ջրային ջեռուցում
Ջրային ջեռուցում. բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերում կիրառվող առավել տարածված ջեռուցման համակարգ, որի դեպքում ջերմությունը ջեռուցվող շենքերին է հաղորդվում ջեռուցիչ սարքերի միջոցով՝ տաք ջրի միջոցով։ Ջրային ջեռուցման համակարգի մեջ են մտնում ջրատաքացուցիչները, որոնցում ջուրը տաքացվում է այրվող վառելիքով (կաթսա) կամ ջերմության փոխակերպվող էլեկտրական էներգիայով (էլեկտրակաթսա), կենտրոնացված ջերմամատակարարման դեպքում՝ գոլորշիով և ավելի տաք ջրով (ջերմափոխանակիչ ապարատ), ջեռուցիչ սարքերը (ռադիատորները, կոնվեկտորները, պանելները), խողովակաշարերը, որոնցով տաք ջուրը ջրատաքացուցիչից հոսում է դեպի ջեռուցիչ սարքերը և հովանալուց հետո վերադառնում ջրատաքացուցիչի մեջ, տաքացման դեպքում ջրի աճող ծավալի ընդունման համար նախատեսված ընդարձակման անոթը, խողովակաշարի վրա տեղադրվող փակիչ-կարգավորիչ արմատուրան։ Տարբերում են․ բնական հարկադրումով ջրային ջեռուցում, երբ ջուրը շրջապտույտ է կատարում ջրատաքացուցիչում տաքացած (ավելի թեթև) և ջեռուցիչ սարքերում ու խողովակաշարերում հովացած (ավելի ծանր) ջրի ջերմաստիճանների և խտությունների տարբերության հաշվին, և մեխանիկական հարկադրումով ջրային ջեռուցում, երբ ջրի շրջապտույտը տեղի է ունենում հիմնականում խողովակաշարի վրա տեղադրված շրջապտույտ պոմպի գործողության հաշվին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 534)։ |