Ջերիի եղբայր Մայքլը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերիի եղբայր Մայքլը
անգլ.՝ Michael, Brother of Jerry
Տեսակգրավոր աշխատություն
Ձևվեպ
ՀեղինակՋեկ Լոնդոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունMacmillan Publishers
Հրատարակվել է1917
ՆախորդԿղզիաբնակ Ջերրին
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/1730

«Ջերիի եղբայր Մայքլը» (անգլ.՝ Michael, Brother of Jerry), ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի վեպը, հրատարակվել է 1917 թվականին։ Սա գրողի նախորդ՝ «Կղզեբնակ Ջերին» վեպի շարունակությունն է, որը նույնպես տպագրվել է նույն տարում։ Վեպերում ներկայացված են երկու շների՝ Ջերիի և Մայքլի պատմությունները, որոնք ծնվել են Սողոմոնյան կղզիներում[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսը իռլանդական տերիեր ցեղատեսակի շունն է՝ Մայքլ անունով[3]։

Ինչպես Ջերին, այնպես էլ Մայքլը ծնվել է Սանտա-Իսաբել կղզում՝ պարոն Հագինի մոտ։ Բայց հետո նա հայտնվեց Տուլագի կղզում՝ կապիտան Քելլերի մոտ, ով խնամում էր նրան։ 5 շաբաթը մեկ Նոր Գվինեայից և Շորտլենդական կղզիներից դեպի Ավստրալիա ճանապարհին Տուլագի էր գալիս «Մակամբո» շոգենավը։ Մի անգամ Քելլերը Մայքլին մոռացել էր ափին։ Շոգենավի ստյուարդ Դեգ Դոութրին գողացավ անուշադրության մատնված Մայքլին։ Վերջինս պատրաստվում էր վաճառել Մայքլին, քանի որ շունը ազնվական ցեղատեսակի էր։ Սակայն ժամանակի ընթացքում ստյուարդը կապվեց շան հետ և այլևս չէր մտածում նրանից բաժանվելու մասին։

Մի անգամ Դեգ Դոութրին բացահայտեց Մայքլի տաղանդը՝ երգելը։ Դա տեղի ունեցավ մի շոգ օր, երբ ստյուարդի օգնական սևամորթ Քվեքը իր երաժշտական գործիքն էր նվագում, իսկ Մայքլը հանգստանում էր նրա կողքին։ Գործիքի ձայնը լսելուն պես Մայքլը սկսեց «երգել»։ Բայց Մայքլի տաղանդը այդքանով չէր սահմանափակվում։ Շուտով ստյուարդը նրան սովորեցրեց հաշվել մինչև հինգը։

«Մակամբո»-յի անհոգ կյանքը երկար չտևեց, որովհետև Մայքլը շոգենավի կապիտանի սիրելի կատվի վերջը տվեց։ Դա դժբախտ պատահար էր։ Կապիտան Դունկանը կատաղությունից ցանկանում էր ազատվել Մայքլից, բայց նրան չհաջողվեց, քանի որ Մայքլը արիաբար պաշտպանվում էր։ Մարդիկ օգնության հասան և լուծեցին խնդիրը։ Իմանալով, թե դա ում շունն է և ինչպես է հայտնվել նավում՝ կապիտանը որոշեց գնել նրան։ Բայց Դեգը աննկուն էր․ նա չէր պատրաստվում վաճառել շանը։ Այդ ժամանակ կապիտանը որոշեց երկու ամսից Տուլագի վերադառնալուն պես շանը հանձնել տիրոջը, բայց դա տեղի չունեցավ։

«Մակամբո» նավը կայանեց Սիդնեյի նավահանգստում, որտեղ ստյուարդը ընդհանուր նավասենյակում խոսեց նավաստիների հետ, և նրան առաջարկեցին մասնակցել գանձերի որոնմանը։ Ստյուարդը համաձայնվեց։ Այսպիսով` Դեգ Դոութրին իր շան՝ Մայքլի և օգնականի հետ խուսափեցին Տուլագի վերադառնալուց։

Որոշ ժամանակ գանձերի որոնման ճանապարհորդության կազմակերպչին՝ Ծեր Նավաստուն, հաջողվեց խաբել բոլորին, բայց ոչ Դեգին։ Տարբեր հանգամանքներից ելնելով՝ Նավաստին ստիպված եղավ Դեգին պատմել ամեն ինչ, և նրանք մտերմացան։ Մի քանի օր անց նավի վրա հարձակվեց մի մայր կետ։ Նա վրեժ էր լուծում իր ձագի սպանության համար։ Բարեբախտաբար, ուղևորներին հաջողվեց փրկվել։

Արդեն մեկ այլ նավով Սան Ֆրանցիսկո ժամանած Դեգ Դոութրին, Մայքլը, Ծեր Նավաստին, Քվեքը և նրա թութակ Կոկին ճանապարհ ընկան՝ աշխատանք և ապրելու վայր որոնելու։ Սկզբում նրանց համար դժվար էր, բայց հանկարծ Դեգը հիշեց Մայքլի տաղանդների մասին և որոշեց դրանցով գումար աշխատել։ Մարդիկ խնդրում էին վաճառել շանը, բայց նա կտրականապես մերժում էր։ Բոլոր ընկերները սկսեցին շատ լավ ապրել, նույնիսկ Նավաստու համար թանկարժեք հյուրանոց վարձեցին։

Մի օր Դեգը հայտնաբերեց, որ իր օգնական Քվեքը սուր ցնցումների մեջ է, և որոշեց նրան տանել հիվանդանոց։ Բժիշկը հասկացավ, որ Քվեքը, ինչպես և նրա ընկեր Դեգը, տառապում են բորով։ Բժիշկը ոստիկանություն կանչեց, որպեսզի նրանց տանեն բորոտների տուն։ Գնալուց առաջ Դեգը խնդրեց բժշկին շանը բերել այդ տուն և տվեց իր հասցեն։ Սակայն բժիշկը շանը ոչ թե տարավ Դեգի մոտ, այլ պահեց իրեն։

Դեգի և Քվեքի ճակատագրերը դասավորվեցին այնպես, որ Ծեր Նավաստին եկավ այդ տուն և ներկայացրեց նավով փախչելու ծրագիրը։ Շուտով Դեգը և Քվեքը հեռացան բորոտների տնից և քաղաքից։

Մայքլը մի օր էլ չհասցրեց մնալ բժշկի մոտ․ գիշերը նրան առևանգեց վարժեցնող Դել Մարը, ով վաղուց էր ցանկանում վերցնել այդ շանը։ Այդպես սկսվեց Մայքլի կրկեսային կյանքը։ Այդ դաժան և տանջալից կյանքը մեկընդմիշտ փոխեց իռլանդական տերիերի աշխարհայացքը։ Նա այլևս առաջվա պես չէր խաղում, և ոչինչ այլևս նրան չէր ուրախացնում մինչև մի հանդիպում։

Երեք տարի կրկեսում անցկացնելուց հետո երջանիկ պատահականությամբ Մայքլին հանդիպեցին ամուսիններ Վիլլա և Հարլեյ Քենոնները։ Նրանք Մայքլին գնեցին վարժեցնողից և տարան իրենց տուն։ Ամեն դեպքում Մայքլը չէր մոռացել ուրախանալը և եղբորը հանդիպելիս չկարողացավ զսպել իր զգացմունքները։ Այսպես, Մայքլը սկսեց բնակվել Քենոնների տանը, որտեղ նրան շրջապատում էին սիրով և հոգատարությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Michael, Brother of Jerry by Jack London». obdg.blogspot.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  2. «MICHAEL, BROTHER OF JERRY New York, The Macmillan Company, 1917». Sonoma State University. london.sonoma.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  3. Karl Janssen (2013 թ․ դեկտեմբերի 2). «Old Books by Dead Guys: Michael, Brother of Jerry by Jack London». Old Books by Dead Guys. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]