Ջոն Ֆրենսիս Բրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ֆրենսիս Բրեյ
Ծնվել է1809[1][2][3][…]
Մահացել է1897[1][2][3][…]
Մասնագիտությունտնտեսագետ և արհմիութենական գործիչ

Ջոն Ֆրենսիս Բրեյ (անգլ.՝ John Francis Bray, 1809[1][2][3][…] - 1897[1][2][3][…]), բրիտանացի և ամերիկացի տնտեսագետ, լրագրող, քաղաքական ակտիվիստ, ուտոպիստ սոցիալիստ, Ռոբերտ Օուենի ուսմունքի հետևորդ։ Ունեցել է «Ամերիկայի ավագագույն սոցիալիստի» և «աշխատավորների Բենջամին Ֆրանկլինի» համբավ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1809 թվականի հունիսի 26-ին Օրեգոնյան երկրամասում (ներկայումս՝ Վաշինգտոն նահանգ), անգլիական Յորքշիրից գաղթած ագարակապան-կոշկակարի ընտանիքում։ Հայրը նաև ընդգրկված էր տեղի թատերախմբում[4]։ 1822 թվականին Ջոնը հոր հետ վերադարձել է Յորքշիր՝ Լիդս, բայց հայրը կարճ ժամանակ անց մահացել է, և տղան ստիպված է եղել ապաստանել բարեկամներից մեկի հարկի տակ և տպարանում աշխատանքի անցնել որպես գրաշարի աշակերտ։ 1832 թվականից նա Լիդսում մասնակցել է բանվորական շարժմանը, դարձել չարտիստ։ 1837 թվականին դարձել է Լիդսի բանվորական ընկերակցության հիմնադիրներից մեկն ու գանձապահը, միաժամանակ դասխոսություններ է կաարդացել ընկերակցության անդամների համար։ Հենց այդ շրջանում էլ չարտիստների խոսափողը հանդիսացող քաղաքային «Հյուսիսային աստղ» («Northern Star») թերթում հրատարակել է իր առաջին պամֆլետը՝ «Աշխատանքի արատներն ու դրանց դեմ պայքարի միջոցները» («Labour's Wrongs and Labour's Remedy») վերնագրով[5]։ Դա համարվում է նրա լավագույն աշխատությունը, որից Կարլ Մարքսը հետագայում ընդարձակ մեջբերումներ է կատարել իր «Փիլիսոփայության աղքատությունը» երկում։

1839 թ. չարտիստների ձախողված ընդվզման փորձից հետո ծայր առած հալածանքները, ինչպես նաև 1841—1842 թվականներին Բրիտանիայում տեղի ունեցած տնտեսական ճգնաժամը Բրեյին հարկադրել են 1842 թ. վերադառնալ ԱՄՆ և Դեթրոյթում աշխատանքի անցնել որպես գրաշար։ Հետագայում նա տեղափոխվել է Պոնտիակ (Միչիգան նահանգ), որտեղ ամուսնացել է, քաղաքի արվարձանում ագարակ գնել, զբաղվել գյուղատնտեսությամբ։ 1850-ական և 1860-ական թվականներին Միջին Արևմուտքում եռանդուն մասնակցություն է ունեցել բանվորական դեմոկրատական շարժմանը, մամուլում լույս ընծայել բազմաթիվ հոդվածներ, որոնցում սուր քննադատության է ենթարկել ստրկատիրությունը, ոգեկանչությամբ (սպիրիտիզմով) զանգվածային տարվածությունը։ Պաշտպան է կանգնել Ամերիկայի աշխատավորական կուսակցությանը, միացել «Աշխատանքի ասպետներ» միավորմանը, կյանքի վերջին տարիներին մասնակցել Ժողովրդական կուսակցության ստեղծմանը։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմք ընդունելով արժեքի աշխատանքային տեսությունը՝ Բրեյը պնդում էր, որ «աշխատանքի արատների» «բուժամիջոց» կարող է ծառայել բնական վիճակին վերադարձը, որի պայմաններում ոչ ոք չի կարողանա խույս տալ աշխատանքից, հետևաբար ոչ ոք չի կարողանա յուրացնել ուրիշի աշխատանքը, ինչը տեղի է ունենում կապիտալիստական հասարակարգում, որտեղ գոյություն ունի կապիտալի և աշխատանքի միջև անհավասար փոխանակում, որի անարդարացի բնույթն առաջ է բերել հակադրություն «բռնակալների դասի» (կապիտալիստների ու սեփականատերերի) և «ստրուկների դասի» (բանվորների) միջև։ Այսպիսով՝ ռիկարդոյական սոցիալիստ Ջոն Գրեյի նման, նա պաշտպանում էր այն գաղափարը, որ ապրաքափոխանակությունը պետք է տեղի ունենա բացառապես այն արժեքների հիման վրա, որ բովանդակում են այդ ապրանքները։

Հարկ է նշել, որ հետևելով Բրեյի առաջարկներին և գտնվելով Ռոբերտ Օուենի ազդեցության ներքո՝ անգլիական մի շարք քաղաքներում (Լիդս, Շեֆիլդ, Լոնդոն) բանվորական որոշ խմբեր հիմնել են աշխատանքով արդարացի փոխանակման պահեստարաններ (աշխատանքի արդար սակարան-շուկաներ), բայց արդյունքում ի վերջո անհաջողության են մատնվել (որոշ դեպքերում բանն ավարտվել է հնչեղ սկանդալներով)[6]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bray, John Francis, Labour's wrongs and labour's remedy, Leeds, England (1839).
  • Bray, John Francis, Government and society considered in relation to first principles, (1842)
  • Bray, John Francis, A Voyage from Utopia to Several Unknown Regions of the World, (written 1842; published posthumously)
  • Bray, John Francis, The coming age devoted to the fraternisation and advancement of mankind through religious, political and social reforms. No. 1 Spiritualism founded on a fallacy, (1855)
  • Bray, John Francis, No. 2 The origin of mundane and human energies unfavourable to spiritualism, (1855)
  • Bray, John Francis, American destiny what shall it be? Republican or Cossack? An argument addressed to the people of the late Union North and South, (1864)
  • Bray, John Francis, God and man a unity and all mankind a unity; a basis for a new dispensation social and religious, (1879)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Faceted Application of Subject Terminology
  4. Carr, H. J. (1940). «John Francis Bray». Economica. 7 (28): 397–415. doi:10.2307/2550233. ISSN 0013-0427. JSTOR 2550233.
  5. Bray, John Francis (1839). Labour's Wrongs and Labour's Remedy. Leeds: David Green, Briggate.
  6. Lafargue, Paul (September 1897). «Socialism in France 1874-1896». Translated by Edward Aveling.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]