Ջովաննա Գարցոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովաննա Գարցոնի
իտալ.՝ Giovanna Garzoni
Ծնվել է1600[1][2][3][…]
ԾննդավայրԱսկոլի Պիչենո, Մարկե, Պապական մարզ
Վախճանվել էփետրվար 1670[1][3][4][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ԿրթությունՍուրբ Ղուկասի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, ծաղիկներ պատկերազարդող և արվեստագետ
Ժանրնատյուրմորտ
ՄեկենասներՄեդիչիներ
ԱմուսինTiberio Tinelli?
 Giovanna Garzoni Վիքիպահեստում

Ջովաննա Գարցոնի (իտալ.՝ Giovanna Garzoni, 1600[1][2][3][…], Ասկոլի Պիչենո, Մարկե, Պապական մարզ - փետրվար 1670[1][3][4][…], Հռոմ, Պապական մարզ), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիկտոր Ամադեյ I-ի դիմանկարը» (մանրանկար), 1635
«Քրիստինա Ֆրանսիացու դիմանկարը», 1635

Ջովաննա Գարցոնին ծնվել է Մարկե տարածաշրջանի Ասկոլի Պիչենո փոքրիկ քաղաքում։ Նրա ծննդյան տարեթիվը՝ 1600 թ. ճշտվել է նրա նկարներից մեկի վրա՝ 1616 թվականին կատարված ինքնագրից, որտեղ նշված է, որ հեղինակը 16 տարեկան է։ Ջոնաննայի ծնողները ծնունդով Վենետիկից էին, նրանց ընտանիքում կային արհեստավորներ, ոսկերիչներ և նկարիչներ[5][6]։ Հավանաբար աղջկա առաջին ուսուցիչը եղել է նրա քեռին՝ Պիետրո Գայան (իտալ.՝ Pietro Gaia), որը պատկանում էր Ջակոմո Պալմա Կրտսերի դպրոցին[7]։ Ջովաննայի վաղ շրջանի աշխատանքներում զգացվում է այդ նկարչի ազդեցությունը։

1620-ական թվականներին Ջովաննան եղբոր՝ Մատտեոյի հետ բնակվում էր Վենետիկում և հաճախում Ջակոմո Ռոնիի (իտալ.՝ Giacomo Rogni) գեղագրական դպրոցը (իտալ.՝ Giacomo Rogni)[5]: 1622 թվականին նա ամուսնանում է վենետիկցի նկարիչ Տիբերիո Տինելլիի հետ։ Սակայն ամուսնությունը տևեց ընդամենը մեկ տարի, ամուսնալուծության պատճառ դարձավ հավանաբար Ջովաննայի տված կուսության երդումը[6][7]։

1630 թվականին Ջովաննան եղբոր հետ տեղափոխվում է Նեապոլ, որտեղ աշխատում է Ֆերնանդո Աֆան դե Ռիբերայի և Էնրիկեսի երրորդ դուքս դե Ալկալա-դե-լոս-Գասուլեսի հովանավորության ներքո։ Այդ նույն ժամանակ նա ծանոթանում և նամակագրություն է հաստատում կոլեկցիոներ, մեկենաս և խորագիտակ Կասսիանո դալ Պոցցոյի հետ։ Նա օգնում է երիտասարդ նկարչուհուն պատվերներ գտնել Հռոմում, և 1631 թվականին Ջովաննան տեղափոխվում է Հռոմ։

Սակայն Հռոմում նա երկար չի մնում, 1632 թվականին նա տեղափոխվում է Թուրին[5], Սավոյի դքսուհի Քրիստինա Ֆրանսիացու հրավերով։ Արքունիքում նա հիմնականում նկարում է դիմանկարներ և մանրանկարներ, այդ թվում դքսուհու և դուքս Վիկտոր Ամադեյա I-ի։ Պահպանվել են նաև վկայություններ, որ նա ստեղծել է «ծաղիկների, մրգերի և կենդանիների նկարներով մագաղաթներ»[6], թուրինյան ժամանակահատվածին են վերաբերվում Գարցոնիի առավել վաղ հայտնի նատյուրմորտները։

1637 թվականին մահանում է Ջովաննայի հովանավոր դուքսը, և նա հեռանում է Թուրինից ։ Գարցոնիի կյանքի մասին՝ 1637-1642 թվականներ, շատ քիչ բան է հայտնի, ենթադրվում է, որ այդ տարիներին նա այցելել է Ֆրանսիա, հնարավոր է նաև Անգլիա[6][5]։ Ֆրանսիացի, անգլիացի և հոլանդացի նկարիչների նկարները, որոնք նա տեսել է ճամփորդությունների ժամանակ ազդեցություն են ունեցել նրա հետագա ոճի վրա։

1640-ական թվականներին Ջովաննա Գարցոնին տեղափոխվում է Ֆլորենցիա, որտեղ մնում է մինչև 1651 թվականը։ Այստեղ նրա պատվիրատուներն են դառնում ֆլորենցիացի արիստոկրատները, այդ թվում Մեդիչի ընտանիքի ներկայացուցիչները։ Նրա աշխատանքներում կան դիմանկարներ, մանրանկարներ, դիցաբանական և աստվածաշնչյան սյուժեներով, ծաղիկներով և մրգերով կոմպոզիցիաներ, բուսաբանական ուրվանկարներ, ինչպես նաև ճանաչված նկարիչների նկարների պատճեններ։ Ֆլորենցիայում Գարցոնին ծանոթանում է ֆլորայի և ֆաունայի բազմաթիվ ուրվանկարների հեղինակ Յակոպո Լիգոցիին, որոնք նա կատարել է Մեդիչիի պատվերով։ Ակնհայտ էր , որ այս վարպետի աշխատանքները ոգեշնչեցին Գարցոնիին նմանակման ոճով սեփական ստեղծագործությունների ստեղծման գործում[8]։

1651 թվականին Գարցոնին արդեն ճանաչված նկարիչ էր և տեղափոխվում է Հռոմ։ Նա ոչ պատվիրատուների պակաս ուներ, ոչ էլ գումարի, նրա կենսագիրներից մեկը նույնիսկ պնդում էր, որ նա իր աշխատանքների համար կարող էր պահանջել «ցանկացած գին, ինչ որ ուզենար»։ Հավանաբար այդ ժամանակ նա դառնում է Հռոմի Սուրբ Լուկայի ակադեմիայի նկարիչների գիլդիայի անդամ, չնայած չեն պահպանվել նրա անդամությունը հաստատող փաստաթղթեր, հայտնի է, որ Գարցոնին հաճախում էր Ակադեմիայի նիստերին[5]։

Ջովաննա Գարցոնին մահացել է Հռոմում 1670 թվականի փետրվարի 10-ից 15-ը ընկած ժամանակահատվածում։ Դեռևս 1666 թվականին նա իր ամբողջ ունեցվածքը կտակել էր Սուրբ Լուկայի ակադեմիային, պայմանով, որ իրեն թաղեն Սուրբ Լուկայի և Մարտինի եկեղեցիներում[6]։ Պայմանը կատարվեց, բայց տապանաքարը դրվեց միայն 1698 թվականին։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիմոններով նատյուրմորտ (տեմպերա, մագաղաթ), 1640
Չինական ջրաման կակաչներով և այլ ծաղիկներով, մոտ. 1641-1652

Ջովաննա Գարցոնին հայտնի է առաջին հերթին իր նատյուրմորտներով և բուսաբանական ուրվանկարներով։ Նա եղել է առաջին կանանցից մեկը, ով անդրադարձել է այդ ժանրին[8]։ Նրա աշխատանքները հիմնականում կատարված են գուաշով կամ տեմպերայով մագաղաթի վրա, որոնք գերում են մանրամասնությունների մանրակրկիտ մշակմամբ և ստվերագծերի նրբությամբ[8][7] :

1650-ական թվականներին Գարցոնին պատկերել է բազմաթիվ սկահակներ ծաղիկներով՝ ցուցադրելով կոմպոզիցիայի նուրբ զգացողություն։ Ակնհայտ է նաև, որ նկարչուհին լավ ծանոթ է ծաղկի կազմաբանությանը, նրա բոլոր աշխատանքները առանձնանում են բացարձակ նատուրալիստական արժանահավատությամբ[5]։

1660-ական թվականներին Ֆերդինանդ II Մեդիչիի պատվերով, Գարցոնին ստեղծում է շուրջ քսան մանրանկարներ որտեղ պատկերված են մրգերով և բանջարեղենով սկուտեղներ։ Չնայած տարրերի բազմիցս կրկնվող միօրինակությանը, Գարցոնիին հաջողվում է բազմազանեցնել իր աշխատանքները, կոմպոզիցիաների մեջ մտցնելով լրացուցիչ տարրեր, ծաղիկներ, թռչուններ և միջատներ[5][9]։ Բացի այդ նկարչուհու հմտությունը դրսևորվում է լուսաստվերի և այլ էֆեկտների վարպետորեն կիրառման միջոցով։

Գարցոնիի բազմաթիվ աշխատանքների բնութագրական գիծը համարվում է բուսաբանական ուրվանկարների յուրահատուկ համադրությունը, որի համար առաջին հերթին կարևոր է պատկերի ճշգրտությաւնը և մանրամասնությունը զուտ գեղանկարչական ոճաձևերի տեսանկյունից[5][9]։ Դրանով նրա ստեղծագործությունն առանձնանում է Լիգոցցիի նատուրալիստական ուրվանկարներից, որը հաճախ համեմատվում է նաև շատ նկարիչների և նատյուրմորտների հեղինակների հետ, որոնց համար պատկերվող օբեկտների արժանահավատությունը երկրորդական դեր է խաղում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Silvia Meloni Trkulja. Giovanna Garzoni e «il grande teatro della natura» // Giovanna Garzoni. Nature morte. - Milano: L’ippocampo, 2008. - ISBN 978-88-95363-33-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]