Ջաբարիներ
Ջաբարիներ (արաբ․՝ جبرية), իսլամական առաջին աշխարհայացքային ուսմունքներից մեկի ներկայացուցիչներ։ Ջաբարիները ի հակադրություն կադարիների ընդունում էին Ալլահին որպես միակ արարիչ (արաբ․՝ فاعل حقيقي` ֆաիլ հակիկի), երկրի վրա կատարվող բոլոր իրադարձությունների պատճառ՝ այդ թվում նաև մարդկանց կողմից իրականացվող։ Ջաբարիական դպրոցը առաջացել է Բասրայում Օմայանների կառավարման ժամանակ։ Այս ուսմունքի առաջին ներկայացուցիչն է ալ-Ջաադ իբն Դիրհամը (արաբ․՝ الجعد بن درهم)։
Ուսմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջաբարիները աստվածային նախախնամության բացարձակ կողմնակիցներ էին։ Նրանք կարծում էին, որ մարդ իր գործողությունները ազատ չի կատարում, այլ կատարում է պարտադրված (արաբ․՝ مجبور` մաջբուր) Ալլահի կողմից։ «Իրական» ջաբարիներ էին համարվում ջահմիները, իսկ «չափավոր» ջաբարիներ էին նաջարիները՝ ալ-Հուսեյն ան-Նաջարի հետևորդները, դիրարիները՝ Դիրար իբն Ամրի հետևորդները, աշարիները՝ Աբու ալ-Հասան ալ-Աշարիի հետևորդները։ Չափավոր ջաբարիները հետևում էին քասբի (արաբ․՝ كسب) հայեցակարգի տարբեր եղանակներին՝ դրանով զբաղեցնելով կադարիների հայեցակարգի հանդեպ կոմպրոմիսային դիրք։ Նրանք կարծում էին, որ գործողության կատարման մեջ մասնակցում են երկու կատարողներ՝ Ալլահը, ով արարում է գործողությունը, և մարդ, ով այն «ի կատար է ածում»։
Քասբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քասբը (արաբ․՝ كسب) իսլամական տերմին է, իրենից ներկայացնում է կրոնա-էթիկ հայեցակարգ, որի համաձայն մարդկային գործողությունների կատարման գործում մասնակցում է երկու «կատարող» (արաբ․՝ فاعلان` ֆաիլան)՝ Աստված, ով արարում է, և մարդ, ով իրականացնում, ի կատար է ածում։ Այս հայեցողակարգի կողմնակիցները կոմպրոմիսային դիրք են գրավում կադարիների և ջաբարիների դոկտրինաների միջև։
Ուղղություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջահմիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջահմիները Ջահմա իբն Սաֆվանի հետևորդներն են, ով զարգացրել է Իբն Դիրհամի ուսմունքը։ Ջահմիները պնդում էին, որ դրախտը (արաբ․՝ جنّة՝ ջաննա) և դժոխքը (ջահաննամ) հավերժ չեն, և ժխտում էին Ալլահին դրախտում տեսնելու հնարավորությունը։ Նրանք նաև համարում էին, որ Ղուրանը արարված է։
Նաջարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ-Հուսեյն ան-Նաջարը համարում էր, որ մարդու «կատարելու» ունակությունը և հենց «կատարելը» արարվում է Ալլահի կողմից գործողության արարման հետ միաժամանակ։ Այդ իսկ պատճառով մարդը նաջարիների պատկերացմամբ արարքի նախաձեռնողն է միայն «փոխաբերական իմաստով»։
Դիրարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիրար իբն Ամրը կարծում էր, որ «կատարելու» ունակությունը և «կատարելը» ածանցվում է մարդու ազատ կամքից։ Այդ իմաստով մարդ բացարձակորեն համարվում է արարքի նախաձեռնողը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ибрагим, Т. К. и Сагадеев А. В. ал-Джабрийа // Ислам: энциклопедический словарь / отв. ред. С. М. Прозоров. — М. : Наука, 1991. — С. 57-58.
- Али-заде, А. А. Джабриты (архив ) // Исламский энциклопедический словарь. — М.: Ансар, 2007.
- Джабриты — статья из Исламской энциклопедии Islamist.ru.