Jump to content

Ջոն Ֆրեդերիկ Լյուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Ֆրեդերիկ Լյուիս
անգլ.՝ John Frederick Lewis
Ծնվել էհուլիսի 14, 1805(1805-07-14)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 15, 1876(1876-08-15)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրWalton-on-Thames, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
Ոճօրիենտալիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներStreet Scene near the El Ghouri Mosque in Cairo? և In the Bey's Garden?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրFrederick Christian Lewis?
ԱզգականներCharles Lewis?
 John Frederick Lewis Վիքիպահեստում

Ջոն Ֆրեդերիկ Լյուիս (անգլ.՝ John Frederick Lewis, հուլիսի 14, 1805(1805-07-14)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 15, 1876(1876-08-15)[1][2], Walton-on-Thames, Էլմբրիջ, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի օրիենտալիստ նկարիչ։ Նա մասնագիտացած է Արևելքի և շուրջմիջերկրածովյան երկրների կենցաղն ու բարքերը պատկերելու գործում։ Նա մի քանի տարի ապրել է Կահիրեում, ավանդական ոճով կառուցված ու կահավորված տան մեջ։ Եվ 1851 թվականին Անգլիա վերադառնալուց հետո նա մասնագիտացավ ռեալիստական ժանրի մեջ՝ ստեղծելով բարձրարժեք կտավներ, որոնք ներկայացնում են Միջին Արևելքի կյանքը և Եգիպտական ինտերիերը՝ Արևմուտքի որոշ ազդեցությամբ։ Նա շատ խնամքով և ջերմությամբ է ներկայացնում իսլամական ճարտարապետությունը, կահավորումը, միջավայրն ու ազգային հագուստները, ինչև նոր չափանիշ է սահմանում ռեալիստական նկարչության մեջ, որից ազդվեցին շատ ուրիշ նկարիչներ՝ ներառյալ ֆրանսիացի առաջատար օրիենտալիստ նկարիչ Ժան Լեոն Ժերոմը՝ իր ստեղծագործական կյանքի վերջին շրջանում։ Չհավանելով օրիենտալիստ մյուս նկարիչների ոճը, որոնք հետաքրքրված էին արևելյան գեր կանանց կերպարներով, նա երբեք չպատկերեց մերկ կերպարանքներ։ Հարեմի որոշ տեսարաններում որպես կանացի տիպար նա ընտրել է իր կնոջ կերպարը։

Կյանքի վաղ շրջանը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Ֆրեդերիկ Լյուիս, «Տիկինն ընդունում է այցելուներին»:

Ջոն Ֆրեդերիկ Լյուիսը ծնվել է 1804 թվականի հուլիսի 14-ին։ Նրա հայրը բնանկարիչ և փորագրանկարիչ Ֆրեդերիկ Քրիստիան Լյուիսն էր (1779–1856 թթ.), որի գերմանացի հայրը Անգլիա էր գաղթել և փոխել իր Լյուդվիգ անունը։ Նրա հորեղբայր Չարլըզ Լեվիսը գրքի կազմարար էր և այդ ժամանակների առաջատար մասնագետն էր։ Նրա կրտսեր եղբայրները նույնպես՝ մյուս Ֆրեդերիկ Քրիստիանը և Չարլըզ Ջորջ Լյուիսը նույնպես նկարիչներ էին, որոնցից վերջինը մասնագիտացել էր վերականգնողական փորագրանկարչության մեջ և երկրորդն էր Էդվին Հենրի Լանդսիրից (1802-1873 թթ.) հետո։ Սա Ջոն Ֆրեդերիկի մանկության ընկերոն ու հարևանն էր։

Լյուիսն ու Լանդսիրը միասին հմտացել են Թոմաս Լոուրենսի արվեստանոցում։ Սկզբում նրանք երկուսն էլ կենդանիներ էին նկարում, և հետագայում էլ, Լյուիսի ուշ շրջանի նկարներում էլ հաճախ կենդանիների կերպարանքներ էին հայտնվում, առավելապես՝ այծքաղ (վիթ) Կահիրեի նկարներում։ 1826 թվականին նա հրատարակեց կատվազգի գիշատիչների, ինչպես նաև տասներկու ընտանի կենդանիների նկարների ժողովածուներ։ Նկարել է նաև կենդանիներով լեցուն երկու տեսարան Վինձորի մեծ զբոսայգում, որոնցից մեկը գտնվում է Բրիտանիայի Թագավորական հավաքածուում, մյուսը՝ Թեյթ պատկերասրահում։

Ճամփորդությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սուրճ բերողը» (1805 թ., յուղանկար):

Լյուիսը 1827 թվականին շրջագայում է Եվրոպայում։ Այդ տարեսկզբին նա նկարում էր ջրաներկով։ Այնուհետև 1832-1834 թվականներին ճամփորդում է Իսպանիայում և Մարոկկոյում։ Նրա՝ այդ շրջանում կատարած նկարները հետագայում իր և մյուս նկարիչների կողմից վերածվեցին վիմանկարների։ Դրանք հրատարակվեցին 1835 թվականին «Ալ-Համբրայի նկարները, որոնք կատարվել են Գրանադայում ապրած տարիներին, 1832-1834 թվականներին» և 1836 թվականին՝ «Լյուիսի նկարները Իսպանիայի և իսպանական բարքերի վերաբերյալ» խորագրերով։ (Ալ-Համբրան, որ արաբերենից թարգմանաբար նշանակում է Կարմիր ամրոց, Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետական համալիր է)։ Դրանից հետո նրան շուտով սկսեցին անվանել Լյուիս Իսպանացի, տարբերելու համար իր Ֆրեդերիկ Քրիստիան եղբորից, որին էլ անվանում էին Հնդկաստանցի Լյուիս։ Սա 1834 թվականին գնացել էր Հնդկաստան և մահացել երիտասարդ տարիքում։ Լյուիսը վաղ շրջանի անգլիացի ճանապարհորդներից էր, որ անցած երթուղիները հետո կրկին տրորեցին հետագա անգլիացի նկարիչները։ Դեվիդ Ռոբերտսը, որը եղավ բրիտանացի մեկ այլ առաջատար օրիենտալիստ նկարիչ, որ հայտնի է իր վիմանկարներով, Իսպանիայում և Միջին Արևելքում է եղել Լյուիսի հետ միաժամանակ, թեև նրանք շատ հազվադեպ են հանդիպել միմյանց։ Այդ շրջանի բրիտանացի նկարիչներից նաև Վիլյամ Ջեյմս Մյուլլերն է եղել Կահիրեում 1838 թվականին։ Բայց այդ ժամանակներիի ոչ մի ուրիշ անգլիացի նկարիչ արտերկրում Լյուիսի նման չունեցավ ստեղծագործական այնպիսի ժամանակաշրջան, ինչպիսին եղավ նաև Օսմանյան կայսրությունը՝ նրա կյանքի վերջին շրջանում։ 1837 թվականին նա մեկնեց ճամփորդության, որը 1840 թվականին նրան հասցրեց Կոստանդնուպոլիս, իսկ դրանից հետո շրջագայեց Իտալիայում և Հունաստանում։ Ապա հաստատվեց Եգիպտոսում՝ ճոխ կյանք վարելով Կահիրեում 1841-1851 թվականներին։ Նրա տունը պատկանել էր վերին դասի մի ընտանիքի և կառուցված էր ավանդական ոճով, որի սրահների տեսքը նա հաճախ օգտագործում էր իր նկարներում։ 1847 թվականին նա Ալեքսանդրիայում ամուսնանում է Մարիան Հարփերի հետ։

Վերադարձ Անգլիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում Ջոն Ֆրեդերիկ Լյուիսը կատարել էր բազմաթիվ ճշգրիտ ուրվանկարներ, որոնք 1851 թվականին Անգլիա վերադարձից հետո վերածեց կտավի։ 1854 թվականից մինչև մահը նա ապրեց Ուոլթըն օն Թեմզում։ 1850 թվականին, երբ նրա «Հարեմ» ջրաներկով նկարը ցուցադրվեց Լոնդոնում, մեծ արձագանք գտավ։ Այն բարձր գնահատեցին արվեստաբան Ջոն Ռասկինը և ուրիշ քննադատներ։ Դա փաստում էր Կահիրեում կատարված աշխատանքի կատարելության մասին։ 1850-ականներին նա շարունակում է մեծ մասամբ նկարել ջրաներկով, մինչև որ վերադարձավ յուղաներկին, որից հետո նրա աշխատանքները վաճառվում էին ավելի լավ գնով։ 1860-ականներին նա միևնույն նկարը ստեղծում էր երկու տարբերակով՝ յուղաներկով և ջրաներկով՝ ձգտելով վերջինի գինը մոտեցնել առաջինի գնին։ Անկախ ռաֆայելյան դպրոցից, Լյուիսը ևս զարգացրել է այն մեթոդը, ըստ որի գույնը խառնում են սպիտակ ներկի հետ՝ պատկերին փայլ հաղորդելու համար։

1859 թվականին Լյուիսը դարձավ Թագավորական ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1865 թ.-ին՝ անդամ։ 1855 թ.-ից նա եղավ Ջրաներկով նկարիչների միության նախագահը, որով նա պետք է հրաժարվեր յուղաներկի տեխնոլոգիայից։ Երեք տարի անց, երբ միությունն արգելեց անդամներին ցուցադրել իրենց յուղաներկով կատարած աշխատանքները, Լյուիսը հրաժարական տվեց։ Աղբյուրների բացակայության պատճառով Ջոն Ֆրեդերիկ Լյուիսի կենսագրության մասին որևէ գիրք չհրատարակվեց մինչև 2014 թվականը։ Հայտնի է, որ նա նկարել է գրեթե մինչև կյանքի վերջը, սակայն 1873 թվականից վատացավ նրա առողջությունը, որն այդպես էլ չվերականգնվեց մինչև մահը։ Նկարիչը մահացավ 1876 թվականին։ Շուրջ մեկ դար նրա անունն ու աշխատանքները թաղվեցին խորը մոռացության մեջ, բայց 1970-ականներից սկսած նրա ստեղծագործությունը կրկին արժևորվեց և լավագույն աշխատանքները աճուրդների ժամանակ սկսեցին վաճառվել մի քանի միլիոն դոլարով կամ ֆունտ ստերլինգով։

«Հայուհին Կահիրեում» նկարը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայուհին Կահիրեում (1855 թ.):

«Հայուհին Կահիրեում» խորագրով նկարը Ջոն Ֆրեդերիկ Լյուիսը ստեղծել է 1855 թվականին։ Նրանում տպավորիչ կերպով ներկայացված են հայ կնոջ կերպարի առանձնահատկությունները։ Աչքի են ընկնում հատկապես բազմոցին պառկած հայուհու նուրբ դիմագծերը և նրա հագուստի դետալները։ Դռան մուտքի մեջ կանգնած է մեկ այլ հայուհի, որը սուրճ է բերում՝ մատուցելու բազմոցին նստած երիտասարդ տիկնոջը։ Ուշադիր համեմատելով այս նկարը «Սուրճ բերողը նկարի հետ», կնկատենք, որ կարծես նույն աղջիկն է պատկերված նույն դիրքով, մի փոքր այլ տեսանկյունից։ «Հայուհին Կահիրեում» նկարը պահվում է Քաթարի Օրիենտալիստական թանգարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Кирилл Кобрин. Ориенталистские картинки с выставок и аукционов
  • Preston, Harley, "Lewis (i)" Grove Art Online /Oxford Art Online. Oxford University Press, accessed May 14, 2015, subscription required
  • Treuherz, Julian, Victorian Painting, 1993, Thames and Hudson (World of Art), ISBN 050020263X
  • Tromans, Nicholas, Weeks, Emily M., and others, The Lure of the East, British Orientalist Painting, 2008, Tate Publishing, ISBN 9781854377333
  • Weeks, Emily M., "Oil and Water: (Re)Discovering John Frederick Lewis (1804–76)", Nineteenth-Century Art Worldwide, Volume 12, Issue 2, Autumn 2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ֆրեդերիկ Լյուիս» հոդվածին։