Ջեսսի Ջեքսոն (կրտսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեսսի Ջեքսոն
Jesse Jackson, Jr., official photo portrait.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ North Carolina Agricultural and Technical State University? (1987)[1], Իլինոյսի համակարգի համալսարան, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, University of Illinois College of Law? (1993)[1] և Chicago Theological Seminary? (1989)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և թեքվանդոյի մարզիկ
Ազգություն աֆրոամերիկացի
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր մարտի 11, 1965(1965-03-11)[2] (55 տարեկան)
Ծննդավայր Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Հայր Ջեսսի Ջեքսոն
Ամուսին Sandi Jackson?

Ջեսսի Լյուիս Ջեքսոն-կրտսեր (անգլ.՝ Jesse Louis Jackson, Jr, մարտի 11, 1965(1965-03-11)[2], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆԴեմոկրատական կուսակցության անդամ, հայտնի աֆրոամերիկացի հասարակական-կրոնական առաջնորդ Ջեսսի Ջեքսոն ավագի որդին: 1995-2012 թվականները եղել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Իլինոյս նահանգի երկրորդ ընտրատարածքից։ 1993-1995 թվականները եղել է իր հոր կողմից հիմնադրված Rainbow/PUSH իրավապաշտպան կազմակերպության ազգային երթային տնօրենը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսսի Լյուիս Ջեքսոն–կրտսերը (Jesse Louis Jackson, Jr) ծնվել է Հարավային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքում, 1965 թվականի մարտի 11-ին[3][4]։ Նա Ջեսսի Ջեքսոն–ավագի՝ հայտնի իրավապաշտպան, աֆրոամերիկյան հասարակական և կրոնական շարժման ամենաազդեցիկ առաջնորդներից մեկի վեց երեխաներից մեկն է, երկու անգամ՝ 1984 և 1988 թվականներին, մասնակցել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և 1991 թվականից մինչև 1997 թվականը զբաղեցրել Է Կոլումբիայի օկրուգից ստվերային սենատորի պաշտոնը[5]։ Ջեքսոն–կրտսերի մայրը Ժակլին Լավինիա Բրաունն է (Jacqueline Lavinia Brown)[6][7]։

Մամուլում նշվում էր, որ Ջեքսոն–կրտսերը ծնվել է «Արյունալի կիրակի»-ից ընդամենը մի քանի օր անց, երբ ցրվել էր Մարտին Լյութեր Քինգի (Martin Luther King) և Ջոն Լյուիսի (John Lewis) առաջնորդությամբ տեղի ունեցած խաղաղ ցույցը, որի պահանջը աֆրոամերիկացիներին հավասար ընտրական իրավունքների տրամադրումն էր[3]։ Ջեքսոնը մանկուց մասնակցել է քաղաքական գործունեությանը՝ օգնելով հորը իր հիմնադրած PUSH իրավապաշտպան կազմակերպությունում (ավելի ուշ Rainbow/PUSH կոալիցիայում), որի նպատակն էր օգնել աֆրոամերիկացիներին պատկանող ընկերություններին, ինչպես նաև ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր հրաժարվում էին աշխատանքի ընդունել սևամորթներին[5][8]։ Քանի որ Ջեքսոն-ավագը ակտիվորեն զբաղվում էր քաղաքականությամբ, երեխաներին դաստիարակել է հիմնականում նրանց մայրը[9]։ Ջեքսոն-կրտսերի առաջին հիշողություններից մեկն այն է, թե ինչպես է նա հինգ տարեկանում պլաստիկ արկղի վրա կանգնած ելույթ ունենում իր հոր կազմակերպության շտաբ–բնակարանում[10]։

Ջեքսոնը մեծացել է որպես խելացի և շատ ակտիվ երեխա: Նման տեսակի համար ծնողները որոշել են տղային ուղարկել կրտսեր եղբոր հետ սովորելու Լե Ման կադետական ռազմական ակադեմիա (Le Mans Academy): Այստեղ Ջեքսոնին բազմիցս կարգապահական պատժի են ենթարկել, սակայն, ըստ նրա հիշողություննի, դա նրա օգտին է եղել[10]։ Կադետական ռազմական ակադեմիայից հետո Ջեքսոնը սովորել է Վաշինգտոնի հեղինակավոր Սենտ-Օլբենս նախապատրաստական դպրոցում (St. Albans Preparatory School), որի շրջանավարտների թվում էին Ալբերտ Գոռն ու Ջոն Քերին[9][11]։ Չնայած, ըստ տնօրենի տեղակալի հուշերի, Ջեքսոնը լավ գիտեր պատմությունը և հոյակապ հռետոր էր, նա ավելի լավ էր հասցնում ֆիզկուլտուրան, քան գիտական առարկաները։ 1984 թվականին դպրոցն ավարտելուց հետո դիպլոմ ստանալիս Ջեքսոնը, տնօրենի հետ ձեռքսեղմումներ փոխանակելով, իր ուսուցչին աղտոտել է ձեռքում թաքցված ձվով[10]։

1987 թվականին Ջեքսոնը Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորոյի գյուղատնտեսական և տեխնիկական համալսարանում (North Carolina Agricultural and Technical State University), որը պատմականորեն ընդգրկված էր աֆրոամերիկացիների համար ստեղծված ԱՄՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում[10][12], ստացել է մենեջմենթի բակալավրի աստիճան՝ գերազանցությամբ (magna cum laude) ավարտելով այն[3][4][10][11][13]։

Ջեքսոնը ուսումը շարունակել է Չիկագոյի աստվածաբանական ճեմարանում (Chicago Theological Seminary), որտեղ 1989 թվականին ստացել է աստվածաբանության մագիստրոսի աստիճան, սակայն քահանա դառնալ չի ցանկացել[3][4][10][13]։ 1993 թվականին ավարտել է Իլինոյսի համալսարանի իրավաբանական քոլեջը (Illinois College of Law)՝ իրավունքի դոկտորի աստիճանով[3][4][13], սակայն հրաժարվել է իրավաբանի կարիերայից՝ շարունակելով զբաղվել քաղաքականությամբ[11]։

1985 թվականին իր ծննդյան քսաներորդ տարեդարձը Ջեքսոնը անցկացրել է բանտում՝ հոր և եղբոր հետ՝ Վաշինգտոնում ՀԱՀ-ի դեսպանատան մոտ ապարտեիդի դեմ ցույցից հետո[8][13][14]։ Ավելի ուշ նա մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ ողջունելու այդ երկրի ապագա նախագահի և մարդու իրավունքների մարտիկ Նելսոն Մանդելայի (Nelson Mandela) ազատ արձակումը բանտից[13]։ 1988 թվականին Ջեքսոնն ընտրվել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի «սև կոկուսի» քարտուղար[4][15][16]։

1991 թվականին Ջեքսոնի ընկերը՝ նիգերիացի գործարար Պիյ Էյլմենը (Pius Ailemen), կեղծ փաստաթղթերով 13 հազար դոլարով ձեռք է բերել «Ալֆա-Ռոմեո» ավտոմեքենա, ընդ որում՝ նա օգտվել է Ջեքսոնի վարկային քարտից․ վերջինս անձամբ է ներկա եղել գնմանը: 1993 թվականին Էյլմենը ձերբակալվել է հերոինի առևտրի համար, սակայն այդ սկանդալը Ջեքսոնին չի անդրադարձել[11][17]։

Համալսարանն ավարտելուց հետո 1993 թվականին Ջեքսոնը նշանակվել է Rainbow/PUSH կոալիցիայի ազգային երթային տնօրեն[4][9][18]։ Այդ պաշտոնում նա զբաղվել է սևամորթ ընտրողների գրանցմամբ, ղեկավարել կրթական ծրագրեր, որոնք ազգային փոքրամասնություններին բացատրում էին ընտրություններին մասնակցելու կարևորությունը[11][13]։ Բացի այդ, նա պահանջում էր պայքարել ամերիկյան բասկետբոլում նկատվող անհավասարության դեմ, որտեղ խաղացողների մեծ մասը սևամորթեր էին,բայց վարչական գրեթե բոլոր պաշտոնները զբաղված էին սպիտակամորթերով[19]։

1995 թվականին, այն բանից հետո, երբ սևամորթ դեմոկրատ կոնգրեսական Մել Ռեյնոլդսը (Mel Reynolds) հեռացվեց Իլինոյսի երկրորդ ընտրատարածքի ներկայացուցչի պաշտոնից՝ սեռական սկանդալի պատճառով, Ջեքսոնը որոշում է կայացնում ազատված պաշտոնով մասնակցել ընտրություններին: Նա հաղթել Է Դեմոկրատական փրայմերիզ Ալիս Փալմերին (Alice Palmer), Իլինոյսի Սենատի ապագա նախագահ Էմիլ Ջոնս–կրտսերին (Emil Jones Jr.), Մոնիկա Դևիսին (Monique Davis) և զգալի առավելությամբ ընտրություններում առաջ է անցնում հանրապետական Թոմաս Սոմերից (Thomas Somer)[4][8][9][10][11][20][21][22]։ Հետագայում Ջեքսոնը Ներկայացուցիչների պալատում վերընտրվել է 6 անգամ անընդմեջ[4],[23]։

Ներկայացուցիչների պալատում Ջեքսոնը մասնակցել է Հատկացումների կոմիտեի նիստերին, եղել է պետության և արտաքին քաղաքականության հարցերով ենթակոմիտեի փոխնախագահ, եղել է աշխատանքի, առողջապահության, սոցիալական ապահովության և կրթության ենթակոմիտեի, գյուղատնտեսության, գյուղական շրջանների զարգացման ենթակոմիտեի և սննդամթերքի ու դեղերի վերահսկողության վարչությունների անդամ[10][13]։ Կոնգրեսականն աշխատել է նոր պետական դպրոցների կառուցման, Չիկագոյի ջրամատակարարման և առողջապահության համակարգի բարելավման հարցերի շուրջ[10][18]։ Նաև աջակցել է Չիկագոյի մոտ մեծ խաղատան ստեղծման գաղափարին, որը պատկանում էր բնիկ հնդկացիներին[10]։ Այդ ընթացքում մամուլը հաճախ էր ուշադրություն դարձնում նրա գերազանց վարքին[24]։

Ջեքսոնը նախընտրել է, որ իրեն պարզապես պետական ծառայող կոչեն, այլ ոչ թե առաջադեմ հայացքներով քաղաքական գործիչ՝ նշելով, որ միաժամանակ նա շարունակում է իր հոր կողմից տարվող իրավահավասարության համար պայքարը[3]։ Սակայն փորձագետներն ասում էին, որ Ջեքսոնը ներկայացնում է ոչ թե սևամորթներին, այլ սևամորթների նոր միջին խավը, և նշում էին նրա լիբերալ հայացքների մասին[9]։ Ջեքսոնը գործում էր ինքնուրույն, փորձում էր անկախ լինել իր հոր, ում հեղինակությունը զգալիորեն խարխլվել էր արտամուսնական երեխայի ծնունդով, ինչպես նաև նրա հակասեմիտիզմի և կորպորացիաներից գումար շորթելու մասին լուրերով, քաղաքական շրջապատից[6][8][25]։ Այնուամենայնիվ, խոսելով իր որդու մասին՝ Ջեքսոն–ավագը մեջբերել է Ավետարանը՝ «Սա է իմ սիրելի որդին, որի մեջ իմ բարեհաճությունն է»[26]։

2001 թվականին Ջեքսոնի ջանքերի շնորհիվ ԱՄՆԱռողջության ազգային ինստիտուտին (National Institutes of Health) կից ստեղծվեց առողջապահության ծառայությունների մատուցման ժամանակ փոքրամասնությունների առողջության պահպանման և անհավասարության դեմ պայքարի ազգային կենտրոնը [13]։

Ներկայացուցիչների պալատում Ջեքսոնը հաճախ էր հակամարտում իր նահանգի իշխանությունների, հատկապես Չիկագոյի քաղաքապետ Ռիչարդ Դեյլիի (Richard Daley) հետ։ Նրանց միջև տարաձայնությունների թվում մամուլը նշել է Չիկագոյի երրորդ օդանավակայանի կառուցման հարցը, որի օգտին հանդես էին գալիս Ջեքսոնը և պահպանողական հանրապետականները, այդ թվում՝ Հենրի Հայդը (Henry Hyde)[9][10][18]։ Բացի այդ, Ջեքսոնը Դեյլիին մեղադրել է կոռուպցիայի, մասնավորապես, կանանց և ազգային փոքրամասնությունների աջակցությանն ուղղված միջոցների ոչ նպատակային ծախսման մեջ[10]։ Լուրեր էին շրջանառվում, որ Ջեքսոնը ցանկանում է հասնել Դեյլիի հրաժարականին[10]։

2000 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Ջեքսոնն աջակցել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ալբերտ Գոռին[27]։ 2008 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջեքսոնն աջակցել է աֆրոամերիկացի թեկնածու, Իլինոյսի սենատոր Բարաք Օբամային։ Նրանք հին ընկերներ էին. Ջեքսոնի ավագ քույրը՝ Սանտիտան (Santita) և Օբամայի կինը՝ Միշելը, միասին էին սովորել դպրոցում[18][20][28]։ Երբ նախընտրական արշավի ընթացքում Ջեքսոնի հայրը հայտարարել էր, թե Օբաման «մեծամտորեն է վերաբերվում սևամորթներին», Ջեքսոն–կրտսերն ի լուր աշխարհի իր հոր խոսքերը «տգեղ հռետորաբանություն» անվանեց [8][18]։ Սակայն Ջեքսոն–կրտսերին երբեք չեն դասել Օբամայի մերձավոր շրջապատին[8]։

2008 թվականի նոյեմբերին Օբաման ընտրվեց ԱՄՆ նախագահ։ Օրենքի համաձայն՝ Սենատում նրան փոխարինել էր Իլինոյսի նահանգապետի առաջադրած թեկնածուն, որն այդ ժամանակ Ռոդ Բլագոևիչն էր։ Նույն տարվա դեկտեմբերի սկզբին Բլագոևիչը, ով նախկինում կասկածվում էր կոռուպցիայի մեջ[29], ձերբակալվեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից և մեղադրվեց Օբամայի սենատորական աթոռը վաճառելու փորձի մեջ։ Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Սենատում Բլագոևիչի պաշտոնը ցանկացել է գնել վեց մարդ, ընդ որում՝ Ջեքսոնը, իբր, հինգերորդն էր հավակնորդների ցուցակում: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ջեքսոնը Իլինոյսի նահանգապետին առաջարկել էր 1 մլն դոլար՝ ԱՄՆ Սենատում այդ տեղի համար։ Ջեքսոնն՝ ինքը, այդ մեղադրանքները կտրականապես հերքել է[8][18][30][31][32][33] և մասնակցել է Բլագոևիչի գործի քննությանը՝ որպես իրազեկիչ[34]։

2012 թվականի հունիսին Ջեքսոնը ժամանակավորապես դադարեցրել է կոնգրեսականի պարտականությունների կատարումը՝ առողջական խնդիրների պատճառով. ԶԼՄ-ների տվյալներով՝ քաղաքական գործիչը բուժման կուրս էր անցնում երկբևեռ աֆեկտիվ խանգարման դեմ: Նույն թվականի հոկտեմբերին ԶԼՄ-ները հայտնել են այն հետաքննության մասին, որը Ջեքսոնի նկատմամբ վարում էին դաշնային իշխանությունները՝ ընտրական հիմնադրամի միջոցների նրա՝ ենթադրյալ ոչ նպատակային ծախսման կապակցությամբ[35][36]։

Չնայած այս բոլոր հանգամանքներին, 2012 թվականի նոյեմբերի 6-ին Ջեքսոնը վերընտրվել է Իլինոյս նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ՝ իր օկրուգում հավաքելով ընտրողների ձայների 63 տոկոսը[37][38]։ Սակայն արդեն 2012 թվականի նոյեմբերի 12-ին կրկին վայր է դրել մանդատը, այս անգամ՝ վերջնական։

2013 թվականի օգոստոսի 14–ին 30 ամսվա, իսկ նրա կինը՝ Սենդին, 12 ամսվա ազատազրկման են դատապարտվել ընտրարշավի բյուջեից 750 հազար դոլար վատնելու համար: Ազատ է արձակվել 2015 թվականի հունիսի 22-ին։

Ջեքսոնը 2003 թվականից եղել է Աբրահամ Լինքոլնի ծննդյան տարեդարձի երկհարյուրամյա տոնակատարության հանձնաժողովի անդամ[13]։ 2000 թվականից նա Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան պետական կառավարման դպրոցի քաղաքականության ինստիտուտի (Harvard University John F. Kennedy School of Government' s Institute of Politics) խորհրդի անդամ է[13]։ Ջեքսոնը պարգևատրվել է Չիկագոյի աստվածաբանական ճեմարանի, Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական և տեխնիկական համալսարանի, Չարլզ Դրյուի անվան բժշկության և գիտության համալսարանի (Charles R. Drew University of Medicine and Science) և Մորհաուսի բժշկական դպրոցի (Morehouse School of Medicine) պատվավոր դիպլոմներով[13]։

Ջեքսոնը Ֆրանկ Ուոթկինսի (Frank E. Watkins) հետ «Legal Lynching» (1996), «It’s About the Money» (2001), «Legal Lynching II» (2001) և «A More Perfect Union: Advancing New American Rights» (2001) գրքերի համահեղինակն է[13].

Ջեքսոնը ամուսնացած է, նրա կինը՝ Սենդի Սթիվենսը (Sandi Stevens), Չիկագոյի քաղաքային խորհրդի անդամ է[10][13]։ Նրանք ծանոթացել են Հյուսիսային Կարոլինա նահանգի գյուղատնտեսական և տեխնիկական համալսարանում սովորելու ժամանակ և ամուսնացել 1991 թվականին[10]։ Հենց կնոջ խորհրդով է Ջեքսոնը որոշել ընտրվել Ներկայացուցիչների պալատում[10]։ Ջեքսոններն ունեն երկու երեխա՝ դուստր Ջեսիկա Դոնատելլան (Jessica Donatella) և որդի Ջեսսի III-ը (Jesse III)[13][39]։ Նրանք ևս մեկ երեխա են ունեցել 1998 թվականին, ով մահացել է ծնվելուց անմիջապես հետո[40]։

Ջեքսոնի հոբբիների շարքում մամուլը նշում է սուսերամարտը[9], արևելյան մարտարվեստները (կունգ-ֆու և թեկվոնդո)[41], յոգան[42] և ձկնորսությունը[43]։ Նա սիրում է քաղաքում տեղաշարժվել սեգվեյով (էլեկտրական սկուտեր՝ ձախ և աջ կողմում գտնվող անիվներով)[39][42]։ Բացի անգլերենից, Ջեքսոնն ազատ տիրապետում է իսպաներենին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=J000283
  2. 2,0 2,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=jacksonj0
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Cheryl D. Fields. A New Generation. — The Black Collegian Magazine, 01.12.1997. — №12
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Jesse L. Jackson Jr. — Biographical Directory of the United States Congress
  5. 5,0 5,1 Rosalind Ryan. Jesse Jackson: Baptist of fire. — The Guardian, 10.07.2008
  6. 6,0 6,1 Angie Cannon. The Jackson Reaction. — U.S. News & World Report, 29.01.2001
  7. Joyce Purnick, Michael Oreskes. Jesse Jackson Aims for the Mainstream. — The New York Times, 29.11.1987
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Alex Spillius. Profile: Jesse Jackson Jr. — Telegraph, 10.12.2008
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Dirk Johnson. Jesse Jackson Jr. Is His Father's Son, But He Reaches Beyond the Rainbow. — The New York Times, 03.03.1998
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 Steve Rhodes. What Does Junior Want? — Chicago Magazine. — May, 2005
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Burney Simpson. Jesse Junior: Making a name for himself. — Illinois Issues. — № 12, March 1996
  12. List of HBCUs — White House Initiative on Historically Black Colleges and Universities. — U.S. Department of Education, 16.08.2007
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 Biography of Representative Jesse L. Jackson, Jr. — Representative Congressman Jesse L. Jackson, Jr. website, 06.03.2008
  14. Jackson Arrested In Embassy Protest. — The Associated Press, 12.03.1985
  15. The Democrats. — Time, 01.08.1988
  16. Charles Krauthammer. Spare Us the Family Album. — Time, 19.09.1988
  17. Nation Briefs. — Chicago Sun-Times, 03.04.1995
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Monica Davey. Officials Say Jackson Was "Candidate 5" in Blagojevich Case. — The New York Times, 11.12.2008
  19. Pro Basketball; Survey Shows Lack of Jobs for Blacks. — The Associated Press, 29.06.1993
  20. 20,0 20,1 Ryan Lizza. Making It. — The New Yorker, 21.07.2008
  21. David Jackson, Ray Long. Obama knows his way around a ballot. — Chicago Tribune, 03.04.2007
  22. Jesse Jackson Jr. Sworn In as House Member. — Reuters, 15.12.2008
  23. The 2004 Elections; Congress; The Races for the House. — The New York Times, 04.11.2004
  24. John Marks. The American Uncivil Wars. — U.S. News & World Report, 14.04.1996
  25. Sam Allis. Democrats Watch Yer Back. — Time, 13.04.1992
  26. Lance Morrow. A Father's Notes on Turning Twenty. — Time, 06.07.2001
  27. Frank Pellegrini. The Politics Junkie. — Time, 14.08.2000
  28. Rosalind Rossi. The woman behind Obama. — The Chicago Sun-Times, 20.01.2007
  29. David Bernstein. Mr. Un-Popularity. — Chicago Magazine. — № 2, 2008
  30. Andrew Malcolm. Obama and Blagojevich: No strangers in a dark, ruthless world. — Los Angeles Times, Top of the Ticket Blog (latimesblogs.latimes.com), 11.12.2008
  31. Russell Goldman. Blagojevich's Past Paved With Allegations. — ABC News, 11.12.2008
  32. CQ Transcript: Rep. Jesse Jackson Jr. Holds Press Conference on Blagojevich Affair. — CQ Politics, 10.12.2008
  33. Jackson: I'm Not Involved In Senate Seat Scandal. — The Associated Press, 10.12.2008
  34. Jackson, Jr. an informant to Blago investigations. — CNN Political Ticker blog (politicalticker.blogs.cnn.com), 16.12.2008
  35. Natasha Korecki. Feds probe ‘suspicious activity’ in Jesse Jackson Jr.’s finances: sources. — Chicago Sun-Times, 12.10.2012
  36. Michael S. Schmidt, Monica Davey. Jackson Is Investigated Over Money in Campaign. — The New York Times, 15.10.2012
  37. Jesse Jackson Jr. Election Results: Illinois Congressman Coasts To Easy Re-Election. — The Huffington Post, 07.11.2012
  38. 2012 Election Results. Illinois. — The Huffington Post. — Версия от 09.11.2012
  39. 39,0 39,1 Jesse Jackson III Segways to Daycare. — The Washington Post The Sleuth blog (voices.washingtonpost.com/sleuth), 21.05.2007
  40. Premature son of Rep. Jesse Jackson Jr. dies at Utah hospital. — The Associated Press, 24.08.1998
  41. Joseph Morton. Jesse Jackson: Lee Terry was aggressor. — Omaha World-Herald, 03.08.2007
  42. 42,0 42,1 Ashley Parker. Counting Steps, Not Votes, on Capitol Hill. — The New York Times, 12.06.2008
  43. Dirk Johnson. Victory His, Jesse Jackson Jr. Heads to Congress. — The New York Times, 14.12.1995