Պրոյեկտիվ մեթոդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պրոյեկտիվ մեթոդ, հոգեդիագնոստիկ մեթոդ՝ նախատեսված անձի հետազոտության համար, որին մեծապես բնորոշ է անձի գնահատման ամբողջական մոտեցում, այլ ոչ թե առանձին գծերի դուրս բերում։

Պրոյեկտիվ, անհատական թեստերը սկզբնապես նախատեսված են եղել կլինիկական հոգեբաններին օգնության համար բնավորության և հուզական խանգարումների ախտորոշման մեջ։ Նրանց համար հիմք է ծառայել Զիգմունդ Ֆրոյդի տեսության այն դրույթը, որի համաձայն՝ չգիտակցված գործընթացները կարևոր են հոգեպաթոլոգիայի հասկացման համար։ Հետևաբար, պրոյեկտիվ գնահատման նպատակը անձի չգիտակցված կոնֆլիկտների, նրա վախերի և անհանգստության աղբյուրների բացահյտումն է։ «Պրոյեկտիվ մեթոդ» տերմինն առաջադրել է Լ. Ֆրանկը այն մեթոդների անվանման համար, որոնցում փորձարկվոեղին տալիս են անորոշ ազդակներ, որոնց բովանդակությունը չի ենթադրում հստակ, տվյալ մշակույթով պայմանավորված պատասխաններ։ Այսպիսի մեթոդները թույլ են տալիս մարդկանց անորոշ նյութի վրա պրոյեկտել իրենց հույզերը, պահանջմունքները, դիրքորոշումները։ Ենթադրվում է, որ թեստային ազդակներին տրված պատասխաններում հայտնաբերվում են անձի պաշտպանական մեխանիզմները, ճնշված իմպուլսները, «ներքին» ասպեկտները։ Պրոյեկտիվ բոլոր թեստերը առանձնանում են մի շարք կարևոր առանձնահատկություններով։ Բոլորը ներառում են անորոշ կամ չկառուցվածքավորված թեստային ազդակներ։ Հետազոտողը երբեք չի հաղորդում փորձարկվողին թեստավորման իրական նպատակների մասին՝ չնշելով նաև պատասխանների մեկնաբանման առանձնահատկությունները։ Հրահանգներում ընդգծվում է, որ ճիշտ կամ սխալ պատասխաններ այստեղ չեն կարող լինել, և փորձարկվողն իրավունք ունի պատասխանել այնպես, ինչպես ցանկանում է։ Նրա պատասխանների հաշվարկը և մեկնաբանումը հիմվում է նշանակալից չափով հետազոտողի սուբյեկտիվ դատողությունների վրա՝ արտացոլելով նրա կլինիկական փորձը։

Այսպիսով, պրոյեկտիվ մեթոդներում ապահովվում է առաջադրանքի իմաստի քողարկվածությունը։ Ըստ համապատասխան հրահանգի՝ թեստային ազդակները լրացվում, զարգացվում և մեկնաբանվում են փորձարկվողի կողմից։ Հրահանգի և վերջնանպատակի կապը միանշանակ չէ, անորոշ է։ Պրոյեկտիվ մեթոդներում պատասխանները սահմանափակ չեն և անմիջականորեն բխում են անձի անհատականությունից, հուզականությունից, ընկալումից, կենսափորձից և այլն։

Հոգեդիագնոստիկ մեթոդների այս խումբն ունի կիրառության լայն բնագավառ և նախատեսված են տարբեր տարիքային խմբերի հետազոտման համար։ Թեև ապահովում են մեկնաբանման մեծ հնարավորություններ և համարվում առավել օբյեկտիվ, այնուամենայնիվ, պահանջում են մասնագիտական մեծ փորձ, մեթոդիկաների տիրապետման հմտություններ և կարողություններ։

«Պրոյեկցիա» հասկացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոյեկցիան որպես հոգեբանական հասկացություն ունի իր դասական մեկնաբանությունը՝ առաջադրված հոգեվերլուծական ուղղության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի կողմից։ Նա պրոյեկցիան սահմանում է որպես անձի պաշտպանական մեխանիզմ. ներքին կոնֆլիկտի դուրս մղում և վերագրում այլ օբյեկտների, իրողությունների, երևույթների։

Պրոյեկցիա հասկացությունն ավելի հաճախ օգտագործվում է կլինիկական և սոցիալական հոգեբանությանտերմինաբանության շրջանակներում, սակայն պրոյեկցիայի տեսական դրույթների վրա հիմնված հոգեդիագնոստիկական մեթոդիկաները լայն տարածում ունեն հոգեբանության ժամանակակից տարբեր ուղղություններում։ Պրոյեկտիվ մեթոդիկաների հիմքում ընկած են երևակայության և պերցեպցիայի վրա մոտիվացիայի ազդեցությունը ստուգող բազմաթիվ հետազոտությունները։

Ի տարբերություն հոգեվերլուծական մոտեցման՝ Հենրի Մյուրեյը պրոյեկցիան դիտարկել է որպես մարդու պահանջմուքների և հետաքրքրությունների ազդեցության տակ գործող բնական միտում՝ համարելով, որ պրոյեկցիայի ընթացքում պաշտպանական մեխանիզմները ոչ միշտ են գործում։

Պատահում է այնպես, որ սուբյեկտը գիտակցում է սեփական բացասական գծերն ու անցանկալի վարքը՝ ունենալով, սակայն դրա արդարացումը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է «Ռացիոնալիզացված պրոյեկցիային»։

Հոգեդիագնոստիկայում առանձնացվում է նաև կոմպլեմենտար պրոյեկցիան, երբ սուբյեկտին վերագրվում են լրացուցիչ գծեր, օրինակ, երբ սեփական տագնապի զգացումն ուղեկցվում է այն մտքով, որ «բոլորից պետք է զգուշանալ»։ Որպես «Աուտիկ պրոյեկցիա»՝ մեկնաբանվում է պրոյեկցիայի այն տեսակը, որի հիմքում մարդու ակտուալ պահանջմուքներով պատճառավորված ընկալումն է։

Պրոյեկցիա երևույթի վրա հիմնված մեթոդիկաները լրացնում են մեթոդիկաների խումբը՝ նոր հնարավորություններ ստեղծելով առավել քողարկված, խորքային միտումների բացահայտման և ուսումնասիրման համար։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լ. Ֆրանկը տվել է պրոյեկտիվ մեթոդների հետևյալ դասակարգումը.

  • Կառուցվածքավորման, որոնցում հրահանգին համապատասխան պահանջվում է ազդակի կառուցվածքավորում։ Այս մեթոդիկայի օրինակ է Հերման Ռորշախի թեստը երեխաների համար։ Մեկ այլ օրինակ, երբ հետազոտվողը փակ աչքերով թղթի վրա խզբզոց է անում, հետո մասնագետի ուղղորդմամբ մեկնաբանում ստացված պատկերը։
  • Կոնստրուկտավորման, որոնցում ձևավորված դետալներից պահանջվում է ստեղծել ամբողջականը։ Տրվում են կոնկրետ խնդրի հետ կապված բառեր կամ քարտեր, որոնցով կառուցվում է նախադասություն, որը հետո այն կարելի է դարձնել պատմություն։ Գործնական աշխատանքների ժամանակ, կարող են տրվել բացասական իմաստով բառեր և աշխատանքը տանել այն ուղղությամբ, որ հորինվող պատմությունը լավ ավարտ ունենա։
  • Մեկնաբանման. ըստ հրահանգի պահանջվում է կոնկրետ իրավիճակի, իրադրության նկարագրում, մեկնաբանում։ Այս մեթոդիկաների շարքին են պատկանում թեմատիկ ապերցեպտիվ թեստերը։
  • Լրացման, որոնցում տրվում են անավարտ նախադասություններ, պատմվածքներ, որոնք անհրաժեշտ է ավարտել։ Սա կարող է լինել նաև կոնկրետ խնդրի հետ կապված հեքիաթ, որը երեխան պետք է շարունակի՝ ավարտին հասցնելով։ Կարող են ներկայացվել անավարտ նկարներ, մասնիկներ, որոնք պետք շարունակել՝ մինչև ավարտուն տեսք ստանալը։
  • Էքսպրեսիայի և իմպրեսիայի. Էքսպրեսիան ուղղված է դեպի դուրս զգացմունքների արտահատմանը (նկարչական տեխնիկաներ)։ Իմպրեսիայի օրինակ է Լյուշերի թեստը։ Ներքին մղումներով ըստ առաջնության նկարների, առարկաների, գույների և այլնի ընտրություն է կատարվում՝ նախընտրելիից դեպի ոչ նախընտրելին, և հակառակը։

Պետք է նշել, որ այս հինգ խմբերը միմյանց բացառող չեն և շատ դեպքերում կիրառվում են նրանցից երկուսը կամ ավելի։

Առավելություն-թերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոյեկտիվ մեթոդների կողմնակիցները գտնում են, որ վերջիններս օժտված են երկու եզակի առավելություններով։ Առաջինն այն է, որ թեստային ազդակներն այստեղ հարաբերականորեն միատեսակ և միանշանակ չեն, ինչի շնորհիվ փորձարկվողը չգիտի՝ ինչ հոգեբանական մեկնաբանում կստանան իր պատասխանները։ Պրոյեկտիվ մեթոդները թույլ են տալիս հնարավոր պատասխանների անսահմանափակ բազմազանություն, ինչը փորձարկվողից թաքցնում է թեստավորման իսկական նպատակը, ինչպես նաև նվազեցնում է կեղծ, դիրքորոշված պատասխանների հավանականությունը։ Երկրորդ՝ թեստային նյութի անուղղակի առաջադրման միջոցը չի հանգեցնում փորձարկվողի հոգեբանական պաշտպանական մեխանիզմների դրսևորմանը, ինչը հնարավորություն է տալիս ստանալ ինֆորմացիա անձի այնպիսի ասպեկտների մասին, ինչպիսիք սովորաբար թաքնված են դիտումից։

Պրոյեկտիվ թեստերի քննադատությունը հանգում է նրան, որ նրանք բավականաչափ ստանդարտավորված չեն, բացակայում է հստակ ընթացակարգը, գնահատականը և մեկնաբանումը։ Թեստային ցուցանիշների գնահատումը հաճախ կախված է հոգեբանի հմտությունից, կլինիկական փորձից, պրոֆեսիոնալիզմից։

Ֆրանկն առանձնացնում է պրոյեկցիայով ուղեկցվող անձի հետազոտման երեք սկզբունք.

  • Անձի հետազոտման պրոյեկտիվ ուղղվածությունը տարբերվում է հոգեմետրիկական ավանդական ընթացակարգից, քանի որ նրանում անձը դիտարկվում է որպես փոխկապակցված գործընթացների համակարգ, այլ ոչ թե ընդունակությունների, որակների համախումբ։
  • Պրոյեկտիվ մոտեցման շրջանակներում անձը դիտարկվում է որպես դինամիկ գործընթացների հարաբերականորեն կայուն համակարգ, որի հիմքը կազմում են պահանջմուքները, կենսափորձը, հույզերը։ Այս համակարգը մշտապես ակտիվ գործում է անձի կենսագործունեության ընթացքում՝ ձևավորելով, փոփոխելով և աղավաղելով նրա ներաշխարհի յուրաքանչյուր վիճակ։
  • Հենց այս տեսական դրույթն անվանում են պրոյեկցիայի վարկած՝ ելնելով նրանից, որ ամեն նոր գործողություն, դրսևորում, հույզ, զգացմունք, արտահայտություն, շարժում իրենց վրա կրում են անձի հետքը։

Առանձին մեթոդիկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեմատիկ ապերցեպտիվ թեստ (ԹԱԹ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոյեկտիվ մեթոդիկաների շարքում ամենատարածվածներից է Թեմատիկ ապերցեպցիոն թեստը, որը ստեղծվել է Հենրի Մյուրեի կողմից։ Թեստն ընդգրկում է 31 սև-սպիտակ քարտ, որոնցից մեկը դատարկ է։ Առանձնացվում են տղամարդկանց և կանանց համար նախատեսված քարտերի տարբերակներ, որոշներն էլ՝ դեռահասների հետ անցկացման համար են։ Թեստը բացահայտում է իմպուլսիվության, հուզականության, կոնֆլիկտների ցուցանիշներ՝ պայմանավորված անձի կողմից արտամղված անգիտակցական կամ անընդունելի միտումներով։ Թեստային նպատակի քողարկվածությունը դրդում է հետազոտվողին՝ ասելու այն, ինչը չէր բարձրաձայնի ուղիղ հարցի դեպքում։ Դրա շնորհիվ հետազոտվողն անգամ չի էլ կասկածում, որ փորձարկողը հնարավորություն է ունեցել բացահայտելու իր խնդիրները։

Թաթ-ում յուրաքանչյուր քարտի անցկացման համար նախատեսված ժամանակը մոտավորապես հինգ րոպե է, անցկացվում է իրար հաջորդող երկու օրով՝ առանց լրացուցիչ միջամտությունների։ Թեստավորման նախապատրաստական փուլում իրականացվում է տեղեկատվության հավաքագրում հետազոտվողի անձի, ընտանիքի, աշխատավայրի մասին, նաև այլ մեթոդիկաների տվյալներ, որոնք չպետք է խանգարեն ընդհանուր մթնոլորտին և չազդեն հետազոտության նկատմամբ հետազոտվողի վերաբերմունքի վրա։ Թեստի հրահանգի էությունը կայանում է նրանում, որ հետազոտվողը պետք է յուրաքանչյուր քարտի համար հորինի պատմություն. պատմի, թե ինչ է տեղի ունեցել նկարում, ինչ է կատարվել, որ ստեղծվել է նման իրավիճակ, ինչ է կատարվում տվյալ պահին, ինչ են մտածում պատկերված դեմքերը, և ինչ կլինի հետո։ Ընդ որում, հետազոտվողին հայտնում են, որ թեստի արդյունքում փորձելու են նրա երևակայությունը։ Թեստն ունի հրահանգի երկու տարբերակ, որոնց կիրառումը կախված է նրանից, թե ինչպես է տրամադրված հետազոտվողը թեստավորման գործընթացին. փորձում է հսկել այն կամ ունի որոշակի լարվածություն։

Քարտերի վերաբերյալ հետազոտվողի պատմությունները պետք է գրանցվեն ամբողջությամբ՝ նշելով ժամանակահատվածը, ընդհատումները։ Առաջին օրն անցկացվում են 10 քարտերը, հաջորդ օրը աշխատանքը շարունակվում է՝ թարմացնելով համապատասխան հրահանգը։

Դատարկ քարտի համար հրահանգն այնպիսին է, որ փորձարկվողը պետք է պատկերացնի, որ ինչ-որ բան է նրանում պատկերված և նկարագրի այդ ամենը մանրամասնորեն։

Թեստավորման ավարտից հետո կարող է անցկացվել զրույց պատմությունների սկզբնաղբյուրները պարզելու նպատակով։ Հետազոտվողը կարող է դրանք կապել ֆիլմերի, գրքերի հերոսների, այլ մարդկանց խնդիրների հետ. իհարկե, այստեղ կարևոր է, որ նա հասկանա, թե ինչքանով են դրանք նույնացվում իր սեփական ապրումների, տպավորությունների, կենսափորձի հետ։

Թեմատիկ ապերցեպտիվ թեստի ացկացման ընթացքում արված արձանագրություններն ընգգրկում են.

  • Հոգեբանի և հետազոտվողի հարցերն ու պատասխանները,
  • Ընդհատումներ, դադարներ, խոսքային վրիպումներ,
  • Մինչև պատմությունը սկսելը լատենտ ժամանակը, և ընդհանուր ժամանակը՝ խոսքի սկզբից մինչև վերջ,
  • Քարտի դիրքի փոփոխությունն՝ ըստ հետազոտվողի հարմարության
  • Հետազոտվողի հուզական վիճակը, տրամադրությունը, ձայնի ինտոնացիան,
  • Հետազոտվողի ոչ վերբալ ռեակցիաները։

Հոգեբանի կողմից թեստավորման ընթացքում գաղտնի գրանցումների անկացումը չի խրախուսվում։

ԹԱԹ-ի արդյունքների մշակումը և մեկնաբանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հոգեդիագնոստիկական տեղեկություններ՝ հետազոտվողի պատմություններում առանձնացվում են.

  • Պատմություններ հորինելով՝ հետազոտվողը նույնականացվում է քարտերի կերպարների հետ՝ արտացոլելով նրանց մղումները, կոնֆլիկտները։
  • Պատմությունները կարող են խորհրդանշական լինեն։
  • Տարբեր պատմություններ տարբեր հոգեդիագնոստիկ նշանակություն կարող են ունենալ։
  • Հետազոտվողի ներաշխարհի առանձնահատկությունների բացահայտման համար առավել նշանակալից են կրկնվող թեմաները, հերոսները։
  • Պատմություններում կարող են արտացոլվել հետազոտվողի ակտուալ խնդիրները՝ կապված պատկերված իրավիճակի հետ։
  • Հետազոտվողի սեփական կենսափորձի հետ անմիջականորեն չկապված պատմությունները նույնպես կապված են նրա անձնական խնդիրների և ներքին հակասությունների հետ։
  • Պատմություններում արտահայտվում են հետազոտվողի անհատական, խմբային սոցիալական դիրքորոշումները, պահանջմունքները։
  • Պատմություններից դուրս բերված բախումները ոչ միշտ են դրսևորվում հետազոտվողի վարքում և գիտակցվում նրա կողմից։
  • Պատմություններում պետք է հաշվի առնել և իրավիճակային տարրերը, պաշտպանական մեխանիզմների ակտուալացումը։

ԹԱԹ-ի արդյունքների մեկնաբանության ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձրվում խոսքային առանձնահատկություններին, հատկապես մեջբերումներին, ասույթներին, փոխաբերություններին։

ԹԱԹ-ի դիագնոստիկ ցուցանիշներից բովանդակային նշանակություն ունեն.

  • Ոլորտը և թեման. օրինակ՝ անձնական, ընտանեկան, սոցիալական, մասնագիտական, ֆանտաստիկ և այլն։
  • Հերոսը և նույնականացումը. տարիք, սոցիալական կարգավիճակ, սեռ, նպատակներ և այլն։
  • Պահանջմունքներ. նվաճում, աֆիլյացիա, ագրեսիա, հոգատարություն և այլն։
  • Նպատակներ. իրատեսական, անիրական, դրանց հասնելու միջոցները, ժամանակային ընգրկվածությունը և այլն։
  • Կոնֆլիկտներ. տեսակը, բովանդակությունը։
  • Ելքը կոնֆլիկտից։
  • Գնահատակններ։

Թեստի մեկնաբանումները կատարում են համապատասխան ցուցանիշներով կազմված անհատական աղյուսակներով։

ԹԱԹ-ի կիրառական նշանակությունը մեծ է անձի բարոյահոգեբանական կարգավիճակը հասկանալու, միջանձնային հարաբերությունների առանձնահատկությունների մասին տեղեկություններ ստանալու գործում։

Հումորային արտահայտությունների թեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորային արտահայտությունների թեստն ուղղված է անձի դրդապատճառային ոլորտի հետազոտմանը։ Այն մշակվել է Ա. Շմելյովի և Վ. Բոլդիրեվայի կողմից 1982 թվականին։ Թեստն ընդգրկում է 80 հումորային արտահայտություններ, որոնցից 40-ը միանշանակ համապատասխանում են տասը թեմաների, իսկ մնացածներն ունեն բազմակի նշանակություն։ Թեմաները հետևյալն են.

  1. Նորաձևություն
  2. Սեռական ոլորտ
  3. Սադիզմ
  4. Գումար
  5. Կործանարար հակումներ
  6. Սոցիալական անհամաձայնություն
  7. Կարիերա
  8. Ապաշնորհություն արվեստում
  9. Ընտանեկան անհամաձայնություն
  10. Մարդկային տգետություն։

Փորձարկվողը, ելնելով իր սեփական ապերցեպտիվ ընկալումից, հումորային արտահայտությունների խմբավորում է ըստ դասերի՝ տալով նրանց անուններ։ Այնուհետև հետազոտողը դրանք փորձում է համապատասխանեցնել 10 թեմաներին։

Թեստի անցկացման համար պահանջվում է 15-25 րոպե։ Ընդ որում, թեստավորման գործընթացում հետազոտվողին տրվում է առավելագույն ազատություն՝ կապված ստիմուլային նյութի օգտագործման հետ։ Հրահանգում նշվում է, որ ամենաճիշտ որոշումը այն է, որն առաջինն է գալիս միտքը գալիս։ Թեստային բալի հաշվարկը չի հանգում միայն պատասխանների օգտագործմանը. հետազոտողին բավական է հաշվարկել համապատասխան դասի քարտերը մոտիվացիոն թեմային որոշակի բալ վերագրելու համար։ Այս կերպ, հաշվարկված 10 ցուցանիշները կարող են ներկայացվել պրոֆիլի ձևով՝ ըստ գերակշռող և երկրորդական թեմաների։

Ֆրուստրատիվ իրավիճակների թեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթոդիկան առաջադրվել է Սաուլ Ռոզենցվեյգի կողմից։ Նպատակն է՝ բացահայտելու անձի վարքային միտումները ֆրուստրատիվ և սթրեսային իրավիճակներում, մասնավորապես՝ նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտների առաջացման դեպքում։ Թեստւ թույլ է տալիս նաև դուրս բերելու սուբյեկտի ագրեսիայի առանձնահատկությունները։ Մեթոդիկան բաղկացած է 24 նկարներից, ունի տարբերակներ ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Նկարներում պատկերված են միջանձնային փոխազդեցության տարբեր իրադրություններ. կան երկու կամ ավելի մարդկանց պատկերներ, ընդ որում, որպես կանոն բերված է հերոսներից մեկի արտահայտությունը։ Հետազոտվողը պետք է պատասխանի մյուսի անունից։

Փորձարկվողի տված բոլոր պատասխանները գնահատվում են 2 տեսանկյունով՝ ռեակցիայի ուղղվածությամբ և տիպով։ Առանձնացվում են ագրեսիայի ուղղվածության 3 տեսակներ.

  1. Էքստրապունիտիվ՝ E-փորձարկվողի տված պատասխանն ունի ուղղվածություն դեպի շրջապատը, ֆրուստրացիայի պատճառը դիմացինն է և խնդրի լուծման համար էլ է նա պատասխանատու։
  2. Ինտրապունիտիվ՝ I-մեղադրանքն ուղղված է սեփական անձին, խնդրի լուծումը ևս ուղղված է «Ես»-ին։
  3. Իմպունիտիվ՝ M-ուղղվածություն չունի։ Մեղքը վերագրվում է իրավիճակին։

Ընդ որում, հաշվի առնվում, թե հատկապես ինչին է սևեռվել հետազոտվողը.

  • Արգելքին՝ ֆրուստրատորին,
  • Ինքնապաշտպանությանը
  • Խնդրի լուծմանը։

Արդյունքում, առանձնացվում են հետազոտվողի ռեակցիաների հետևյալ տիպերը.

  1. OD-սևեռումը խնդրին. փորձարկվողի արտահայտությունները վերաբերում են կոնկրետ խնդրին՝ առանց տեսնելու արգելքը։
  2. ED-ինքնապաշտպանություն. այն տիպն է, երբ սուբյեկտը տալիս է ինքնապաշտպանական պատասխաններ։ Կարող է ընդունել մեղքը՝ բայց պաշտպանելով ինքն իրեն։
  3. NP-ուղղվածություն խնդրի լուծմանը։ Փորձարկվողը տալիս է այնպիսի պատասխաններ, որոնցում առկա են լուծման ելքեր։

Ռեակցիայի ուղղվածության երեք տեսակների և երեք տիպերի համադրությամբ ստացվում է իրավիճակի գնահատման հնարավոր 9-ը կատեգորիաներ.

  1. OD+E-փորձարկվողն ընդգծում է արգելքի առկայությունը, պատասխանում բացակայում է ինքնուրույն լուծումը, կարող է այնպես անել, որ դիմացինը լուծի՝ առանց ելքեր առաջադրելու։
  2. OD+I-պատասխանի ուղղվածություն սեփական ես-ին՝ առանց լուծման ելքերի։ Ինքնամեղադրանք։
  3. OD+M-պատասխանի մեջ խնդրի բացասական կողմերը մեղմացվում են։ Չեզոք վերաբերմունք խնդրին։ Հարմարվողական վարք։
  4. ED+E-թշնամանքի, ագրեսիայի, վիրավորանքի ուժեղ արտահայտվածություն։
  5. ED+I-անձի մեծ զիջողականության արտացոլում։ Տրվող պատասխանում ակնհայտ երևում է նրա մեղավորության զգացումը։
  6. ED+M-Իրավիճակի պատասխանատվությունն այս դեպքում նվազագույն է։ Իրավիճակն անձի համար դառնում է փորձ, գիտելիք։
  7. NP+E-խնդրի լուծման ելքերն ուղղված են դիմացինին։
  8. NP+I-խնդրի լուծման պատասխանատվությունը կրում է «Ես»-ը։
  9. NP+M-ամենաքիչ հուզական պատասխանը։ Փոխզիջումային պատասխան. լուծումը տրվում է ինքնաբերաբար։

Ռոզենցվեյգի տեսության համաձայն՝, երբ օրգանիզմը այս կամ այն պահանջմունքը բավարարելու ճանապարհին խոչընդոտի է հանդիպում, պաշտպանական հակազդումն իրականացվում է երեք մակարդակներում՝ կենսաբանական, ֆիզիկական, հոգեբանական։ Ֆրուստրատիվ իրավիճակում ինքնուրույն պաշտպանվելով վախ կամ մեղադրանք առաջացնող արգելքից՝ անձը հակազդում է իրավիճակին՝ վարքային համապատասխան դրսևորումներով։

Քելիի դերացանկի տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի հետազոտման առաձնահատուկ տեխնիկա է առաջադրել Ջորջ Քելին։ Ըստ նրա՝ հոգեբանական ցանկացած գաղափարի կամ կոնցեպտի հիմքում ընկած են փորձարարական ճանապարհով հավաստիացված ենթադրություններ, որոնց հիման վրա մշակվում է այս կամ այն մեթոդը։ Անձնային կոնստրուկտների ուսումնասիրության համար Քելին առաջարկել է դերացանկային վանդակների տեխնիկան, որը թույլ է տալիս բացահայտել մարդկանց դատողությունների հիմքում ընկած հոգեկան գործընթացները։ Այս մեթոդիկան օգնում է վերակառուցել բացասական ռեակցիաներին վերաբերող կերպարների պատկերացումները, ստանալ «Ես» կերպարին փոխադարձ դասավորվող իդեալական ռեակցիաներն այն համակարգում, ըստ որի ներկայացվում է կոնստրուկտը։

Որպես դերացանկ՝ առաջադրվում է այն մարդկանց անունները, ովքեր ընդգրկվելու են հետազոտման աղյուսակում։ Դերացանկի օրինակ կարող է լինել հետևյալը.

  1. Առաջին սյունակում գրեք Ձեր անունը։
  2. Երկրորդում՝ մոր անունը։
  3. Երրորդում՝ հոր անունը։
  4. Եղբոր անունը, որը տարիքով մոտ է Ձեզ, եթե եղբայր չունեք ընտրեք մեկին, ով տարիքով մոտ է Ձեզ, եթե եղբայր չունեք, ընտրեք տարիքով Ձեզ մոտ մեկին, ով դեռահասության տարիքում փոխարինել է եղբոր։
  5. Ամուսնու/կնոջ անունը, եթե ամուսնացած չեք, այն մարդու անունը, ում սիրում եք։
  6. Նախկինում սիրելի մարդու անունը։
  7. Մարդ, ում ներկայությամբ անհարմար եք Ձեզ զգում։
  8. Ուսուցիչ, ով ուժգին ազդեցություն է ունեցել Ձեզ վրա դեռահասության տարիքում։

Այլ...

Կոնստրուկտները բացահայտվում են բացհայտվում են հետևյալ կերպ. հետազոտվողին հարցնում են, թե շրջանակներով ընտրված երեք կերպարներից երկուսն իրար հետ ինչպես են համադրվում, ինչով են նման այդ մարդիկ, և հատկապես ինչով է տարբերվում նրանցից երրորդը։

Վերլուծությունները կատարվում են մաթեմատիկական մշակման ճանապարհով։

Ռորշախի Թանաքաբծերի թեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի հետազոտության պրոյեկտիվ մեթոդիկաներից առավել տարածվածներից է շվեյցարացի հոգեբան Հերման Ռորշախի Թանաքի հետքերի թեստը, որը հրապարակվել է 1921 թվականին։

Հետազոտվողին առաջարկվում է մեկնաբանել ուղղահայաց առանցքի նկատմամբ հարաբերականորեն համաչափ թանաքային հետքերով տասը քարտեր։ Քարտերից հինգը պատկերված են միայն սև-սպիտակով, երկուսը պարունակում են լրացուցիչ վառ կարմիր երանգով բծեր, իսկ մնացած երեքը՝ ոչ վառ երանգների համակցում։ Հետազոտվողին հրահանգ է տրվում պատմելու, թե ինչ է տեսնում յուրաքանչյուր քարտում. յուրաքանչյուր այսպիսի պատկեր խթան է ազատ զուգորդությունների համար։ Փորձարկվողը պետք է անվանի իր միտքն առաջինը եկած բառը, գաղափարը, կերպարը։ Թեստը հիմնված է այն ենթադրության վրա, որ այն, ինչ անհատը «տեսնում է» թանաքաբծերի պատկերներում, պայմանավորված է իր անձնային առանձնահատկություններով։

Պատմություններն ամբողջությամբ գրանցվում են. նշվում է յուրաքանչյուրի անցկացման ժամանակը, քարտի պահված դիրքը, հետազոտվողի սպոնտան արտահայտությունները։ Հնարավորինս գրանցվում են նաև հուզական և ոչ վերբալ ռեակցիաները։ Թեստավորումից և պատասխաններն ամբողջությամբ գրանցելուց հետո հետազոտվողի հետ մանրամասն քննարկվում են պատասխանները։ Հետազոտվողը կարող է վերադառնալ, լրացնել իր ասածը, տալ նոր պատասխաններ, պարզաբանել նախորդները։

Գրականության մեջ գոյություն ունի Ռորշախի թեստի ցուցանիշների մշակման և մեկնաբանման մի քանի համակարգ, որոնցում հիմնական ցուցանիշները լրացվում են հետևյալ հինգ կատեգորիաներով.

  1. Լոկալիզացիա. հնարավորություն է տալիս գրանցելու, թե պատասխանի համար հետքի որ մասն է ընտրվել՝ ամբողջ պատկերը կամ առանձին դետալներ, հատկապես քարտի որ մասն է դա՝ սևը, սպիտակը, թե համակցվածը։
  2. Դետերմինանտներ. պատասխանների ձևավորման համար կարող են օգտագործվել պատկերի ձևը, գույնը, շարժումը, ընթացքը, ձևի և գույնի համակցությունը։ Չնայած նրան, որ թանաքի հետքի մեջ չկա ոչ մի շարժում, այնուամենայնիվ հետազոտվողն ընկալում է այն որպես շարժվող օբյեկտ։ Պետք է առավել մանրամասն կենտրոնանալ հենց այդ մասի մեկնաբանություններին. օրինակ՝ մարդու շարժում է այն, թե կենդանուկամ գուցե վերացական է։
  3. Ձևի մակարդակը. այն բանի գնահատումն է, թե որքանով է ադեկվատ պատասխանում արտացոլված պատկերի ձևը, ընդ որում որպես չափանիշ՝ օգտագործվում են առավել հաճախ տրված մեկնաբանությունները։
  4. Բովանդակություն. պատասխանը կարող է վերաբերել մարդկանց, կենդանիներին, անշունչ առարկաներին, բույսերին և այլն։
  5. Օրգինալություն-հայտնիություն. օրգինալ են համարվում շատ հազվադեպ պատասխանները, իսկ հանրահայտ են նրանք, որոնք հանդիպում են ավելի քան 30% հետազոտվողների մոտ։

Պատասխանների բովանդակությունը նշանակվում է հետևյալ սիմվոլներով.

  • H-մարդկային ֆիգուրներ՝ ամբողջական կամ գրեթե ամբողջական։
  • (H)-իրականություն կտրված մարդկային ֆիգուրներ, այսինքն՝ ներկայացված որպես նկարներ, արձաններ կամ առասպելական էակներ (կախարդներ, հրեշներ):
  • (Hd)-մարդկային ֆիգուրների մասեր
  • A-կենդանու ֆիգուրներ՝ ամբողջական կամ գրեթե ամբողջական։
  • (A)-առասպելական կենդանի, հրեշ, կենդանու նկար։
  • Ad-կենդանու մարմնի մասեր, սովորաբար գլուխը կամ թաթերը։
  • At-մարդու ներքին օրգանները՝ սիրտ, լյարդ և այլն։
  • Sex-անդրադարձ սեռական օրգաններին, սեռական վարքին։
  • Obj-մարդկանց պատրաստած առարկաներ։
  • Aobj-կենդանական նյութից պատրաստված առարկաներ՝ մորթի, կաշի և այլն։
  • Aat-կենդանիների ներքին օրգաններ։
  • Food-ուտելիք, օրինակ՝ միս, պաղպաղակ,(մրգերն ու բանջարեղենը դասվում են բույսերի շարքին) և այլն։
  • N-բնապատկերներ, արևածագ և այլն։
  • Geo-քարտեզներ, կղզիներ, գետեր։
  • Pl-բոլոր տեսակներ բույսերը՝ ներառյալ ծաղիկներ, պտուղներ, մրգեր և այլն։
  • Arch-ճարտարապետական կառույցներ՝ տներ, եկեղեցիներ, կամուրջներ և այլն։
  • Art-մանկական նկարներ, հատուկ բովանդակություն չունեցող գեղանկարներ։
  • Abs-վերացական կոնցեպցիաներ. «իշխանություն», «ուժ», «սեր» և այլն։
  • Bl-արյուն։
  • Fi-կրակ։

Առավել հազվադեպ հանդիպող բովանդակությունները նշանակվում են ամբողջական բառերով՝ Smoke, Mask, Emblem և այլն։

Ռորշախի թեստը կիրառական է նախադպրոցական տարիքից մինչև հասուն տարիքի մարդկանց համար։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանյան Ռ. Գալստյան Ա. Հոգեդիագնոստիկա։ Ուսումնական ձեռնարկ/ ԵՊՀ հրատ.,2012. 210 էջ։
  • Общая психодиагностика։ Учебное пособие/под. ред. Бодалева А. Столина В. В-изд. МГУ, 1987
  • Психологическая диагностика։ Учебное пособие/ под. ред. К.М. Гуревича и Е.М. Борисовой.-УРАО, 1997.
  • Бурлачук Л.Ф Психодиагностика։ учебник для вузов. — СПб.։ Питер, 2006. — 351 с։ ил. — (Серия «Учебник нового века»).
  • Бурлачук Л.Ф. Введение в проективную психологию / Л.Ф Бурлачук. -Киев։ Ника-Центр, 1997. 128 с.
  • Соколова Е.Т. К теоретическому обоснованию проективного метода исследования личности / Е.Т. Соколова // Бессознательное. • Природа. Функции. Методы исследования. Тбилиси, 1978. - Т.З. - С.611-622.
  • Станишевская М.М. Применение проективных методик при диагностикетипов реакций личности / М.М.Станишевская, В.В. Гульдан, М.Т. Владимирская // Вопросы диагностики психического развития. -Таллин, 1974. С.158-159.
  • Савенко Ю.С. Проективные методы в изучении бессознательного / Ю.С. Савенко // Бессознательное. Природа; Функции. Методы исследования։ — Тбилиси, 1978. Т.З. - С.632-637
  • Беллак Л. О проблемах концепции проекции// Проективная психология/ пер. с англ.-М.։ЭКСМО-Пресс, 2000.
  • Беллак Л. и др. Проективная психология։ Пер. с англ. 2-е изд. М., Психометрия, 2010.
  • Шляпникова И.А. Проективные методы психодиагностики. Учебное пособие по ред. Е.Л. Солдатовой. Челябинск։ издательство ЮУрГУ, 2005. - 71с.
  • Роршах Г. Психодиагностика։ Методика и результаты диагностического эксперимента по исследованию восприятия/ Пер. с. нем., М., «Когито-Центр», 2003.
  • Леонтьев Д.А. Тематический апперцептивный тест. 2-е изд. М., Смысл, 2000.
  • Данилова Е.Е. Методика изучения фрустрационных реакций у детей // Иностранная психология. 1996. № 6. С. 69–81.
  • Тарабрина П.В. Экспериментально-психологическая методика изучения фрустрационных реакций։ Методические рекомендации. Л., 1984.
  • Фрустрация։ Понятие и диагностика։ Учеб.-метод. пособие։ Для студентов специальности 020400 «Психология» / Сост. Л.И. Дементий. – Омск։ Изд-во ОмГУ, 2004. – 68 с.
  • Белый Б. И. Тест Роршаха: практика и теория /Под ред. Л. Н. Собчик. — СПб.: Дорваль, 1992. — 200 с.
  • Рауш де Траубенберг Н. К. Тест Роршаха: Практическое руководство. — М: Когито-Центр, 2005. — 255 c.
  • М. М. Кабанов, А. Е. Личко, В. М. Смирнов. Методы психологической диагностики и коррекции в клинике. Глава 6. Проективные методы. Метод Роршаха. — М.: Медицина, 1983. — 312 с.