Ջոն Հեյգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Հեյգ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1909(1909-07-24)[1]
ԾննդավայրՍտամֆորդ, Stamford, Հարավային Քեսթևեն, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 10, 1949(1949-08-10)[1] (40 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունQueen Elizabeth Grammar School?
Մասնագիտությունսերիական մարդասպան
 John George Haigh Վիքիպահեստում

Ջոն Ջորջ Հեյգ (անգլ.՝ John George Haigh, հուլիսի 24, 1909(1909-07-24)[1], Ստամֆորդ, Stamford, Հարավային Քեսթևեն, Լինքոլնշիր, Լինկոլնշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 10, 1949(1949-08-10)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի սերիական մարդասպան։ Հայտնի է նաև «Ծծմբական թթվով լի վաննայով մարդասպան» անվամբ։ Հեյգը ծնվել է Ուեսթ Յորքշիր կոմսության Ուեյքֆիլդ քաղաքում։ Նրա ծնողները եղել են Պլիմուտի եղբայրներ աղանդավորական շարժման անդամներ[2]։ Եղել է ընտանիքի միակ երեխան։ Մեծացել է հղփացած։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին Ջոն Հեյգը կարող էր հայտնվել բանտում։ Այդ ժամանակ նա աշխատում էր գովազդային ընկերությունում և համարվում էր բավականին հաջողակ աշխատակից։ Նրա հոնորարները գործակալությունում եղել են ամենաբարձրը, սակայն նա դրանով չէր բավարարվում։ Նա պայմանավորվել է հաճախորդի հետ, որ մտածված կիջեցնի պայմանագրի արժեքը, իսկ մնացած մասը նրանք կկիսեն։ Գաղտնի գործարքն արագորեն բացահայտվել է։ Ընկերության սեփականատերերին հաջողվել է ապացուցել, որ Հեյգը գործել է ինքնակամ։ Ջոնը մեծ գումարներ է վատնել թանկարժեք իրավաբանների ծառայություններից օգտվելու համար՝ զրկվելով մեքենայից (սպորտային «Ալֆա-Ռոմեո»), աշխատանքից, ընկել պարտքերի տակ, սակայն չի կարողացել խուսափել պատասխանատվությունից։ 1934 թվականին Հեյգը 15 ամսով ընկել է բանտ՝ վարձակալած մեքենայի վաճառքի համար[3]։ Բանտարկության ժամանակ Հեյգը շատ է կարդացել, այդ թվում նաև թերթեր և ամսագրեր։ Այնտեղ նա կարդացել է Փարիզի փաստաբաններից մեկի՝ Ջորջ Ալեքսանդր Սարեթի մասին, որը 1934 թվականին գլխատվել է կրկնակի սպանության համար[4]։

Հեյգն այդքան էլ հետաքրքրված չէր հոդվածներով։ Կրելով իր պատիժն ամբողջությամբ՝ Հեյգն ազատ է արձակվել։ Որոշ ժամանակ աշխատել է լունապարկում, որը ղեկավարել է Ուիլյամ Մաքսվենը։ Այստեղ շատ է գնահատվել նրա աշխատանք (մեկ տարվա ընթացքում վարորդի հաստիքից հասել է փոխտնօրենի պաշտոնի)։ Շուտով նա որոշել է կազմակերպել սեփական բիզնեսը, որը մասնագիտանալու էր կենցաղային քիմիական նյութերի վաճառքով։ Այդ կերպ էր Հեյգն իր բիզնեսը ներկայացնում բոլորին։ Իրականում Հեյգը գրանցել էր «անտեսանելի» ընկերություն, վերցրել առևտրային վարկ, իրացրել այն ցածր գներով և փորձել թաքնվել[3]։ Հեյգի նման քայլը բացահայտվել է, որի արդյունքում դատապարտվել է 4 տարի ազատազրկման։ Նրա բանտակիցը, որը հմտացած էր իրավաբանական նրբություններում, Ջոնին պատմել է «corpus delicti-ի» մասին։ Հեյգը հիշել է նաև «Սարեթի գործի» և դիակներից ազատվելու իր հնարքի մասին։ Նա դեռ բանտում որոշել է անցկացնել տարօրինակ, սակայն, իր կարծիքով, անհրաժեշտ գիտափորձեր։ Բանտում գործել է մետաղական արտադրանքի կլայեկման և զոդման արտադրամաս, որտեղ օգտագործվում էր ծծմբական թթու։ Նա աշխատանքի է անցել արտադրամասում և սկսել գաղտնիորեն ծծմբական թթու գողանալ։ Երբ հավաքվել է անհրաժեշտ քանակությամբ զանգված, Հեյգը բռնել է մկների և գցել նրանց թթվի մեջ՝ հետևելով, թե ինչպես է թթուն լուծում կենդանու մարմինը։ Ջոնը մյուս բանտարկյալներին հայտնել է, որ պատրաստ է գնել մկների, որոնք օգտագործելու է գիտափորձերի համար[3]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյգը բանտից դուրս է եկել 1942 թվականին և սկսել նախապատրաստվել առաջին սպանությանը։ Վարձակալել է կիսանկուղ, այնտեղ տեղափոխել մեծ տակառ, որի ստորին հատվածում եղել է կափույր։ Ավելի ուշ, այնտեղ սկսել է քիչ-քիչ տեղափոխել ծծմբական թթու։ Այդ նախապատրաստական աշխատանքները ձգվել են շուրջ երկու տարի։

Հեյգի հին ծանոթներից մեկը՝ Ուիլյամ Մաքսվենը 1944 թվականի ամռանը Ջոնին հանդիպել է Քենսինգթոնում։ Նա բղավել է Հեյգի անունը, որին չէր տեսել մի քանի տարի։ Նրանք մտել են սրճարան, սուրճ խմել և զրուցել։ 1944 թվականի սեպտեմբերին Հեյգն Ուիլյամին խաբեությամբ տարել է անտառ, որտեղ և սպանել է[3]։ Անհրաժեշտ էր մարմինը տանել նկուղ և վերջապես փորձարկել երկար տարիների պլանավորած փորձը։ Հեյգը նրա դիակը տեղափոխել է կիսանկուղ և գցել տակառի մեջ։ Դիակը գցելուց հետո տակառում ավելացրել է ծծմբական թթու։ Ընդորում, քիչ էր մնացել, որ նա խեղդվեր ծծմբի գոլորշուց։ Հեյգը Մաքսվենի ծնողներին ասել է, որ վերջինս ցանկանում էր մեկնել Շոտլանդիա, խուսափելով մոբիլիզացիայից։ Մաքսվենի ծնողները հավատացել են նրան, քանի որ համակրում էին տղայի ընկերոջը։ Գրեթե մեկ տարի անց դարձյալ անտառում Հեյգն սպանել է նաև Մաքսվենի ծնողներին՝ նրանց մարմինները լուծելով ծծմբական թթվի մեջ։ Ավելի ուշ, նա վաճառել է Մաքսվենների գույքը։ Գույքի սեփականատերերի վերաբերյալ հարցին Հեյգը պատասխանել է, որ նրանք մեկնել են Միացյալ Նահանգներ[3]։ Դրանից հետո, սպանելով ևս երկու մարդու, նա իր ուշադրությունը կենտրոնացրել է կեցարանի իր հարևանուհու՝ Օլիվիա Դյուրան Դեքոնի վրա։ Զառամյալ կնոջը Հեյգն առաջարկել է մասնակցել դնովի եղունգների արտադրության գործընթացին։ Խոսակցությունը տեղի է ունեցել Օլիվիայի ընկերուհու՝ Կոնստանս Լեյնի ներկայությամբ։ 1949 թվականի փետրվարի 19-ին Հեյգը Օլիվիային տարել է Քերվլի, տարել կողաշենք, որտեղ և սպանել է։ Անհրաժեշտություն կար ալիբի ապահովել։ Կոնստանսը լսել էր, որ Օլիվիան Հեյգի հետ է պայմանավորվել մեկնելու վերաբերյալ[3]։

Բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ օրը Ջոնը եկել է Լեյնի մոտ և հայտարարել, որ Օլիվիան այդպես էլ չի եկել կայարան, որտեղ նրանք պայմանավորվել էին հանդիպել։ Կոնստանսը հայտարարել է, որ անհրաժեշտ է անմիջապես դիմել ոստիկանությունը։ Հեյգը չէր կարող հրաժարվել։ Ոստիկանությունում Ջոնը հայտարարել է, որ ինքը համարվում է «Հարսթլե փրոդաքթ» ընկերության փոխտնօրեն և կրկնել Օլիվիայի՝ կայարան չգալու մասին լեգենդը։ Իրեն հանգիստ և վստահ է պահել։ Գործը վարել է կին դետեկտիվ, սերժանտ Լամբոուրնը[3]։ Նա Հեյգի հետ, վկայի կարգավիճակում, անց է կացրել երեք հարցաքննություն՝ ամենևին չվստահելով նրան, քանի որ Հեյգը թողել է տարօրինակ մարդու տպավորություն։ Նա կրկնել է իր վկայությունն առանց անգամ բառ փոխելու, սակայն ուշադիր Լամբրոունը նպատակահարմար է համարել ստուգել նրա տվյալները, որի արդյունքում նրա կասկածները հաստատվել են։ Ուսումնասիրելով տեղեկանքները նա իմացել է Հեյգի բազմաթիվ խաբեությունների մասին։ Նրա խնդրանքով թերթում տպագրվել է Օլիվիա Դյուրան-Դեքոնի անհետացման վերաբերյալ նյութ։ Նյութի կողքը պատկերված են եղել Լեյնի և Հեյգի լուսանկարները։ Հրապարակման հաջորդ օրը ոստիկանություն է եկել լոմբարդի խանութի սեփականատերը։ Նա պատմել է, որ Օլիվիայի անհետացման օրն իր մոտ է եկել Ջոն Հեյգը։ Նա խնդրել է գնահատել կանացի զարդեր։ Սակայն առաջարկվող գինը նրան չի գոհացրել։ Երկու օր անց նա վերադարձել է և վաճառել թանկարժեք զարդերը՝ չվիճելով գնի վերաբերյալ։ Թանկարժեք քարերը ներկայացվել են Կոնստանս Լեյնին, որն էլ հաստատել է դրանց Օլիվիային պատկանելը։ Պարզ է դարձել, որ Հեյգը կապ ունի կնոջ անհետացման հետ։ Նրան բաժին բերման են ենթարկել[3]։

Երեք ժամ տևած հարցաքննությունից հետ, որոնց ժամանակ ի հայտ են եկել ուղղակի կապ ունեցող բազմաթիվ հանգամանքներ, Հեյգը խոստովանել է սպանության իրականացումը։ Սակայն այն իրականացրել է առանց փաստաբանի, որի պատճառով էլ, ավելի ուշ, կարող էր հրաժարվել իր խոսքերից։ Ավելին, նա ոստիկաններին պատմել է ոչ միայն Օլիվիայի սպանության, այլև ևս հինգ անձանց սպանությունների մասին։ Նա ամբողջությամբ վստահ էր, որ դատարանը չի տալիս ձերբակալման օրդեր։ Սակայն Սքոթլանդ յարդի հայտնի դատական փորձագետ, Քիթ Սիմփսոնը հավաքել է բազմաթիվ փաստեր և հացանշաններ (երիկամի քար, տիկին Դյուրան-Դեքոնի ատամների պրոտեզը, Քրոուլիի անասնագոմերից մեկի հատակին արյան հետքեր), որոնք դատավորի համար հիմք են հանդիսացել Ջոն Հեյգին Օլիվիա Դյուրան Դեքոնի սպանության մեջ մեղադրելու և կալանավորման օրդեր տալու համար։ Այդ ժամանակ վախեցած Հեյգը որոշել է անմեղսունակ ձևանալ և պատմել այն մասին, որ զոհերի սպանության միակ դրդապատճառը եղել է նրանց արյուն խմելը, իսկ դիակները լուծել է թթվի մեջ, որպեսզի ոչ ոք չհասկանա սպանության իրական պատճառները[3]։

Հեյգը պայմանագիր է կնքել «News of the World» թերթի հետ։ Նա խոստացել է գրել բացառիկ ինքնակենսագրություն իր հանցագործությունների մասին՝ փոխարենը ստանալով երկրի լավագույն փաստաբանների աջակցությունը։ Ինքնակենսագրականում նա գրել է, որ սպանել է ավելի քան 20 մարդու[3]։ Նրա դատական գործընթացը և ատենակալների խորհրդակցությունը տևել է ընդամենը 15 րոպե, որից հետո միաձայն Ջոն Հեյգին ճանաչել են Օլիվիա Դյուրան-Դեքոնի սպանության մեղսավոր։ Հեյգը դատապարտվել է մահապատժի[3]։ Հեյգը կախաղան է բարձրացվել 1949 թվականի օգոստոսի 10-ին[3]՝ Ուանդսվորթ բանտում[5]։

Հեյգի խորդանոցը մինչ օրս գոյություն ունի Արևմտյան Սուսեքսի Քրոուլի քաղաքում, որը հայտնի է «քրեական» զբոսաշրջության սիրահարների շրջանում։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մահապատժից հետո Հեյգի անձնական հագուստը և մազերը փոխանցվել են Մադամ Տյուսոյի թանգարանին՝ մոմե արձանը պատրաստելու նպատակով։
  • «Macabre» խմբի «Acid Bath Vampire» երգը պատմում է Ջոն Հեյգի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Cullen, Pamela V. A Stranger in Blood: The Case Files on Dr John Bodkin Adams. — London: Elliott & Thompson, 2006. — ISBN 1-904027-19-9
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Максимова, 1 апреля 2010
  4. Նա սպանել է սիրուհուն և իր ընկերոջն այն բանի համար, որ իրեն շանտաժի էին ենթարկում։ Մարմինը լուծել է ծծմբական թթվի մեջ և որևէ մեկը չէր իմանա հանցագործության վերաբերյալ, եթե Սարեթը չորոշեր կրկնել խարդախությունը, որն էլ դարձել էր սիրուհու շանտաժի առարկա։ Խարդախությունը բացահայտվել է։ Այնուհետ ոստիկանները գտան երկու անձանց սպանության հետ Սարեթի ուղղակի կապվածության վերաբերյալ հանցանշաններ։ Մանրակրկիտ հետաքննություն իրականացնելուց հետո՝ Սարեթին մեղադրանք է առաջադրվել։ Վերջինս խոստովանել է սպանությունը և ուղարկվել գիլյոտինի։
  5. Չնայած ապացուցված վեց սպանությունների, իրավաբանական տեսանկյունից Հեյգը դատապարտվել է նրանցից միայն մեկի համար՝ Օլիվիա Դյուրան-Դեքոնի սպանության համար։ Դատական գործընթացում այդպիսիք հանդիպում են բազմիցս և իրականացվում է դատական գործընթացը թեթևացնելու նպատակով։ Այսպես, բրիտանացի մեկ այլ սերիական մարդասպան Ջորջ Չեպմենը դատապարտվել է միայն մեկ սպանության համար, չնայած ապացուցվել էր երեք սպանությունների առկայությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «John Haigh: The Acid Bath Murderer» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  • Алина Максимова «Идеальные преступления» Лондонского вампира… // Криминал. — 1 апреля 2010. — № 14 (622).