Ջրակենսաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջրակենսաբանություն, հիդրոբիոլոգիա, գիտություն ջրային միջավայրի օրգանիզմների, բնակության պայմանների հետ նրանց փոխհարաբերության, էներգիայի ու նյութերի վւոխակերպումներում ունեցած նշանակության և օվկիանոսների, ծովերի ու ներքին ջրերի կենսաբանական մթերատվության մասին։ Ջրակենսաբանություն առավելապես էկոլոգիական գիտություն է։ Բայց քանի որ ջրային միջավայրում կյանքի պայմանները պայմանավորված են ջրամբարի ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկություններով, որոնցից շատերը իրենց հերթին կախման մեջ են գտնվում ջրային օրգանիզմներից և հաճախ որոշվում դրանց կենսագործունեությամբ, Ջրակենսաբանությունը առնչվում է նաև աշխարհագրական գիտությունների՝ լճաբանության և օվկիանոսագիտության հետ։ Այդպիսի կոմպլեքս հետազոտությունների մակարդակով են լուծվում օվկիանոսի կենսաբանական կառուցվածքի, ջրամբարների կենսալճաբանական և կենսաօվկիանոսագիտական տեսակավորման, նյութերի շրջանառության և էներգիայի հոսքի օրինաչափությունների վերաբերյալ Ջրակենսաբանական խնդիրները։ Ջրակենսաբանությունում կարևոր տեղ են գրավում ջրային միջավայրի կենսաբանական ռեսուրսների արդյունավետ շահագործման գիտական մեթոդների մշակումը (ձկնատնտեսական կամ արդյունագործական Ջրակենսաբանություն)։ Ջրակենսաբանության գործնական կիրառության մի այլ ուղղություն է մայրցամաքային մակերևութային ջրերի խմելու, արդյունաբերական օգտագործման, աղտոտված ջրերի կենսաբանական մաքրման և այլն կենսաբանական հարցերի կոմպլեքսը (սանիտարական Ջրակենսաբանություն)։ Ջրակենսաբանության մեթոդներն օգտագործվում են ջրի աղտոտվածության աստիճանը գնահատելու համար։ Ջրամատակարարման և նավերի ու ջրային սարքավորումների շահագործման կենսաբանական խոչընդոտները տեխնիկական Ջրակենսաբանության ուսումնասիրության առարկան են։ Երբեմն առանձնացնում են Ջրակենսաբանության նավիգացիոն (նավագնացության) և գյուղատնտեսական ուղղությունները։ Ջրային օրգանիզմների բնական համակեցությունների՝ ջրային միջավայրի օրգանիզմների, սիստեմատիկ հետազոտություններն սկսվել են միայն 19-րդ դարի 2-րդ կեսից, որը հանգեցրեց Ջրակենսաբանության առանձնացմանը բուսաբանությունից և կենդանաբանությունից։ Ջրակենսաբանության զարգացման գործում մեծ նշանակություն են ունեցել ջրային միջավայրի առանձնահատուկ կենսաձևի՝ պլանկտոնի առաջին քանակական հետազոտությունները (1880-ական թվականներին, գերմանացի գիտնական Վ․ Հանզեն)։ Հետագայում, որպես Ջրակենսաբանության ուսումնասիրման առանձին օբյեկտներ առանձնացվել են ջրամբարների հատակի օրգանիզմները (բենթոս), ակտիվ լողացող կենդանիները (նեկտոն), մթնոլորտին սահմանակից ջրի մակերևույթի կենդանական և բուսական համակեցությունները (նեյստոն), կիսաջրային օրգանիզմները (պլեյստոն) և այլն։ Ջրակենսաբանության զարգացման մեջ կարևորագույն դեր են կատարել ծովային գիտարշավները (անգլիական «Չելենջեր» նավով, 1872-1876, սովետական «Վիտյազ» նավով, 1949 թվականից և այլն)։ Ջրակենսաբանության հետազոտությունների առաջին փուլը կապված էր ծովերի և ներքին ջրերի տեսակային կազմի և օրգանիզմների բաշխման ուսումնասիրման անհրաժեշտության հետ։ Հետագայում Ջրակենսաբանության կարևորագույն հարցերից են դարձել բիոցենոզների ձևավորման էկոլոգիական պայմանների, բնական ջրերի տեսակավորման մեջ կենսաբանական երևույթների, կենսաբանական մթերատվության, ջրային համակեցություններում նյութերի կենսական շրջանառության և էներգիայի հոսքի ուսումնասիրությունները։ Ջրակենսաբանական հետազոտությունների առաջնահերթ խնդիրն է ջրային միջավայրում ընթացող պրոցեսներում օրգանիզմների ֆունկցիոնալ նշանակության պարզաբանումը, որն անհրաժեշտ է կենսաբանական մթերատվության, ջրերի ինքնամաքրման պրոցեսների ղեկավարման և կենսաբանական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար։ 19-րդ դարի 3-րդ քառորդից բազմաթիվ երկրներում հիմնվում են ծովային և քաղցրահամ ջրերի կենսաբանական կայաններ։ ժամանակակից Ջրակենսաբանության հարցերի լուծումը հաճախ պահանջում է հետազոտությունների տարբեր՝ մոլեկուլային, բջջային, օրգանիզմային, պոպուլյացիոն, բիոցենոզային մակարդակով ուսումնասիրություններ։ Ջրակենսաբանական հետազոտություններում նմուշները վերցվում և դիտողությունները կատարվում են ջրասուզակների օգնությամբ, մեծ խորություններում կիրառվում է ստորջրյա հեռուստատեսությունը և լուսանկարչությունը։ Օգտագործվում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական նորագույն մեթոդներ (ռադիոածխածնային, սպեկտրոֆոտոմետրիկ, մաթ․ մոդելավորում, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ և այլն)։ Միջազգային Ջրակենսաբանական կազմակերպություններից ամենահեղինակավորներն են ծովերի ուսումնասիրության միջազգային մշտական կոմիտեն (1902 թվականից, Կոպենհագեն) և լճաբանների միջազգային ասոցիացիան (1922 թվականից)։ Հրատարակվում են բազմաթիվ ջրակենսաբանական հանդեսներ (ՍՍՀՄ-ում՝ «Գիդրոբիոլոգիչեսկի ժուռնալ» («Гидробиологический журнал», Կիև, 1965 թվականիցՀայաստանում ջրակենսաբանական փոքրիշատե կազմակերպված ուսումնասիրությունները սկսվել են 19-րդ դարի վերջին քառորդից։ Այժմ ՀՍՍՀ-ում ջրակենսբ․ հետազոտությունների կենտրոնն է Սևանի ջրակենսաբանական կայանը։ ՀՍՍՀ-ում Ջրակենսաբանության զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մ․ Ֆորտունատովը, Ա․ Մարկոսյանը, Տ․Մեշկովան, Մ․ Դադիկյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։