Ջերոմ Ռոբինս
Ջերոմ Ռոբինս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1918[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | հուլիսի 29, 1998[1][2][3][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Weehawken High School? |
Երկեր | Fanfare? |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող, բալետմայստեր, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, պարող, թատերական պրոդյուսեր, ռեժիսոր և թատրոնի դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | jeromerobbins.org |
![]() |
Ջերոմ Ռոբինս, (անգլ.՝ Jerome Robbins,հոկտեմբերի 11, 1918[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - հուլիսի 29, 1998[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ) ամերիկացի պարող, խորեոգրաֆ, կինոռեժիսոր, թատրոնի ռեժիսոր և պրոդյուսեր, որը հանդես է եկել բեմում, կինոյում և հեռուստատեսությունում։
Նրա բազմաթիվ բեմական ստեղծագործություններից են՝ «Քաղաքում», «Փիթր Փեն», «Կոճակազարդ բարձրակրունկներ», «Արքան և ես», «Ննջազգեստի խաղը», «Զանգերը ղողանջում են», «Վեսթսայդյան պատմություն», «Գնչուհին» և «Ջութակահարը տանիքին»։ Ռոբինսը հինգ անգամ դարձել է Թոնի մրցանակակիր և Քենեդու կենտրոնի պարգևների դափնեկիր։ Նա երկու «Օսկարի» մրցանակակիր է։ 1961 թվականին արժանացել է «Օսկարի» «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում Ռոբերտ Ուայզի հետ՝ «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմի համար և «Օսկար» հատուկ պատվավոր մրցանակ՝ կինոյի խորեոգրաֆիկ նվաճումների համար։
Ռոբինսի կյանքի և ստեղծագործության մասին վավերագրական ֆիլմը՝ «Պարելու մասին» (անգլ.՝ Something to Dance About), որը պարունակում է հատվածներ նրա ամսագրերից, արխիվային կատարումներ և փորձերիc կադրեր, ինչպես նաև հարցազրույցներ Ռոբինսի և նրա գործընկերների հետ։ Պրեմիերան տեղի է ունեցել Հանրային հեռարձակման ցանցում (անգլ.՝ PBS) 2009 թվականին և նույն տարում արժանացել է և՛ «Էմմի», և՛ «Փիբոդի» մրցանակների[5][6]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբինսը ծնվել է Ջերոմ Վիլսոն Ռաբինովից անունով, Մանհեթենի Ներքին Արևելյան Թաղամասում գտնվող Հրեական Մայրության Հիվանդանոցում՝ ներգաղթյալներով բնակեցված մի թաղամասում[7]։ Նա եղել է Լենա Ռոբինսի (նախնական ազգանունը՝ Ռիպս) և Հարի Ռաբինովիցի (1887-1977) որդին[8]։ Նա ունեցել է իրենից մեծ քույր՝ Սոնյան (1912-2004)[9][10][11]։
Ռաբինովիցների ընտանիքն ապրում էր Մեդիսոն պողոտայի հյուսիս-արևելյան անկյունում գտնվող Արևելյան 97-րդ փողոցի 51 հասցեում գտնվող մեծ բնակարանում։ Նրան մոտ մարդիկ անվանել են «Ջերի», իսկ «Վիլսոն» երկրորդ անունը տրվել է նրան իր հայրենասեր ծնողների կողմից՝ այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնի պատվին։
1920-ական թվականների սկզբին Ռաբինովիցների ընտանիքը տեղափոխվել է Ուիհոքեն, Նյու Ջերսի։ Նրա հայրը և հորեղբայրը բացել են «Comfort Corset Company» ընկերությունը հարևան Յունիոն Սիթիում։ 1935 թվականին նա ավարտել է Վուդրո Ուիլսոնի անվան ավագ դպրոցը (որը հետագայում վերանվանվել է Ուիհոքենի ավագ դպրոց)[7]։ Նրա ընտանիքը ունեցել է բազմաթիվ կապեր շոուբիզնեսի հետ։ 1940-ական թվականներին նրանց ազգանունը փոխվել է Ռոբինսի։
Ռոբինսը սկսել է ուսումնասիրել ժամանակակից պար ավագ դպրոցում Ալիս Բենթլիի մոտ, որը խրախուսել է իր աշակերտներին երաժշտության տակ ինքնաբուխ քայլեր մտածել։ Ավելի ուշ Ռոբինսը ասել է. «Այն, ինչ նա ինձ իսկապես տվել է, իմ սեփական պարերը ստեղծելու լիակատար ազատությունն էր՝ առանց սահմանափակումների կամ կասկածների»։
Դպրոցն ավարտելուց հետո նա ուսանել է քիմիա Նյու Յորքի համալսարանում (NYU), սակայն մեկ տարի անց թողել է ուսումը ֆինանսական խնդիրների պատճառով և ամբողջովին իրեն նվիրել է պարի ուսումնասիրությանը։ Նա միացել է Սենյա Գլյուկ Սանդորի ընկերությանը, որը էքսպրեսիոնիստական ժամանակակից պարի առաջատար ներկայացուցիչներից մեկն է եղել։ Սանդորը նրան խորհուրդ է տվել փոխել իր անունը Ռոբինսի։ Նա նաև նրան խրախուսել է ուսումնասիրել բալետ, ինչը նա արել է Էլլա Դագանովայի մոտ։ Բացի այդ, նա ուսումնասիրել է իսպանական պար Հելեն Վիոլայի մոտ, ասիական պար՝ Եյչի Նիմուրայի մոտ և պարային կոմպոզիցիա՝ Բեսսի Շոնբերգի մոտ։ Սանդորի ընկերության անդամ լինելով՝ Ռոբինսը կատարել է իր բեմական նորամուտը Իդիշի արվեստի թատրոնում՝ «Աշքենազի եղբայրները» ներկայացման մեջ իր փոքրիկ դերով։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-40-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1937 թվականին Ռոբբինսը կատարել է իր առաջին ելույթներից մեկը որպես պարող Կամփ Թամիմենտում՝ Պոկոնոսում գտնվող հանգստյան վայրում, որը հայտնի էր իր ամռն շաբաթ տեղի ունեցող Բրոդվեյյան ներկայացումներով։ Նա սկսել էր նաև հանդես գալ Բրոդվեյյան շոուների խորեոգրաֆիկ խմբերում, այդ թվում՝ «Մեծն Լեդի» և «Մի քայլեք խոտի վրայով» ներկայացումներում, որոնք երկուսն էլ բեմադրել է Ջորջ Բալանչինը։ Այդ տարիներին Ռոբբինսը սկսել է նաև բեմադրել պարեր Թամիմենտի ներկայացումների համար, որոնցից մի քանիսը կատակերգական էին (Իմոջին Քոկայի և Քերոլ Չեննինգի մասնակցությամբ), իսկ որոշները՝ դրամատիկ, արդիական և հակասական։ Այդպիսի պարերից մեկը՝ «Տարօրինակ միրգը», որը հիմնված է նույնանուն երգի վրա և որը կատարել է Բիլլի Հոլիդեյը, ավելի ուշ ներկայացվել է նաև Նյու Յորքի 92-րդ փողոցի Y հասցեում։

1940 թվականին Ռոբբինսը միացել էր Բալետի Թատրոնին (հետագայում հայտնի որպես Ամերիկյան Բալետի Թատրոն)։ 1941-ից 1944 թվականներին նա հանդես էր եկել որպես սոլիստ՝ մեծ ճանաչում ստանալով իր կատարումներով՝ «Հեղինե Տրոյացին» բալետում ունեցած Հերմեսի դերով, «Պետրուշկա» բալետում ունեցած իր գլխավոր դերով, Ագնես դե Միլիի «Երեք կույսերը և սատանան» բալետում՝ երիտասարդի դերով, ինչպես նաև «Ռոմեո և Ջուլիետ»-ումունեցած Բենվոլիոյի դերով։ Այդ տարիներին նա ոգևորված էր խորեոգրաֆներ Միխայիլ Ֆոկինի, Էնթոնի Թյուդորի և Ջորջ Բալանչինի աշխատանքներով։
Այս ժամանակահատվածում Ռոբբինսը ստեղծել է «Ազատ» բալետը, որի սյուժեն պատմում է արձակուրդում գտնվող նավաստիների մասին և համատեղում է դասական բալետը 1940-ական թվականների սոցիալական պարերի հետ։ Նա ինքն է հանդես եկել այդ բալետում, երբ այն ներկայացվել է Մետրոպոլիտեն օպերայում՝ Բալետի Թատրոնի 1944 թվականի սեզոնի շրջանակում։ Ռոբբինսը նշել է, որ այդ բալետի գաղափարն իրեն ներշնչել է Փոլ Կադմուսի 1934 թվականի «Նավատորմը ժամանել է» նկարը, չնայած որ բալետը թեթև է, մինչդեռ նկարը՝ ոչ։ «The Christian Science Monitor»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Տեսնելով «Նավատորմը ժամանել է» նկարը, որը ներքուստ մերժել էի, թեև այն ինձ տվեց բալետ ստեղծելու գաղափարը, ես սկսեցի ուսումնասիրել քաղաքի նավաստիներին և աղջիկներին»։ Ռոբբինսը պատվիրել է բալետի երաժշտությունը Լեոնարդ Բերնսթայնին, որը դեռևս լայնորեն հայտնի չէր այդ ժամանակ[12]։ Նա նաև ներգրավել է Օլիվեր Սմիթին որպես բեմադրության դիզայներ։
Հետագայում՝ այդ տարի Ռոբբինսը ստեղծել և խորեոգրաֆել էր «Քաղաքի վրա» մյուզիքլը, որը մասամբ ոգեշնչված էր «Ազատ» բալետից և որով էլ նրա Բրոդվեյյան կարիերայի մեկնարկը տրվեց։ Երաժշտությունը գրել էր Բերնսթայնը, իսկ բեմադրության հեղինակը Սմիթն էր։ Գրքի և երգերի հեղինակները Բեթի Քոմդենն ու Ադոլֆ Գրինն էին, որոնց հետ Ռոբբինսը հետագայում ևս աշխատել էր, իսկ ռեժիսորը Բրոդվեյի լեգենդ Ջորջ Էբբոտն էր։ Որպես խորեոգրաֆ՝ Ռոբբինսը պնդել է, որ երգչախումբը պետք է արտացոլի Նյու Յորքի բազմազանությունը, ինչի շնորհիվ «Քաղաքի վրա» մյուզիքլը դարձավ առաջինը, որը խախտեց ռասայական խտրականության սահմանափակումները Բրոդվեյում։ Ռոբբինսի հաջորդ մյուզիքլը՝ «Միլիոն դոլարանոց աղջիկն» (1945) էր՝ ջազային դարաշրջանի առասպելական պատմություն։ Վերջինիս փորձերի ընթացքում տեղի էր ունեցել մի դեպք, որը դարձել էր Ռոբբինսի և Բրոդվեյի պատմության մի մասը. խորեոգրաֆը, զբաղված լինելով պարողներին հրահանգներ տալով, այնքան էր հետ քայլել, որ ընկել էր նվագախմբային փոսը[13]։ Երկու տարի անց՝ 1947 թվականին, Ռոբբինսը արժանացել է մեծ ճանաչման իր հումորային «Կոճակներով բարձրակրունկներ» բալետի համար և ստացել է իր առաջին Թոնի մրցանակը՝ խորեոգրաֆիայի համար։ Նույն տարում նա դարձել է Նյու Յորքի նորաստեղծ Դերասանական ստուդիայի առաջին անդամներից մեկը և շաբաթը երեք անգամ հաճախել է դասերի, որոնք անցկացնում էր հիմնադիր անդամ Ռոբերտ Լյուիսը։ Նրա հետ սովորում էին նաև Մառլոն Բրանդոն, Մորին Սթեփլթոնը, Մոնտգոմերի Քլիֆթը, Հերբերտ Բերգհոֆը, Սիդնի Լյումետը և այլ 20 ուսանողներ[14]։ 1948 թվականին նա ունեցել է իր հերթական ձեռքբերումը՝ դառնալով «Նայի՛ր, մայրի՛կ, ես պարում եմ» մյուզիքլի համառեժիսոր և խորեոգրաֆ։ Հաջորդ տարի նա համագործակցել է Իրվինգ Բեռլինի հետ՝ խորեոգրաֆելով «Միսս Ազատություն» մյուզիքլը։
Մինչ նա կառուցում էր իր կարիերան Բրոդվեյում, Ռոբբինսը շարունակում էր աշխատել բալետի ոլորտում՝ ստեղծելով նորարարական և ոճապես բազմազան բալետներ, այդ թվում՝ «Փոխազդեցություն» բալետը, որը գրվել է Մորտոն Գուլդի երաժշտությամբ, և «Ֆաքսիմիլ» բալետը, որի երաժշտությունը ստեղծել էր Լեոնարդ Բերնստայնը, սակայն այն արգելվել է Բոստոնում։
1949 թվականին Ռոբբինսը լքել է Բալետի Թատրոնը՝ միանալով Ջորջ Բալանչինի և Լինքոլն Քիրստեյնի նորաստեղծ «Նյու Յորքի բալետ» բալետային ընկերությանը որպես Գեղարվեստական տնօրենի խորհրդատու։ Շուտով նա բեմադրել է «Հյուրերը» բալետը, որը պատմում է անհանդուրժողականության մասին։
1950-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Նյու Յորքի Բալետ» ընկերությունում Ռոբինսը անմիջապես աչքի է ընկել որպես թե՛ պարող, թե՛ խորեոգրաֆ։ Նա առանձնացել է իր կատարումներով Բալանչինի՝ 1929 թվականի «Անառակ որդին» բալետում (որը հատուկ նրա համար է վերաբեմադրվել), ինչպես նաև «Til Eulenspiegel» և «Bouree Fantasque» ներկայացումներում։ Բացի այդ, նա ստեղծել է իր սեփական բալետները, ինչպիսիք են «Անհանգստության դարաշրջան», «Վանդակ», «Ֆաունի կեսօրը» և «Համերգը», որտեղ Լեկլերկը կատարել է գլխավոր դերերը։
Նա շարունակել է աշխատել Բրոդվեյում և բեմադրել պարեր Իրվինգ Բեռլինի «Զանգի՛ր ինձ տիկին» մյուզիքլի համար, որտեղ խաղացել է Էթել Մերմանը, ինչպես նաև Ռոջերսի և Համերսթայնի «Թագավորը և ես» ներկայացման համար, որտեղ, բացի մյուս պարերից, ստեղծել է հայտնի «Քեռի Թոմասի փոքրիկ տունը» բալետը։ Նա մասնակցել է նաև «Two’s Company» ներկայացման բեմադրմանը, որը գլխավորել է Բեթ Դևիսը։
Բացի այդ, նա նաև իր մասնակցությունն է ունեցել «Ծառն աճում է Բրուկլինում» (1951), «Երանի այստեղ լինեիր» (1952) և «Հրաշալի քաղաք» (1953) մյուզիքլների ստեղծման գործում, ինչպես նաև խորեոգրաֆել և բեմադրություն է գրել «Ֆորդի 50 ամյակին նվիրված շոուի» մի քանի հատվածների համար, որտեղ մասնակցել են Մերի Մարթինը և Էթել Մերմանը (CBS հեռուստաալիքով)[15]։
1954 թվականին Ռոբինսը համագործակցել է Ջորջ Էբբոթի հետ «Ննջազգեստի խաղը» մյուզիքլի շրջանակներում, որը սկիզբ է տվել Շիռլի Մակլեյնի գործունեությանը։ Նա ստեղծել, խորեոգրաֆել ու բեմադրել է «Փիթր Փեն» ներկայացումը, որը 1955 թվականին վերաբեմադրվել է Էմմի մրցանակ շահած հեռուստատեսային հատուկ թողարկման համար, որի համար էլ նա արժանանացել է մրցանակի «Լավագույն խորեոգրաֆ» անվանակարգում։ Նա նաև բեմադրել և համատեղ խորեոգրաֆել է (Բոբ Ֆոսսի հետ) «Զանգերը ղողամջում են» (1956) մյուզիքլը՝ Ջուդի Հոլիդեյի գլխավոր դերակատարմամբ։ 1956 թվականին Ռոբինսը վերաստեղծել է «Թագավորը և ես» ստեղծագործության պարերը համանուն կինոտարբերակի համար։ 1957 թվականին նա ստեղծել, խորեոգրաֆել և բեմադրել է «Վեսթսայդյան պատմություն» բալետը։
«Վեսթսայդյան պատմությունը» համարվում է «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի ժամանակակից տարբերակը, որի գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքի Վերին Արևմտյան մասում։ Ներկայացումը, որի երաժշտությունը գրել է Լեոնարդ Բերնշթայնը, նշանավորել է Ռոբինսի և Սթիվեն Սոնդհայմի առաջին համագործակցությունը․ վերջինս գրել է երգերի խոսքերը, իսկ Արթուր Լորենցը՝ սցենարը։ Քանի որ ներկայացման գիրքը, երաժշտությունը և պարը ընկալվել են որպես մեկ ամբողջություն, դերասանական կազմը, առաջին անգամ Բրոդվեյի պատմության մեջ, պետք է հավասարապես տիրապետեր դերասանական, վոկալային և պարային հմտություններին։ Դերասաններին իրենց կերպարների մեջ ավելի խորը մխրճելու համար Ռոբինսը արգելել է հակառակ խմբերի (Ջեթսի և Շարկսի) դերակատարներին շփվել փորձերի ընթացքում։ Նա նույնիսկ, ըստ պարուհի Լինդա Թալքոթ Լիի, «հոգեբանական խաղեր է խաղացել» դերասանների հետ․ «Նա բամբասանքներ է հորինել և մի խմբի մոտ մյուսից խոսել, որպեսզի նրանք իրականում ատեն միմյանց»[16]։
«Վեսթսայդյան պատմությունը» նրան բերել է իր երկրորդ Թոնի մրցանակը խորեոգրաֆիայի համար։
Նրա հաջողությունների շարքը շարունակվել է «Գնչու» մյուզիքլով (1959), որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Էթել Մերմանը։ Ռոբինսը կրկին աշխատել է Սոնդհայմի և Լորենցի հետ, իսկ երաժշտությունը գրել է Ջուլ Սթայնը։ Ներկայացումը (թեթևակի) հիմնված է ստրիպտիզ պարուհի Ջիպսի Ռոուզ Լիի կյանքի վրա։
1956 թվականին Ռոբինսի մուսան՝ Տանաքիլ Լեկլերկը, հիվանդացել է պոլիոմիելիտով և անդամալույծ դարձել։ Դրա հետևանքով Ռոբինսը գրեթե մեկ տասնամյակ դուրս է մնացել «Նյու Յորքի բալետի» գործունեությունից, սակայն հիմնել է իր փոքրիկ պարային խումբը՝ «Ballets USA», որը 1958 թվականի հունիսին ներկայացրել է իր ստեղծագործությունները Ջան Կառլո Մենոտտիի «Երկու աշխարհների» փառատոնի մեկնարկային սեզոնին՝ Սպոլետոյում (Իտալիա)։ Խումբը շրջագայել է Եվրոպայում և ԱՄՆ-ում Պետդեպարտամենտի հովանու ներքո և ելույթ ունեցել Էդ Սալիվանի շոուում։
Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործունեության հանձնաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին Ռոբբինսին հրավիրել են վկայություն տալու Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործունեության հանձնաժողով (HUAC)՝ կասկածելով կոմունիստական համակրանքներ ունենալու մեջ։ Ռոբբինսը, թեև պատրաստ էր խոստովանել իր անցյալում կուսակցության անդամ լինելու փաստը, դիմադրել էր՝ հրաժարվելով հայտնել այլ մարդկանց անուններ, ոորոնք ունեին նմանատիպ քաղաքական կապեր։ Նա երեք տարի շարունակ դիմակայել էր ճնշմանը, մինչև, ըստ երկու ընտանիքի անդամների, որոնց նա վստահել էր իր գաղտնիքը, նրան սպառնացել էին հրապարակայնորեն հայտնել նրա համասեռամոլ լինելու փաստը[17]։
Ռոբբինսը հայտնել էր այն մարդկանց անունները, որոնց, համարում էր կոմունիստներ։ Այդ թվում էին՝ դերասաններ Լլոյդ Գոու և Էլիոթ Սալիվանի, պարային քննադատ Էդնա Օկո, կինոռեժիսոր Լիոնել Բերման, դրամատուրգ Ջերոմ Չոդորով, վերջինիս եղբայր Էդվարդ Չոդորովն, ինչպես նաև Մադելին Լի Գիլֆորդի և նրա ամուսին Ջեք Գիլֆորդի։ Վերջիններս ընդգրկվել էին սև ցուցակում իրենց ենթադրյալ քաղաքական հայացքների պատճառով, ինչի հետևանքով նրանց գործոինեությունը զգալիորեն տուժել էր։ Նրանք հաճախ ստիպված էին եղել գումար պարտքով վերցնել ընկերներից՝ ծայրահեղ ֆինանսական դժվարությունների պատճառով[18]։
Քանի որ Ռոբբինսը համագործակցել էր HUAC-ի հետ, նրա գորխունեությունը տեսանելի վնաս չէր կրել, և նա չէր ընդգրկվել սև ցուցակում[19]։
1960-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին Ռոբբինսը Ռոբերտ Ուայզի հետ միասին աշխատել է «Վեսթսայսդյան պատմություն» ֆիլմի ադապտացիայի վրա։ Մոտ 45 օր նկարահանումներից հետո նա հեռացվել է աշխատանքից[20]։ Սակայն, երբ 1961 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը ստացել է 10 մրցանակ, Ռոբբինսը արժանացել է մրցանակներից երկուսին՝ մեկը ռեժիսուրայի համար, իսկ մյուսը՝ «Կինոյում խորեոգրաֆիայի արվեստում փայլուն ձեռքբերումների համար»։
1962 թվականին Ռոբբինսը բեմադրել է Արթուր Կոպիտի ոչ մյուզիքլային ներկայացումը՝ «Օ, հայրիկ, խեղճ հայրիկ, մայրիկը քեզ կախել է պահարանում, և ես այնքան տխուր եմ», որը ավելի քան մեկ տարի շարունակ բեմադրվել է «Օֆֆ-Բրոդվեյ» թատրոնում, ապա 1963 թվականին կարճ ժամանակով տեղափոխվել՝«Բրոդվեյ»։ Դրանից հետո Ռոբբինսը բեմադրել էր Էն Բենքրոֆթի մասնակցությամբ Բերտոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» ներկայացումը։
Ռոբբինսը շարունակում էր մեծ պահանջարկ ունենալ։ Այդ ժամանակահատվածում նա ստանձնել էր երկու խնդրահարույց ներկայացումների ռեժիսուրան և հաջողել։ 1962 թվականին նա փրկել է «Զավեշտալի բան է պատահել ֆորումի ճանապարհին» մյուզիքլը (1962), որտեղ խաղում էին Զերո Մոսթելը, Ջեք Գիլֆորդը, Դեյվիդ Բերնսը և Ջոն Քերադայնը։ Ներկայացումը, որի գրքի հեղինակներն էին Բուրտ Շեվլովն ու Լարի Գելբարտը, իսկ երաժշտությունը գրել էր Սթիվեն Սոնդհայմը, հաւողություն չէր ունեցել։ Սոնդհայմը գրել էր, և Ռոբբինսը բեմադրել էր բոլորովին նոր բացման համար՝ «Comedy Tonight», որը բացատրում էր հանդիսատեսին, թե ինչ էին նրանք տեսնելու, և դրանից հետո շոուն մեծ հաջողություն էր վայելել։ 1964 թվականին նա աշխատել էր դժվարություններ ունեցող «Զվարճալի աղջիկ» մյուզիքլի վրա և ստեղծել է ներկայացում, որը ցուցադրվել է 1348 անգամ։ Այս մյուզիքլը Բարբրա Ստրեյզանդին դարձրել է համաշխարհային աստղ։
Նույն տարում իր «Ջութակահարը՝ տանիքին» մյուզիքլի (1964) շնորհիվ Ռոբբինսը ստացել է Թոնի մրցանակ՝ իր ռեժիսուրայի և խորեոգրաֆիայի համար։ Ներկայացումը, որտեղ Զերո Մոսթելը մարմնավորում էր Թևիեի դերը, ցուցադրվել է 3242 անգամ՝ սահմանելով Բրոդվեյի ամենաերկար ցուցադրված ներկայացման ռեկորդը (որը հետագայում գերազանցվել է)։ Ներկայացման սյուժեն, որը պատմում է 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում ապրող հրեաների մասին, Ռոբբինսին հնարավորություն է տվել վերադառնալ իր կրոնական արմատներին։
1970-80-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա շարունակել է խորեոգրաֆել և բեմադրել ներկայացումներ ինչպես «Ջոֆրի բալետ», այնպես էլ «Նյու Յորքի բալետ» ընկերությունների համար 1970-ական թվականներին։ 1972 թվականին Ռոբբինսը դարձել է «Նյու Յորքի բալետի» բալետմայստեր և գրեթե բացառապես աշխատել է դասական պարի ոլորտում հաջորդ տասնամյակի ընթացքում՝ ընդմիջելով միայն «Վեսթսայդյան պատմություն» (1980) և «Ջութակահարը՝ տանիքին» (1981) ստեղծագործությունների վերաբեմադրումների համար։ 1981 թվականին նրա Կամերային պարային ընկերությունը հյուրախաղերով հանդես է եկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։
1980-ական թվականներին նա սկսել է ավելի ակտիվ ներկայանալ հեռուստատեսությունում։ NBC ալիքը հեռարձակել է «Ուղիղ եթեր 8H ստուդիայից. Ջերոմ Ռոբինսի բալետների երեկո» հաղորդումը՝ «Նյու Յորքի բալետի» պարողների մասնակցությամբ, իսկ 1986 թվականին PBS-ը ցուցադրել է նրա խորեոգրաֆիայի հետահայաց ծրագիրը «Պարը՝ Ամերիկայում»-ի շրջանակում։ Վերջինս ոգեշնչել էր նրան ստեղծել «Ջերոմ Ռոբինսի Բրոդվեյը» անթոլոգիական շոուն (1989), որտեղ վերաստեղծվելլ էին նրա 50-ամյա գորխունեության ամենահաջողված բեմադրությունները։ Ներկայացումը, որում Ջեյսոն Ալեքսանդրը հանդես էր գալիս որպես պատմող (դերի համար նա Թոնի մրցանակ է ստացել), ներառել է ինչպես վաղուց կրճատված համարներ, այնպես էլ հայտնի կատարումներ։ Ռոբբինսը սրա համար ստացել է իր հինգերորդ Թոնի մրցանակը։
1990-ական թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին տեղի ունեցած հեծանվային վթարից հետո և 1994 թվականի սրտի փականի վիրահատությունից հետո նրա մոտ 1996 թվականին սկսել են ի հայտ գալ Պարկինսոնի հիվանդության նշաններ, և նրա լսողությունը արագորեն վատթարացել է։ Սակայն 1998 թվականին նա դեռևս բեմադրել է «Les Noces» բալետը, որն էլ դարձել էր նրա վերջին ստեղծագործությունը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի հուլիսին, «Les Noces»-ի վերաբեմադրման պրեմիերայից երկու ամիս անց, Ռոբբինսը կաթված է ստացել։ Նա մահացել է 1998 թվականի հուլիսի 29-ին իր Նյու Յորքի տանը։ Նրա մահվան օրը Բրոդվեյի լույսերը մի պահ խավարեցվել էին՝ ի հիշատակ նրա։ Ռոբբինսը ենթարկվել է դիակիզման, և նրա աճյունը ցրվել է Ատլանտյան օվկիանոսում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբբինսը ունեցել է սիրային հարաբերություններ մի շարք մարդկանց հետ, այդ թվում՝ Մոնտգոմերի Քլիֆթի, Նորա Քեյի, Բազ Միլլերի և Ջես Գերսթեյնի։ Որպես նախկին կոմունիստական կուսակցության անդամ՝ նա իր վկայության ժամանակ Ներկայացուցիչների պալատի հակաամերիկյան գործունեության հանձնաժողովին հայտնել է 10 կոմունիստների անուններ։ Թեև նա տվել էր այս վկայությունը տարիներ շարունակ ենթարկված ճնշումներից և իր սեռական կողմնորոշումը հրապարակայնացնելու սպառնալիքներից հետո, նրա կողմից մարդկանց անուններ տալը առաջացրել էր դժգոհություն նրա արվեստագետ գործընկերների շրջանում։
Այսպես, սև ցուցակում հայտնված դերասաններ Ջեք Գիլֆորդը[21] և Զերո Մոսթելը, աշխատելով «Ջութակահարը՝ տանիքում» ներկայացման վրա, «բացահայտ արհամարհանք էին ցուցաբերել Ռոբբինսի նկատմամբ»[22]։ Սակայն Լեոնարդ Բերնսթայնն ու Արթուր Լոուրենցը, որոնք նույնպես նախկինում սև ցուցակում էին ընդգրկվել, մի քանի տարի անց նորից աշխատել են նրա հետ «Վեսթսայսդյան պատմության» վրա[23]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբինսը Ռոբերտ Ուայզի հետ միասին արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում «Վեսթսայդյան պատմություն» (1961) ֆիլմի համար։ Ռոբինսը դարձել է ընդամենը երկրորդ ռեժիսորը, որը ստացել է «Օսկար» մրցանակ իր դեբյուտային ֆիլմի համար (առաջինը՝ Դելբերթ Մանն էր՝ «Մարտի» ֆիլմով)։ Նույն թվականին Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան նրան պարգևատրել է հատուկ «Օսկար» մրցանակով՝ կինոյում ունեցած խորեոգրաֆիական նվաճումների համար։
Ընդհանուր առմամբ, նա արժանացել է հինգ «Թոնի» մրցանակի, երկու «Օսկար» մրցանակի (ներառյալ՝ հատուկ մրցանակը), «Քենեդի կենտրոնի պատվո մրցանակի» (1981), «Արվեստի ազգային շքանշանի» (1988), Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» և ԱՄՆ «Արվեստի ու գրականության ակադեմիայի պատվավոր անդամության» շքանշանների։ Նա ստացել է երեք պատվավոր դոկտորի կոչում, 1980 թվականին՝ Նյու Յորքի Քաղաքային համալսարանի կողմից «Պատվավոր մարդասիրական գիտությունների դոկտոր» և 1985 թվականին՝ Նյու Յորքի համալսարանի կողմից «Պատվավոր կերպարվեստի դոկտոր»։
1979 թվականին Ջերոմ Ռոբինսը ընդգրկվել է Ամերիկյան թատրոնի Փառքի սրահում[24]։ Տասը տարի անց՝ 1989 թվականին, նա ընդգրկվել է նաև Պարարվեստի ազգային թանգարանի Միստր և Միսիս Կորնելիուս Վանդերբիլթ Ուիթնիի Փառքի սրահում։
Ջերոմ Ռոբինսի մրցանակ
1995 թվականին Ջերոմ Ռոբինսը հանձնարարել է իր հիմնադրամի տնօրեններին ստեղծել մրցանակ՝ «իրապես մեծ ձեռքբերումներ ունեցող անհատի կամ արվեստի հաստատության համար»։ Նա առաջարկել է, որ մրցանակը հիմնականում տրվի պարի արվեստում։ Առաջին երկու Ջերոմ Ռոբինսի մրցանակները շնորհվել են 2003 թվականին «Նյու Յորքի բալետ» ընկերությանը և լուսային ձևավորմամբ զբաղվող Ջենիֆեր Թիպթոնին[25]։
Բրոդվեյի արտադրություններ և նշանավոր բալետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1939 «Աստղեր՝ քո աչքերում», մյուզիքլ, կատարող
- 1939 «Ռեվյուի ծղոտե գլխարկը», ռեվյու, կատարող
- 1941 Ժիզել, բալետ, պարող՝ «Պյոասանտի» դերում
- 1941 «Երեք կույսերը և սատանան», բալետ Օտտորինո Ռեսպիգիի երաժշտության ներքո, պարող
- 1941 «Գալա ներկայացում», բալետ Սերգեյ Պրոկոֆևի երաժշտության ներքո, պարող «Ատենդանտ հեծյալի» դերում
- 1944 «Քաղաքի վրա», մյուզիքլ, խորեոգրաֆ և շոուի գաղափարի հեղինակ
- 1945 «Ընդհանուր հիմք», պիես, համահեղինակ
- 1945 «Փոխազդեցություն», բալետ Մորտոն Գուլդի երաժշտության ներքո՝ խորեոգրաֆ և պարող
- 1945 «Միլիարդ դոլարանոց աղջիկը», մյուզիքլ, խորեոգրաֆ
- 1946 «Ազատ», բալետ
- 1947 «Կոճակազարդ բարջրակրունկներ», մյուզիքլ, խորեոգրաֆ, Թոնի մրցանակ՝ լավագույն խորեոգրաֆիայի համար
- 1948 «Նայի՛ր, մայրի՛կ, ես պարում եմ», մյուզիքլ, խորեոգրաֆ, համահեղինակ և շոուի գաղափարի հեղինակ
- 1949 «Միսս Ազատություն», մյուզիքլ, խորեոգրաֆ
- 1950 «Զանգի՛ր ինձ տիկին», մյուզիքլ, խորեոգրաֆ
- 1951 «Արքան և ես», մյուզիքլ, խորեոգրաֆ
- 1951 «Վանդակը», բալետ Իգոր Ստրավինսկիի երաժշտության ներքո, խորեոգրաֆ
- 1952 «Փոխազդեցություն», բալետ Մորթոն Գուլդի երաժշտության ներքո, խորեոգրաֆ
- 1952 Two's Company, ռեվյու, խորեոգրաֆ
- 1953 «Ֆաունի երեկոն», բալետ Կլոդ Դեբյուսիի երաժշտության ներքո, խորեոգրաֆ
- 1954 «Ննջազգեստի խաղը», մյուզիքլ, համահեղինակ
- 1954 «Փիթր Փեն», մյուզիքլ, հեղինակ և խորեոգրաֆ
- 1956 «Համերգը», բալետ Ֆրեդերիկ Շոպենի երաժշտության ներքո, խորեոգրաֆ
- 1956 «Զանգերը ղողանջում են», մյուզիքլ, հեղինակ և համախորեոգրաֆ Բոբ Ֆոսսի հետ
- 1957 «Վեսթսայսյան պատմություն», մյուզիքլ, խորեոգրաֆ, հեղինակ, Թոնի մրցանակ լավագույն խորեոգրաֆիայի համար
- 1958 «3 x 3», բալետ Ժորժ Աուրիկի երաժշտության ներքո, խորեոգրաֆ
- 1958 «New York Export: Opus Jazz», բալետ Ռոբերտ Փրինսի երաժշտության ներքո, խորեոգրաֆ
- 1959 «Գնչու», մյուզիքլ, խորեոգրաֆ և հեղինակ
- 1959 «Շարժումներ», լուռ բալետ, խորեոգրաֆ
- 1962 «Զավեշտալի բան է պատահել ֆորումի ճանապարհին», մյուզիքլ
- 1963 «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները», պիես, համապրոդյուսեր և հեղինակ, Թոնիի մրցանակ «Լավագույն պիես», «Պիեսի լավագույն պրոդյուսեր» անվանակարգերում
- 1963 «Օ, հայրիկ, խեղճ հայրիկ, մայրիկը քեզ կախել է պահարանում, և ես այնքան տխուր եմ», պիես, հեղինակ
- 1964 «Զվարճալի աղջիկ», մյուզիքլ
- 1964 «Ջութակահարը՝ տանիքին», մյուզիքլ, հեղինակ և խորեոգրաֆ, Թոնի մրցանակ լավագույն բեմադրման և խորեոգրաֆիայի համար
- 1966 «Գրասենյակը», հեղինակ
- 1969 «Հավաքույթի պարերը», բալետ Ֆրեդերիկ Շոպենի երաժշտության ներքո, խորեոգրաֆ[26]
- 1970 «Գիշերը», բալետ Ֆրեդերիկ Շոպենի երաժշտության ներքո, խորեոգրաֆ
- 1971 «Գոլդբերգի վարիացիաները», բալետ Սեբաստիան Բախի երաժշտության ներքո, խորեոգրաֆ
- 1979 «Չորս եղանակները» - բալետ Ջուզեպպե Վերդիի երաժշտության ներքո[27], խորեոգրաֆ
- 1975 «In G Major», բալետ Մորիս Ռավելի երաժշտության ներքո, խորեոգրաֆ
- 1983 «Ես հնաոճ եմ», խորեոգրաֆ
- 1983 «Ապակու կտորներ» բալետ Ֆիլիպ Գլասսի երաժշտության ներքո, խորեոգրաֆ
- 1989 «Ջերոմ Ռոբինսի Բրոդվեյը», ռեվյու, հեղինակ և խորեոգրաֆ, Թոնի մրցանակ մյուզիքլի լավագույն բեմադրման համար
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lawrence, Greg (2001). Dance with Demons: The Life of Jerome Robbins. G.P. Putnam's Sons. ISBN 0-399-14652-0.
- Jowitt, Deborah (2005). Jerome Robbins: His Life, His Theater, His Dance. Simon & Schuster. ISBN 978-0-684-86986-5.
- Vaill, Amanda (2006). Somewhere: The Life of Jerome Robbins. Broadway. ISBN 978-0-7679-0420-9.
- Conrad, Christine (2001). Jerome Robbins: That Broadway Man, Booth-Clibborn 1-86154-173-2
- Emmet Long, Robert (2001). Broadway, the Golden Years: Jerome Robbins and the Great Choreographer Directors, 1940 to the Present. Continuum International Publishing Group. 0-8264-1462-1
- Altman, Richard (1971). The Making of a Musical: Fiddler on the Roof. Crown Publishers.
- Thelen, Lawrence (1999). The Show Makers: Great Directors of the American Musical Theatre. Routledge.0415923468
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.nycballet.com/discover/our-history/jerome-robbins
- ↑ Fick, David (2008 թ․ նոյեմբերի 12). «Something to dance about: new Jerome Robbins documentary». Musical Cyberspace. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ 69th Annual Peabody Awards, May 2010.
- ↑ 7,0 7,1 Kisselgoff, Anna (1998 թ․ հուլիսի 30). «Jerome Robbins, 79, Is Dead; Giant of Ballet and Broadway». The New York Times. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Books». The New York Times.
- ↑ «Sister of Jerome Robbins Dies at Fiddler's Opening Night». Playbill (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Feb. 28, L. A. Times Archives; Pt, 2004 12 Am (2004 թ․ փետրվարի 28). «Jerome Robbins' sister, 91, dies». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Robbins's Sister Dies at 'Fiddler' Opening». The New York Times (ամերիկյան անգլերեն). 2004 թ․ փետրվարի 28. ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «Jerome Robbins». Wikipedia (անգլերեն). 2025 թ․ փետրվարի 25.
- ↑ Green, Jesse (2009 թ․ մարտի 15). «When You're a Shark You're a Shark All the Way». New York. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Lewis, Robert (1996). «The Actors Studio, 1947». Slings and Arrows: Theater in My Life. New York: Applause Books. էջ 183. ISBN 1-55783-244-7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին. «At the end of the summer, on Gadget's return from Hollywood, we settled the roster of actors for our two classes in what we called the Actors Studio - using the word 'studio' as we had when we named our workshop in the Group, the Group Theatre Studio... My group, meeting three times a week, consisted of Marlon Brando, Montgomery Clift, Maureen Stapleton, Eli Wallach, Mildred Dunnock, Jerome Robbins, Herbert Berghof, Tom Ewell, John Forsythe, Anne Jackson, Sidney Lumet, Kevin McCarthy, Karl Malden, E.G. Marshall, Patricia Neal, Beatrice Straight, David Wayne, and - well, I don't want to drop names, so I'll stop there. In all, there were about fifty.»
- ↑ Harris, Jay S., ed. (1978). TV Guide: The First 25 Years. New York: New American Library. էջ 23. ISBN 0-452-25225-3.
- ↑ Gihring, Tim; Scott, Gregory J. (2011 թ․ հուլիս). «July 2011 Arts Calendar». Minnesota Monthly. Greenspring Media Group Inc. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Vaill, Amanda (2009 թ․ հունվարի 27). «Jerome Robbins-About the Artist». American Masters. PBS. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Madeline Lee Gilford, 84, Actress and Activist - April 18, 2008 - The New York Sun». The New York Sun. 2008 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Vaill, Amanda (2008 թ․ մայիսի 6). Somewhere: The Life of Jerome Robbins. New York: Broadway Books. ISBN 978-0767904216.
- ↑ Acevedo-Muñoz, Ernesto (2013). West Side Story as Cinema: The Making and Impact of an American Masterpiece. Lawrence, Kansas: University Press of Kansas. էջ 48. ISBN 978-0-7006-1921-4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Jerome Robbins». masterworks broadway.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Actors recall living in fear of Jerome Robbins — yet dying to work with him». New York Post. 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «NPR». NPR.org. 2011.
- ↑ «About Jerome Robbins: Awards & Honors». JeromeRobbins.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Jerome Robbins Award». Jerome Robbins Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ B, Peter (2017 թ․ հոկտեմբերի 17). «NYCB Chronological history of repetory». nycballet.com.
- ↑ «Jerome Robbins Catalog of Work: The Four Seasons». Jerome Robbins. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.(չաշխատող հղում)
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NY Times, August 9, 1998
- NY Times, Alan Riding, March 12, 1999
- NY Times, Alastair Macaulay, April 27, 2008[1]
- obituary, NY Times, Anna Kisselgoff, July 30, 1998[2]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Jerome Robbins Foundation and Trust
- Ջերոմ Ռոբինս Internet Movie Database կայքում
- Floria Lasky files on Jerome Robbins Jerome Robbins Dance Division, The New York Public Library.
- NYCB complete repertory. P, B. 2017
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերոմ Ռոբինս» հոդվածին։ |
|
- ↑ Macaulay, Alastair (2008 թ․ ապրիլի 27). «Robbins's Legacy of Anguish and Exuberance». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Kisselgoff, Anna (1998 թ․ հուլիսի 30). «Jerome Robbins, 79, Is Dead; Giant of Ballet and Broadway». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
- Հոկտեմբերի 11 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 29 մահեր
- 1998 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացիներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի բալետի արտիստներ
- Ամերիկացի խորեոգրաֆներ
- Ամերիկացի պարողներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Կաթվածից մահացածներ
- Հուլիսի 9 մահեր
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Օսկարակիրներ