Ջեֆրի Դամեր
Ջեֆրի Դամեր | |
---|---|
![]() սերիական մարդասպան, զինվորական, բանվոր | |
Մականուն | Միլուոքյան հրեշ, Միլուոքյան հաննիբալ |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 20, 1960թ. |
Ծննդավայր | Միլուոքի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ | նոյեմբերի 28, 1994թ. (34 տարեկան) |
Մահվան վայր | Փորթիջ, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահվան պատճառ | Սպանություն (գլխուղեղի ծանր վնասվածք) |
Պատիժ | Ցմահ բանտարկում |
Հայր | Լայոնել Դամեր |
Մայր | Ջոյս Դամեր |
Սպանություն | |
Զոհերի թիվ | 17 |
Սպանության շրջան | 1978—1991 |
Սպանության հիմնական տարածք | Միլուոքի, Վիսկոնսին |
Սպանության եղանակ | խեղդամահ |
Դրդապատճառ | սեռական |
Ձերբակալության ամսաթիվ | հուլիսի 22, 1991թ. |
Ջեֆրի Լայոնել Դամեր (անգլ.՝ Jeffrey Lionel Dahmer, 21 մայիս 1960թ. — 28 նոյեմբեր 1994թ.) — ամերիացի սերիական մարդասպան, ում զոհն են դարձել 17 պատանի և տղամարդ, 1978-ից 1991թթ. միջակայքում: Բոլոր հանցագործությունները, բացառությամբ մեկի, տեղի են ունեցել Միլուոքիում 1987-1991թթ.: Զոհերի դիակները նա բռնության է ենթարկել և օգտագործել որպես սնունդ: Դատարանը Դամերին մեղսունակ է ճանաչել և դատապարտել 15 ցմահ ազատազրկման: 1994թ. Դամերը սպանվել է բանտակից Քրիստոֆեր Սկարվերի կողմից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեֆրի Դամերը ծնվել է 1960թ. մայիսի 21-ին Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում, Լայոնել և Ջոյս Դամերների ընտանիքում: Նրա ծնողները ամուսնացել են 1959թ., Ջեֆրիի ծննդյան ժամանակ հայրը ավարտում էր համալսարանական կրթությունը: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվեց Այովա, որտեղ Լայոնելը 1966թ. պաշտպանեց դիսերտացիան Այովայի համալսարանում` քիմիա առարկայից` ստանալով փիլիսոփայության դոկտորի կոչում: Նույն ժամանակ ծնվեց նրանց երկրորդ որդին` Դեյվիդը, իսկ Լայոնելը աշխատանքի ընդունվեց Ակրոնում (Օհայո), որի քաղաքամերձ շրջանում էլ բնակություն հաստատեցին Դամերները[1][2]:
Վեց տարեկան հասակում Ջեֆրին երկկողմանի աճուկային ճողվածքի վիրահատության է ենթարկվել. վիրահատությունից հետո նա ավելի պարփակված և խոցելի է դարձել[2]: Լայոնել Դամերը ավելի ուշ ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ ութ տարեկան հասկանում Ջեֆրին սեռական բռնության է ենթարկվել հարևանի կողմից, բայց ինքը` Ջեֆրին ժխտում էր դա[3][4]: Մանկության տարիներին Ջեֆրին ընտանիքի հետ մի քանի անգամ տեղափոխվել է, ինչի պատճառով մշտական ընկերներ չի ունեցել: Ծնողների միջև հաճախ վեճեր էին լինում, Ջոյսը անգամ ստիպված է եղել բուժում ստանալ հոգեբուժական հաստատությունում: Երբ Դամերը սովորում էր ավագ դասարանում, նրա ծնողները բաժանվեցին[5]: 13 տարեկանից Դամերը սկսեց գիտակցել իր համասեռականությունը, շուտով նա ունեցավ առաջին համասեռական փաղաքշանքը իր ընկերոջ հետ[3][6]: Դպրոցում Դամերը մարդամոտ չէր, հաճախ տրվում էր հարբեցողությանը և դառնում ծաղրի առարկա, չնայած նա կարողանում էր թենիս խաղալ, հոդվածներ էր գրում դպրոցի ամսագրի համար և նվագախմբում կլարնետ էր նվագում[5]:
Դպրոցում սովորելու ընթացքում Դամերը սկսեց հակում ունենալ դեպի մեռած կենդանիները: Նա հավաքում էր դիակներ կամ մարմնի մասեր և պահում էր տանը` մրջնալդեհիդի շշերի մեջ, որոնք վերցնում էր հորից, իսկ տանը ետնաբակը կենդանիների գերեզմանոցի էր վերածել[1][4]: Միևնույն ժամանակ նա հաճախ պատկերացնում էր իրեն նույնասեռ սեռական հարաբերությունների, նեկրոֆիլիայի և դիակների մասնատման տեսարաններում[7]:
Առաջին սպանություն և ծառայություն բանակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դամերն առաջին սպանությունը կատարել է տասնութ տարեկանում` ծնողների ամուսնալուծությունից և դպրոցն ավարտելուց մի քանի շաբաթ հետո, 1978թ. հունիսի 18-ին: Ջոյսը Դեյվիդի հետ մի քանի օրով մեկնել էր քաղաքից, իսկ մայրը մնում էր մոթելում: Դամերը Սթիվեն Հիքս անունով մի հիթչհայքերի է ճանապարհին հանդիպում և հրավիրում իր տուն: Նրանք գարեջուր են խմում, մարիխուանա ծխում և սեռական հարաբերություն ունենում[4][8] (այլ հեղինակներ վերջինս բացառում են[9]): Երբ Հիքսը, 9 ժամ մնալուց հետո, ցանկանում էր հեռանալ, Դամերը հարվածում է նրա գլխին ծանր գործիքով, ապա խեղդամահ անում: Հետո նա մասնատում է դիակը, մարմնի մասերը տեղավորում պոլիէթիլենային տոպրակների մեջ և թաղում դրանք տան նկուղում[4]:
Նույն 1978 թվականին Լայոնելը երկրորդ անգամ ամուսնանում է Շարի անունով կնոջ հետ: Ջեֆրին ընդունվում է Օհայո նահանգի համալսարան, բայց հենց առաջին կիսամյակից հեռացվում` հարբեցողության և ցածր առաջադիմության պատճառով[9]: 1979թ. գարնանը Ջեֆրի Դամերը երեք տարվա պայմանագիր է կնքում` անցնելով զինվորական ծառայության: Նա Սան-Անտոնիոյում բուժեղբոր մեկուկեսամսյա կուրսեր անցնելուց հետո գործուղվում է Գերմանիայի Բաումհոլդեր քաղաքի ամերիկյան բազա: 1981թ. նա ժամանակից շուտ հեռացվում է աշխատանքից` հարբեցողության պատճառով[4]:
Որոշ ժամանակ Դամերը ապրում է Մայամիում, հետո վերադառնում Օհայո: Այնտեղ նա գտնում է Հիքսի մասնատված մարմինը, կվալտով ջարդում է ոսկորները և նետում կիրճ: Հոր պնդմամբ Դամերը տեղափոխվում է ապրելու Վիսկոնսին` տատի մոտ: Հաջորդող տարիներին նա երկու անգամ ձերբակալվել է ոչ պատշաճ վարքի համար (երկրորդ անգամ` երկու երեխաների ներկայությամբ ձեռնաշարժությամբ զբաղվելու համար) և փոխել է մի քանի աշխատատեղ[9][10]: 1985թ. նա մշտական աշխատանքի է անցնում շոկոլադի գործարանում[4]:
Սերիական սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1987թ. սեպտեմբերի 15-ին Դամերը «Ամբասսադոր» հյուրանոցի համարներից մեկում սպանում է իր երկրորդ զոհին` 25-ամյա Սթիվեն Թուոմիին: Դամերը չէր հիշում, թե ինչպես է կատարվել սպանությունը: Նա ծանոթացել էր Թուոմիի հետ գեյ-բարում. նրանք միասին ալկոհոլ էին օգտագործել, ապա հյուրանոցում համար վարձել: Առավոտյան Դամերը իր կողքին` մահճակալի վրա, հայտնաբերել էր Թուոմիի դիակը: Նա դիակը տեղավորել էր ճամպրուկի մեջ և տաքսիով տեղափոխել տատի տուն, որտեղ սեռական բնույթի մանիպուլյացիաներ կատարելուց հետո այն տեղափոխել նկուղ: Մեկ շաբաթ անց Դամերը մասնատել է դիակը և մարմնի մասերը նետել աղբանոց[10][11]:
Դամերը զոհերի ընտրման հատուկ մարտավարություն ուներ: Նա նրանց հետ ծանոթանում էր բարում (սովորաբար միլուոքյան «219»-ում) և առաջարկում մերկ բնորդ դառնալ: Երբ զոհերը գալիս էին նրա տուն, Դամերը նրանց թմրանյութ էր ներարկում, սեռական հարաբերություն ունենում, ապա խեղդամահ անում: Ժամանակի ընթացքում Դամերի մոտ նեկրոսադիստական և նեկրոֆիլիական հակումներ առաջացան. նա սեռական հարաբերություն էր ունենում այլանդակված դիակների հետ և մարմնի մասերը ֆետիշների էր վերածում: Որպես կանոն, նրա զոհը դառնում էին սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Դամերը ցանկանում էր, որ իր սիրեցյալները իրեն ենթարկվեն զոմբու պես: Այս նպատակով Դամերը նրանց վրա փորձարկումներ էր անում. կատարում էր հասարակ լոբոտոմիա (վիրաբուժական մեթոդով գլխուղեղի մասնահատվածի հեռացում որոշ հոգեկան հիվանդությունների դեպքում)` էլեկտրական դռել-պտուտակահանի և ծծմբական թթվի օգնությամբ նրանց գլխուղեղի վրա անցք բացելով[12][13]:
1988թ. առաջին ամիսներին տատի տանը Դամերը ևս երկու հոգու է սպանում: 1988թ. սեպտեմբերի 25-ին Դամերը տեղափոխվում է Միլուոքիի Հյուսիսային 24-րդ փողոցի բնակարան: Հաջորդ օրը նա իր մոտ է բերում տասներեքամյա լաոսցի մի պատանու` Անուկոն Սինտասոմֆոն անունով, լուսանկարում է նրան, փաղաքշանքներից հետո քնաբերով ալկոհոլ է խմեցնում: Չնայած մեծ դոզային` Սինտասոմֆոնը կարողանում է փախչել և տեղի ունեցածի մասին պատմել ծնողներին: Առավոտյան Դամերին մեղադրանք է առաջադրվում` սեռական ոտնձգություն կատարելու համար: Մինչ դատը նա ազատ արձակվեց գրավի դիմաց[14]: Ոստիկանությունը ստուգում է արխիվները և պարզում, որ Դամերը երկու անգամ պատասխանատվության է ենթարկվել` ոչ պատշաճ վարքի համար: Դամերին հետազոտում են երեք հոգեբույժներ, որոնք գալիս են այն եզրակացության, որ նա տառապում է հարբեցողությամբ և չունի բավարար մոտիվացիա դա հաղթահարելու համար: Դատի ժամանակ Դամերը խոստովանում է, որ լուսանկարներ է արել, բայց ժխտում է որևէ սեռական ոտնձգության կատարումը կամ քնաբերի օգտագործումը, ինչպես նաև հայտարարում է, որ պատանին իր տարիքից ավելի մեծ էր երևում: Դատախազ Գեյլ Շելթոնը պահանջում է հինգ տարվա ազատազրկում, բայց դատարանը վճռում է նրան աշխատանքային գաղութ ուղարկել (Դամերը կարող էր աշխատանքի գնալ, բայց գիշերները պետք է բանտախցում անցկացներ) և հինգ տարի ոստիկանության հսկողության տակ պահել: Տաս ամիս անց նա ազատ է արձակվում[15]: 1989թ. փետրվարին, գտնվելով հետաքննության մեջ, Դամերը սպանում է սևամորթ համասեռամոլ Էնթոնի Սիրսին:
1990թ. մայիսի 14-ին Դամերը տեղափոխվում է Հյուսիսային 24-րդ փողոցի 924 շենքի 213 համարի բնակարանում[16]: Մինչև տարվա վերջ նա սպանում է չորս հոգու, իսկ 1991թ. առաջին ամիսներին` ևս երեքին:
1991թ. մայիսի 27-ին լաոսցի տասնչորսամյա Կոներակ Սինտասոմֆոնը (Անուկոն Սինտասոմֆոնի եղբայրը), ում նախօրեին Դամերը բերել էր իր տուն, կարողանում է փախչել տնից: Թմրանյութերի ազդեցության տակ գտնվող մերկ և արնաշաղախ տղային հայտնաբերում են երկու սևամորթ կին և դիմում ոստիկանություն[17][18]: Երբ ոստիկանությունը ժամանում է դեպքի վայր, Դամերը հավաստիացնում է նրանց, որ երկու սիրեցյալների միջև սովորական վիճաբանություն է տեղի ունեցել, և ոստիկանության միջամտության կարիք չկա: Ոստիկանները հեռանում են[18]: Ընթացքում նրանք նաև տհաճ հոտ են նկատում, որը, հետագայում պարզվում է, մայիսի 24-ին սպանված Թոնի Հյուզի դիակից էր[19]: Նույն օրը Սինտասոմֆոնը սպանվում և մասնատվում է: Դամերի ձերբակալությունից հետո ոստիկաններ Ջոն Բալսերզակը և Ժոզեֆ Գեբրիշը, ովքեր նախօրեին բաց էին թողել Դամերին, ազատվում են աշխատանքից, բայց, ավելի ուշ, նորից վերականգնվում[20]: 2005թ. Բալսերզակը ընտրվում է Միլուոքյան ոստիկանական ասոցացիայի նախագահ[21]:
Վերջին սպանությունները Դամերը կատարել է շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ` հունիսի 30, հուլիսի 5, 15 և 19: Նրա վերջին` տասնհինգերորդ զոհը դառնում է քսանհինգամյա Ժոզեֆ Բրեյդհոֆթը: Հուլիսի 15-ին Դամերը հեռացվում է շոկոլադի գործարանից` հաճախակի բացակայությունների պատճառով:
Ձերբակալություն և դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1991թ. հուլիսի 22-ին Դամերը իր մոտ է հրավիրում Թրեյսի Էդվարդսին: Երբ Դամերը փորձում է ձեռնաշղթաներ հագցնել նրան, Էդվարդսին հաջողվում է ձեռնաշղթաներով դուրս վազել: Նա երկու ոստիկանների ուշադրությունն է գրավում, որոնք որոշում են մտնել Դամերի բնակարան[22]: Բնակարանում ոստիկանները մարմնի մասնատված մասերի լուսանկարներ և մարդու մարմնի մասեր են հայտնաբերում: Սառնարանում հայտնաբերում են երեք գլուխ, սիրտ և այլ ներքին օրգաններ: Սանհանգույցում Դամերը պահում էր մի կաթսա` լի ձեռքի մատներով և առնանդամով, երկու գանգ, սպիրտով, քլորոֆորմով և ֆորմալինով տարաներ, տղամարդու սեռական օրգաններով բանկաներ: Գանգեր և ձեռքի մատներ հայտնաբերվեցին նաև բուֆետում, արկղերում և դարակներում: Պահարանում ոստիկանները գտան կմախք, գլխամաշկ և սեռական օրգաններ: Ծծմբական թթվով լի 260 լիտրանոց տարայում Դամերը պահում էր երեք մարդկային իրան[23][24]:
Ընդհանուր առմամբ Դամերը խոստովանում է 17 սպանություն, ներառյալ Հիքսի սպանությունը 1978թ.: 1991թ. հուլիսի 25-ին Դամերի դեմ մեղադրանք առաջադրվեց չորս կանխամտածված սպանության համար և սահմանվեց մեկ միլիոն դոլար գրավ: Օգոստոսի 6-ին մեղադրանք առաջադրվեց ևս ութ սպանություններում, իսկ գրավը բարձրացվեց հինգ միլիոն դոլարի: Վերջապես, օգոստոսի 22-ին մեղադրանքների թիվը հասավ տասնհինգի[22]: Մյուս մեղադրանքի համար բավարար ապացույցներ չկային, իսկ Հիքսի սպանության բացահայտման գործընթացը պետք է ընթանար ավելի ուշ` Օհայոում` դեպքի վայրում[25]:
Դատական գործընթացը սկսվում է 1992թ. հունվարի 22-ին: Դատական լսումների ժամանակ կիրառվում են անվտանգության հատուկ մեթոդներ` մետաղական դետեկտորների, ծառայողական շների օգտագործում` պայթուցիկների հայտնաբերման համար, ինքը` Դամերը գտնվում էր զրահապաշտպան ապակու ետևում: Դամերի դատապաշտպանը Ջերարդ Բոյլն էր, ով պաշտպանում էր նրան Անուկոն Սինտասոմֆոնի նկատմամբ ոտնձգություն կատարելու գործով: Դատարանում 100 նստատեղերից 23-ը առանձնացված էր լրագրողների, 34-ը` զոհերի ընտանիքի անդամների, իսկ 43-ը` հանդիսատեսների համար[26]:
Նրան պաշտպանելու մարտավարությունը կայանում էր նրանում, որ Դամերը կատարել էր այն բոլոր սպանությունները, որում մեղադրվում էր, բայց նա հոգեկան հիվանդ էր և չէր կարող պատասխանատվություն կրել: Դատական գործընթացի ժամանակ Բոյլը մանրամասնորեն նկարագրում է բոլոր սպանությունները և սեռական բնույթի բռնությունները` փորձելով համոզել ատենակալներին, որ դրանք չէին կարող կատարվել առողջ մարդու կողմից: Հոբեբույժները, որոնք ելույթ ունեցան և՛ մեղադրող, և՛ պաշտպանող կողմերից համաձայնեցին, որ Դամերը տառապում է նեկրոֆիլիայով, բայց անհամաձայնության եկան այն հարցի շուրջ, թե արդյոք նեկրոֆիլիան կարող է հիմք հանդիսանալ պատասխանատվությունից ազատելու համար: Դատախազ Մաքկանը դատի ժամանակ կարողանում է ապացուցել, որ Դամերը գիտակցել է իր գործողությունների անօրինականությունը, կարողացել է ղեկավարել իր քայլերը ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ սպանությունների ժամանակ, իսկ սպանությունները պլանավորել է նախապես[27][28]: 1992թ. փետրվարի 15-ին, հինգժամյա խորհրդակցության արդյունքում, ատենակալները Դամերին մեղսունակ և մեղավոր ճանաչեցին բոլոր 15 սպանություններում և դատապարտեցին 15 ցմահ բանտարկման, ինչը հավասար էր 957 տարվա ազատազրկման[29] (Վիսկոնսին նահանգում չկա մահապատիժ): Դամերը իր վերջին խոսքի ժամանակ ասաց, որ խորապես զղջում է և խնդրում, որ իրեն մահվան դատապարտեն[25][30]:
Դամերի դատավարությունը Միլուոքիի պատմության մեջ ամենաթանկն էր և գրավել էր մամուլի ուշադրությունը. առաջին անգամ սերիական մարդասպանի դատավարությունը հեռարձակվել էր ուղիղ եթերով[31]: Մեծ ուշադրության են արժանացվել սոցիալական ասպեկտները: Օրինակ, Կոներակ Սինտասոմֆոնի դեպքը դիտվել էր որպես ոստիկանության կողմից ռասիզմի և հոմոֆոբիայի դրսևորում. ոստիկանները կասկածելի իրավիճակում նախընտրել էին հավատալ սպիտակամորթ Դամերին, այլ ոչ թե երկու սևամորթ կնոջ և լաոսցի համասեռամոլին և չէին խառնվել, ինչպես իրենց էր թվացել, երկու նույնասեռականների վեճին: Բացի դրանից, Դամերի զոհերի մեծամասնությունը «գունավոր» էին (նրանցից տասնմեկը սևամորթ են եղել[32]) և նույնա- կամ երկսեռական (բիսեքսուալ), իսկ ոստիկանությունը ջանքեր չէր գործադրում նրանց հայտնաբերելու ուղղությամբ[17]: Մինչ այս իրադարձությունը շատ ԶԼՄ-ներ սերիական մարդասպաններին անմեղսունակ ճանաչելն ու պատասխանատվության չենթարկելը օրենքի մեծ թերություն էին համարում, ինչը թույլ էր տալիս մանյակներին խուսափել բանտում հայտնվելուց[33]:
Դատապարտում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1993թ. շենքը, որտեղ գտնվում էր Դամերի բնակարանը, քանդեցին: 1993թ. Դամերը հոր հետ հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ափսոսանք հայտնեց այն բանի համար, որ հոգեբանական տառապանքներ է պատճառել զոհերի հարազատներին: Հաջորդ տարի Լայոնել Դամերը հրատարակեց կենսագրական գիրք` «Հոր պատմությունը» (A Father’s Story): 1994թ, մայիսին Դամերը բուժում էր ստանում կապված այն բանի հետ, որ նրան ինքնասպանության մտքեր էին հետապնդում: 1994թ. հուլիսի 3-ին բանտի եկեղեցում ծառայություն կատարելիս Դամերի վրա է հարձակվում մի կուբացի բանտարկյալ: Նա փորձում էր ածելիով կտրել նրա կոկորդը. Դամերը միայն թեթևակի վնասվածք է ստանում:
1994թ. նոյեմբերի 28-ին Դամերը սպանվում է բանտարկյալ Քրիստոֆեր Սկարվերի կողմից, որը հայտնվել էր բանտում սպանության և գողության համար[34]: Դամերը, Սկարվերը և ևս մեկ բանտարկյալ Ջես Անդերսոնը սանհանգույցն էին մաքրում: Բանտարկյալները առանց հսկողության էին մնացել ընդամենը 20 րոպե, և այս ընթացքում Սկարվերը Դամերին և Անդերսոնին մահացու մարմնական վնասվածքներ էր հասցրել[35]: Դամերը, որի գանգուղեղն էր վնասվել, մահացավ հիվանդանոցի ճանապարհին[36]: Անդերսոնը մահացավ երկու օր անց` հոսպիտալում[34]: Սպանության գործիքը, տարբեր տվյալներով, եղել են կամ մետաղական բրուսոկը[29], կամ մոպի բռնակը[32][34], որոշ տեղեկություններով` Սկարվերը նաև Դամերի գլուխը պատին է հարվածել[34]:
Երբ Սկարվերը վերադառնում է բանտախուց և պահակը հարցնում է նրան, թե ինչու չի աշխատում, նա պատասխանում է. «Աստված ինձ կարգադրեց անել դա: Դուք կլսեք այդ մասին ժամը 6-ի նորություններում: Ջես Անդերսոնը և Ջեֆրի Դամերը մահացած են»[36]: Ավելի վաղ Սկարվերը, փորձելով անմեղսունակ ճանաչվել, ասում էր, որ լսում է Աստծու ձայնը[34]: Սպանության հնարավոր դրդապատճառը համարվում էր սև ռասիզմը. աֆրոամերիկացի Սկարվերը ատելություն ուներ սպիտակամորթների նկատմամբ, Դամերի զոհերի մեծ մասն աֆրոամերիկացի էին, իսկ Անդերսոնը փորձել էր իր կնոջ սպանությունը բարդել երկու սևամորթների վրա[32][34]: Միայն 2015թ. Քրիստոֆեր Սկարվերը հարցազրույց տվեց «New York Post» ամսագրին, որտեղ մանրամասն պատմեց այն, որ ամեն ինչ տեղի էր ունեցել 1994թ. նոյեմբերի 28-ի վաղ առավոտյան. որպես սպանության իրական դրդապատճառ Սկարվերը նշեց, որ առանձնակի տհաճություն ուներ Դամերի նկատմամբ` նրա վարքի և հումորների պատճառով: Հարցազրույցի ժամանակ Սկարվերը նշեց, որ սպանության գործիք եղել է մետաղական գավազանը[37], այլ ոչ թե մոպի բռնակը, ինչպես ավելի վաղ էր նշվում[38]:
Դամերի մարմինը պահվում էր սառնարանում շուրջ մեկ տարի, 1995թ. սեպտեմբերին տեղի ունեցավ նրա դիակիզումը: Դամերի հայրը արգելեց օգտագործել որդու ուղեղը գիտական նպատակներով: Դամերի դիակիզումից մնացած մոխիրը երկու մասի բաժանվեց` մի մասը տրվեց նրա հարազատ մորը, իսկ մյուսը` հորը և խորթ մորը:
Տասնմեկ հերոսների հարազատների հայցով Դամերի ունեցվածքը բաժանվեց նրանց միջև: 1996թ. տուժող կողմերի իրավունքները պաշտպանող ներկայացուցիչ Թոմաս Ջեյկոբսոնը հայտարարեց Դամերի իրերի` այդ թվում` սառնարանի և սպանության գործիքների աճուրդ կազմակերպելու պլանների մասին: Հնարավոր շահույթը պետք է կազմեր մեկ միլիոն դոլար[39][40]: Այս նորությունը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց քաղաքում: Ստեղծվեց նախաձեռնող խումբ` Milwaukee Civic Pride, որը հավաքեց 407 225 դոլար, որպեսզի գնի իրերը մինչև աճուրդը և վերացնի: Այն բանիրց հետո, երբ Ջեյկոբսոնի կողմից ներկայացված ընտանիքների մեծամասնությունը համաձայնության եկան գործարքի շուրջ, իրերը վերագնվեցին և այրվեցին[41]:
Զոհերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն | Տարիք | Մահվան ամսաթիվ[42] |
---|---|---|
Սթիվեն Հիքս | 17 | 1978, հունիսի 18 |
Սթիվեն Թուոմի | 25 | 1987, սեպտեմբերի 15 |
Ջեյմս Դոքսթեյթոր | 14 | 1988, հունվարի 18 |
Ռիչարդ Հերերո | 25 | 1988, մարտի 18 |
Էնթոնի Սիրս | 24 | 1989, մարտի 25 |
Էդդի Սմիթ | 36 | 1990, հունիսի 14 |
Ռիկի Բիքս | 30 | 1990, հուլիս (այլ տվյալներով` մայիսի 29) |
Էռնեստ Միլլեր | 22 | 1990, սեպտեմբերի 3 |
Դեվիդ Թոմաս | 23 | 1990, սեպտեմբերի 24 |
Կյորտիս Սթրոութեր | 17 | 1991, փետրվարի 18 |
Էրոլ Լինդսի | 19 | 1991, ապրիլի 7 |
Թոնի Հյուզ | 32 | 1991, մայիսի 24 |
Կոներակ Սինտասոմֆոն | 14 | 1991, մայիսի 27 |
Մեթ Թյորներ | 21 | 1991, հունիսի 30 |
Ջերեմիյա Ուայնբերգեր | 23 | 1991, հուլիսի 5 |
Օլիվեր Լեյսի | 23 | 1991, հուլիսի 15 |
Ջոզեֆ Բրեյդհոֆթ | 25 | 1991, հուլիսի 19 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 73.
- ↑ 2,0 2,1 Bardsley Marilyn։ «Jeffrey Dahmer: A Happy Little Boy»։ TruTV Crime Library։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-15
- ↑ 3,0 3,1 Charles Patrick Ewing, Joseph T. McCann Minds on trial: great cases in law and psychology. P. 146.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Barron, James; Tabor, Mary B. W. (4 августа 1991)։ «17 Killed, and a Life Is Searched for Clues»։ New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-15
- ↑ 5,0 5,1 Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 74.
- ↑ Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 75.
- ↑ Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 76.
- ↑ Bardsley Marilyn։ «Jeffrey Dahmer: First Blood»։ TruTV Crime Library։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-15
- ↑ 9,0 9,1 9,2 Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 77.
- ↑ 10,0 10,1 Bardsley Marilyn։ «Jeffrey Dahmer: Lust, Booze & Murder»։ TruTV Crime Library։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-15
- ↑ Catherine E. Purcell, Bruce A. Arrigo The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. P. 80.
- ↑ Richard Tithecott Of Men and Monsters: Jeffrey Dahmer and the Construction of the Serial Killer. P. 164
- ↑ Dirk Cameron Gibson Serial murder and media circuses. P. 97.
- ↑ Charles Patrick Ewing, Joseph T. McCann Minds on trial: great cases in law and psychology. P. 142.
- ↑ Bardsley Marilyn։ «Jeffrey Dahmer: A True Psychopath»։ TruTV Crime Library։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-15
- ↑ Bardsley Marilyn։ «Jeffrey Dahmer: The Killing Binge»։ TruTV Crime Library։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-17
- ↑ 17,0 17,1 Prudhomme, Alex; Cronin, Mary (12 августа 1991)։ «Milwaukee Murders: Did They All Have to Die?»։ Time։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-17
- ↑ 18,0 18,1 Bardsley Marilyn։ «Jeffrey Dahmer: A Victim Almost Escapes»։ TruTV Crime Library։ Վերցված է 2010-05-17
- ↑ Bardsley Marilyn։ «Jeffrey Dahmer: The Body in the Bedroom»։ TruTV Crime Library։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-17
- ↑ Cole, Jeff Konerak settlement is $850,000 // The Milwaukee Journal. — 21 мая 1995.
- ↑ «Cop union and cop image.» Milwaukee Journal Sentinel[en]. May 13, 2005
- ↑ 22,0 22,1 Dirk Cameron Gibson Serial murder and media circuses. P. 98
- ↑ Dirk Cameron Gibson Serial murder and media circuses. P. 96
- ↑ Bardsley Marilyn։ «Jeffrey Dahmer: The Head in the Fridge»։ TruTV Crime Library։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-16
- ↑ 25,0 25,1 «15 Life Terms and No Parole for Dahmer»։ New York Times։ 18 февраля 1992։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-16
- ↑ Bardsley Marilyn։ «Jeffrey Dahmer: Trial Begins with Heavy Security»։ TruTV Crime Library։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-16
- ↑ Ellsworth L Fersch Thinking about the Insanity Defense. — iUniverse, 2005. — P. 145—147. — 249 p. — ISBN 9780595791712
- ↑ Matthew Ross Lippman Contemporary Criminal Law: Concepts, Cases, and Controversies. — SAGE, 2009. — P. 290—291. — 656 p. — ISBN 9781412981293
- ↑ 29,0 29,1 Charles Patrick Ewing, Joseph T. McCann Minds on trial: great cases in law and psychology. P. 152.
- ↑ «1992: Cannibal killer jailed for life»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-16
- ↑ Dirk Cameron Gibson Serial murder and media circuses. P. 104
- ↑ 32,0 32,1 32,2 Why Jeffrey Dahmer Killed So Many Black Men? // Jet. — 19 декабря 1994. — В. 7. — Т. 87. — С. 14—16. — ISSN 0021-5996.
- ↑ Ellsworth L Fersch Thinking about the Insanity Defense. — iUniverse, 2005. — P. 147—148. — 249 p. — ISBN 9780595791712
- ↑ 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 «Inmate Bludgeoned With Jeffrey Dahmer on Work Detail Dies»։ New York Times։ 1 декабря 1994։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-13
- ↑ Terry Don (30 ноября 1994)։ «Suspect in Dahmer Killing Said, 'I'm the Chosen One'»։ New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-13
- ↑ 36,0 36,1 «Dahmer Killer Charged»։ Time։ 15 декабря 1994։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-13
- ↑ Jamie Schram (2015-04-28)։ «Why I killed Jeffrey Dahmer»
- ↑ «Inmate Bludgeoned With Jeffrey Dahmer on Work Detail Dies»։ 1994-12-01
- ↑ Price Lisa (8 мая 1996)։ «Serial killer's property set to go on the auction block»։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-21
- ↑ Johnson Kirk (20 мая 1996)։ «Bid to Auction Killer's Tools Provokes Disgust»։ New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-21
- ↑ «Auction of Dahmer Items Is Apparently Off»։ New York Times։ 29 мая 1996։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-05-21
- ↑ Dirk Cameron Gibson Serial murder and media circuses. P. 94—96
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ewing C. P., McCann J. T. Jeffrey Dahmer. Serial Murder Necrophilia and Cannibalism // Minds on trial: great cases in law and psychology. — Oxford University Press US, 2006. — P. 141—153. — 292 p. — ISBN 9780195181760
- Gibson D. C. Serial murder and media circuses. — Greenwood Publishing Group, 2006. — P. 91—104. — 233 p. — ISBN 9780275990640
- Jenkins J. P. Jeffrey Dahmer // Britannica.
- Purcell C. E., Arrigo B. A. The psychology of lust murder: paraphilia, sexual killing, and serial homicide. — Academic Press, 2006. — 173 p. — ISBN 9780123705105
- Tithecott R. Of Men and Monsters: Jeffrey Dahmer and the Construction of the Serial Killer. — Կաղապար:Нп3, 1998. — 208 p. — ISBN 9780299156848
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Джеффри Дамер на сайте Crimelibrary.com(անգլ.)
- Джеффри Дамер на сайте о серийных убийствах Slaughter-House
- Список жертв Дамера с фотографиями
- Джеффри Дамер (անգլ.) Internet Movie Database կայքում