Ջաբա Իոսելիանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջաբա Իոսելիանի
վրացերեն՝ ჯაბა იოსელიანი
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1926(1926-07-10)
ԾննդավայրԽաշուր, Շիդա Քարթլիի մարզ, Վրաստան
Մահացել էմարտի 4, 2003(2003-03-04) (76 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Georgia (1990–2004).svg Վրաստան
Ազգությունվրացի
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Զբաղեցրած պաշտոններՎրաստանի խորհրդարանի պատգամավոր[1]
Պարգևներ և
մրցանակներ
Վախթանգ Գորգասալի շքանշան

Ջաբա Իոսելիանի (վրացերեն՝ ჯაბა კონსტანტინეს ძე იოსელიანი, հուլիսի 10, 1926(1926-07-10), Խաշուր, Շիդա Քարթլիի մարզ, Վրաստան - մարտի 4, 2003(2003-03-04), Թբիլիսի, Վրաստան), վրացի քաղաքական, զինվորական, քրեական գործիչ, օրենքով գող (մականունը՝ «Дюба»): Եղել է Զվիադ Գամսախուրդիայի իշխանությունը տապալելուց հետո պետության կոլեկտիվ ղեկավարի պարտականությունները կատարող ժամանակավոր զինվորական խորհրդի անդամ (1992 թվականի հունվարի 6-ից մարտի 10-ը), մինչև այդ խորհրդի փոխարինվելը Էդուարդ Շևարդնաձեի գլխավորած պետական խորհրդով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաբա Իոսելիանին ծնվել է 1926 թվականի հուլիսի 10-ին, վրացական Խաշուրի քաղաքում։ 1943 թվականին գողության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, 1948-ին վաղաժամկետ ազատվել, 1951-ին խուլիգանության համար դատապարտվել 1 տարվա ազատազրկման[2], երրորդ անգամ ազատազրկման է դատապարտվել՝ արդեն 25 տարով՝ զինված ավազակության և սպանության համար; Գտնվել է Նովաչերկասկի բանտում[3], որտեղ զբաղվել է գրական աշխատանքով։ Վրաց մշակույթի գործիչների խնդրանքով վաղաժամկետ՝ 1965 թվականին ազատվել է բանտից, ավարտել երեկոյան դպրոցը, թատերական ինստիտուտը, պաշտպանել թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, դասախոսել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում։ Ինչպես նշել է «Власть» («Իշխանություն») ամսագիրը, Իոսելիանին վրացի անվանի արձակագիր Նոդար Դումբաձեի «Սպիտակ դրոշներ» վեպի (1973 թ.) հերոս, ազնիվ գող Լիմոնա Դևդարիանիի նախատիպն է (Դումբաձեն ու Իոսելիանին մանկության ընկերներ են եղել)[4];

1989 թվականին Ջաբան կազմակերպել է «Մխեդրիոնի» ռազմականացված ազգայնական միավորումը, որը մասնակցել է Վրաստանի տարածքում տեղի ունեցած բազմաթիվ զինված բախումների և առանցքային դեր է խաղացել Էդուարդ Շևարդնաձեի իշխանության գալու գործում։ Զվիադ Գամսախուրդիան բանտարկել է Իոսելիանիին, բայց մի քանի ամիս անց «Մխեդրիոնին» գրոհով գրավել է բանտն ու ազատել իր պարագլխին։ Իոսելիանին ու մասնագիտական կրթությամբ նկարիչ Թենգիզ Կիտովանին ընդգրկվել են Վրաստանի նորաստեղծ Պետական խորհրդի կազմում, որի նախագահը Շևարդնաձեն էր։ Այդ առթիվ Իոսելիանին ասել է, թե՝ «իշխանության են եկել հայտնի գողն ու անհայտ նկարիչը»[5];

Գամսախուրդիային տապալելուց հետո «Մխեդրիոնին» մեծ ազդեցություն է ձեռք բերել. Իոսելիանին նշել է, որ իր տրամադրության տակ եղել են մինչև անգամ զրահամեքենաներ ու տանկեր; 1992 թվականի հուլիսի 6-ին զվիադականների ջոկատը շրջապատել ու գրոհել է այն գիշերօթիկ դպրոցը, որտեղ Ջաբա Իոսելիանիի 80 մարտիկներ կային, բայց պարտություն է կրել[6]։ 1995 թվականին Շևարդնաձեն Իոսելիանիին մեղադրել է հայրենիքին դավաճանելու, նախագահի նկատմամբ մահափորձ կազմակերպելու և մի շարք սպանությունների մեջ։ «Մխեդրիոնի»-ի գործունեությունը արգելվել է։ Իսկ 1998 թվականի նոյեմբերին էլ Վրաստանի գերագույն դատարանը Ջաբա Իոսելիանիին դատապարտել է 11 տարվա ազատազրկման[7], բայց 2000 թվականի ապրիլի 20-ին Շևարդնաձեն ներում է շնորհել նրան [8]։

Ջաբա Իոսելիանին մահացել է 2003 թվականի մարտի 4-ին, ուղեղում արյան զեղումից[9]։ Թաղվել է Դիդուբեի պանթեոնում՝ Վրաստանի գրողների, հասարակական գործիչների շիրիմների կողքին։ Նրա գերեզմանը երկու անգամ՝ 2012 թվականի հունվարին[10] և 2017 թվականի հուլիսին պղծել են անհայտ անձինք[11]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաբա Իոսելիանին հեղինակել է 100-ից ավելի գիտական աշխատություն, այդ թվում՝ երեք մենագրություն։ Բացի այդ, գրել է չորս վեպ, վեց թատերգություն, որոնք բեմադրվել են վրացական թատրոններում։ Արժանացել է Թբիլիսիի՝ վրացական թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորի կոչման։ Ինքնակենսագրական «Երկիր Լիմոնիա» վեպում նա պատմում է իր կյանքի կարևոր իրադարձությունների ու դեպքերի մասին։ Այդ գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսի առիթով 2002 թվականին հեղինակն այցելել է Մոսկվա[12]։ Լև Անինսկին «Дружба народов» ամսագրում էսսե է լույս ընծայել Իոսելիանիի ստեղծագործության մասին[13]։ Վրաստանում Ռուսաստանի լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն վեպի հրատարակության առթիվ նշել է. «Երևում է՝ նա հետաքրքիր մարդ է, մեծ կրքերի, հակասությունների մարդ, արտասովոր անձնավորություն»[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.parliament.ge/en/parlamentarebi/wina-mowvevis-parlamentebi/saqartvelos-parlamenti-1992-1995-ww/jaba-ioseliani-45164.page
  2. «ИОСЕЛИАНИ Джаба Константинович - БД "Лабиринт"» (ռուսերեն)։ База данных "Лабиринт 
  3. Новочеркасская тюрьма
  4. Новиков В. Ушел учёный, вор и полководец // Коммерсантъ-Власть, № 9 (512), 10 марта 2003
  5. У меня не было иной дороги — или тюрьма, или комсомол (интервью) // Коммерсантъ-Власть, № 9 (512), 10 марта 2003
  6. ИВАН Ъ-ДРОЗДОВ, ВЛАДИМИР Ъ-МИРОШНИЧЕНКО (13.07.1992)։ «Школа жизни Джабы Иоселиани» (ռուսերեն)։ Журнал «Коммерсантъ» 
  7. «Приговор врагам Шеварнадзе»։ Коммерсантъ (ռուսերեն)։ 12 ноября 1998 года։ Վերցված է 2018-07-17 
  8. «Помилованный лидер "Мхедриони" требует с властей два миллиона долларов»։ Lenta.ru (ռուսերեն)։ 21 апреля 2000 года։ Վերցված է 2018-07-17 
  9. «Джаба Иоселиани: «Демократия — это вам не лобио кушать»»։ НТВ (ռուսերեն)։ 4 марта 2003 года։ Վերցված է 2018-07-17 
  10. «В Грузии осквернена могила Джабы Иоселиани»։ Кавказский узел (ռուսերեն)։ 10 января 2012 года։ Վերցված է 2018-07-17 
  11. «Могила лидера "Мхедриони" осквернена в Тбилиси»։ Кавказский узел (ռուսերեն)։ 10 июля 2017 года։ Վերցված է 2018-07-17 
  12. Кавказские хроники // Радио Свобода, 2 января 2002
  13. Аннинский Л. Ад Лимонии // Дружба народов, № 12, 2001
  14. Я думаю, что я получу в Тбилиси, от Грузии, массу впечатлений и массу удовольствия — Коваленко // Официальный сайт посольства России в Грузии, 10 марта 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]