Ջոզեֆ Ռայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոզեֆ Ռայթ
անգլ.՝ Joseph Wright
Ծնվել էսեպտեմբերի 3, 1734(1734-09-03)[1][2][3][…]
ԾննդավայրԴերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6]
Վախճանվել էօգոստոսի 29, 1797(1797-08-29)[7][3][5][…] (62 տարեկան)
Մահվան վայրԴերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունDerby School?
Մասնագիտություննկարիչ, բնանկարիչ, դիմանկարիչ և գծագրող
Ժանրդիմանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԳերված թագավորը, Three Persons Viewing the Gladiator by Candlelight?, Virgil's Tomb?, Earthstopper on the Banks of the Derwent?[8] և Մոմի լույսի ներքո կատվի ձագին հագցնող երկու աղջիկները
ՈւսուցիչԹոմաս Հադսոն[9]
Ներշնչվել էՋերարդ վան Հոնթհորսթ[10] և Ռեմբրանդտ վան Ռեյն[10]
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ՀայրՋոն Ռայթ[11]
ՄայրՀաննա Բրուքս[11]
ԱմուսինԷնն Սվիֆթ[11]
ԶավակներԱննա Ռոմանա Ռայթ[11], Ժոզեֆ Ռայթ[11], Հարիեթ Ռայթ[11], Ժոզոեփ Ռայթ[11], Մարիա Ռայթ[11] և Ջոն Ռայթ[11]
 Joseph Wright of Derby Վիքիպահեստում

Ջոզեֆ Ռայթ (անգլ.՝ Joseph Wright, անգլ.՝ Joseph Wright of Derby, սեպտեմբերի 3, 1734(1734-09-03)[1][2][3][…], Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6] - օգոստոսի 29, 1797(1797-08-29)[7][3][5][…], Դերբի, Դերբիշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][6]), 18-րդ դարի բրիտանացի նկարիչ։

Նկարիչն առանձնանում է լուսային էֆեկտների վարպետությամբ, ինչպես նաև նկարներով, որոնք լուսավորված են մոմի լույսով։ Իր վրա կրել է կարավաջոյականության և հատկապես հոլանդացի նկարիչներ Գերիտ վան Հոնթհորստի և Հենդրիկ Տերբրյուգենի ազդեցությունը։

Գեղանկարչական արվեստում Ռայթը համարվում է արդյունաբերական թեմայի պիոներներից մեկը։ Ալքիմիայից գիտության ծնունդի մասին նրա նկարները հաճախ հիմնված էին այն թեմաների վրա, որոնք քննարկվում էին Լուսնային ընկերության, Միդլենդսում ապրող ականավոր գիտնականների ու արդյունաբերողների հավաքներում։ Դրանք արտացոլում են Լուսավորության դարաշրջանում գիտության պայքարը կրոնական աշխարհընկալման դեմ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Ռայթը ծնվել է 1734 թվականի սեպտեմբերի 3-ին Դերբիում, իրավաբան Ջոն Ռայթի (1697-1767 թթ.) ընտանիքում, ով ի վերջո դարձել է քաղաքային աստիճանավոր։ Մայրը` Հաննա Բրուքսը (1700-1764 թթ.), եղել է հինգ երեխաներից երրորդը։ Ռայթն իր կրթությունը ստացել է Դերբիի քերականական դպրոցում, ինքնուս սովորել է նկարել` կրկնօրինակելով փորագրություններ։

Որոշելով դառնալ նկարիչ` Ռայթը 1751 թվականին ուղևորվել է Լոնդոն։ Երեք տարի (1751-1753 թթ., 1756-1757 թթ.) ապագա նկարիչը սովորել է լոնդոնյան ստուդիայում նշանավոր դիմանկարիչ Թոմաս Հադսոնի մոտ, ում մոտ ուսանել է նաև Ջոշուա Ռեյնոլդսը։ Մինչև 1760 թվականը Ռայթի վաղ շրջանի նկարներն արված են ուսուցչի ոճով («Օրիորդ Կեթոնի դիմանկարը», «Թոմաս Բենեթի դիմանկարը»)։

Ստեղծագործական որոնումների վաղ շրջանում` 1760-1773 թվականներին, նկարիչն ապրել է Դերբիում։ Այստեղ նա ծանոթացել է Ջոշուա Վեջվուդի (անգլ.՝ Josiah Wedgwood) կերամիկական արվեստին, ով Վեջվուդ ընկերության հիմնադիրն էր, և քիմիկոս Ջոզեֆ Փրիսթլիին։

Նա մասնակցել է գիտնականների փորձերին և դրանք պատկերել իր ստեղծագործություններում։ Մասնավորապես, այս շրջանում նա նկարել է «Պլանետարիում» (1766 թ., Դերբիի թանգարան) և «Պոմպի փորձարկում» (1768 թ., Լոնդոն, Թեյթ Ռոջերս Կոլտմանի պատկերասրահ) նկարները, որոնք արտացոլում են Միջին Անգլիայի բնակիչների հետաքրքրությունը գիտական փորձարկումների նկատմամբ։ Դենի Դիդրոն Ռայթի այս աշխատանքներն անվանել է «լուրջ ժանր»։

Նկարչական իր առաջին փորձերը Ռայթը կատարել է Լիվերպուլում` կանոնավոր կերպով ներկայացնելով իր նկարները Լոնդոնի Արվեստի արքայական ընկերությունում, սակայն նրա հարազատ Դերբին ընդմիշտ մնացել է այն տեղը, ուր ապրել ու աշխատել է նկարիչը։

1773-1775 թվականներին Ջոզեֆը գտնվել է Իտալիայում, որտեղ նկարել է հին ավերակներ, օրինակ` Վերգիլիոսի գերեզմանը, ուսումնասիրել է լանդշաֆտների պատկերումը, կրկնօրինակել է դասական արձաններ և հետևել Հռոմի դիմակահանդեսի հրավառություններին։

Նեապոլում Ջոզեֆ Ռայթը դարձել է Վեզուվի հրաբխի ականատեսը, ինչը ոգեշնչել է նրան մի քանի տասնյակ նկարներ նկարելու, որոնցում պատկերել է կրակի ու խավարի դրամատիկական պայքարը։ Արդյունքում այդ խավարը հաճախ իր արտացոլումն է գտել նրա աշխատանքներում։

Նեապոլի ծովածոցին նկարիչը հետազոտել է քարանձավներ ու այրեր։ Իտալական բնությունից ստացած իր տպավորությունները նա արտահայտել է հետևյալ կերպ` «արտասովոր ու հիասքանչ մթնոլորտ, շատ մաքուր ու հասկանալի», ինչն իր արտահայտությունն է գտել նկարչի գործերում։

Երկու տարի (1775-1777 թթ.) նկարիչն աշխատել է Բաթում, որտեղ ձգտել է արժանանալ Թոմաս Գեյնսբորոյի ուշադրությանը։ Հաջողության չհասնելով` նա վերադարձել է Դերբի։

Սկսած 1778 թվականից նկարիչը ստեղծել է իր լավագույն դիմակարները` «Սըր Բրուք Բութբիի դիմանկարը», 1781, Լոնդոն, «Յուս Կոկի դիմանկարը կնոջ ու Դանիել Փարքեր Կոկի հետ», 1780-1782 թթ., Դերբիի թանգարան, «Թոմաս Գիսբորնի դիմանկարը կնոջ հետ», 1786 թ., Նյու Հեյվըն։ Այդ ժամանակից ի վեր Ռայթի ստեղծագործությունները ներկայացվում են Գեղարվեստի թագավորական ակադեմիայում` հետագայում նրա անդամը դառնլով։ Ռայթը դիմանկարներ ստեղծել էր նաև ավելի վաղ շրջանում (օրինակ` Թոմաս և Աննա Բորոուների դիմանկարները)։

Կյանքի վերջին տարիներին նկարիչը հաճախ էր հիվանդանում և բուժվում իր ընկերոջ` Էրազմ Դարվինի մոտ։

Ջոզեֆ Ռայթը մահացել է Դերբիում 1797 թվականի օգոստոսի 29-ին ընտնեկեկան շրջապատում և թաղվել Սուրբ Ալկմունդի եկեղեցու շրջակայքում։

1968 թվականին եկեղեցին քանդել են, որպեսզի տեղ ազատվի քաղաք մտնող նոր ճանապարհի կառուցման համար։ Ռայթի մնացորդները վերահուղարկավորվել են Նոթհինգեմ Ռոադ գերեզմանոցում։

Ռայթն ու իր կինն ունեցել են վեց երեխա, որոնցից երեքը մահացել են մանուկ հասակում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակնային համակարգը բացատրող փիլիսոփան, 1766[12]

Ջոզեֆ Ռայթի` որպես դիմանկարչի հաջողությունը նար կայուն եկամուտ էր ապահովում։ Սակայն նա առաջին հերթին հայտնի է իր գիտական ու արդյունաբերական աշխատանքներով, որոնք լի են դրամատիզմով։ Հենց դրա շնորհիվ էլ նրա ստեղծագործությունն առանձնանում է իր ժամանակակիցների գործերից` նրան դասելով ժամանակի բրիտանացի մեծ նկարիչների շարքը։

Առաջին անգամ մեծ կոմպոզիցիաների հերոսներ են դառնում աշխատավորներն ու գիտնականները և ոչ թե աստվածաշնչյան անտիկ կերպարները։ Դերբիում նկարչի ապրելու վայրը նպաստում էր դրան, քանի որ այստեղ է դրսևորվել արդյունաբերական հեղափոխությունըայստեղ գործել են ֆաբրիկաներ, ապակյա ու կավե իրերի խանութներ։ Այս տեղերի ոգին իր արտացոլումն է գտել նկարչի շատ աշխատանքներում, օրինակ` «Դասախոսություններ արեգակնային համակարգի մասին» (1763-1765 թթ., Դերբիի գեղարվեստի թանգարան), «Փորձ օդային պոմպով» (1768 թ., Թեյթ պատկերասրահ, Լոնդոն), «Դարբնուհին» (1773 թ., Էրմիտաժ, Պետերբուրգ), «Ֆոսֆորը բացահայտող ալքիմիկոսը» (1771-1795 թթ., Դերբիի գեղարվեստի թանգարան)։

Մինչև իր կյանքի վերջը Ջոզեֆ Ռայթը մնացել է գավառական նկարիչ, սակայն իր առանձնահատուկ ոճի շնորհիվ, որը համադրում է գոթիկայի ու նորդասականության տարրերը, այն դարձել է ռոմանտիկ արվեստի նախակարապետներից։

Ռայթի գեղարվեստական ժառանգությունը հիմնականում ներկայացված է Բրիտանական արվեստի Եյլի կենտրոնում (Նյու Հեյվն), Ուոդսվորտ Ատենեումում (Հարթֆորդ), Թեյթ պատկերասրահում (Լոնդոն) և Դերբիի թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Joseph Wright of Derby (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Райт Джозеф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. Souden D. Wimpole Hall: Cambridge — 1999. — ISBN 978-0-7078-0139-1
  9. https://www.npg.org.uk/collections/search/person/mp07144/thomas-hudson?role=art
  10. 10,0 10,1 https://www.getty.edu/art/collection/person/103K1Y
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 Kindred Britain
  12. A Philosopher Lecturing on the Orrery (1764-1766) Արխիվացված 2012-03-20 Wayback Machine, Revolutionary Players, изображение из Музей и художественная галерея Дерби, Дерби, доступно на март 2011

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բ. Նիկոլսոն Ջոզեֆ Ռայթ. լույսի նկարիչ, v. 1-2, [N. Y.], 1968.
  • Սովետական մեծ հանրագիտարան, երրորդ հրատարակություն [1969, CHM]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Ռայթ» հոդվածին։