Ջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջան, արդի հայերենի գրական ու խոսակցական լեզուներում, բարբառներում լայնորեն տարածված փաղաքշական բառ, որը դրվում է կոչականի մոտ։ Գործածվում է նաև որպես ուրախ բացականչություն, առանձին կոչական բառ։ Թարգմանաբար նշանակում է հոգի, մարմին, կրծքավանդակ, անձ, հոգի, շունչ։ Վկայված է միջին հայերենում[1]։

Ջանը կարող է նաև լինել պատասխան բառ՝ մեկի կանչին սիրալիր, քնքշանքով պատասխանելու համար։ Այս բառը խոսակցական ամենազգացմունքային, անփոխարինելի ու հայկական միջավայրում համընդհանուր տարածված տարրերից մեկն է։ Օգտագործվում է նաև այլ լեզուներով՝ հային դիմելու կամ այդ բառով նրանց նույնացնելու համար, օրինակ՝ «Рубик джан! Ты только не обижайся, но я тебе один умный вещь скажу.»[2]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոխառված է պարսկերեն՝ ﺟﺎﻦ ― ǰān՝ հոգի, ոգի, անձ, կյանք, հոգիս (փաղաքշական) բառից։ Հնարավոր է, որ որոշ բարբառներ մտած լինի թուրքերենի միջնորդությամբ։ Օրինակ՝ այդպես է ջանըմ (թուրքերեն՝ canım) ձևը[3]։ Պարսկերեն բառի ցեղակից ձևերն են՝ ավեստերեն viiānayā՝ ոգի, միջին պարսկերեն և պարթևերեն gyān՝ ոգի, հոգի; սանսկրիտ ցեղակիցն է vyāná- m՝ շունչ։ Հին *y-ի դիմաց պարսկերեն ǰ- հնչյունը համապատասխանության համար համեմատությամբ yātu ― ǰādū(g) ― ջատուկ, ջադու[4]։ [5] [6] [7] [8]

Այս հնդիրանական բառի կազմության բաղադրիչներն են՝ vi- նախածանց + an- շնչել։ Ցեղակից ձևերի և ստուգաբանական քննարկման (նաև՝ ստուգաբանական մի երկու այլ տեսակետի) համար տես հղումները[9]՝ [10] [11] [12] [13]։

Համանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չպետք է շփոթել համանուն բառը՝ ջան, ջանք, ճիգ, աշխատանք, որ հին է՝ ոսկեդարի հայ գրականության, և իմաստով ու ծագմամբ տարբեր է։

«Ջան»‐ի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«․․․ օրինակ՝ առաջարկում եք «ջանի» տեղ գործածել «հոգյակ»։ Եվ ահա բանը դրստվեց, այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք հոգյակ եղբայր, կամ հոգյակ Գրիգոր, կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով ասենք, խրախճան անելիս կա՛մ առհասարակ ուրախանալիս փոխանակ «ջա՜ն» բացականչելու, կկանչենք «հոգյա՜կ»… Եվ մի՞թե Դուք չեք տեսնում ու չեք զգում, թե ինչքա՜ն է սա անմիտ ու անճաշակ։ Մի՞թե չեք տեսնում, որ հոնքը շինելու տեղ աչքն էլ հանում եք։»

Հովհաննես Թումանյան, 1910 թ․[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջան բառահոդված, Միջին Հայերենի Բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան եւ Հենրիկ Միսակի Ավետիսյան, ԵՊՀ, Երևան, 2009
  2. https://www.youtube.com/watch?v=UQnv9vMxIxI
  3. Հրաչեայ Աճառեան, Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն, Լազարեան Ճեմարան Արեւելեան Լեզուաց, Մոսկուա-Վաղարշապատ, 1902
  4. Ջան բառահոդված, Հայերեն Ստուգաբանական Բառարան, Գեւորգ Ջահուկյան, Ասողիկ, Երեւան, 2010
  5. Ջան բառահոդված, Հայերէն Արմատական Բառարան, Հրաչեայ Աճառեան։ ԵՊՀ, Երեւան, 1926
  6. Ջան բառահոդված, Ժամանակակից Հայոց Լեզվի Բացատրական Բառարան, Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ, Երեւան, 1980
  7. Ջան բառահոդված, Արդի Հայերենի Բացատրական Բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան, Հայաստան Հրատարակչություն, Երեւան, 1976
  8. Ջան բառահոդված, Հայերէն Բացատրական Բառարան, Ստեփան Մալխասեանց, Պետհրատ, Երեւան, 1945
  9. H. S. Nyberg, A manual of Pahlavi. Part 2. Wiesbaden: Otto Harrassowitz, 1974: p. 106.
  10. Mary Boyce, A word‑list of Manichaean Middle Persian and Parthian (with a reverse index by Ronald Zwanziger). Leiden: E.J. Brill; Téhéran-Liège: Biliothèque Pahlavi, 1977: p. 43.
  11. M. Mayrhofer, Etymologisches Wörterbuch des Altindoarischen. Heidelberg: Universitätsverlag C. Winter, 1, 1992: p. 72.
  12. Цаболов, Р. Л. Этимологический словарь курдского языка. Том 1 [A-M], 2001: p. 389.
  13. Desmond Durkin-Meisterernst, Dictionary of Manichaean Middle Persian and Parthian. Turnhout: Brepols. (Corpus Fontium Manichaeorum; 3.1), 2004: p. 168b.
  14. Հովհաննես Թումանյան, Հատոր վեցերորդ, Քննադատություն և հրապարակախոսություն, 1887-1912, Երևան, 1994, Էջ 245
Ընթերցե՛ք «ջան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։