Ջերմուկ բալնեոլոգիական ըմպելային բարձրլեռնային կլիմայական առողջավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմուկ բալնեոլոգիական ըմպելային բարձրլեռնային կլիմայական առողջավայր, առողջավայր ՀՀ Վայոց ձորի մարզում, Արփա գետի ավազանում, ծովի մակերևույթից 2050-2120 մ բարձրության վրա, Երևանից 173 կմ հարավ-արևելք։ Շրջապատված Է սաղարթախիտ անտառներով և ալպյան մարգագետիններով։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման տիպիկ բարեխառն լեռնային է, ամառը՝ զով, ձմեռը՝ ցուրտ, ձնառատ, հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 16, 3 °C է, հունվարին՝ -7 °C, արևափայլքի տարեկան տևողությունը՝ 2340 ժ, տարեկան տեղումները՝ մոտ 600 մմ։

Բուժիչ գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական բուժիչ գործոններն են կլիման և հանքային տաք ջրերը, որոնք քիմիական կազմով նման են Ժելեզնովոդսկի (ՌԴ) և Կարլովի Վարիի (Չեխիա) հանքային ջրերին։ Բուժման համալիրն ընդգրկում է նաև բուժական սնունդը, մարմնամարզությունը, քարաբուժությունը, կլիմայական և ֆիզոթերապևտիկական միջոցառումները, դեղորայքային բուժումը և առողջարանային ռեժիմը։

Գործում են «Գլաձոր» №1, №2, №3, «Արարատ» առողջարանները, «Նաիրի» գիտաբժշկական առողջարարական կենտրոնը և այլն։ Բուժվում են ստամոքսաղիքային համակարգի, հենաշարժական ապարատի, երիկամների հիվանդություններով, շաքարախտով հիվանդները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։