Ջորջ Հենրի Բոթըն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Հենրի Բոթըն
Ծնվել էդեկտեմբերի 4, 1833(1833-12-04)[1][2]
ԾննդավայրՆորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհունվարի 19, 1905(1905-01-19)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, լուսանկարիչ և գծանկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրժանրային նկարչություն
ԱշակերտներHenry Augustus Ferguson?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Cranbrook Colony?
 George Henry Boughton Վիքիպահեստում

Ջորջ Հենրի Բոթըն (դեկտեմբերի 4, 1833(1833-12-04)[1][2], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 19, 1905(1905-01-19)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), անգլո-ամերիկացի բնանկարիչ, ժանրային նկարիչ, գրող, նկարազարդող[4]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոթընը ծնվել է Անգլիայում՝ Նորֆոլք վարչական շրջանի Նորվիչ քաղաքում։ Նա ֆերմեր Ուիլյամ Բոթընի որդին էր։ 1835 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ[5]։ Ապրելով Նյու Յորք նահանգի Օլաենի քաղաքում, նա իր կարիերան սկսում է որպես ինքնուս նկարիչ։ Սկզբնական շրջանում նա ոգեշնչվում է Հուդզոն գետի դպրոցի նկարիչներով[6]։ 19 տարեկանում նա արդեն հայտնի էր որպես բնանկարիչ և 1852 թվականին բացում է իր առաջին ստուդիոն։ 1853 թվականին Ամերիկյան արվեսի միությունը գնում է նրա նկարներից մեկը, որի արժույթով էլ նա 6 ամիս նկարչություն է սովորում Անգլիայում։ Անգլիայում կրթական գործընթացն ավարտելով՝ նա նկարչական ուղևորության է մեկնում դեպի Մեծ Բրիատանիայի լճային երկրամաս, Շոտլանդիա և Իռլանդիա[7]։

ԱՄՆ վերադառնալուց հետո Բոթընը իր նկարները Վաշինգտոնում և Նյու Յորքում ցուցահանդեսների է ներկայացնում, սակայն 1850-ական թվականների վերջին նա վերջապես որոշում է տեղափոխվել Եվրոպա[8]։ 1859-1861 թվականներին Ֆրանսիայում սովորում է Պիեր Էդուարդ Ֆռերի (1819–1886) և Էդուարդ Հարիսոն Մեյի (1824–1887) մոտ։

Ուխտագնացություն դեպի եկեղեցի (1867; Նյու Յորքի Պատմական հասարակություն թանգարան)

1861 թվականին նա Լոնդոնում բացում է արվեստանոց։ Ապրելով Լոնդոնում նա, այնուամենայնիվ, անդրադարձել է Ամերիկայի գաղութացման թեմային և ինչպես մի ամերիկացի քննադատ նշել է. «Նրա աշխատանքներում տիպիկ բնութագրվում են այս երկրի վաղ պատմությունը»[9]։ Հայտնի են նրա թեմատիկ նկարները, ինչպես օրինակ, «Պուրիտանները գնում են եկեղեցի» (1867)։ «Մեյֆլաուերի վերադարձը» (ցուցադրվել է Նյու Յորքի Գոփիլ պատկերասրահում, 1871 թվականին) նկարն արժանացել է. «Այն կապրի այնքան, որքան մեր հիշողություններում կապրի Մեյֆլաուերը» ներբողին[9]։

Վինսենտ Վան Գոգը, ով 1873–1875 թվականներին ապրում էր Լոնդոնում, հիացած էր Բոթընի «Ուխտագնացություն դեպի Քենթերբերի» (1874) նկարով, որից ոգեշնչվելով աղոթք է ձոնում, երբ որ քահանա էր։ Այդ մասին նա գրել է իր եղբորը՝ Թեոին[10]։ Բոթընի ստեղծագործությունները Ամստերդամում գտնվող Վան Գոգի թանգարանի մի մասն են կազմում։

Բոթընը նկարազարդել է Նաթանիել Հոթորնի «Սկարլետի նամակը», Հենրի Լոնգֆելոի վեպերը, իսկ 1893 թվականին Վաշինգտոն Այրինգի «Ռիպ Վան Ուինքլ» և «Նիրհած Հովիտը», որը հրատարակվել է Լոնդոնում 53 օրինակով։ Լոնդոնցի մի քննադատ մի անգամ ասել է.«Նա կարողանում է հասարակ առարկաների մեջ հոգի ներդնել, որը անգլիացի նկարիչների բաղձալի ցանկությունն էր»։

Բոթընը իր իր նկարները ցուցադրել է և Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Նա 1871 թվականին ընտրվում է Նյու Յորքի Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ[11]։ Նա ընտրվել է նաև Նկարիչների թագավորական ակադեմիայի, Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ասոցացիայի (ARA) անդամ 1879 թվականին, իսկ 1896 թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (RA) անդամ։ Նա ճանաչված և կարևոր անդամ էր այդ կառույցում։ Նա շատ լավ էր աշխատում և որպես խորհրդի անդամ, և որպես ուսուցիչ դպրոցներում[12]։ Ջոն Կոլքոտ Հորսլիի մահից հետո Ջոնը ընտրվում է «Գեղարվեստի գլխավոր ապահովագրական կազմակերպության» տնօրեն։

1883 թվականին նա ճանապարհորդում է Հոլանդիա, որտեղ նրա նկարազարդած աշխատանքները հրապարակվում են Հարփերի ամսագրում «Նկարչի զբոսանքը Հոլանդիայում» վերնագրով, իսկ հաջորդ տարի Լոնդոնում հրատարակվում է «Կարճատև զբոսակք Հոլանդիայում» վերնագրով (տես գրականությունը)

Բոթընը հաճույքով էր նկարում։ Հետագայում նա մասնակցեց «Անգլիայի արվեստը Լոնդոնի Ազգային պատկերասրահում» ստեղծագործության հրատարակմանը՝ անդրադառնալով Ջորջ Մորլանդի կյանքին և աշխատանքային գործունեությանը[13]։

Բոթընը համագործակցում էր Լոնդոնի նկարիչների ակումբների հետ և հանդիսանում էր Արվեստի ակունբի (1869–1896), Ռեֆորմ ակումբի, Աթենիում ակումբի և Բարլինգտոնի գեղարվեստի ակումբի անդամ նաև հանդիսանում էր Նյու Յորքի Գրոլիեր և Լոտոս ակումբների անդամ։ 1865 թվականին ամուսնանում է Կատրին Լուիս Քալընի հետ (1845-1901)։ Նրանք ունեին մեկ դուստր, Ֆլորենսը, ում որդեգրել էին։ Նա և Ջոն Կոլքոտ Հորսլին Ռիչարդ Նորման Շոուի պատվիրատուներից էին, ով Լոնդոնի Քեմփգոն Հիլում Բոթընների համար տուն է կառուցում։ Տեր և տիկին Բոթընների կազմակերպած խնջույքներին մասնակցում էին անգլո-ամերիկացի նկարիչներ և գրողներ[12]։

Բոթընը ոգեշնչվել է բրիտանացի նկարիչ և նկարազարդող Ֆրեդերիկ Վոլտերի (1840–1875) աշխատանքներով[12]։ 1870 ական թվականներին նա Լոնդոնում հանդիպում է Ջեյմս Ուիսթլերին։ 1878 թվականին ամերիկացի մի տեսաբան բնութագրել է նրանց հետևյալ կերպ. «Շողացող լույս համաշխարհային արվեստում»[14]։ Բոթընը հրատարակել է հուշեր Ուիսթլերի մասին, հատկապես անդրադառնալով նրա հայտնի «Փիքոք սենյակի» աշխատանքներին[15]։ 1877 թվականին նա ծանոթանում է Հենրի Ջեյմսի հետ (1843–1916): Վիպասան Վիոլետ Հանթի (1862–1942) «Նրանց կյանքը» (1921) և «Նրանց սրտերը» նովելները Բոթընի և նրա վաղ սիրավեպի մասին է։ Ավստրալիացի վիպասան Ռոզա Քեմբլ-Փրեդի (1851–1935) «Քրիստինա Չարդ» վեպը (1894) մակագրված է Բոթընի կողմից, քանի որ նա էր առաջարկել գրքի գաղափարը[16]։

1880-1890-ական թվականներին նա համագործակցում էր գաղութային համայնքների հետ, հատկապես Բրոդվեյ գյուղի, որը գտնվում էր Ուորքեստրշիրում։ Գյուղի անաղարտ բնությունը բազմիցս ուշադրության է արժանացել ամերիկացի նկարիչների կողմից։ Նա հաճախ էր Հենրի Ջեյմսի, Էդվին Էբիի, Ջոն Սինգր Սարջենթի հետ այցելում Բրոդվեյ։ 1860-1880-ական թվականներին Հորսլիի և Շոուի միջոցով նա նաև համագործակցում էր Քրենբրուկի նկարիչների հետ։

Բոթընը մահանում է, 1905 թվականի հունվարի 19-ին Լոնդոնի հյուսիսային մասում գտնվող Քեմփդըն Հիլում՝ սրտի հիվանդությունից։ Նա շատ բարի, կենսուրախ, կատակասեր և հյուրասեր էր։ Նա զերծ էր դաժանությունից, չարակամությունից, անհիմն մեղադրանքներից։

Ներկայումս նրա նկարները ցուցադրված են Միացյալ Նահանգների և Եվրոպայի բազմաթիվ թանգարաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 George Henry BoughtonOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. UK records for G H Boughton's birth/death.
  5. New York Passengers List, 1820-1957. The barque 'Gratitude' from London, arrival to New York on 8.05.1835. NB: The age of Augustus Boughton is shown as 4 (http://www.ancestry.co.uk).
  6. "A Successful Painter" (New York Times, 14 October 1888).
  7. Baldry (1904).
  8. The 'Pacifice' from Liverpool, arrival to Albany on 24.07.1853 (http://www.ancestry.co.uk).
  9. 9,0 9,1 New York Times, 2 April 1871.
  10. Van Eck, Xander. Van Gogh and GH Boughton (The Burlington Magazine, vol.132, no. 1049, August 1990) P.539-540.
  11. American Art Annual, Volume 5. MacMillan Company. 1905. էջեր 118.
  12. 12,0 12,1 12,2 GH Boughton. Obituary (The Times, 21 January 1905).
  13. Thomas Humphry Ward. English Art in the Public Galleries of London: the National Gallery, the South Kensington Museum, the National Portrait Gallery - ill. by Goupil & Co. (Walter Armstrong, G.H. Boughton, et al., London, 1887).
  14. New York Times, 3 June 1878 (Correspondence of James McNeill Whistler at University of Glasgow).
  15. Boughton. A Few of the Various Whistlers I have Known pp. 208-18.
  16. New York Times, 20 January 1894.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boughton, George Henry. Sketching rambles in Holland (New York, Harper & Brothers, 1885).
  • Records of The Arts Club, London;
  • Boughton, G. H. 'A Few of the Various Whistlers I have Known' (Studio, vol. 30, December 1903) pp. 208–18.
  • Baldry, Alfred Lys. G. H. Boughton, R. A. His Life and Work (Virtue & Co, London, 1904).
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Boughton, George Henry» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
  • Paintings and Sculpture in the Collection of the National Academy of Design (New York, 2004. Vol.1) pp. 59–61.
Գրքեր նկարազարդված Բոթընի կողմից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Հենրի Բոթըն» հոդվածին։