Ջիվանու տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջիվանու տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԿարզախ
Հիմնադրվել էօգոստոսի 27, 2016
Քարտեզ
Քարտեզ

Աշուղ Ջիվանու տուն-թանգարան, աշուղ Ջիվանու տուն-թանգարանը նրա հայրենի Կարզախ գյուղում։ Հիմնադրվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից 2016 թվականին։ Բացումը տեղի է ունեցել «Ջիվանիական օրվա» տոնակատարությունների շրջանակներում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ստեղծվել է հանձնաժողով տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները կոորդինացնելու նպատակով։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ համապատասխան մասնագետների խումբը կազմել է տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը, իրականացրել չափագրական և ներքին ձևավորման, ցուցանմուշների տեղորոշման և այլ աշխատանքներ։ Թանգարանի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսին՝ «Ջիվանիական օրվա» տոնակատարության շրջանակներում, թանգարանը բացվել է 2016 թվականի օգոստոսի 27-ին «Ջիվանիական օրվա» տոնակատարությունների շրջանակներում[2]։

Շինարարական աշխատանքների ընթացքում բարեկարգվել է տուն-թանգարանի բակը, պարիսպներն ու ճանապարհները։

Պետք է անել ամեն ինչ, որ Ջավախքի այս անկյունն ապագայում վերածվի գիտամշակութային կենտրոնի, որտեղ այցելուները հնարավորություն կստանան ոչ միայն ծանոթանալու հռչակավոր փիլիսոփայի կյանքին ու գործին, այլև հնարավորություն կստանան ուսումնասիրելու հայ աշուղական արվեստը, Ջավախքում անթեղված հայոց հնամենի մշակույթը։
- Հովհաննես Մութաֆյան

Կարզախում Ջիվանու տուն-թանգարանը աշխուժացրել է գյուղը, խթանել զբոսաշրջիկների հոսքը դեպի Կարզախ և իր մշակութային միջոցառումներով փոխել գյուղի ընդհանուր մթնոլորտն ու տրամադրությունը։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն-թանգարանի նյութերի հավաքագրման, մշակման և դասակարգման աշխատանքներին նպաստել են Գյումրիում ձևավորված աշխատանքային խմբի անդամները՝ երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը, թանգարանագետներ Պարույր Զաքարյանը, Ստեփան Տեր-Մարգարյանը, Սուսաննա Մնացականյանը և շատ ուրիշներ։ Տուն-թանգարանի ֆոնդի համալրման նպատակով թվայնացվել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Ջիվանու ֆոնդի նյութերը, որոնցից առանձին ձեռագրեր ցուցադրվում են ցուցասրահում։ Ձեռագրերից զատ հավաքագրվել են նաև Ջիվանու և նրան վերաբերող բազմաթիվ գրքեր, հոդվածներ, բազմաթիվ նյութեր, Ջիվանու երգերի և հեքիաթների գրեթե բոլոր հրատարակությունները՝ 1882 թվականից (առաջին գրքի հրատարակման տարեթիվը) մինչև մեր օրերը։

Ջիվանու տունը 1960-ական թվականներին

Առանձին հատվածում ցուցադրվում են նաև 1984 թվականից (պաշտոնապես՝ 1985 թ.) ի վեր Ջավախքում անցկացվող Ջիվանիական երգի համաժողովրդական տոնակատարություններին նվիրված նյութերը, ինչպես նաև Ջիվանուն նվիրված տարբեր թերթերի բացառիկ համարներ և այլն։ Տուն-թանգարանի ցուցասրահի պատերը զարդարում են Ջիվանու մանկությունը, զավակներին, ինչպես նաև աշուղի կյանքի ալեքսանդրապոլյան և թիֆլիսյան շրջանները ներկայացնող նյութերը՝ լուսանկարներ, ազդագրեր, մտքեր, Տալյանների, Ջիվանու տոհմական և գերդաստանական տոհմածառերը և այլն։

Աշուղի ժառանգների մասին նյութերը հարստացվել են Ջիվանու դստեր՝ Հռիփսիմեի թոռան՝ երևանաբնակ Ջիվան Հակոբյանի, Կարզախցի Գագիկ Վարդերեսյանի և այլոց օգնությամբ։

Ցուցասրահի կենտրոնական մասում Ջիվանու կիսանդրին է, որի աջ և ձախ մասերում տեղ են գտել Ջիվանու հռչակավոր ջութակն ու քյամանին։ Կիսանդրու ետնապատը, որպես խորհրդանիշ Ջիվանու անմահ երգի («Ես մեկ ծառ եմ ծիրանի») և հայ ազգի հավերժության, ամբողջությամբ պարուրված է ծիրանենու պատկերով, որի վրա Ջիվանու ձեռագրով արտացոլված է աշուղի «Հովիկ» ջավախքաշունչ երգի քառատողերը։

Ցուցասրահում առանձին տեղ են գրավում հայ և օտարազգի մեծերի լուսանկարները, ովքեր արժևորել են Ջիվանուն կամ իրենց կյանքով ու գործով սերտորեն կապված են աշուղի հետ։ Աշուղի երգերի տարբեր տարիների լավագույն կատարողներն ու մշակողները նույնպես ընդգրկված են ցուցադրությունում։ Ցուցադրությունն ավարտվում է Խոջիվանքում ամփոփված Ջիվանու տապանաքար և Ջիվանու հիշատակը հավերժացնող աշուղական դպրոցի (հիմնվել է Երևանում՝ 1997 թ.), փողոցների և հուշարձանների պատկերները[3]։

Հուշային հատված[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 27-ին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից բացվել է տուն-թանգարանի հուշային հատվածը։ Տան այս հատվածում Ջիվանին անցկացրել է կյանքի առաջին տարիները։ Հուշային հատվածը վերականգնվել է՝ պահանելով 19-20-րդ դդ. տարածաշրջանին հատուկ ավանդական բնակարանի առանձնահատկությունները, համալրվել այդ ժամանակվա կենցաղային իրերով՝ հավաքագրված Կարզախից և հարակից գյուղերից։ Հուշային հատվածի վերականգնման աշխատանքներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ջանքերով ներգրավվել են իրենց ոլորտներում առաջատար, մասնագիտական բարձր կարողություններով նվիրյալների մեծ թիմ. տուն-թանգարանի ճարատարապետական-շինարարարական նախագծերի հեղինակ,  ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան, թանգարանի ազգագրագիտական բովանդակության և ցուցադրության կազմակերպման պատասխանատուն ազգագրագետ, թանգարանագետ Արգամ Երանոսյան, իսկ առարկաների մշակմամբ և վերականգնմամբ զբաղվել է մշակութաբան Նարինե Եղիկյանը, տուն-թանգարանի շինարարությունը իրականացրել է գլխավոր շինարար Միտյա Գալոյանը՝ իր թիմով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բացվել է Ջիվանու տուն-թանգարանը». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «Ջիվանու տուն-թանգարանի հանդիսավոր բացումը` Ջավախքում (լուսանկարներ)». hraparak.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Ջավախքում բացվեց աշուղ Ջիվանու տուն-թանգարանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Իր դռները բացեց Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը». «ՋԱՎԱԽՔԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիվանու տուն-թանգարան» հոդվածին։