Ֆիզուլու, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողություն
Արցախյան պատերազմ

Ջաբրայիլի ռազմագործողությանը նվիրված խաչքար
Թվական օգոստոսի 4 - օգոստոսի 31, 1993
Վայր Հադրութ, Մարտունի, Ֆիզուլի, Ջաբրայիլ, Կուբաթլու
Արդյունք Հայկական բանակի հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Նախկին Ադրբեջանական ԽՍՀ Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանները հիմնականում անցան հայկական ուժերի վերահսկողության տակ
Հակառակորդներ
Հայաստան Հայաստան
Ադրբեջան Ադրբեջան
Հրամանատարներ
Նելսոն Սողոմոնյան

Արթուր Աղաբեկյան
Սամվել Կարապետյան
Մանվել Գրիգորյան
Վաչագան Իշխանյան
Սամվել Բաբայան
Մովսես Հակոբյան

Սաֆար Աբիև

Հեյդար Պերիև (Ֆիզուլի)
Ռասիմ Մուխտարով (Ղուբաթլու)

Կողմերի ուժեր
Հադրութի ՊՇ

Մարտունու ՊՇ
5-րդ բրիգադ
Կենտրոնական ՊՇ
Շուշիի ՊՇ

Ֆիզուլի
  • 702-րդ բրիգադ
  • 160-րդ գունդ

Ջաբրայիլ

  • Ջաբրայիլի գունդ
  • Լենքորանի գումարտակ

Ղուբաթլու

  • 706-րդ բրիգադ

9000-12000 զինծառայող

Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողություն, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի պաշտպանողական և հակահարձակողական գործողությունների շարք, որոնց արդյունքում հայկական զինված ուժերը վերահսկողություն հաստատեցին նախկին Ադրբեջանական ԽՍՀ Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների նկատմամբ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղդամի ազատագրումը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կարևորագույն հաջողություններից էր, քանի որ ոչնչացվել էր ադրբեջանական խոշոր ռազմական հենակետ, որտեղից հրթիռակոծվում էին Ստեփանակերտ, Ասկերան և հարակից բնակավայրերը, կասեցվել էր այդ ուղղությամբ ադրբեջանցիների հարձակման վտանգը։ Բացի այդ, հայկական ուժերը վերահսկողություն էին հաստատել նաև ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Մարտակերտ-Աղդամ-Մարտունի ճանապարհի նկատմամբ։

Ավելի վաղ պաշտպանության բանակն ազատագրել էր նաև Մարտակերտը։ Հայկական բանակի հաջողությունները ստիպեցին Ադրբեջանի ղեկավարությանն ուղղակի բանակցություններ սկսել Արցախի ղեկավարության հետ։ Հուլիսի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը նամակով դիմում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանին եռօրյա հրադադարի խնդրանքով։ Հայկական կողմն ընդառաջ է գնում այդ խնդրանքին։ Հետագայում՝ հուլիսի 27-ին, Սաֆար Աբիևը երկրորդ անգամ է նամակով դիմում Սամվել Բաբայանին` այս անգամ խնդրելով Արցախի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում։

Օգոստոսի 4-ին Սաֆար Աբիևը ևս մի նամակ է ուղարկում Սամվել Բաբայանին՝ առաջարկելով հաստատել 10-օրյա հրադադար, սակայն, ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը, դա ընդամենը հայկական կողմին մոլորեցնելու փորձ էր, քանի որ հենց նույն օրն Ադրբեջանը վերսկսեց լայնածավալ ռազմական գործողությունները։

Ադրբեջանական հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 25-ից հաստատված հարաբերական հրադադարն ադրբեջանական կողմն օգտագործում է ուժերը վերախմբավորելու և նոր հարձակում նախապատրաստելու համար։ Հարձակումն սկսվում է օգոստոսի 4-ին Ֆիզուլիից Հադրութի շրջանի բնակավայրերի հրետակոծմամբ։ Հաջորդը օրը՝ օգոստոսի 5-ին, Ջաբրայիլի ուղղությունից ադրբեջանցիներն անցնում են լայնածավալ հարձակման, ապա նաև՝ Ֆիզուլիից Մարտունու ուղղությամբ։ Օգոստոսի 5-ի երեկոյան Ադրբեջանի ազգային բանակը փորձում է ռազմաճակատի գիծը ճեղքել նաև Ասկերան-Աղդամ հատվածում։ Հրետակոծվում են նաև Գորիսի ու Կապանի շրջանները։

Օգոստոսի 7-ին և 8-ին ադրբեջանցիները շարունակում են ռազմաճակատի գիծը տարբեր հատվածներում ճեղքելու փորձերը՝ օգտագործելով ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակները, գործողության մեջ դնելով նաև միջին հեռահարության հրթիռներ։ Ծանր մարտեր են ծավալվում ռազմաճակատի հարավային մասում, Մարտունիի և Հադրութի շրջանների սահմաններին։ Ադրբեջանցիների կողմից հրթիռակոծվում են նաև Հադրութի շրջանի էդիլլու, Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերը։

Օգոստոսի 9-ին թեժ մարտ է սկսվում Մարտունու շրջանի Ուրյանա լեռան համար։ 4 ժամ տևած մարտում Պաշտպանության բանակի մարտիկները կարողանում են հետ մղել թշնամու հարձակումը։ Նույն օրը Ֆիզուլիի կողմից հարձակվող ադրբեջանական խմբավորումը կարողանում է գրավել մի քանի գյուղ և ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք։ Իրավիճակը շտկելու նպատակով Պաշտպանության բանակի հրամանատարությունը Կենտրոնական պաշտպանական շրջանից ռազմաճակատի այդ հատված է տեղափոխում լրացուցիչ ստորաբաժանումներ, որոնք տեղակայվում են Հադրութի շրջանի Սափնշեն գյուղում։ Այդ ժամանակահատվածում ադրբեջանական բանակը կարողացել էր գրավել Ցոր, Առաքյալ և Բանաձոր գյուղերը և դրանք վերածել ռազմական հենակետերի։

Միաժամանակ Արցախի իշխանությունները փորձեր են ձեռնարկում նաև ադրբեջանական հարձակումը միջազգային հարթակներում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։ Մասնավորապես օգոստոսի 11-ին Արցախի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կ. Բաբուրյանը նամակ է հղում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտաս Ղալիին և Անվտանգության խորհրդին։

Պաշտպանության բանակի հակահարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 15-ին ադրբեջանական բանակը Ֆիզուլիից սկսում է Մարտունու հարավային և Հադրութի արևելյան ուղղությամբ հերթական հարձակումը։ Այդ հարձակմանը օդից աջակցում էր նաև ավիացիան, որը ռմբակոծում է Հադրութ քաղաքը։ Սակայն նույն օրը թշնամու հարձակումը կասեցվում է, և պաշտպանության բանակն անցնում է հակահարձակման։

Արդյունքում Մարտունու պաշտպանական շրջանի ստորաբաժանումները շրջապատում և ոչնչացնում են շրջան ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումներին։ Նույն օրը՝ օգոստոսի 15-ին, Պաշտպանության բանակի 11-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը հետախուզական գումարտակի հետ համատեղ ազատագրում է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղը։ Իրենց հերթին հարավային ուղղությամբ հարձակման են անցնում Կենտրոնական, առաջին և վեցերորդ պաշտպանական շրջանների ստորաբաժանումները և ազատագրում Ցոր, Առաքյալ և Բանաձոր գյուղերը, իսկ Մարտունու պաշտպանական շրջանի 21-րդ և 22-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները հակահարձակման են անցնում Վերին Յաղլավենդ բնակավայրի ուղղությամբ, որտեղ տեղակայված էր ադրբեջանական բանակի 831-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը։

Օրվա ընթացքում Մարտունու պաշտպանական շրջանի 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները զարգացնում են հարձակողական գործողություններ Վերին Յաղլավենդ, Կարամամեդլի, Ղոբու Դիլաղարդա, Ներքին Վեյսալու, Քարավենդ բնակավայրերի և «Նամագչալա» բարձունքի ուղղությամբ, որտեղ Ադրբեջանը կենտրոնացրել էր Ֆիզուլիի, Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի բանակային խմբավորումները։

Ռազմական անհաջողությունները ստիպում են Ադրբեջանի ղեկավարությանը կրկին բանակցություններ սկսել։ Հեռախոսային բանակցություններ են վարվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի և ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Ռասուլ Գուլիևի միջև։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվում 5-օրյա հրադադար հաստատելու և Արցախի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու շուրջ։

Սակայն այս հրադադարը ևս Ադրբեջանն օգտագործում է ուժերը վերադասավորելու և նոր հարձակում նախապատրաստելու համար։ Արդեն օգոստոսի 19-ի գիշերը Ֆիզուլիում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները, խախտելով հրադադարը, սկսում են հրթիռակոծել Հադրութը քաղաքը, էդիլլու գյուղը ու Մարտունու շրջանի հարավային հատվածը։ Ռազմական գործողությունները վերսկսվում են Ֆիզուլի-Ջաբրայիլ-Կուբաթլու մարտագծի ողջ երկայնքով։ Սակայն ադրբեջանական բանակը կրկին անհաջողություն է կրում. կարճ ժամանակահատվածում Պաշտպանության բանակի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 21-րդ, 22-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակները, 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը և կենտանական ենթակայության ականանետային մարտկոցը ազատագրում են Արցախի Հանրապետության հարավային սահմանը և ապա մարտերը տեղափոխում Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջանների տարածք։

Ֆիզուլիի ազատագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մշակված օպերատիվ պլանի համաձայն անցնում են հակահարձակման։ Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակները, գործելով երկու ուղղությամբ (համապատասխանաբար Մովսես Հակոբյանի և Նելսոն Սողոմոնյանի հրամանատարությամբ), հրետանու աջակցությամբ ճեղքում են հակառակորդի դիրքերը և ձախ թևից դուրս գալիս մայրուղի։ Ֆիզուլու ուղղությամբ հարձակման է անցնում նաև Հադրութի պաշտպանական շրջանի Տողի գումարտակը։ Աջ թևից լայնածավալ հարձակման է անցնում Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող 5-րդ բրիգադը, որը, ճնշելով թշնամու կրակակետերը և առաջանալով մի քանի ուղղություններով, դուրս է գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի ու վերահսկողություն հաստատում Հորադիզ գյուղի և Արաքսի ափ տանող խճուղու վրա։ Այդ պահին 5-րդ բրիգադն Արաքսից հեռու էր մոտ 15 կմ։ Ֆիզուլին պաշտպանող ադրբեջանական 160-րդ գնդի և Ֆիզուլու բրիգադի զորամասերը (ընդհանուր ըստ տարբեր տվյալների` 4000-7000 զինծառայող) շրջապատման մեջ չընկնելու համար օգոստոսի 22-ին ստիպված նահանջում են քաղաքից և շրջանից։ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է անցնում մոտ 1380կմ2 տարածք։

Ջաբրայիլի ազատագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզուլու ուղղությամբ հարձակմանը զուգահեռ հայկական բանակը առաջանում է նաև դեպի Ջաբրայիլ։ Օգոստոսի 23-ին Հադրութի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները Արթուր Աղաբեկյանի հրամանատարությամբ նախ ազատագրում են Հադրութի մի շարք բռնազավթված բնակավայրեր, ապա դուրս գալիս Ֆիզուլի-Ջաբրայիլ մայրուղի։ Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները, սկսելով իրենց հարձակումը Սարինշենի բարձունքներից, ճեղքում են թշնամու պաշտպանությունը, ազատագրում Հադրութի շրջանի մի շարք գյուղեր, ապա մտնում Ջաբրայիլի շրջան։

Օգոստոսի 23-ին Կենտրոնական և Հադրութի պաշտպանական շրջանների ստորաբաժանումների համատեղ ջանքերով ազատագրվում է ադրբեջանական Լենքորանի գումարտակի և ադրբեջանական աշխարհազորայինների կողմից պաշտպանվող Ջաբրայիլ քաղաքը, իսկ երկու օր հետո նաև համանուն շրջանի մեծ մասը։ Պաշտպանության բանակի հսկողության տակ է անցնում մոտ 1050կմ2 տարածք։ Օգոստոսի 26-ին ադրբեջանական ստորաբաժանումներն ամբողջությամբ հեռացվում են նաև Հադրութի շրջանի տարածքից։ Հայկական ստորաբաժանումները կանգ են առնում Արաքսից մոտ 15կմ հեռավորության վրա։

Կուբաթլուի ազատագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզուլու և Ջաբրայիլի ազատագրումից հետո Կուբաթլուի շրջանը մնացել էր Արցախի պաշտպանության բանակի թիկունքում։ Այդպիսով, եթե ադրբեջանական բանակը ռազմաճակատի արևելյան հատվածում կարողանար ուշքի գալ պարտություններից հետո, Կուբաթլուն, որտեղ տեղակայված էր թշնամու բավականին ուժեղ խմբավորում, կարող էր լուրջ վտանգ ստեղծել պաշտպանության բանակի համար՝ հարվածելով թիկունքից։ Իր հերթին Կուբաթլուն ինքը բավականին խոցելի իրավիճակում էր, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մնացած տարածքների հետ կապված էր 15կմ-անոց մերձարաքսյան նեղ գծով։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Պաշտպանության բանակի կենտրոնական շտաբը որոշում է ոչնչացնել Կուբաթլուի ռազմական հենակետերը։ Կենտրոնական շտաբի ցուցումով Կուբաթլուի ռազմավարական նշանակության հենակետերը ոչնչացնելու նպատակով այնտեղ են կենտրոնացվել 1-ին, 2-րդ, 4-րդ և Կենտրոնական պաշտպանական շրջանների ստորաբաժանումները։ Կուբաթլուի ուղղությամբ հարձակումը ենթադրում էր, որ սկզբում Շուշիի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները Վաչագան Իշխանյանի հրամանատարությամբ Քիրս լեռան շրջանից պիտի մտնեին Կուբաթլուի շրջան։ Իրենց հերթին շրջան պիտի մտնեին նաև Հադրութի պաշտպանական շրջանի Խծաբերդի ու Տումիի վաշտերը։ Սակայն այս առաջին հարձակումն անհաջողություն է կրում, և հայկական ուժերը, կորուստներ տալով, վերադառնում են ելման դիրքեր։

Կուբաթլուի ուղղությամբ հաջորդ հարձակումը սկսվում է մոտ մեկ շաբաթ անց։ Այդ ընթացքում հարձակմանը մասնակցելու նպատակով Մարտակերտի պաշտպանական շրջանից մեկ գումարտակ է տեղափոխվում Լաչինի շրջան, իսկ Մարտունու, Հադրութի և Կենտրոնական պաշտպանական շրջանները ձևավորում են հարձակողական 3 խմբավորումներ։ Կուբաթլուի ուղղությամբ նոր հարձակումը սկսվում է օգոստոսի 29-ին այն բանից հետո, երբ Լաչինի ուղղությամբ ադրբեջանցիները ձեռնարկում են հայկական պաշտպանական դիրքերը ճեղելքու անհաջող փորձ։ Հարձակողական երեք խմբավորումները, ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, դուրս են գալիս գլխավոր մայրուղի, գրավում Խանլիկի կամուրջը, Լաչին-Մամեդբեյլի ճանապարհի խաչմերուկներն ու ճանապարհահատվածները։ Չնայած Կուբաթլուի բավականին ուժեղ ադրբեջանական խմբավորման համառ դիմադրությանը՝ հայկական ուժերը օգոստոսի 31-ին մարտերով մտնում են Կուբաթլու քաղաք, ապա նաև վերահսկողություն հաստատում համանուն շրջանի մեծ մասի վրա։

Նույն օրը Ռուսաստանի միջնորդությամբ 10-օրյա հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվում Արցախի և Ադրբեջանի միջև։ Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրում են Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը և արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը և Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Ա. Ջալիլովը։

Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Կուբաթլուի հաղթանակները կարևոր նշանակություն ունեին Հայաստանի անվտանգության համար։ Այդ հաղթանակների արդյունքում վերացավ Լաչինի միջանցքի վրա կախված վտանգը, նվազեց Հադրութի, Մարտունու, Կապանի, Գորիսի շրջաների հրետակոծման ենթարկվելու վտանգը, նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Զանգելանի և Արաքսի ափի ազատագրման ու ռազմաճակատի գիծը կրճատելու համար։ Բացի այդ, հայկական վերահսկողության ներքո անցան ռազմավարական նշանակության մի շարք ճանապարհներ։

Իրավիճակը տարածաշրջանում և հետագա զարգացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական բանակի հաղթանակներից հետո տարածաշրջանում իրադրությունը բավականին լարվում է։ Ադրբեջանը և Թուրքիան ամեն ինչ անում են, որպեսզի հարցը միջազգայնացվի։ Մեծանում է նաև հակամարտությանը այլ կողմերի ներգրավման վտանգը։ Այսպես, օրինակ Թուրքիայի նախկին վարչապետ Բուլենթ էջևիթը կոչ է անում իր կառավարությանը Հայաստանի դեմ օդային հարձակումներ սկսել։ Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով տեղակայվում են թուրքական 3-րդ դաշտային բանակի ուժերը, իսկ Թուրքիայի զինված ուժերի 12-րդ և 13-րդ մեքենայացված բրիգադները տեղաբաշխվում են Գյումրիի ռուսական 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի դիմաց։ Իր հերթին Հարավային Կովկասում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարությունը սկսում է 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարաշտաբային զինավարժություն։

Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս արձագանքում է իրավիճակի փոփոխությանը՝ ընդլայնելով և լիակատար ռազմական պատրաստության բերելով սահմանի երկարությամբ տեղակայված մի խոշոր ռազմական զորամիավորումներ։ Բացի այդ, Իրանը ռազմական գործողությունների թատերաբեմի անմիջական հարևանությամս սկսում է «Մոխանդ» արտապլանային զորավարժությունը։ Սեպտեմբերի 2-ին Իրանը զինված ստորաբաժանումներ է մտցնում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ` փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար անվտանգ պայմաններ ստեղծելու պատրվակով։

Չնայած լարվածության այսպիսի մեծացմանը` այնուամենայնիվ հաջողվում է խուսափել պատերազմի ընդլայնումից, իսկ հաստատված հրադադարն էլ պահպանվում է մինչև 1993 թվականի հոկտեմբերի 10-ը։ Այդ ընթացքում Ադրբեջանը սկսում է պատրաստվել նոր ռազմական գործողությունների։ 1993 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Ան-124 Ռուսլան» ինքնաթիռներով Ուկրաինայից Ադրբեջան է բերվում 40 միավոր Տ-55 տանկ։ Ադրբեջանական բանակը համալրվում է աֆղան, չեչեն և արաբ վարձկաններով։ Բացի այդ, Հեյդար Ալիևին հաջողվում է նաև կայունացնել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը։

Ռազմական գործողությունները վերսկսվում են Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո։ Հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլի իր հսկողության տակ գտնվող հատվածից ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում է սկսում Հադրութի շրջանի ուղղությամբ։ Հոկտեմբերի 17-ին ադրբեջանցիները հարձակում են սկսում նաև Արցախի հյուսիսարևելյան հատվածի և Աղդամի ու Ֆիզուլիի սահմանամերձ դիրքերի ուղղությամբ։ Մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 24-ին, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրնում են ադրբեջանական առաջխաղացումը, ընթացքից անցնում հակահարձակման և ազատագրում Զանգելանի շրջանը, Ջաբրայիլի ու Կուբաթլուի շրջանների մինչ այդ չգրավված տարածքները, Ֆիզուլիի շրջանի Հորադիզի ենթաշրջանը։

Աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։