Ջերմային հաշվեկշիռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմային հաշվեկշիռ Երկրի, մակերևույթի կամ Երկիր–մթնոլորտ համակարգի ստացած և ծախսած էներգիաների հանրահաշվական գումարը։ էներգիայի պահպանման օրենքի մասնակի արտահայտություններից է։ Կլիմայագիտության մեջ տարբերում են երկրի մակերևույթի և մթնոլորտի Ջ․ հ․։ Երբեմն օգտագործում են նաև նշված 2 ձևերի հանրահաշվական գումարը՝ Երկիր–մթնոլորտ համակարգի Զ․ հ․։ Երկրի մակերևույթի Ջ․ հ․ արտահայտվում է R+P+F+IE=0 հավասարումով, որտեղ R-ը երկրի մակերևույթի կլանած կարճալիք ճառագայթային էներգիայի և այնտեղից ճառագայթվող երկարալիք էֆեկտիվ ճառագայթման տարբերությունն է (ճառագայթման հաշվեկշիռ), P-ն՝ երկրի մակերևույթի և մթնոլորտի ջերմաստիճանների տարբերության հետևանքով առաջացած տուրբուլենտ ջերմափոխանակությամբ պայմանավորված ջերմության մուտքը կամ ծախսը, F-ը՝ երկրի մակերևույթի և ավելի խոր շերտերի միջև տեղի ունեցող ջերմափոխանակությամբ պայմանավորված ջերմության հոսքը։ Երկրի մակերևույթի Ջ․ հ-ի մեջ կարևոր նշանակություն ունի գոլորշիացման վրա ծախսված կամ գոլորշիների կոնդենսացման հետևանքով անջատված ջերմության քանակությունը։ Այն հավասար է գոլորշիացած (կոնդենսացած) ջրի ընդհանուր զանգվածի (E) և ջրի միավոր զանգվածի գոլորշիացման (կոնդենսացման) ջերմության քանակի (Լ) արտադրյալին (LE), որի մեծությունը կախված է մակերևույթի խոնավության աստիճանից, ջերմաստիճանից, օդի խոնավությունից և մթնոլորտի երկրամերձ շերտում տեղի ունեցող տուրբուլենտ ջերմափոխանակության ինտենսիվությունից։ Երկրի մակերևույթի Զ․ հ-ի տվյալները բերված են աղյուսակում։ Ջ․ հ․ ժամանակի ընթացքում ենթարկվում է պարբերական և ոչ պարբերական փոփոխությունների, որի հետևանքով փոխվում է նրա կառուցվածքը, այսինքն՝ Ջ․ հ․ կազմող առանձին անդամների հարաբերակցությունը։ Մթնոլորտի Ջ․ հ․ արտահայտվում է Ra+Lr+P+Fa=W հավասարումով, որտեղ Ra-ը մթնոլորտի ճառագայթման հաշվեկշիռն է, Lr-ը՝ մթնոլորտում տեղի ունեցող ջրի ֆազային փոխարկումների ընթացքում ստացված կամ ծախսված ջերմության քանակությունը (r-ը՝ մթնոլորտային տեղումների գումարը) P-ն՝ երկրի մակերևույթի և մթնոլորտի միջև տեղի ունեցող տուրբուլենտ ջերմափոխանակությամբ պայմանավորված ջերմության մուտքը կամ ծախսը, Fa-ը՝ մթնոլորտում առանձնացված միավոր հատված ունեցող սյուների պատերով տեղի ունեցող ջերմափոխանակությամբ՝ ադվեկցիայով պայմանավորված ջերմության մուտքը կամ ծախսը։ Նշված մեծությունների հանրահաշվական գումարը (AW) ցույց է տալիս որոշակի ժամանակամիջոցում մթնոլորտի ջերմապարունակության փոփոխությունը, որը միջին տարեկան տվյալների համար մոտ է 0-ի։ Ջ․ հ․ երկրի մակերևույթի վրա և մթնոլորտում տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսների հատկանիշները և ինտենսիվությունը բնորոշող կարևոր գործոններից է։ Ջ․ հ․ կամ նրա առանձին բաղադրիչ մասերը կիրառվում են կլիմայագիտական պրոբլեմների մշակման ժամանակ, գետային ավազանների գոլորշիացման ինտենսիվությունը հաշվարկելու, բույսերի տրանսպիրացիան և ֆոտոսինթեզը, ինչպես նաև կենդանի օրգանիզմների ջերմային ռեժիմն ուսումնասիրելու և զանազան այլ հարցեր լուծելու գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։