Պրոսպեր Մենյեր
Պրոսպեր Մենյեր ֆր.՝ Prosper Menière | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 16, 1799[1][2] |
Ծննդավայր | Անժե |
Մահացել է | փետրվարի 7, 1862[3][4] (62 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բժիշկ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Պրոսպեր Մենյեր (ֆր.՝ Prosper Menière,հունիսի 16, 1799[1][2], Անժե - փետրվարի 7, 1862[3][4], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի բժիշկ-ականջաբան։ Փարիզի խուլուհամրերի ինստիտուտում աշխատելիս առաջ է քաշել այն վարկածը, որ գլխապտույտները կարող են կապված լինել ներքին ականջի ախտահարումների հետ։ Կյանքի ընթացքում ճանաչում չի ստացել, սակայն հետագայում նրա նկարագրած համախտանիշն անվանվել է Մենյերի հիվանդություն։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոսպեր Մենյերը ծնվել է 1799 թվականին Անժեում՝ ունևոր վաճառականի ընտանիքում։ Մանկությունից հետաքրքրվել է բուսաբանությամբ, դեռահասության տարիքում դարձել է տեղական լիննեյական հասարակության անդամ։ Այդ հետաքրքրությունը նա պահպանել է ողջ կյանքի ընթացքում և հետագայում դարձել Անժեի լիննեյական ընկերության փոխնախագահ և Ֆրանսիայի բուսաբանական ընկերության փոխնախագահ[6]։
Մենյերը սկսել է Անժեում բժշկություն ուսումնասիրել, իսկ 1819 թվականին ուսումը շարունակել է Փարիզում[6]։ Նրա ակնառու ուսումնական հաջողությունները նշանավորել են մի շարք մրցանակներով։ 1828 թվականին նա ստացել է դոկտորի կոչում և նշանակվել Գիյոմ Դյուպյուիտրենի օգնական Հոթել Դիե հիվանդանոցում[7]։ 1834 թվականին գլխավորել է Օգյուստ-Ֆրանսուա Շոմելի կլինիկան[8]։ 1835 թվականին Մենյերը Օդ և Վերին Գարոն գավառներում մասնակցել է խոլերայի համաճարակի դեմ պայքարին, ինչի համար պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով[9]։
1838 թվականին Մենյերը նշանակվել է Փարիզի խուլուհամրերի ինստիտուտի տնօրեն։ Այստեղ նա սկսել է հետազոտություններ անցկացնել, որոնց շնորհիվ ճանաչում է ձեռք բերել[7][10]։ Նրան հետաքրքրում էին լսողական համակարգի կառուցվածքը, խուլուհամրերի ուսուցման մեթոդիկաները, բնածին խուլուհամրության պատճառները[10]։ 1861 թվականին Մենյերը Փարիզի բժշկական ակադեմիայում ներկայացրել է «Ներքին ականջի ախտահարման արդյունքում ծանր խլության հատուկ տեսակի մասին» զեկույցը։ Նա նկարագրել է էպիզոդիկ խլության, ականջներում աղմուկի և գլխապտույտների ժամանակ դրսևորվող ախտանիշները և ենթադրել, որ պատճառը կարող է լինել ներքին ականջի, մասնավորապես՝ կիսաշրջանաձև ուղիների ախտահարումը[7]։ Մինչ Մենյերը համարում էր, որ գլխապտույտներն անպայման կապված են ուղեղի հետ և տեղի են ունենում, մասնավորապես, այն պատճառով, որ ուղեղի անոթները լցվում են արյունով։ Որպես բուժում նշանակվում էր արյունառություն, տզրուկներ և այլն, որոնք կարող էին ոչ միայն անարդյունավետ լինել, այլև լրացուցիչ վնաս հասցնել հիվանդին[11]։
Իր հետագա աշխատանքներում Մենյերը շարունակել է պաշտպանել իր վարկածը, սակայն կյանքի ընթացքում ճանաչում չի ստացել, այդ թվում՝ նաև այն պատճառով, որ ներքին ականջի՝ որպես հավասարակշռության օրգանի մասին դեռ հայտնի չէր[7][8][11]։ Միայն 1863 թվականին Սիմոն Դյուպլեն մեջբերեց նրա աշխատանքները, իսկ 1872 թվականին նա առաջարկեց համապատասխան համախտանիշն անվանել Պրոսպեր Մենյերի պատվին[7]։ Ներկայումս այս պաթոլոգիան հայտնի է որպես «Մենյերի հիվանդություն»[10]։ Դրա ախտանշաններն են՝ գլխապտույտ, սրտխառնոց, հավասարակշռության խանգարումներ[12]։ 1990 թվականին մի խումբ բժիշկներ ենթադրում էին, որ հենց այդ հիվանդությամբ (այլ ոչ թե Էպիլեպսիայով, ինչպես նրա ախտորոշումն էր ասում) է տառապել Վինսենթ վան Գոգը[13][14]։
Պրոսպեր Մենյերը բացի բժշկությունից և բուսաբանությունից հետաքրքրվում էր նաև հնագիտությամբ և դասական լատինական և հունական պոեզիայով։ Նրա ընկերների թվում էին Վիկտոր Հյուգոն, Օնորե դը Բալզակը և թատերական քննադատ Ժյուլ Ժանենը[7][15]։ Հնարավոր է, որ Մենյերը ծառայել է որպես երիտասարդ բժիշկ Օրաս Բյանշոնի նախատիպ «Շագրենի կաշին» ստեղծագործությունում[15]։
Պրոսպեր Մենյերը մահացել է 1862 թվականի փետրվարի 7-ին Փարիզում թոքաբորբից[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1838 թվականին Մենյերն ամուսնացել է Անտուան Բեքերելի դստեր և Անրի Բեքերելի մորաքրոջ՝ Պոլինա Բեքերելի հետ։ Նրանց որդին՝ Էմիլը, հոր պես դարձել է ականջաբան և հետագայում զբաղեցրել նրա պաշտոնը խուլուհամրերի ինստիտուտում[16][17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 vital record
- ↑ 3,0 3,1 3,2 Who Named It?
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 6,0 6,1 Baloh, 2001, էջ 1153
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Beighton, 2012, էջ 113
- ↑ 8,0 8,1 cite web|author=Charlotte Bake, Mike Cadogan|title=Prosper Menière|url=https://litfl.com/prosper-meniere/%7Cwebsite=Litfl.com%7Clang=en}}(չաշխատող հղում)
- ↑ Baloh, 2001, էջ 1154
- ↑ 10,0 10,1 10,2 cite web|author=Шерстнёва Е. В.|title=Меньер|url=https://bigenc.ru/medicine/text/2204967%7Cwebsite=Большая(չաշխատող հղում) российская энциклопедия}}
- ↑ 11,0 11,1 Baloh, 2001, էջ 1151
- ↑ {cite web|author=Морозова С. В.|title=Меньера болезнь|url=https://bigenc.ru/medicine/text/2204977%7Cwebsite=Большая российская энциклопедия}}
- ↑ Arenberg I.K., Countryman L.F., Bernstein L.H., Shambaugh G.E. Jr. (1990)։ «Van Gogh had Menière's disease and not epilepsy» (անգլերեն)
- ↑ «At Last, Medicine Really Listens to van Gogh»։ The New York Times (անգլերեն)։ 1990
- ↑ 15,0 15,1 Baloh, 2001, էջ 1156
- ↑ «Prosper Menière»։ Medarus.org (ֆրանսերեն)
- ↑ Baloh, 2001, էջ 1155
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- R. W. Baloh Prosper Ménière and his disease // Arch Neurol. — 2001. — № 58(7). — С. 1151—1156.
- Peter Beighton, Greta Beighton Menière, Prosper // The Man Behind the Syndrome. — Springer Science & Business Media, 2012. — P. 112—113.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Dr. Prosper Menière: A Brief Biography»։ Menieres.org (անգլերեն)
|