Ջրամեկուսացում
Ջրամեկուսացում, հիդրոմեկուսացում, շինարարական կոնստրուկցիաները, շենքերն ու կառույցները ջրի և քիմիապես ագրեսիվ հեղուկների (թթուներ, հիմքեր ևն) ազդեցությունից պաշտպանող միջոցառումներ։ Ջրամեկուսացումը լինում է հակազտիչ (ստորգետնյա և ստորջրյա կառույցները ջրի թափանցումից զերծ պահելու, ինչպես նաև ջրտարները, ավազանները, տղմազտիչները և ռեզերվուարները ջրի կորստից պաշտպանելու համար) և հակակոռոզիոն (կառույցները քիմիապես ագրեսիվ հեղուկներից և ջրերից, մթնոլորտի ագրեսիվ ազդեցությունից և էլեկտրակոռոզիայից պաշտպանելու համար)։ Ըստ հիմնական նյութի տեսակի տարբերում են ասֆալտային, միներալային, պլաստմասսային և մետաղական ջրամեկուսացում։ Ըստ պատելու եղանակի ջրամեկուսացումը լինում է․ ներկման, սվաղման, պաստառման, տոգորման, ներարկման, լցման և մոնտաժման, ըստ հիմնական նշանակման և կոնստրուկտիվ առանձնահատկությունների՝ մակերևութային, երիթային, «սեղմման» և «պոկման», կարերի խտացման և կոմպլեքսային նշանակման։
Ջրամեկուսացման առավել տարածված տեսակն է մակերևութային պատվածքների և դեֆորմացիոն կամ կոնստրուկտիվ կարերի խտացման զուգակցումը։ Ջրամեկուսացման աշխատանքների համալիրը ներառնում է հիմքի նախապատրաստումը, ջրամեկուսիչ ծածկույթի և պաշտպանական պատվարի պատրաստումը, դեֆորմացիոն կարերի և ջրամեկուսացման կցորդումների խտացումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 531)։ |