Ջոն Բասմաջյան
Ջոն Բասմաջյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 21, 1921 Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 18, 2008 (86 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ակադեմիկոս, համալսարանի դասախոս, բժիշկ և անատոմ |
Հաստատություն(ներ) | Տորոնտոյի համալսարան, ՄաքՄաստեր համալսարան և Էմորիի համալսարան |
Գործունեության ոլորտ | Ֆիզիկական վերականգնում[2] և Էլեկտրոնագրաֆիա[2] |
Ալմա մատեր | Տորոնտոյի համալսարան և Brantford Collegiate Institute? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ |
Ջոն Վ. Բասմաջյան (անգլ.՝ John Basmajian, հունիսի 21, 1921, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 18, 2008), կանադահայ ակադեմիկոս և գիտնական։ Հայտնի էր վերականգնողական գիտության ոլորտում իր աշխատություններով, մասնավորապես՝ էլեկտրոնագրաֆիայի և կենսահետադարձ կապի ոլորտում։ Օնտարիոյի շքանշանի և Կանադայի շքանշանի ասպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Վ. Բասմաջյանը ծնվել է Կոստանդնուպոլսում՝ հայ ծնողներից՝ Միհրանից և Մարիամից[3]։ Ընտանիքը Կանադա է տեղափոխվել 1923 թվականին։ Նրանք հաստատվել են Օնտարիոյի Բրանտֆորդ քաղաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ծառայել է Կանադայի թագավորական բանակի բժշկական կորպուսում՝ կապիտանի կոչումով։ Պատերազմից հետո 1945 թվականին Տորոնտոյի համալսարանից ստացել է դոկտորի աստիճան[4]։
1949 թվականին նա ստանձնել է Տորոնտոյի համալսարանի կազմախոսության դասախոսի պաշտոնը։ 1951 թվականին նշանակվել է պրոֆեսորի օգնական, 1951 թվականին՝ ադյունկտ-պրոֆեսոր (դոցենտ), 1956 թվականին՝ պրոֆեսոր։ 1957 թվականին նա ստանձնել է պրոֆեսորի և կազմախոսության ղեկավարի պաշտոնը Քուինս համալսարանում, որտեղ մնացել է մինչև 1969 թվականը։ Օնտարիոյի Քինգսթոն քաղաքում բնակվելիս եղել է Քինգսթոնի կրթական խորհրդի նախագահ և մասնակցել Սուրբ Լոուրենս քոլեջի հիմնադրմանը։ 1969-1977 թվականներին նա Ատլանտայի Ջորջիայի հոգեկան առողջության ինստիտուտի նյարդաֆիզիոլոգիայի գծով տնօրենն էր։ Նա նաև եղել է Էմորիի համալսարանի կազմախոսության, ֆիզիկական բժշկության և հոգեբուժության պրոֆեսոր։ Վերադառնալով Կանադա՝ Բասմաջյանը 1977 թվականից մինչև 1986 թվականը եղել է Մաքմաստերի համալսարանի բժշկության պրոֆեսոր։ Այնուհետև նա նշանակվել է բժշկության և կազմախոսության պատվավոր պրոֆեսոր։ Նա մեկ ժամկետով եղել է Հյուսիսային Ամերիկայի անատոմիստների միության նախագահ։ Մաքմաստերի համալսարանում աշխատելու ընթացքում նա նաև զբաղեցրել է Չեդոկ վերականգնողական բժշկության կենտրոնի տնօրենի պաշտոնը։
Բասմաջյանն առողջապահական հետազոտությունների և կլինիկական միջամտությունների աշխարհում իրական հսկա էր[5]։ Նա ակտիվորեն մասնակցում էր բազմաթիվ մասնագիտական ընկերությունների հիմնադրմանը, Ուիլյամսի և Ուիլկինսի հրատարակած նրա գրքերը տպագրվել են մեծ տպաքանակներով։ Դոկտոր Բասմաջյանը մի քանի լեզվով հրատարակել է բժշկական գիտության վերաբերյալ գրքեր և հեղինակել է ավելի քան 400 գիտական հոդված։ Նա եղել է վերականգնողական բժշկության 22-հատորանոց գրադարանի խմբագիրը և դասախոսել է աշխարհի ավելի քան 100 համալսարաններում[3]։
Նա նաև բժշկական սարքավորումների գյուտարար էր, բայց հրաժարվել է դրա դիմաց փոխհատուցումից։ Նա եղել է հանգիստ մարդասեր՝ ավելի շատ մտահոգվելով, թե իր ներդրումներն ինչ օգուտ են տալիս ուրիշներին, այլ ոչ թե մտածել է ճանաչում ձեռք բերելու մասին[6]։
Կարիերայի մեծ մասի ընթացքում նա եղել է պահանջված հիմնական բանախոս և դասախոս՝ աշխարհի տարբեր համալսարաններում, կառավարություններում և բժշկական ընկերություններում[6]։ Երբ 1988 թվականին նրա հայրենի Հայաստանում տեղի էր ունեցել Սպիտակի երկրաշարժը, նա մասնակցել է օգնություն է ցույց տվող «Հույս» առաքելության աշխատանքներին[3]։
Բասմաջյանը կենսահետադարձ կապի ոլորտի ռահվիրաներից էր. նա կատարել է մի քանի ուսումնասիրություններ՝ օգտագործելով նուրբ մետաղալարով էլեկտրամիոգրաֆիա՝ ցույց տալու համար, որ սուբյեկտները կարող են կամավոր կառավարել մկանները, նույնիսկ մեկ շարժիչային միավորի մակարդակում, որը վերահսկվում է ողնուղեղի մեկ նեյրոնի կողմից։ Հետագայում նա հեղինակել է կենսահետադարձ կապի մասին գիրք, որը մի քանի տասնամյակ այս թեմայի սպառիչ աղբյուր էր[7][5]։
Համակարգիչների ժամանակակից աշխարհում նրա ստեղծած կենսահետադարձ կապի տեխնիկան կիրառվում է բազմաթիվ ինտերակտիվ ծրագրերի համար, որոնք նախատեսված են նյարդաբանական խանգարումներ ունեցող անհատներին օգնելու համար։
1991 թվականին նա պարգևատրվել է Օնտարիոյի շքանշանով։ 1994 թվականին նա արժանացել է Կանադայի շքանշանի ասպետի կոչման՝ «էլեկտրոնագրաֆիայի ոլորտում իր աշխատանքի համար, որը նշանակալի ազդեցություն է ունեցել կենսահետադարձ կապի տեխնիկայի զարգացման վրա»[8]։
Ջոն Բասմաջյանը կարճատև հիվանդությունից հետո մահացել է 2008 թվականի մարտի 18-ի առավոտյան[3]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Բասմաջյանն ամուսնացած էր Դորա Լուկասի հետ։ Նրանք ունեն երեք երեխա՝ Հայկը, Նենսին և Սալլին։ Թոռներն են Մեթյուն, Քոլինը, Ջոսելինը և Փիթերը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #138997152 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Dr. John Basmajian Obituary (2008) Toronto Star»։ Legacy.com։ Վերցված է 2022-07-11
- ↑ «Canadian Who's Who 1997 entry»։ University of Toronto Press(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 «John V. Basmajian, M.D. June 21, 1921- March 18, 2008»
- ↑ 6,0 6,1 PodiumAdmin։ «Basmajian Lectureship»։ International Society of Electrophysiology and Kinesiology (ISEK) (en-US)։ Վերցված է 2022-07-11
- ↑ Basmajian, J. V. (1983). Biofeedback: Principles and practice for clinicians. Baltimore: Williams & Wilkins.
- ↑ «Order of Canada»։ web.archive.org։ 2007-03-22։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-22-ին։ Վերցված է 2022-07-11
|