Jump to content

Ջինևրա դե Բենչիի դիմանկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջինևրա դե Բենչիի դիմանկար
տեսակգեղանկար
նկարիչԼեոնարդո դա Վինչի[1]
տարիմոտ 1470[2]
բարձրություն38,8 ± 0,1 սանտիմետր
լայնություն36,7 սանտիմետր
ուղղությունԻտալական Վերածնունդ
ժանրդիմապատկեր[1]
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[1]
սեփականատերԱրվեստի ազգային պատկերասրահ և Լիխտենշտայնի արքայատոհմ
հիմնական թեմաՋինևրա դե Բենչի
nga.gov
Ծանոթագրություններ
 Ginevra de' Benci by Leonardo da Vinci Վիքիպահեստում

Ջինևրա դե Բենչիի դիմանկար կամ պարզապես Ջինևրա Բենչիի դիմանկար, Լեոնարդո դա Վինչիի վաղ շրջանի ստեղծագործություններից է, ֆլորենտական գեղանկարի, ուշ կվատրոչենտոյի վառ օրինակ։ Կնոջ դիմանկար է, որում, ինչպես պարզվել է XX դարում, պատկերված է Ջինևրա դ՛Ամերիգո դե Բենչին՝ ֆլորենտացի բանստեղծուհի և ինտելեկտուալուհի, վենետիկցի Բերնարդո Բեմբոյի պլատոնական սերը, որն էլ պատվիրել է նկարը։

Սա Լեոնարդո դա Վինչիի միակ նկարն է, որ գտնվում է Եվրոպայից դուրս և հանվել է վաճառքի հետպատերազմական շրջանում։ Այժմ գտնվում է Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում, դրանից առաջ գտնվում էր Լիխտենշտեյնի իշխանների հավաքածուում։

Համարյա քառակուսի նկարը պատկերում է տերակոտի գույնի շորով երիտասարդ աղջկա։ Ուսերին մուգ շագանակագույն նեղ շալ է։ Հակառակ այդ ժամանակվա դիմանկարի ժանրի սովորույթի աղջիկը առանց զարդերի է, չհաշված կրծքին կախ փոքր մարգարիտը։ Մազերը հարդարված են այդ ժամանակվա ֆլորենտական նորաձևության համաձայն՝ հարթ սանրված, ուղիղ բաժուկով և դեմքը շրջանակող խոպոպներով։ Մազերը ծոծրակին են հավաքված և կապված սպիտակ ժապավենով։

Անդրեա դել Վերոկկիո, այսպես կոչվող «Ծաղկեփնջով տիկինը կամ Ֆլորա (Dama del mazzolino)» Մեդիչի Լորենցոյի ենթադրյալ սիրեցիալի քանդակը, մոտավոր․ 1480, Ֆլորենցիայի պատկերասրահ

Մոդելը պատկերված է երեք քառորդ անկյան տակ մինչև կուրծքը, լեռնային բնապատկերի ֆոնին։ Դիմապատկերի ներքևի մասը՝ մոտավորապես 9 սմ, հավանաբար կորսված է։ Նկարը կոմպոզիցիայով ըստ մի շարք արվեստագետների[3] նման է Լեոնարդոյի ուսուցիչ Անդրեա դել Վերոկկիոյի հայտնի «Ծաղկեփնջով տիկինը» կիսանդրու կոմպոիցիային, որը ստեղծվել է մոտավորապես նույն թվականներին։

Աղջկա դալուկ, լայն այտոսկրերով և նշաձև աչքերով դեմքը ընգծվում է բնանկարի և գիհու թփի մուգ ֆոնին։ Միջին պլանին լճակ է՝ ջրին լույսի փայլերով։ Բնորդը նեղ ուսերով և համեմատաբար մեծ գլխով ու կլոր երեսով աղջիկ է։ Նրա հարթ մազերը հակադրված են ետին պլանի գիհու փշոտ ճյուղերին։ Մարմնի ուրվագիծը սֆումատոյի միջոցով մեղմացված է, իսկ կյարոսկուրո արտահայտչամիջոցով դիմանկարի վրա հակադրվում են լույսի և ստվերի հատվածները։ Ի հակադրություն Վերածննդի ընդունված կարգի, Լեոնարդոն աղջկան նկարել է ձախ թեքված, համապատասխանաբար տեղադրելով լույսի աղբյուրը։ Ընդունված կոմպոզիցիայի այսպիսի հայելային դիրքը պատկերին հաղորդում է որոշակի անկաշկանդություն։ Նուրբ լուսաստվերը դեմքին կյանք է հաղորդում։ Նկարի ներկապնակը մի փոքր սառն է ու զուսպ, բավականին չափավոր է՝ կազմված ոսկեգույն, շականակագույն, մուգ կանաչ, ձիթագույն և երկնագույն տոներով[4]

Դիմապատկերի դարձերեսը

Նկարի դարձերեսին, ինչպես ընդունված էր այդ ժամանակվա դիմանկարային ժանրում, խորհրդանշան կա պատկերված՝ գիհու ուղղահայաց ճյուղ շրջանակված արմավենու (բարոյականության և քրիստոնեական կարեկցության խորհրդանիշ) և դափնու պսակներով (բանաստեղծական արվեստով զբաղվելու խորհրդանիշ)։ Ճյուղերը փաթաթված են ժապավենով (այսպես կոչված cartiglio) լատիներեն ասույթով motto (լատին․՝ motto)։ «Գեղեցկությունը առաքինության զարդն է» (լատին․՝ «Virtutem forma decorat»)։ Դափնին և արմավենու ճյուղը խորհրդանշում են առաքինության հաղթանակի գաղափարը, և պատկերավոր շարունակում են լատիներեն հեկզամետրի տեքստը։ Նկարի դարձերեսը նմանեցված է ծիրանաքարի, որը խորհրդանշում էր հավերժություն, ամրություն, եզակիություն և կատարելություն։ 1990 թվականին նկարը մաքրելու և վերականգնելու ժամանակ պարզվեց, որ պսակն ու ժապավենը ավելացվել են ավելի ուշ, թեև դա վերջնականապես չի ապացուցված։

Ի տարբերություն դիմերեսի դարձերեսին ակնհայտ երևում է, որ նկարի ներքևի մասը չկա։ Հաղթական պսակի ներքևի մասը կոպիտ կտրված է։ Դարձերեսի վերին աջ անկյունում պահպանվել է կարմիր զմրսե կնիքը, որը դրվել է 18-րդ դարում նկարի հերթական տիրոջ կողմից[4]։

Դիմերեսի ուշադիր զննման ժամանակ երևում են նկարչի մատնահետքերը[5], որոնք վկայում են, որ նկարի ստվերագծումը մատներով է արվել։ Յուղաներկով աշխատելու տեխնիկան Նիդերլանդներից նոր էր ներմուծվել Իտալիա, դիմանակարը նկարչի յուղաներկով աշխատելու առաջին փորձերից էր և որոշ հատվածներից պարզ երևում է, որ նա դեռ լիովին չի տիրապետել նյութին։

Նախնական պատկերը (վարկածներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարի նախնական տեսքի վերակազմությունը

Ըստ որոշ գիտնականների օրինակ՝ Վիկտոր Գրաշչենկով), դիմապատկերի ձեռքեր չունենալը լրիվ հակառակ է Լեոնարդո դա Վինչիի «Տրակտատ գեղանկարի մասին» աշխատության դրույթներին, որտեղ նկարիչը խորհուրդ է տալիս դիմանկարը նկարել ձեռքերով, քանի որ նրանք ոչ պակաս են բնութագրում մարդուն, քան դեմքը։ Եվ ցանկալի է, որ ձեռքերից մեկը հանգչի մյուսի վրա։

Սա միակ փաստարկն է պնդելու համար, որ նկարը Լեոնարդոյի վրձնին չի պատկանում։ Բայց, քանի որ դարձերեսի նկարի թերի լինելուց ակներև է, որ նկարը կտրվել է ապա պարզ է դառնում, որ բացակայող մասը բավարար էր ձեռքերի համար։

Բացի այդ Վինձորի հավաքածուում պահպանվել է Լեոնարդոյի արծաթե մատիտով արած գծանկար, որտեղ պատկերված են կանացի ձեռքեր։ Այդ ձեռքերը լիովին համապատասխանում են Ջինևրա դե Բենչիի դիմանկարին։ Կարծիք կա, որ սրանք դիմանկարի համար արված նախապատրաստական ճեպանկարներ են[4]։

Վինձորի ամրոցի հավաքածուում գտնվող ճեպանկարը
Լորենցո դի Կրեդի, «Կնոջ դիմանկար (Ջինևրա դի Ջովանի դի Նիկոլո՞)», մոտ․ 1490—1500, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 RKDimages (նիդերլ.)
  2. https://www.nga.gov/collection/art-object-page.50724.html
  3. Martin Kemp, Leonardo Da Vinci: The Marvellous Works of Nature And Man, Oxford University, 2006, էջ՝ 28, 381 ISBN 0192807250 (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 Гращенков В.Н., Портрет в итальянской живописи Раннего Возрождения М. Искусство, 1996 էջեր՝ 287—289 (ռուս.)
  5. «Լեոնարդոյի մատնահետքերը նկարի վրա». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջինևրա դե Բենչիի դիմանկար» հոդվածին։